Դեկտեմբեր 04, 2024
exclusive
1114 դիտում

Կատակասեր, անմիջական եւ ուշադիր Նիկոլայ Ղազարյանը


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


«Արարատ 73»-ն այս տարի նշում է ԽՍՀՄ չեմպիոնության ու գավաթակիր դառնալու 50-ամյակը։

Ցավոք, բայց այսօր հայտնի դարձավ, որ այդ լեգենդար թիմից եւս մեկ ֆուտբոլիստ հրաժեշտ է տվել կյանքին։ 76-տարեկանում մահկանացուն կնքեց «Արարատ»-ի ձախ հարձակվող Նիկոլայ Ղազարյանը։

Ղազարյանն արդեն երկար ժամանակ է վատառողջ էր եւ նույնիսկ չկարողացավ մասնակցել թիմի հաղթանակներին նվիրված միջոցառումներին, իսկ մի քանի օր առաջ տեղափոխվել էր հիվանդանոց։

Ուղիղ 10 տարի առաջ «Արարատ»-ի հաղթանակի 40-ամյակին նվիրված մեր շարքում զրուցել էինք Նիկոլայ Ղազարյանի հետ։ Բավական կատակասեր, անմիջական, անընդհատ ծիծաղաշարժ պատմություններ պատմող, նրբանկատ եւ ուշադիր Ղազարյանի հետ երկար խոսեցինք։ Ներկայացնում ենք այդ զրույցից որոշ հատվածներ ու նվիրում նրա հիշատակին։

Լուսանկարը` Photolure


«Չեմ էլ հիշում՝ երբվանից եմ սկսել ֆուտբոլ խաղալ։ Մեր բակի երեխաներով անընդհատ խաղում էինք, իսկ ես շատ արագ էի բոլորից եւ անընդհատ գոլեր էի խփում։ Հետո գնացի ֆուտբոլի մարզումների ու քիչ-քիչ դարձա իսկական ֆուտբոլիստ։

1965-ին դարձա «Արարատ»-ի գլխավոր թիմի խաղացող, երբ թիմը մարզում էր շատ խստապահանջ Արտյոմ Ֆալյանը։ Մի անգամ «Չերնոմորեց»-ի դեմ խաղում երկու գոլի հեղինակ դարձա։ Վերջում կարող էի եւս մեկը խփել, բայց չկարողացա։

Այն ժամանակ ամեն հաղթանակի համար գումար էինք ստանում։ Բոլոր տղաները ստացան, իսկ ես՝ ոչ։ Ֆալյանն ասաց, որ կարող էի երրորդ գոլը խփել, բայց չեմ արել, դրա համար էլ դժգոհ է իմ խաղից։ Այդ ժամանակ էլ հասկացա, որ հարկավոր է ամեն մի գոլային հնարավորություն օգտագործել։

1973-ին ոչ մեկիս մտքով անգամ չէր անցնի, որ պատմություն ենք գրում, ուղղակի անսահման սիրում էինք ֆուտբոլ խաղալ ու նաեւ հաղթել։ Բոլորիս էլ տարբեր թիմեր էին հրավիրում, բայց ոչ մեկս էլ մտքի ծայրով անգամ չի մտածել հեռանալու մասին։ Հայաստանն ու «Արարատ»-ը թողնելը մեզ համար չէր։

Լուսանկարը` Photolure


Անկեղծ ասած 1971-ին մենք շատ գեղեցիկ ֆուտբոլ էինք ցուցադրում, բայց ֆիզիկապես թույլ էինք։ Նիկիտա Սիմոնյանը եկավ ու մեծ ծանրաբեռնվածություն տվեց մեզ։ Դրա շնորհիվ կարողացանք ողջ մրցաշրջանում դիմանալ։ Սիմոնյանի շնորհիվ թիմը սկսեց գործել մի մարդու պես, բոլորիս նպատակը միայն հաղթելն էր, դրա համար էլ եղավ այսպիսի հաջողություն։

Խաղերից առաջ տղաները միշտ հարցնում էին, թե ինչ երազ եմ տեսել, որովհետեւ դրանք սովորաբար կատարվում էին։ Չգիտեմ ինչու, բայց Կիեւի «Դինամո»-ի հետ Գավաթի եզրափակիչ խաղից առաջ երազ չտեսա: Տղաները սովորության համաձայն առավոտյան հարցրին, ես էլ խաբեցի, թե սպիտակ աղավնիներ եմ տեսել ու ենթադրում եմ, որ դա լավ նշան է։ Միայն հաղթանակից հետո նրանց ասացի, որ ստել եմ։

«Դինամո»-ի դեմ խաղում ես պահեստային էի։ Ավարտից մոտ 20 րոպե առաջ Նիկիտա Սիմոնյանը ինձ ու Սերգեյ Պողոսյանին մտցրեց դաշտ։ Մինչեւ վերջին րոպեն պարտվում էինք, բայց բոլորս կռիվ էինք տալիս։

Լուսանկարը` Photolure


Տուգանայինից Ալեքսանդր Կովալենկոն գնդակն ուղարկեց, իսկ Արկադի Անդրեասյանը հաղթեց օդային պայքարում: «Դինամո»-ի ֆուտբոլիստը գնդակը դանդաղ գլորեց դարպասապահին: Արագ վազեցի ու, հասնելով գնդակին, ոտքի ծայրով մի կերպ փոխանցեցի Լեւոն Իշտոյանին: Նա խփեց մեր առաջին գոլն ու արդեն բոլորս էլ զգում էինք, որ հաղթելու ենք։

Հաղթելուց հետո գնացինք հյուրանոց, Սիմոնյանն ասաց, որ կարող ենք մի քիչ խմել: Բայց նման բան չարեցինք, որովհետեւ առաջնության խաղերը դեռ շարունակվում էին։

Այլ բան էր Հայաստանում։ Օդանավակայանից մինչեւ Երեւան ողջ ճանապարհին մարդիկ էին հավաքվել, սեղաններ գցել, այնքան ուրախ էին բոլորը։ Հեքիաթային օր էր, այդ հաղթանակն, իրոք, միայն մերը չէ, այլ հայ ժողովրդինն է»։

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին