23-ամյա Էրլինգ Հոլանդն ամենահեռանկարային ու տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներից մեկն է համարվում: Նորվեգիայի հավաքականի ու «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվողը կարճ ժամանակում կարողացել է փայլուն կարիերա ունենալ, բազմաթիվ անհավանական ցուցանիշներ գրանցել ու մրցանակների արժանանալ: Mediamax Sport-ը ծանոթացել է ֆուտբոլիստի կյանքի պատմությանն ու նախասիրություններին, որոնք օգնել են նրան հայտնվել բարձունքում:
Պատանի ռեկորդակիրը
Էլինգ Հոլանդը ծնվել է 2000 թվականի հուլիսի 21-ին Մեծ Բրիտանիայի Լիդս քաղաքում: Նրա հայրը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր ու հանդես էր գալիս անգլիական «Լիդս Յունայթեդ» ակումբում:
Մայրը՝ Գրի Մարիտա Բրաունը, ատլետ է եղել ու 90-ականներին յոթնամարտում Նորվեգիայի չեմպիոն հռչակվել: Նա որդուն ստադիոն էր տանում շատ վաղ տարիքից, երբ դեռ 3 տարեկանը չէր էլ լրացել:
Էրլինգը 6 ամսական էր, երբ ծնողները վերադարձան հայրենիք ու սկսեցին բնակվել 12 հազար բնակիչ ունեցող Բրյունե քաղաքում: Տղան փոքր տարիքից մեծ ուշադրություն էր դարձնում սպորտին, ֆուտբոլից բացի նաեւ գնում էր հանդբոլի, գոլֆի, թեթեւ ատլետիկայի եւ դահուկասպորտի: Աթլետիկայով Էրլինգը զբաղվել է քայլել սովորելուն զուգահեռ, 5 տարեկանում իր առաջին համաշխարհային ռեկորդն է սահմանել՝ 2006 թվականին տեղից ցատկելով 1,63 մ: Ֆուտբոլիստ դառնալու հստակ որոշում կայացրել է 6 տարեկանում եւ ընդունվել «Բրյունե» ակումբի ակադեմիա:
Լուսանկարը` si.com
Մեծահասակների ֆուտբոլում նորամուտը բավական վաղ է նշել՝ ակումբի կազմում մասնակցելով Նորվեգիայի երկրորդ լիգային: Պրոֆեսիոնալ կարիերայի առաջին հանդիպումն անցկացրել է 2016 թվականի մայիսին ու այդ մրցաշրջանում 16 խաղի մասնակցել:
Մեկ տարի անց՝ 17 տարեկանում Հոլանդը պայմանագիր է կնքել «Մոլդե» ակումբի հետ ու իր առաջին գոլը խփել «Տրոմսե»-ի դարպասը: 2018 թվականին նա արդեն ապահովել էր տեղը հիմնական կազմում ու շուտով նաեւ առաջին պոկերը հեղինակեց՝ 4 գնդակ ուղարկելով «Բրան»-ի դարպասը:
Նոր ակումբները
2018-ի ամռանը ավստրիական «Զալցբուրգ»-ը հայտնեց, որ 2019-ի հունվարից Հոլանդն իրենց ֆուտբոլիստն է դառնալու, պայմանագիրը 5 տարով էր նախատեսված: Մեկ մրցաշրջանի ընթացում Էրլինգը 5 հեթ-տրիկ խփեց ու 12 խաղերում աչքի ընկավ 15 անգամ:
Լուսանկարը` FC Manchester City
Տեսնելով նորվեգացու խելահեղ արդյունավետությունը՝ հաջորդ ամռանը Դորտմունդի «Բորուսիա»-ն ցանկացավ ձեռք բերել նրան ու մինչեւ 2024 թվականը պայմանագիր կնքեց հետը: Դորտմունդյան ակումբը նրա համար 20 մլն եվրո վճարեց, ինչը բավական քիչ է նրա այսօրվա տրանսֆերային արժեքի համեմատ: Ակումբի կազմում նորամուտի խաղում 19-ամյա Հոլանդը փոխարինման մտավ ու «Վոլֆսբուրգ»-ի դարպասը 3 գնդակ ուղարկեց:
2020-2021 մրցաշրջանում 28 խաղում 27 գոլի հեղինակ դարձավ ու Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուների պայքարում զիջեց միայն Ռոբերտ Լեւանդովսկուն: Իսկ Չեմպիոնների Լիգայում 10 գոլ հեղինակեց ու լավագույն ռմբարկուն դարձավ՝ Կիլիան Մբապեին գերազանցելով 2 գոլով:
Հոլանդի կարիերայում շատ գոլառատ հանդիպումներ են եղել, մի անգամ նա Նորվեգիայի Մ-20 տարեկանների հավաքականում հանդես գալու ընթացքում 9 գոլ է ուղարկել Հոնդուրասի դարպասը:
Հոլանդը նաեւ 3-րդ ֆուտբոլիստն է Լեո Մեսսիից ու Լուիս Ադրիանոյից հետո, որը կարողացել է ՉԼ-ի մեկ խաղում 5 գոլ գրանցել, ընդ որում նորվեգացուն դա անելու համար 57 րոպե է պետք եղել, իսկ արգենտինացուն՝ 84:
Լուսանկարը` UEFA
Երազանքի թիմը
Մանկուց Էրլինգ Հոլանդը «Մանչեսթեր Սիթի»-ի երկրպագու է եղել ու երազել մի օր հայտնվել այնտեղ, 2000-2003 թթ. ակումբում հանդես է եկել նաեւ ֆուտբոլիստի հայրը: Իր կարիերայի վերջին 4 տարիների հաջող ելույթներից հետո Էրլինգին բազմաթիվ թոփ ակումբներ էին ուզում ձեռք բերել, Հոլանդը նույնիսկ մերժել է «Բարսելոնա»-ին ու «Ռեալ»-ին եւ ընտրել իր երազանքի ակումբը:
Տրանսֆերի արժեքը 150 մլն եվրո է կազմել, ու ֆուտբոլիստը լիովին արդարացրել է իր վրա ծախսած գումարը: Հոլանդը «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր գոլահարն է դարձել ու օգնել մի քանի կարեւոր տիտղոսների արժանանալ, 2023 թվականին հաղթել է Անգլիայի առաջնությունում, Գավաթում եւ Չեմպիոնների Լիգայում:
Երբ դեռ ֆուտբոլիստը ՉԼ-ում հաղթանակ չէր տարել, խոստովանել էր, որ իր զարթուցիչի ազդանշանի փոխարեն մրցաշարի օրհներգն է, ինչն ամեն առավոտ նրան հիշեցրել է այդ նվաճմանը հասնելու մասին:
Լուսանկարը` si.com
Ռոք խումբը
Պատանի տարիքում Հոլանդը Մ-17 տարեկանների ընտրանու թիմակիցների հետ Flow Kingz անունով խումբ է հիմնել, համաշխարհային ճգնաժամի մասին ռեփ կարդացել ու մանկական խաղահրապարակում տեսահոլովակ նկարել: Ֆուտբոլիստն իր համար գանգստերական Լինգ կեղծանունն էր ընտրել:
Խումբնք ընդամենը մեկ երգ է ձայնագրել, որը բավական տարածվել է եւ YouTube-ում 11 մլն դիտում ունեցել:
«Մի քիչ ձանձրանում էինք, դրա համար էլ որոշեցինք երգ ձայնագրել: Պատահական էինք բացահայտել, որ եւս մեկ տաղանդ էլ ունենք ու կարողանում ենք երգել»,- պատմել է Հոլանդը:
Իսկ նրանք ձանձրացել էին Նորվեգիայի պատանեկան ընտրանու հավաքներից մեկի ժամանակ, դրա համար էլ վերցրել էին տեսախցիկն ու գնացել տեսահոլովակ նկարելու:
Տղաներին հաճախ էին հարցնում, արդյոք հետագայում էլ կշարունակեն երգեր ձայնագրել, չեն բացառում, որ մի օր հանդես կգան Նորվեգիայի ամենամեծ արենաներից մեկում, բայց դեռ ֆուտբոլային խոշոր հարթակներն են նվաճում: Այդ եռյակից ամենահաջողակն ու հայտնի հենց Հոլանդն է դարձել:
Մեդիտացիան եւ առողջ ապրելակերպը
Դեռ «Բորուսիա»-ում խաղալու տարիներին Հոլանդը խոստովանել է, որ շատ է մարզվում, մեդիտացիա անում եւ հանդիպումից առաջ լսում «Keep Dreaming» երգը:
«Տանել չեմ կարողանում սթրեսն ու ամեն ինչ անում եմ այն չզգալու համար: Իսկ մեդիտացիան ինձ օգնում է ազատվել անհանգստությունից: Այն օգնում է թուլանալ եւ չափից շատ չմտածել»:
Համավարակի ժամանակ էլ նա իր օգտատերերին խորհուրդ էր տալիս մեդիտացիա անել՝ մտավախություններից ու սթրեսից խուսափելու համար:
«Մեր մարմինների մասին մտածելուց բացի պարտավոր ենք հոգ տանել նաեւ մեր մտքերի մասին: Մեդիտացիան օգնում է կառավարել սեփական էմոցիաներդ եւ ուշադրություն դարձնել նաեւ մյուսների խնդիրներին: Բոլորս հասարակության մի մասն ենք ու միասին կարող ենք հաղթահարել ցանկացած դժվարություն»,- ասել էր Հոլանդը:
Ժամանակին նա սիրում էր գոլերը լոտոսի դիրքում նստած նշել: Հայտնի դառնալուն զուգահեռ սովորել է չկարդալ սոցկայքերում եղած մեկնաբանություններն ու պարտություններից հետո շատ չընկճվել:
Լուսանկարը` Sky Sports
«Միշտ դրական է մտածում ու աչքի չընկնելու դեպքում ինքն իրեն ասում. «Ոչինչ, հաջորդ անգամ գոլ կլինի», գիտի, որ միշտ շանս կա: Ֆուտբոլիստի համար հիանալի որակներ ունի»,- Հոլանդի մասին պատմել է Գվարդիոլան:
Հոլանդը հատուկ դիետա է պահում՝ օրական օգտագործելով 6000 կալորիա, տավարի սիրտ ու լյարդ է ուտում, ինչպես նաեւ շատ գազար: Նրա նյութափոխանակությունը արագ է տեղի ունենում, դրա համար էլ խաղադաշտում մյուս ֆուտբոլիստներից ավելի շատ էներգիա է ծախսում եւ շատ էլ ուտում.
«Ամենակարեւորն առողջ սնունդ օգտագործելն է ու որ այն տեղական արտադրության լինի: Ասում են՝ միսը վնասակար է, բայց ո՞րը՝ Մաքդոնալդսում եղա՞ծը, թե՞ կողքի ֆերմայում աճեցրած կովերինը»:
Ֆուտբոլիստը նաեւ «կախարդական ըմպելիք» է խմում, որը պատրաստվում է կաթից, ջրից, սպանախից եւ կաղամբից: Ընդ որում՝ նա միայն ֆիլտրացված ջուր է օգտագործում:
Հոլանդը նաեւ սնահավատ է ու խաղերից առաջ միայն հոր պատրաստած լազանյան է ուտում, որը նրա կարծիքով օգնում է գոլեր խփել, եւ պաստա՝ Մանչեսթերի ռեստորաններից մեկում, քանի որ մեկ անգամ այնտեղ սնվելուց հետո հեթ-տրիկ է ձեւակերպել:
Վերջերս ասուլիսներից մեկի ժամանակ Հոլանդի հերթական ռեկորդից հետո Պեպ Գվարդիոլան կատակով է պատասխանել նրա մասին հարցին: Հոլանդը ՉԼ-ում գրավել էր «Լայպցիգ»-ի դարպասն ու դարձել մրցաշարում 40 գոլ խփած ամենաարագ խաղացողը: Դրանից 3 օր առաջ էլ նա ԱՊԼ-ում ամենաարգ 50 գոլն էր գրանցել.
«Անսահման շատ եմ տպավորված: Եվս մեկ ռեկորդ, շնորհավորում եմ նրան: Նա ֆանտաստիկ խաղացող է: Նորից կասեմ, շատ-շատ գոհ ենք: Նրան սիրում ենք ոչ միայն խփած գոլերի համար, այլ նաեւ շատ ուրիշ բաների»:
Կուռքը, սովորությունները, հումորով զրույցները, ոճը
Հոլանդը հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ նրա կուռքը մանկուց եղել է Զլատան Իբրահիմովիչը: Որոշ մասնագետներ նշում են, որ Հոլանդի խաղում նկատվում է Իբրահիմովիչի ազդեցությունը:
Պարզվում է, որ Հոլանդը քնելիս սիրում է գրկել գնդակներ, այդ սովորության մասին նա մի քանի անգամ պատմել է զրույցների ժամանակ: Ասում է՝ դրա շնորհիվ կարողանում է ավելի լավ զգալ գնդակներն ու շատ հեթ-տրիկեր խփել:
Լուսանկարը` UEFA
Հոլանդը հետխաղային հումորով հարցազրույցների վարպետ է: Անգլիայում իր առաջին եթերի ժամանակ նա երկու անգամ հայհոյել է: Երբ 2019-ին հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Գենկ»-ի հետ առաջին խաղում, այսպիսի հարցազրույց է ունեցել.
Լրագրող. Հեթ-տրիկից հետո Ձեզ ինչպե՞ս եք զգում:
Հոլանդ. Պարզապես հիանալի:
Լրագրող. Գուցե որեւէ բան ավելացնե՞ք:
Հոլանդ. Բայց դուք ինձ հարցրիք ինքնազգացողությանս մասին:
Երբ հերթական ռեկորդը սահմանեց, եթերում ասաց, որ երեկոյան ինչպես սովորաբար է անում, վիդեոխաղեր կխաղա, կերգի ու կքնի․ «Անընդհատ չի կարելի մտածել ռեկորդների մասին, այլապես կխելագարվեմ»:
Նրա ծանոթները պատմում են, որ Հոլանդը կաշկանդված է ու քչախոս, սակայն մտերիմ շրջապատում բավական կատակասեր է:
Հոլանդը վաղուց է գտել իր ոճը, որի շնորհիվ տարբերվում է մյուսներից՝ երկար մազեր, ատլասե ու անսովոր նախշերով վերնաշապիկներ: Նորաձեւության շոուների է մասնակցում, նկարվել է բրիտանական GQ համար եւ Dolce & Gabbana հագուստ է նախընտրում, որի հետ 2 մլն դոլարով պայմանագիր է կնքել:
Լուսանկարը` GQ
Հոլանդը բաժանվել է առաջին ընկերուհուց, որը նրան ընտրության առաջ է կանգնեցրել՝ կամ նա, կամ ֆուտբոլը: Հիմա նորվեգացու ընկերուհին Իզաբել Հաուգսենգ Յոհանսենն է, որը եւս ֆուտբոլ է խաղացել: Ծանոթացել են ֆուտբոլային ակադեմիայում ու երկար ժամանակ պարզապես ընկերներ եղել, նրանց սիրավեպի մասին հայտնի է դարձել 2022-ին: Իզաբելը հագուստի խանութում է աշխատել, հիմա սիրելիին է ուղեկցում կարեւոր հանդիպումների ժամանակ ու նրա ծնողների հետ տրիբունաներում լինում:
Ֆուտբոլիստը պաշտում է Rolex-ի ժամացույցներն ու թանկ ավտոմեքենաները, որոնցից մի քանիսն ունի, սակայն նախընտրում է հիմնականում երթեւեկել վարորդի ուղեկցությամբ:
Հասմիկ Բաբայան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: