Հունիս 17, 2024
9303 դիտում

Կարեն Խաչանով. Հայաստանի հետ կապն առաջին անգամ 18 տարեկանում եմ զգացել


Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից


«Բոլշե» յութուբյան ալիքի թիմը մի քանի օր է անցկացրել Կարեն Խաչանովը հետ, ներկա եղել մարզումներին ու տանը նրա հետ տոլմա համտեսել, խոսել Հայաստանից ու Լոս Անջելեսում հետեւել Արցախի համար կազմակերպած բարեգործական հանդիպմանը:

Առանձնացրել ենք զրույցի առավել կարեւոր հատվածները թենիսի ու մեծագույն խաղացողների, մրցակցության, ընտանիքի եւ որդիների դաստիարակության մասին:



Խնդիրներն ու հոգեբանը

«Կորտում ու դրա սահմաններից դուրս փորձում եմ նույնը լինել ու որեւէ առումով չտարբերվել: Աշխատում եմ նաեւ իմ հանդիպումներին հետեւող երեխաների համար օրինակ լինել:  

Կարծում եմ՝ իմ թույլ կողմերից մեկը համեստությունն է, թեեւ ես էլ բոլորի պես վախեր ու անհանգստություններ ունեմ: Պրոֆեսիոնալ մարզիկներն իրենց առաջ տարատեսակ խնդիրներ ու նպատակներ են դնում, դրանով են տարբերվում մյուսներից, իսկ մնացած առումներով մյուսների պես են:

Աշխատում եմ ինքս ինձ երբեք չխաբել եւ կուտակված բոլոր խնդիրների դեպքում նախ իմ ներսում ամեն ինչ հստակեցնել: Այլապես դրանք կուտակվելու ու հետագայում քեզ խանգարելու հատկություն ունեն, պարտավոր ես ամեն ինչ ժամանակին լուծել: Հիմնականում կնոջս՝ Վերոնիկայի հետ եմ խոսում, բացի այդ էլ արդեն 3 տարուց ավել կլինի, որ հաճախում եմ հոգեբանի: Նրա հետ հիմնականում թենիսին վերաբերվող հարցեր ենք քննարկում, Փառքս Աստծո, անձնական կյանքում դժվարություններ չկան:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Վնասվածքները

Նախորդ տարին բավական բարդ էր ինձ համար, նախ եղավ ոտքիս ծանր վնասվածքը, որն առաջացել էր Ավստրալիայի բաց առաջնությունից հետո, ապա ամեն ինչ վատթարացավ, դեղերով էի ելույթ ունենում ու ինքս ինձ վնասում: Աստիճանաբար օրգանիզմս քամեցի եւ սթրեսի արդյունքում էլ եղավ մեջքի վնասվածքը:  
Վերականգնվելու ընթացքը երկար ու բարդ էր, չէի կարող կտրուկ շարժումներ ու ակտիվ մարզումներ անցկացնել: Նախ լողավազանում վերականգնվեցի, ապա 7-8 շաբաթ անց սկսեցի մարզադահլիճ գնալ եւ կամաց-կամաց վերադարձա կորտ:

Թեեւ այդ ժամանակահատվածը վախենալու էր, բայց լավատեսորեն էի տրամադրված, մարզչական թիմս էր ավելի շատ անհանգստացած, նույնիսկ վախենում էին, որ մրցաշրջանի կեսը բաց կթողնեմ: Իսկ ես հավատացած էի, որ լավ բժիշկների շնորհիվ հնարավորինս արագ կվերադառնամ: Ցավալին այն էր, որ այդ ժամանակ լավագույն տասնյակում տեղս կորցրի:

Լուսանկարը` Getty Images


Ապաքինվելուց հետո վերադարձին շատ էի սպասում եւ ուզում լավ մարզավիճակ ձեռք բերել, որպեսզի ինձ ոչինչ չանհանգստացնի: Մի քիչ մտավախություն ունեի, թե արդյոք կկարողանամ վերադառնալ Ռոլան Գարոսից հետո ունեցած մարզավիճակիս: Մինչեւ տարեվերջ ծանր հանդիպումներից հետո միեւնույն է ցավ էի զգում, ոտքս էր ձգում, բայց այնքան էի սովորել ցավով հանդես գալ մրցաշրջանի առաջին հատվածում, որ էլ դրան ուշադրություն չէի դարձնում: Միակ խնդիրս էր, որ մարմինս սովորի ելույթներին, որովհետեւ մի բան է մարզումներին մասնակցել, մեկ այլ՝ ամեն շաբաթ բարձր մակարդակով հանդիպումներ անցկացնել:

Նույնիսկ առանց վնասվածքների, որքան էլ մրցաշրջանի մեկնարկից առաջ մարզվում ես, առաջին հանդիպմանը դուրս ենք գալիս կորտ ու 1,5 ժամից հետո ամեն ինչ ցավում է, ինչը նաեւ լարվածության արդյունքում է լինում: Երկար դադարներն ամենաբարդն են այն առումով, որ նորից պետք է սովորես մտնել պայքարի մեջ:

Ուշանալը

Մարզումներից միշտ ուշանում եմ, դա իմ ամենագլխավոր թերությունն է եւ կապված է կարգապահության հետ, այդ մասին վերջերս եմ սկսել մտածել ու փորձում եմ շտկել: Հասկանում եմ, որ ուշանալն ի վնաս ինձ է աշխատում, քանի որ կրճատվում է  նախավարժանքին հատկացված ժամանակը:

Լուսանկարը` Getty Images


Եթե հանդիպումներին 15 րոպե ուշանում ես, քեզ պարտություն են գրանցում: Թեեւ հանդիպումներին այդքան չեմ ուշանում, բայց պատահել է, որ մրցակիցները կորտում մի քանի րոպե ինձ են սպասել: Սովորաբար հեռարձակման պատճառով են բոլորն անհանգստանում, բայց չեմ համարում, որ որեւէ բան կփոխվի, եթե մի քանի րոպեով ավելի ուշ մտնեն եթեր: Միեւնույն է առանց մեզ հանդիպումը չի կարող սկսվել:

Գումարները

Միշտ շատ շնորհակալ եմ եղել հորեղբորս, որը մեծ գումարներ է ներդրել իմ կայացման նպատակով, բայց ինձ համար կարեւոր էր, որ այդ ամենը վերադարձնեմ նրան: 20 տարեկանից հաջողվեց եկամուտ ստանալ, երբ 2016 թվականին դարձա Չինաստանի մրցաշարի հաղթող, արդեն ինքնուրույն կարողանում էի ծախսերս փակել եւ որոշակի գումար էլ վաստակել:

Սովորաբար թենիսում ինքդ ես որոշում, թե թիմդ որքան մեծ է լինելու, ինչքան մասնագետներ ես ներառելու, որքան ես նրանց վճարելու եւ կազմակերպելու թռիչքները դեպի տարբեր երկրներ:  

Իմ դեպքում պայմանավորվածությունները ձեռք են բերվում բանավոր ու հաստատվում ձեռքսեղմումով: Բայց կան մասնագետներ, որոնց համար պայմանագրի առկայությունը կարեւոր է, որպեսզի պաշտոնապես գրանցված աշխատանք եւ ֆիքսված եկամուտ ունենան: Դրա համար էլ երբեմն նաեւ պայմանագրեր եմ ստորագրում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Որքան շատ ես վաստակում, այդքան էլ շատ պարգեւավճարներ ես տալիս քո թիմին: Եկամուտներիդ զուգահեռ, ծախսերն էլ մեծանում են:

Լավագույնները

Ստացված ելույթների ու կայունության առումով կառանձնացնեմ 2023 թվականը, թեեւ վնասվածքս էլ այդ ընթացքում եղավ: 2021-ին Ուիմբլդոնում հասա մինչեւ 1/4 եզրափակիչ, ապա եղավ Օլիմպիական արծաթն ու այդ պահից սկսած անդադար աճել եմ ու վերգտնել ինձ:

Թենիսում երեւի թե նախանձ կա, բայց ինքս երբեք չեմ զգացել: Ինձ միշտ մոտիվացնում եմ, որ լավագույնը դառնամ, այդ առումով մրցակցություն պետք է, բայց նախանձել չեմ սիրում: Տարիքի հետ ավելի իմաստուն ես դառնում:

Նախկինում լավագույն քառյակը՝ Ֆեդերերը, Նադալը, Ջոկովիչն ու Մարրեյը բոլորից շատ էին առաջ եւ խաղամակարդակների տարբերությունը հսկայական էր: Այն ժամանակ այլ լավ թենիսիստներ էլ կային՝ Բերդիխը, Ֆերերը, Դել Պոտրոն, Դավիդենկոն, Ցոնգան: Բայց այդ 4-ը համարյա բոլոր մրցումներում իրենք էին հաղթում ու տիրացան հնարավոր տիտղոսներին: Հիմա Ալկարասն ու Սիններն են առջեւում, բայց մնացածիս համեմատ՝ ոչ այդքան շատ: Ավելի ու ավելի է հետաքրքիր, թե ով առաջատար կդառնա, թեեւ Նովակն էլ դեռ խաղում է:

Լուսանկարը` Getty Images


Ես դեռ Սիններից ու Ալկարասից ոչնչով լավը չեմ: Հիմա նրանք բավական աչքի են ընկնում ու հիանալի հաղթական շարքեր ունեն: Բոլորս էլ՝ ես, Անդրեյը եւ Դանայան, խաղացել ենք Ջոկովիչի, Նադալի, Ֆեդերերի ու Մարրեդի դեմ: Վերջինիս հետ մրցել եմ, երբ դեռ նա էր առաջին համարը: Զգացողությունը, որ այդ 4-ը հիանալի էին խաղում, այլ էր քան հիմա է՝ ներկայիս առաջատարների պարագայում:

Այդ քառյակի հետ խաղերում հաղթանակներն ինձ համար կարեւոր էին անձնական աճի ու մոտիվացիայի առումով: Նրանցի որեւէ մեկին գերազանցելն օգնում էր առաջ գնալ:

Ալկարասն ամեն առումով է լավը՝ ֆիզիկապես ու ոճի տեսանկյունից, հիանալի տղա է կորտում ու դրա սահմաններից դուրս, միշտ ժպտում է ու բարեւում: Սիններն ավելի փակ է, նա մտածելակերպով իտալացի չէ: Երբեք չեմ տեսնել, որ Դեւիսի Գավաթի ժամանակ իտալացիների հետ գնա ընթրելու, ինչպես մենք ենք անում հավաքականով:

Հայաստանը

Երկու ծնողներս հայկական արմատներ ունեն: Հատկապես պապիկս է պահել Հայաստանի հետ կապված ամեն արժեք: Հայաստանն ինձ համար առաջին հերթին դաստիարակությունն է ու համեղ ուտելիքը (ապա ցույց է տալիս, թե ինչպես է պետք տոլմա տաքացնել, խմբ.):

Հայաստանի հետ իմ կապը 18-20 տարեկանում եմ զգացել, երբ ներսումս սկսեց ինչ-որ հայկական բան արտահայտվել: Դրանում մեծ էր պապիկիս ազդեցությունը, նա Մոսկվայում է բնակվում, բայց Երեւանից է, որտեղ ընկերներ ու բարեկամներ ունի:

Երբ առաջին անգամ 14 տարեկանում այցելեցի Հայաստան, տարբեր բնակավայրերում ու գյուղերում եղանք, չգիտեին էլ, որ թենիսիստ եմ ու ամեն տեղ շատ ջերմ էին ընդունում, ինչն անչափ հաճելի էր:

Այդ ժամանակ հայրիկիս ու պապիկիս հետ 3 շաբաթով էինք գնացել՝ մրցումներ ունեի:  Ամեն օր մեզ տարբեր ծանոթներ հյուրասիրություն էին կազմակերպում եւ օրերով միայն ուտում էինք: Երկրորդ անգամ 16 տարեկանում Երեւանում մասնակցեցի «Մոսկվայի հայերն՝ ընդդեմ Երեւանի հայերի» զվարճալի մրցաշարին: Վերջին այցելությունս 2021-ին էր, Վերոնիկայի հետ շրջեցինք ողջ Հայաստանով մեկ ու երկիրն այլ կողմից բացահայտեցինք:


Այնտեղ պետք է անպայման այցելել Էջմիածին, Տաթեւ, Գառնի, Գեղարդ, Դիլիջան։ Whatsapp App-ում իմ գլխավոր նկարում Խոր Վիրապն է՝ Արարատի գեղեցիկ տեսարանով:

Հայրիկը

Բարի հայրիկ եմ, բայց շատ եմ բացակայում ու ամեն վերադարձս իսկական տոն է լինում: Չեմ կարողանում որեւէ բանում մերժեմ Դավիթին ու Միքայելին եւ փորձում եմ հաճելի նվերներ անել:

Դավիթը 2 տարեկան էր, երբ մասնակցեցի Օլիմպիական խաղերին, մոտենում էր էկրանին ու արդեն հասկանում, որ իր հայրիկն է մրցում, ինչը շատ հուզիչ էր: Հիմա ամեն անգամ ինձ հաջողություն է մաղթում ու ցանկանում, որ գավաթով վերադառնամ: Ուզում եմ տղաները հետագայում ներկա լինեն իմ հանդիպումներին ու տրիբունաներից աջակցեն, ինչպես Ֆեդերերի ու Ջոկովիչի ընտանիքների դեպքում է:

Հայրությունն ինձ շատ պատասխանատու է դարձրել, ուզում եմ լավ օրինակ լինել տղաներիս համար, վատ սովորություններից հրաժարվել, օրինակ՝ հեռախոսով քիչ լինել կամ անառողջ սնունդ օգտագործել: Երեխաներն ամեն ինչ տեսնում եւ սովորում են, պետք է լավ օրինակ ծառայես նրանց համար:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Պարտավոր ես նրանց մեծացնել ու ոտքի կանգնեցնել, ինչը հիմա եմ հասկանում, թե որքան բարդ է, ու ինչերի միջով են անցել մեր ծնողները: Վերոնիկայի հետ ամեն ինչ միասին ենք անում, բայց դաստիրակությամբ նա միայնակ է զբաղվում, այդ ծանր բեռը նրա ուսերին է, քանի որ հաճախ եմ բացակայում:

Դավիթը բնավորությամբ ինձ պես համառ է, երեւի, դա իմ միակ բացասական կողմն է: Որոշ հարցրեում անչափ համառ եմ ու մինչեւ վերջ եմ պնդում իմ տեսակետը, եթե նույնիսկ անգամ ինքս եմ համոզվում, որ սխալ եմ:

Կարեւոր արժեքներից մեկը ընտանիքս է, շատ ջերմ եմ ծնողներիս հետ: Կնոջս դեպքում էլ այդպես է, դրա համար կապը բոլորով պահում ենք ու լավ հարաբերություններ ունենք»:

Հասմիկ Բաբայան

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին