Հուլիս 27, 2024
1301 դիտում

Չեմպիոնների լիգայում «Ռեալ»-ի եւ «Բորուսիա»-ի անցկացրած եզրափակիչները


Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` FC Real Madrid

Լուսանկարը` AP

Լուսանկարը` Getty Images


Հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում Չեմպիոնների լիգայի եզրափակչում մրցելու են Դորտմունդի «Բորուսիա»-ն եւ Մադրիդի «Ռեալ»-ը։

Գերմանական ակումբը մինչ երկու անգամ է դուրս եկել եզրափակիչ, որոնցից մեկում հաղթել է։ Անհամեմատ հարուստ պատմություն ունեն իսպանացիները, որոնք ՉԼ-ի եզրափակիչ անցել են 17 անգամ ու տարել 14 հաղթանակ։

ՈւԵՖԱ-ի հետ ծանոթանանք եզրափակիչների պատմություններին, որոնք կերտել են այս թիմերը։

1997, «Բորուսիա»-«Յուվենթուս» 3։1

Լուսանկարը` UEFA


Կարելի է ենթադրել, որ «Բորուսիա»-ի պատմության ամենահիշարժան օրը եղել է սրանից 27 տարի առաջ։ Հենց այդ ժամանակ է, որ գերմանական ակումբը առաջին ու մինչ այս պահը վերջին անգամ տիրացել է եվրոպական այդքան ցանկալի գավաթին։ Նրանք ուժեղ են եղել իտալացիներից ու հաղթանակ տոնել 3։1 հաշվով։

2013, «Բորուսիա»-«Բավարիա» 1։2

Սրանից գրեթե 10 տարի առաջ գերմանական թիմերի դիմակայությունն ընդունել է նույն անգլիական «Ուեմբլի»-ն։ Այս փաստը համարվել է գերմանական ֆուտբոլի հաղթանակը, սակայն ամեն թիմի երկրպագու ցանկացել է գավաթը տեսնել սեփական քաղաքում։ Ի վերջո՝ դա անել կարողացան մյունխենցիները, ովքեր հենց 89-րդ րոպեին խփել են հաղթական գոլն ու տոն պարգեւել իրենց սիրելիներին։

1956, «Ռեալ»-«Ռեյմս» 4։3

Սա եղել է Մադրիդի թիմի առաջին եզրափակիչն ու հենց առաջին փորձից հաղթանակը եղել է ապահովված։ Գերլարված ու մեկը մյուսին հետեւող գոլերից հետո ի վերջո Էկտոր Ռիալը խփել է «Ռեալ»-ի հաղթական գոլն ու օգնել իր թիմին նվաճել մրցաշարի առաջին գավաթը՝ սկիզբ դնելով թիմի անպարտելի եզրափակիչների շարքին։

1957, «Ռեալ»-«Ֆիորենտինա» 2։0

Գործող չեմպիոնների համար այս եզրափակիչը եղել է սեփական հարկի տակ եւ նրանք օգտվել են այդ լավ հնարավորությունից։ Երկրորդ կեսն անցել է նրանց մեծ առավելությամբ ու խփած գոլերն օգնել են հաղթել՝ պահելով գավաթը Մադրիդում։

1958, «Ռեալ»-«Միլան» 3։2

Ինչպես առաջին եզրափակչում, այս անգամ էլ «Ռեալ»-ը մոտ է եղել պարտության, սակայն եզրագիծը կրկին հատել է Եվրոպայի ուժեղագույն ակումբի տիտղոսը նվաճելով։ Հաղթող թիմի անունը որոշվել է ավելացված ժամանակում եւ 107-րդ րոպեին իսպանացիները առաջ են անցել ու կրկին մեծ տոն պարգեւել երկրպագուներին։

Լուսանկարը` Getty Images


1959, «Ռեալ»-«Ռեյմս» 2։0

1956-ի եզրափակչի կրկնությունում հաղթողը նույն թիմն է եղել՝ «Ռեալ»-ը։ Վերջինս յուրաքանչյուր խաղակեսում մեկ գոլ է խփել՝ թույլ չտալով մրցակցին անգամ մտածել հաղթանակի մասին։

1960, «Ռեալ»-«Այնթրախտ» 7։3

Դի Ստեֆանոյի, Պուշկաշի, Կրեսի, Շտեյնի ու նրանց խաղընկերների աստեղային ժամը կամ ավելի ճիշտ տարիները շարունակվում էին ու նրանց եղանակ էին ստեղծում համաշխարհային ֆուտբոլում։

Վերջին 5 հաղթանակի ամենատպավորիչը թերեւս եղել է հենց այս մեկը՝ 7 գնդակ։ Պուշկաշն այս օրը դարձել է առաջին ֆուտբոլիստը, ով եզրափակչում խփել է 4 գոլ, իսկ Դի Ստեֆանոն՝ 3։

1962, «Բենֆիկա»-«Ռեալ» 5։3

Նման տրիումֆից հետո «Ռեալ»-ը Չեմպիոնների գավաթի հենց մեկնարկում պարտվել է «Բարսելոնա»-ից։ Իսկ մեկ տարի անց սերուցքայինները կրկին դուրս են եկել եզրափակիչ, Պուշկաշը կրկին երեք գոլ է խփել։ Սակայն դա բավարար չի եղել, որպեսզի թիմը հաղթի։ Այդ օրն ավելի ուժեղ են եղել «Բենֆիկա»-ի ֆուտբոլիստները, իսկ պորտուգալացիների սիրելի Էուսեբիոն դարձել է դուբլի հեղինակ։

1964, «Ինտեր»-«Ռեալ» 3։1

Երկու տարի անց Արքայական ակումբը կրկին մոտ է եղել գավաթին, սակայն «Ինտեր»-ի արգելքը հաղթահարել չի կարողացել ու տուն է վերադարձել ձեռնունայն։

Լուսանկարը` FC Inter


1966, «Ռեալ»-«Պարտիզան» 2։1

«Պարտիզան»-ը Արեւելյան Եվրոպայի առաջին թիմն է, որ դուրս է եկել մրցաշարի եզրափակիչ, սակայն գավաթին տիրանալ չի կարողացել։ Մադրիդյան թիմը որոշակի դադարից հետո կրկին հաղթող է դարձել։

1981, «Լիվերպուլ»-«Ռեալ» 1։0

15 տարի սպասելուց հետո «Ռեալ»-ը վերջապես կրկին կարողացել է հայտնվել եզրափակչում։ Սպասված հանդիպումը, սակայն, հաջող չի եղել։ «Լիվերպուլ»-ը հաղթել է նվազագույն հաշվով եւ անկատար թողել իսպանացիների հույսերը։

1998, «Ռեալ»-«Յուվենթուս» 1։0

Ու կրկին երկար դադար, իսկ ավելի կոնկրետ 17 տարի սպասելուց հետո «Ռեալ»-ի ֆուտբոլիստները հաջող մրցաշրջան են անցկացրել։ Բայց այս անգամ այն նաեւ ուրախ ավարտ է ունեցել, քանի որ նրանք գլխավերեւում պահել են այդքան սպասված գավաթը։ Սա եղել է «Ռեալ»-ի առաջին եզրափակիչը արդեն Չեմպիոնների լիգայի դարաշրջանում։

Լուսանկարը` FC Real Madrid


2000, «Ռեալ»-«Վալենսիա» 3։0

Առաջին անգամ ՉԼ-ի եզրափակիչներում նույն երկիրը ներկայացնող թիմերը հանդիպել են 2000 թվականին։ Փարիզի «Ստադ դե Ֆրանս»-ն այդ օրը եղել է իսպանական, իսկ հաղթող թիմը գավաթը տարել է մայրաքաղաք ու Մադրիդի փողոցները կրկին տոնական են եղել։

2002, «Ռեալ»-«Բայեր» 2։1

Սրանք արդեն այն ժամանակներն են, երբ Արքայական ակումբը մի հարկի տակ էր հավաքել համաշխարհային մեծության աստղերին։ Պատահական չէ, որ հենց նրանք էլ կերտելու էին հերթական հաղթանակը։ Առաջին գոլն իր հաշվին գրանցել է Ռաուլը՝ դառնալով առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվել է ՉԼ-ի երկու եզրափակչում խփել գոլեր։ Մյուս գնդակը Լուսիոյի հաշվին է, իսկ դե 3-րդը՝ Զիդանի լեգենդար գոլն է։

2014, «Ռեալ»-«Ատլետիկո» 4։1

Այս անգամ թիմերը ներկայացրել են ոչ միայն նույն երկիրը, այլ նույն քաղաքը։ Չնայած առաջինը հաջողության հասել են «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստները, սակայն հետո սերուցքայիններն իրենց ձեռքն են վերցրել ամեն ինչ ու ոչ մի հնարավորություն չեն տվել մրցակցին։

Լուսանկարը` Getty Images


2016, «Ռեալ»-«Ատլետիկո», 1։1 (հետխաղյա 11-մետրանոցներ՝ 5։3)

Երկու տարի անց իրար լավ ճանաչող մրցակիցները կրկին պայքարում էին ՉԼ-ի գավաթի համար։ Հավասար հաշվից հետո ամեն բան որոշվել է հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ։ Ռոնալդուն վերջին հարվածով հաղթանակ է պարգեւել թիմին, իսկ Զիդանը, որը տարիներ առաջ գավաթը նվաճել էր որպես ֆուտբոլիստ, այս անգամ դա արել է մարզչի կարգավիճակով։

2017, «Ռեալ»-«Յուվենթուս» 4։1

Հիշարժան այս խաղում եւս իսպանացիներն ավելի լավ են գործել ու ոչ մի շանս չեն տվել մրցակցին։

2018, «Ռեալ»-«Լիվերպուլ» 3։1

Որպես գործող չեմպիոններ Կիեւ մեկնած մադրիդցիները հերթական անգամ ապացուցել են իրենց բարձրակարգ լինելը։ Արդյունքում, կրկին հաղթանակ ու կրկին անկրկնելի հույզեր։

Լուսանկարը` AP


2022 «Լիվերպուլ»-«Ռեալ» 0։1

Վերջին անգամ «Ռեալ»-ը ՉԼ-ի գավաթը նվաճել է երկու տարի առաջ։ Այն ռեկորդային էր՝ 14-րդ անգամ։ Կառլո Անչելոտին այդ օրը դարձել է առաջին մարզիչը, որը չորս անգամ հաղթել է մրցաշարում։

2024-ի եզրափակիչը կայանալու է հունիսի 1-ին եւ մեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 23։00-ին։

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին