Ապրիլ 30, 2024
707 դիտում

Կարեն Խաչանով. Ուրախ մարդ եմ ու կարողանում եմ ցանկացած անծանոթի հետ լեզու գտնել


Լուսանկարը` europort

Լուսանկարը` gotennis.ru

Լուսանկարը` ATP

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` CGTN

Լուսանկարը` Olympuics

Լուսանկարը` ATP

Լուսանկարը` ATP

Լուսանկարը` RBC

Լուսանկարը` ATP

Լուսանկարը` Australian Open

Լուսանկարը` ATP



Լրագրողները հաստատում են, որ Կարեն Խաչանովի հետ շփվելը մեծագույն հաճույք է՝ նա բաց է, շփվող ու հումորով, կարողանում է դիմացինին այնպես տրամադրել, որ հաջորդ մրցաշարում հենց իրեն ցանկանաս երկրպագել:

Հերթական հարցազրույցը 17-րդ ռակետը տվել է ռուսական sport-express.ru-ին ու հետաքրքիր մանրամասներ պատմել իր, ընկերների ու թենիսի մասին առհասարակ:

Ընկերությունը

Դեռ ես ու Անդրեյ Ռուբլյովն էլ կհասցնենք մոտենալ Դանիիլ Մեդվեդեւի մակարդակին: Դրա համար բոլոր ջանքերը գործադրում ենք, աշխատում եւ ձգտում: Ժամանակը ցույց կտա, թե ինչերի կկարողանանք հասնել:

Բոլորս շատ տարբեր ենք բնավորությամբ, խառնվածքով ու խաղով, թեեւ սերնդակիցներ ենք, աճել ու խաղացել ենք միասին: Մեզ հենց թենիսն է միավորում, բայց մեծանալով՝ ամեն մեկը մի քիչ հարմարվել է իր կյանքին, ընկերներ ձեռք բերել ու իր շրջապատն ունեցել:

Լուսանկարը` gotennis.ru


Թենիսն անհատական մարզաձեւ է, որում բոլորն էլ ցանկանում են հասնել առավելագույն հաջողությունների: Բայց նույն գործով ենք զբաղվում ու համարյա ամեն շաբաթ հանդիպում: Կարողանում ենք համատեղել ընկերությունն ու ձգտել մեր նպատակներին:

Դանյան անսովոր է, Անդրեյը՝ լուրջ, իսկ ես՝ ուրախ: Դանյան մի քանի տարի առաջ առաջին ռակետն է եղել, նա վարկանշային աղյուսակում հասել է այդ գագաթնակետին: Այդ պատճառով էլ հնարավորություն ունի նորից կրկնել այդ հաջողությունը:

Շփվող լինելը

Թենիսը ինտելիգենտ մարզաձեւ է, ու միշտ է այդպիսին եղել: Այդ հանգամանքը շատ առումներով է բնորոշում թենիսը:

Ինքս չեմ ամաչում կամ էլ վախենում մեծ լսարանից, անգամ երբ խոսքը լրիվ անծանոթ մարդկանց հետ հանդիպման մասին է: Այդպիսին եմ տեսակով, անգամ անծանոթի հետ հեշտությամբ եմ լեզու գտնում: Երեւի, հենց դրանում էլ իմ բացառիկությունն է:

Լուսանկարը` ATP


Շրջապատը

Շատ կուզեի Ալեքսանդր Օվեչկինի հետ ծանոթանալ, բայց նման առիթ չեմ ունեցել, մեր ուղիները դեռ չեն հատվել: Ընդ որում՝ շատ տարբեր հոկեիստների ճանաչում եմ եւ շփվում ենք: Բայց հենց լեգենդար Ալեքսանդրի հետ չի ստացվել: Ընկերներ ենք Արտեմի Պանարինի հետ, հիանալի տղա է: Ֆուտբոլիստներից շփվում եմ Էդիկ Սպերցյանի հետ, Ֆյոդոր Սմոլովի, Մայամիի մրցաշարի ժամանակ ինձ աջակցելու էր եկել մեր Արման Ծառուկյանը: Մարզիկների հետ իրար հետեւում եւ աջակցում ենք:

Կուզեի ծանոթանալ Լեբրոն Ջեյմսի հետ, նա իմ սիրելի բասկետբոլիստներից է, օրիգինալ չեմ լինի եւ կասեմ, որ ֆուտբոլիստներից կուզեի հանդիպել Ռոնալդուին, Մեսսիին ու Բեքհեմին: Վերջինս Ուիմբլդոնում իմ խաղին ներկա է եղել, բայց անձամբ չենք հանդիպել:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Նովակ Ջոկովիչը

2007 թվականից հետո առաջին անգամն է, որ մինչեւ մարտ ամիսը Ջոկովիչը որեւէ տիտղոսի չի տիրացել: Միայն ինքը գիտի, թե հետն ինչ է կատարվում, իսկ մենք առաջիկայում կհասկանանք:

2-3 տարի առաջ էլ բոլորը խոսում էին, որ մոտ է կարիերան ավարտելուն, բայց նման բան տեղի չունեցավ: Առաջիկայում դեռ շատ կարեւոր մրցաշարեր կան, դրանք էլ որոշիչ կլինեն ու ցույց կտան, թե որտեղ է իրականում գտնվում նա:

Ջոկովիչն իսկական օրինակ է ինձ համար իր կարիերայի երկարակեցությամբ ու մարզավիճակով, որ մշտապես կարողանում է պահպանել: Նա լուրջ վանսվածքներ չի ստացել, թեեւ ցավող տեղեր միշտ էլ ունենում է:

Մեր մարզաձեւը շատ դինամիկ է՝ ամեն շաբաթ հանդես ենք գալիս տարբեր երկրներում ու տարբեր ծածկերով կորտերում, ինչի արդյունքում էլ վնասվածքներ են առաջանում: Բայց Նովակի դեպքը յուրահատուկ է՝ կարողանում է այդքան լավ մարզավիճակում լինել գրեթե միշտ:

Լուսանկարը` CGTN


Դժվարություններից՝ դեպի նվաճումներ

2018-ի սեպտեմբերից մինչեւ 2023 հաղթանակներ չեմ ունեցել, բայց միշտ էի ուզում հաջողության հասնել: Թեեւ այդ ընթացում նաեւ լավ արդյունքներ եմ գրանցել, օրինակ՝ 2021-ին Տոկիոյի Օլիմպիական խաղերում հասել եմ եզրափակիչ ու արծաթե մեդալակիր դարձել:

Մինչ այդ Ադելաիդայի մրցաշարում էի խաղացել եզրափակչում եւ Մեծ Սաղավարտում երկու անգամ հայտնվել կիսաեզրափակչում: Բայց երբեմն անգամ 250 ու 500 մակարդակի մրցաշարերում հաղթանակները չեն համեմատվում լուրջ մրցումների արդյունքների հետ:

2021-ի կեսից սկսել եմ ավելի կայուն հանդես գալ: Հենման կետ ունեի, թե ինչի եմ ուզում ձգտել ու ինչպես առաջ շարժվել: Այդ պահից սկսած մեծ առաջընթաց եմ գրանցել: Շարունակում եմ աշխատել ու հասկանում եմ, որ միշտ էլ կարելի է ավելիին հասնել:

Տիտղոսները հոգեբանորեն օգնում են առաջ գնալ: Երբ երկար ժամանակ որեւէ մրցաշարի հաղթող չես կարողանում դառնալ ու վերջապես հաջողվում է, թեթեւություն ես զգում: Այդպես էր նաեւ, երբ Ռոլան Գարոսից հետո թեեւ ոչ երկար ժամանակով, բայց հայտնվեցի 10 լավագույնների ցանկում: Դրանից անմիջապես հետո վնասվածք ստացա ու երկար ժամանակ բացակայեցի: Բայց միեւնույն է այդ վերադարձը եւս հոգեբանորեն կարեւոր էր:

Լուսանկարը` Olympuics


Փարիզի խաղերին էլ պատրաստվում եմ մասնակցել, բայց դեռ ժամանակ կա, մինչեւ հայտնեն հանդես գալու պայմանները: Բազմիցս եմ ասել, որ խաղերն ինձ համար կարեւոր են: Ափսոսում եմ, որ Տոկիոյում ոսկի չունեցա:

Մենախոսությունը թենիսում

Անընդհատ խաղալու ընթացքում զրուցում ես ինքդ քեզ հետ: Դրանում էլ հենց թենիսի հոգեբանական կողմն է: Պետք է ամեն ինչ վերահսկել, ինչպես բաժակում՝ ջուրը, որպեսզի այն չթափվի:

Խաղի ընթացում փորձում եմ ողջ սթրեսը հանել ներսիցս: Քանի դեռ հանդիպումը շարունակվում է, զուսպ եմ, բայց հենց վերջանում է, ամբողջը մի քանի վայրկյանների ընթացքում դուրս եմ թափում, ապա շարժվում առաջ:

Նպատակները

Կատարելությունը սահմաններ չի ճանաչում: Իմ հիմնական նպատակը նույնն է, ինչ նախորդ տարի՝ նորից հայտնվել լավագույն 10-յակում: Նախորդ տարի հայտնվեցի, բայց հետո ստիպված եղա 3,5 ամիս բացակայել ու շատ կարեւոր մրցաշարեր բաց թողեցի:

Պետք է շարունակեմ շարժվել նույն ուղղությամբ, ինչ վերջին 2 տարիներին եմ անում: Կարծում եմ՝ այնքան էլ վատ չի ստացվել:

Լուսանկարը` ATP


Կարեւորն առանց վնասվածքների խաղալն է: Հիմա ցանկանում եմ տասնյակում լինել, շարունակել մասնակցել խոշոր մրցաշարերի, որոնց արդյունքում էլ ձեւավորվում է վարկանշային աղյուսակը: Շատ մոտիվացված եմ ու մեծ նպատակներս կշարունակեմ կյանքի կոչել: Հույս ունեմ՝ հասնել դրանց:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին