Թեեւ Զլատան Իբրահիմովիչը արդեն տեւական ժամանակ է ավարտել է կարիերան, սակայն նա, հավանաբար, երբեք էլ չի կորչի ԶԼՄ-ի ուշադրության կենտրոնից: Sport Mediamax-ը որոշել է անդրադառնալ ֆուտբոլիստի եւ նրա սիրելիի՝ Հելենա Սեգերի ընտանիքին: Հելենան այն քչերից մեկն է, ով համարձակվել է մերժել Իբրահիմովիչին ու այդ քայլով էլ գրավել նրա ուշադրությունը:
Մերժումը
Իբրահիմովիչը Սեգերին ամուսնության առաջարկություն է արել համատեղ 20 տարվա կյանքից հետո:
«Հելենային մի քանի տարի առաջ ամուսնության առաջարկություն եմ արել, բայց մերժում ստացել: Նրան պատասխանեցի, որ այսքան տարիներ միասին անցկացնելուց հետո արժանի է կինս դառնալ, իսկ նա նշեց, որ դա իրեն բնավ էլ պետք չէ: Դե ինչ՝ նա շանս ուներ եւ ուրիշ մեկն էլ չի ստանալու: Մենք երկու երեխա ունենք, դա ավելի կարեւոր է, քան ամուսնացած լինելը: Բնավ էլ չունեմ որեւէ փաստաթղթի կարիք, որում նշված կլինի, թե կին ունեմ»,- Փիրս Մորգանին տված բացառիկ հարցազրույցում պատվել է շվեդ ֆուտբոլիստը:
Իսկ իր որոշումը Սեգերն այսպես է մեկնաբանել. «Ամուսնանալու արդյունքում կարող եմ կորցնել ազատության կարեւոր զգացողությունը: Չեմ ուզում, որ ինձ պիտակավորեն որպես ֆուտբոլիստի կնոջ կամ առհասարակ որեւէ այլ կերպ բնորոշեն, օրինակ՝ որպես գեղեցկության մրցույթի հաղթող: Գտնում եմ, որ իմ անդադար ընդդիմանալու շնորհիվ էլ Զլատանի դուրն եմ գալիս: Ես էլ նրա պես հագեցած անցյալ ունեմ՝ սեփական ուժերով եմ կառուցել կարիերաս եւ հանուն դրա լուրջ զոհողությունների գնացել: Մարդիկ անգամ պատկերացում չունեն, թե այդ ամենի թիկունքում ինչեր կան: Նրանից ոչ մեկի մտքով չի անցել, թե որքան եմ սովորել, աշխատել ու պայքարել, որ այդ ամենին հասնեմ»:
Համառ Հելենան
Սեգերը ծնվել ու մեծացել է շվեդական փոքրի Լինդեսբերգ գյուղում, մայրն ուսուցիչ էր, իսկ հայրը սեփական ավտոդպրոցն ուներ: Պատանի տարիքից մոդել է աշխատել, հետագայում տնտեսագիտություն սովորել համալսարանում: Սակայն այդ ամենը նրան չի բավարարել, մասնագիտացել է նաեւ մարքեթինգում, իսկ ուսման վարձը վճարելու համար ռեստորանում բարմեն աշխատել:
Ավարտելուց հետո սկսել է աշխատել մասնագիտությամբ ու մի քանի տարի անց հաջողության հասել: Սկզբում աշխատել է Swatch-ում, ապա Fly Me ավիաընկերությունում, իսկ հետո որոշել սեփական գործը բացել:
«Իմ կարեւոր նպատակն էր գումար եւ այցեքարտ ունենալ, որը կտպավորեր»,-անկեղծացել է նա:
Ծանոթությունը
Իբրահիմովիչի հետ ծանոթացել են, երբ նա դեռ «Մալմո»-ում էր հանդես գալիս: Ֆուտբոլիստն անհաջող էր կայանել իր «Ֆերրարի»-ն, ինչի պատճառով Հելենան իր «Մերսեդես»-ը չէր կարողանում դուրս բերել:
«Բավական կոպիտ տոնով նրան ասացի, որպեսզի փոխի մեքենայի տեղն ու դա նրա դուրը եկավ: Թեեւ Զլատանի հետ այնքան էլ հեշտ չի, բայց ես էլ նվեր չեմ»,- պատմել է Հելենան:
Ֆուտբոլիստը համարյա առաջին իսկ հայացքի սիրահարվել է Սեգերին, որը 11 տարով մեծ է նրանից եւ այդ օրվանից հետո երբեք չեն բաժանվել իրարից:
Հելենան բազմից է խոստովանել, որ ֆուտբոլիստի կին լինելն ամենաբարդ աշխատանքներից մեկն է: Թեեւ շատ ԶԼՄ գրել են, որ նա սուպերմոդել է, սակայն իրականում այդպես չէ.
«Ես սուպերմոդե՞լ: Ապա ինձ նայեք՝ 165 սմ հասակ, կարճ ոտքեր, մեծ բերան: Այդ ինչ կատակ է»:
Երբ դեռ նոր էին ծանոթացել, 33-ամյա Հելենան սովորում էր ու ողջ կյանքը հենց կարիերայի շուրջ էր կառուցում. «Այդ ժամանակ այլ պլաններ ունեի, բնավ էլ նպատակ չունեի ֆուտբոլիստի ընկերուհի դառնալ: Դրա ժամանակը չունեի»:
21-ամյա Զլատանին, նրա հենց այդ կամակոր բնավորությունն ու չենթարկող լինելն է դուր եկել:
«Նրա համար ես ընդամենը գռեհիկի մեկն էի՝ ոսկե ժամացույցով ու շքեղ ավտոմեքենայով»,- «Ես Զլատանն եմ» իր ինքնակենսագրական գրքում գրել է ֆուբոլիստը:
Իբրահիմովիչի համար այնքան էլ հեշտ չէր Հելենայի սիրտը շահել, մի քանի անգամ մերժում է ստացել, դրա համար էլ սկզբնական շրջանում ֆուտբոլիստը նրան անվանում էր «գրողի տարած լյուքսային սուպերվհուկ», գրքում էլ այդ մասին հիշատակում կա:
«Կարծում եմ՝ բոլոր կանանց ներսում էլ վհուկ կա, պարզապես պետք է կարողանալ հմուտ կերպով նրան այնտեղից հեռացնել: Դա նշանակում է անկախ կին լինել, որն ունակ է ոչ ասել»,- համարում է Սեգերը:
Բայց միեւնույն է միասին են, քանի որ սիրում եմ միմյանց ընկերակցությունն ու ուրախ ժամանակ են անցկացնում:
Լուսանկարը` Getty Images
Հելենայի ընկերուհիները համարում են, որ նա կիսաշրջազգեստով Զլատանն է, իսկ ֆուտբոլիստը մի անգամ այսպես կես կատակ, կես լուրջ ասել է. «Հելենային ոչինչ չեմ նվիրում, չէ որ նա ինձ ունի»:
20 տարվա համատեղ կյանքի ընթացքում նրանք 2 որդի են ունեցել, Մաքսիմիլիանը ծնվել է 2006-ին, իսկ Վինսենտը՝ 2008-ին:
Կարիերայի ավարտը
Համատեղ կյանքի ողջ ընթացքում Հելենան սպասել է, թե երբ է Զլատանն ավարտելու իր կարիերան, մինչեւ որ 2023 թվականին վերջապես եկավ այդ օրը: 41-ամյա ֆուտբոլիստը որոշեց 9 ակումբներում հանդես գալուց, 637 հանդիպում անցկացնելուց ու 405 գոլ գրանցելուց հետո ավարտել կարիերան:
Թեեւ որպես ավարտի պատճառ Իբրահիմովիչը նշել է իրեն մշտապես հետապնդող վնասվածքները, «Միլան»-ի երկրպագուները համարում են, որ այդ ամենի իրական մեղավորը կինն է, որը հանուն ամուսնու կարիերայի ստիպված է եղել բազմաթիվ զոհողությունների գնալ:
Նրա կողքին լինելու ու ընտանիքը չբաժանելու համար Հելենան ամենուր հետեւել է Զլատանին, ապրել Թուրինում, Միլանում, Փարիզում, Բարսելոնայում, Մանչեսթերում, Լոս Անջելեսում: Խոստովանել է, որ հատկապես սիրել է ՊՍԺ-ում՝ Զլատանի հանդես գալու ընթացքը:
«Ինչը կարող է ավելի լավ լինել, քան Փարիզում ապրելն ու այնտեղի անհավանական մթնոլորտը զգալը»,- անկեղծացել է Հելենան, որը Փարիզում 200 մլն արժողությամբ բիզնես ունի:
Կարիերան ավարտելուց հետո Իբրահիմովիչը վերջապես իր ողջ ժամանակն ու ուշադրությունը տրամադրում է կնոջն ու երեխաներին՝ ճանապարհորդում նրանց հետ, հանգստանում, զբաղվում ընտանեկան բիզնեսով ու պարզապես վայելում կյանքը:
Հասմիկ Բաբայան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: