Սեպտեմբեր 12, 2025
exclusive
100 դիտում

Հայաստանի ընտրանու կանխատեսելի պարտությունն ու երկար սպասված հաղթանակը


Լուսանկարը` ՀՖՖ

Լուսանկարը` ՀՖՖ

Լուսանկարը` https://www.aljazeera.com/

Լուսանկարը` https://www.fai.ie/


Հայաստանի հավաքականը տնային երկու հանդիպումներով սկսեց Աշխարհի առաջնության որակավորման փուլը՝ պարտություն Պորտուգալիայից 0:5 հաշվով եւ երկար սպասված հաղթանակ Իռլանդիայի ընտրանու հետ մրցավեճում 2:1 հաշվով։ Չնայած առաջին հանդիպմանը կրած անհաջողությանը Հայաստանի հավաքականը պատվով դուրս եկավ այս շրջանից՝ անգամ խմբում զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։ Այս հաջողությունը չպետք է նոր եւ ամպագոռգոռ ակնկալիքների բեռ ծանրացնի հավաքականի ուսերին։ Որակավորման այս փուլում անշուշտ պետք է հուսալ լավագույնը, բայց միեւնույն ժամանակ չընկճվել ու սթափ մոտենալ իրականությանը։ Անցած խաղերը ցույց տվեցին, որ Եղիշե Մելիքյանը կարողանում է կարճ ժամանակահատվածում արդյունք ապահովել եղած կադրերով։ Բայց դեռ շատ մեծ աշխատանք ունի տանելու՝ խաղային ձեռագիր եւ մարտունակ թիմ ձեւավորելու գործում։

Հայաստան – Պորտուգալիա

Լուսանկարը` https://www.aljazeera.com/


Պորտուգալիայի ընտրանին իր աստղային կազմով թերեւս Հայաստանի հավաքականի վերջին տարիներին ունեցած ամենաուժեղ մրցակիցն էր։ Ռոբերտո Մարտինեսը եւ նրա ղեկավարած թիմը շատ լուրջ էին մոտեցել խաղին՝ չթերագնահատելով Հայաստանի ընտրանուն։ 

Պորտուգալացիները շատ արագ կարողացան վերցնել նախաձեռնությունն իրենց ձեռքը։ Առաջի հերթին զգացվում էր կենտրոնական պաշտպանների խաղակցվածության պակասն ու անփորձությունը։ Տուգանային հրապարակ մատակարարվող գնդակները գրեթե միշտ գտնում էին հասցեատերերին։ 

Երեւում էր, որ մեր ընտրանին փորձում էր հնարավորինս կոմպակտ դասավորվել սեփական տուգանայինում եւ տարածություններ չտալ մրցակցին, բայց պորտուգալացիները հեշտորեն հաղթահարում էին այդ արգելքը։ Մելիքյանը գերպաշտպանական կազմ չէր ընտրել՝ խաղադաշտ դուրս բերելով նաեւ հակագրոհների համար անհրաժեշտ խաղացողների, բայց մրցակիցն իր մակարդակով ու խաղային տեմպով ուղղակի ստիպեց, որ ամբողջ կազմը մտածի հիմնականում պաշտպանության մասին։ 

Երեւում էր, որ դեռ շատ բացեր կան թիմային խաղի տեսանկյունից եւ ֆուտբոլիստներն այդքան էլ լավ չէին հասկանում ինչպես դիմագրավեն նման մրցակցին։ Թերեւս Հայաստանի հավաքականը չափից ավելի հարգալից էր մոտեցել Պորտուգալիայի ընտրանուն։ Իսկ վերջինս առանց մեծ ճիգեր կիրառելու հասավ սպասելի հաղթանակին եւ գոհունակ հեռացավ Հայաստանից։

Հայաստան - Իռլանդիա 

Լուսանկարը` https://www.fai.ie/


Պորտուգալիայի ընտրանու հետ կայացած խաղից երեւում էր, որ Հայաստանի ֆուտբոլիստները խաղում են մեծ ցանկությամբ ու նվիրվածությամբ։ Սրան անշուշտ նպաստել է Մելիքյանի մոտիվացնելու կարողությունը։ Նախ իռլանդացիները ծանր եւ էներգատար խաղ էին ունեցել Հունգարիայի ընտրանու հետ՝ միայն վերջին րոպեներին  կորզելով ոչ-ոքի։ Երկրորդ՝ Իռլանդիան խուսափում է խաղալ առաջին համարով, իսկ դա նշանակում է, որ մեր ընտրանին կկարողանար ավելի շատ ժամանակ անցկացնել գրոհելիս։ Կար միայն մեկ մտավախություն՝ իռլանդացիները շատ են կիրառում բարձրից փոխանցումներ դեպի տուգանային հրապարակ՝ թիրախավորելով իրենց բարձրահասակ եւ ամրակազմ հարձակվողներին, իսկ մեր պաշտպանությունը խոցելի է այդ տեսանկյունից։ Բայց ի պատիվ կենտրոնական պաշտպանների եռյակի նրանք գրեթե անսխալ գործեցին ամբողջ խաղի ընթացքում։ 

Լուսանկարը` ՀՖՖ


Հրաշալի էին գրոհներին միանում Նաիր Տիկնիզյանն ու Կամո Հովհաննիսյանը, ովքեր այս խաղում ավելի շատ ժամանակ էին կարողանում տրամադրել հարձակմանը։ Աչքի էր ընկնում նաեւ Էդուրադ Սպերցյանը ով խորքից կառավարում էր մեր ընտրանու խաղը։ Վերջինս կա՛մ երկար շեշտակի փոխանցումներով գրոհի էր նետում խաղընկերներին, կա՛մ գնդակն իր հետ առաջ տանելով սկսում էր դիրքային գրոհներ։ Կարեւոր էր նաեւ Հրանտ-Լեոն Ռանոսի ներկայությունը խաղադաշտում։ Վերջինս անընդհատ գտնվում  էր շարժման մեջ։ 

Վերջնամասը ցույց տվեց, որ թիմը դասեր է քաղել նախորդ մրցավեճից՝ ցուցադրելով ավելի կայուն պաշտպանական խաղ։ Հաղթանակը կարեւոր էր հոգեբանական տեսանկյունից։ Բայց միայն նվիրվածությամբ ու մոտիվացիայով երկար չես կարող գնալ, անհրաժեշտ է հստակ ծրագիր։ Հավաքականը դեռ շատ է կախված առանձին ֆուտբոլիստներից ու կաղում է թիմային խաղը։ Անհրաժեշտ է ավելի շատ խաղաժամանակ տրամադրել երիտասարդներին կազմի խորություն ապահովելու համար։ Խնդիրները շատ են, բայց անհրաժեշտ նվիրվածություն ու կամք ցուցաբերելու պարագայում լիովին հաղթահարելի։ 

Դավիթ Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին