Հուլիս 27, 2024
exclusive
2153 դիտում

Ռուսլան Ասլիկյան. Սպորտում հաջողությունների հասնելուց հետո ուժերս կփորձեմ նաեւ խոհանոցում


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Բուդվայում կայացած Մ-22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի նվաճած 2 ոսկե մեդալներից մեկը Ռուսլան Ասլիկյանինն է: Բռնցքամարտիկը Mediamax Sport-ին պատմել է առաջին ոսկե մեդալը նվաճելու, իր ունեցած անբացատրելի ապրումների, մարզիչների կարեւոր դերի ու խոհարարական ձիրքի մասին:

Սկզբունքային մրցակիցն ու ոսկին

Եվրոպայի առաջնություն էի մեկնել իտալացի Միկելե Բալդասիին հաղթելու վճռականությամբ, նախկինում նրան 2 անգամ զիջել էի ու սպասվող պայքարին հատուկ էի պատրաստվել: Գիտեի, որ ինձնից ինչ-որ առումով ուժեղ է, դրա համար էլ առավելագույն ակնկալիքս բրոնզե մեդալն էր, հաստատ գիտեի, որ ձեռնունայն վերադառնալ չեմ կարող: Բայց արդյունքում շատ ավելի լավ ստացվեց՝ ոսկի ունեցա:

Բալդասիին 2021-ի ԱԱ-ում 2:3 հաշվով զիջել էի: Ամենածանրը հենց նման պարտություններն են, որոնց դեպքում կասկած չունես, որ դու ես հաղթել: Ինձ հետ նման բան մեկ անգամ է եղել, բայց երկար ժամանակ պետք եղավ ուշքի գալու համար: Հասկացա, որ անցյալում մնալ չի կարելի, պետք է դասեր քաղել ու առաջ գնալ:

Իսկ 2-րդ անգամ Բալդասիին զիջեցի նախորդ տարվա Մ-22 տ. ԵԱ-ի եզրափակչում: Լարված էի, անպայման ցանկանում էի հաղթել, մեծ բեռ էի դրել ուսերիս, ինչն էլ ինձ խանգարեց: Չափից շատ էի շտապում ու սխալվեցի, դրա համար մոտս ոչինչ չստացվեց ու իսկապես պարտվեցի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Իսկ այս առաջնությանը հոգեպես պատրաստ էի մեկնել, կիսաեզրափակչում շատ հանգիստ էի, 3 ռաունդում էլ առավելություն ունեի ու առանց լարվածության դուրս եկա եզրափակիչ: Շատ հաճելի էր ռինգում զգալ, որ հաղթում եմ, դրանից հետո էլ կասկած չունեի, որ չեմպիոն եմ հռչակվելու:

Եզրափակչում մրցակիցս ադրբեջանցի էր, որքան էլ փորձում էի չկենտրոնանալ այդ հանգամանքի վրա, լիովին չէր ստացվում: Իմ կարիերայում 6-րդ անգամ էի մրցում Ադրբեջանի ներկայացուցիչների դեմ, բոլորից էլ ուժեղ եմ եղել: Այդ մրցակցին 2019-ին արդեն հաղթել էի, այս անգամ էլ վստահ էի, որ նրան կգերազանցեմ:  

Զգացողություններն ու դասերը

Եվրոպայում առաջին ոսկիս էր, անչափ ուրախալի նվաճման հասա եւ անբացատրելի ապրումներ ունեի: Չէի հասկանում, թե հետս ինչ է կատարվում, բոլորն ինձնից ուրախ էին թվում, ներսումս էներգիայի մեծ կուտակում էի զգում, եւ ժպիտը դեմքիցս չէր իջնում:

Մինչ այդ հաղթանակին հասնելը հակասական տարի էի ունեցել: Պարտությունները միշտ պետք են, որովհետեւ ավելի խորն ես տեսնում սխալներդ ու ավելի շատ ձգտում հասնել այնպիսի արդյունքի, որը մինչ այդ չես գրանցել: Բայց նույն կերպ էլ հաղթանակներն են ոգեշնչում, օգոստոսին կայացած Համալսարանական խաղերում 3 հաղթանակ տարա, որոնք ինձ շատ պետք էին ու ճիշտ ժամանակին եղան: Մինչ այդ մեծահասակների ԱԱ-ում էի զիջել եւ մոտս կասկածի տարրեր էի նկատում: Իմ առաջին ելույթն էր մեծերի պայքարում, մրցակիցս բավական ուժեղ վենեսուելացի էր, բացի այդ էլ իմ քաշային կարգում չէի հանդես գալիս: Բայց ձախողման պատճառը դա չեմ համարում, լարվածությունը խանգարեց:

Լուսանկարը` Մեդիամաքս


Իսկ խաղերի շնորհիվ վստահությունս ավելացավ եւ վերադառնալուց հետո սկսեցի ավելի ուժեղ մարզումներ անցկացնել, ինչի շնորհիվ էլ եղավ այս ոսկին: Ձգտելու եմ այնպես անել, որ արդյունքներս շարունակական լինեն, ամեն մրցաշար քայլ է դեպի նպատակս: Ավելի շատ եմ մարզվելու, քանի որ առաջիկայում խոշոր մրցումներ են սպասվում ու առավել մեծ նպատակներ կան:  

Քաշային կարգն ու որակները

Հայաստանի առաջնությանը մինչեւ 57 կգ քաշային կարգում էի մասնակցել եւ 2-րդ տեղը զբաղեցրել, դրա համար էլ որոշ մրցաշարեր բաց թողեցի, չեմպիոն Արթուր Բազեյանն էր մեկնել: Քանի որ մինչեւ 54-ն ազատ էր մնացել, Աշխարհի առաջնությունում ինձ որպես լավ մարզիկի շանս տվեցին ելույթ ունենալ, բնականաբար, հրաժարվել չէի կարող: Նույն քաշային կարգում մասնակցեցի նաեւ Եվրոպայի գավաթին:

Ինձ միանշանակ 57-ում եմ լավ զգում, ավելի վստահ եմ, էներգիաս շատ է, իսկ 54-ում չափերով եմ ավելի խոշոր մրցակիցներից, ինչը սակայն դեռ հաղթանակի գրավական չէ:  Կարեւորը խելացի մենամարտելն ու ամեն ինչի պատրաստ լինելն է:

Թերություններիս թվում հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը գլուխը բարձր պահելն ու շտապելն է նշում, ինչի պատճառով ԵԱ-ի երկրորդ մենամարտի 1-ին ռաունդում նոքդաունում հայտնվեցի:

Բայց այս մրցաշարի ժամանակ նաեւ հասկացա, որ սկսել եմ ավելի խելացի գործել, ինչին հասնելու համար երկար մարզումներ են պետք եղել, լարվածությունս ինչ-որ չափով քչացել է ու մենամարտի ընթացքում չեմ ընկճվում: Որոշ մարզիկներ մենամարտի ղեկն իրենց ձեռքից բաց թողնելուց հետո խառնվում են, իսկ ես մինչեւ վերջին վայրկյանը կարողանում եմ ուժերս ներդնել: Նահանջել չունեմ՝ կապ չունի հաղթում եմ, թե պարտվում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Տարիքային անցումն ու ցավին սովորելը

Մեծահասակների եւ երիտասարդների բռնցքամարտի միջեւ տարբերությունը շատ մեծ է: Նախ որեւէ տարիքային սահմանափակում չի գործում ու կարող ես մինչեւ 40 տարեկան մրցակից ունենալ, մեր մարզաձեւում որքան շատ մենամարտեր են անցկացնում, այնքան իրենց վստահ են զգում: Իսկ երիտասարդներն ավելի տաքարյուն են եւ էմոցիոնալ, ինչը խանգարում է:

Բացի այդ էլ երիտասարդական բռնցքամարտում սաղավարտերով ենք մենամարտում, ինչը հարվածների ծանրության եւ վնասվածքներ ստանալու տեսանկյունից պաշտպանում է: Մեծահասակների մրցաշարերի մասնակցելուց հետո արդեն 9 անգամ հոնքերի հետ կապված վնասվածք եմ ստացել, աշխատում եմ այդ ուղղությամբ էլ սխալներս ուղղել, քանի որ դրանք նաեւ իմ պատճառով են եղել: Աստիճանաբար եմ հարմարվել տարբերություններին ու ամեն հաջորդ մրցաշարի շնորհիվ ինձ ավելի լավ զգացել:

Մենամարտի ժամանակ ցավ ընդհանրապես չեմ զգում, նույնիսկ՝ նոքդաունի դեպքում, բայց ռինգից դուրս գալուց հետո որքան ցավող տեղ ունես, զգացնել է տալիս:

Որքան էլ դժվար լինի, ես եմ ընտրել իմ մասնագիտությունն ու սիրում եմ այն, դրա համար էլ ամեն ինչի դիմանում եմ: Բացի այդ էլ ռինգն օգնում է ազատվել բոլոր էմոցիաներից ու ավելորդ էներգիայից: Որքան էլ բռնցքամարտում ագրեսիվ ոճն եմ նախընտրում, կյանքում նախընտրում եմ հանգիստ մնալ:

Լուսանկարը` Մեդիամաքս



Կարգապահությունը

Կարող է շատ վերամբարձ հնչել, բայց սպորտում նվաճումների հասնելու համար ամեն ինչի պատրաստ եմ: Շատ եմ կարեւորում կարգապահությունը եւ հնարավորինս պահում եմ այն: Հատկապես մրցաշարերից առաջ ավելի կենտրոնացած եմ լինում, աշխատում եմ սպորտային կյանքով ապրել՝ ճիշտ ժամերի քնել ու սնվել, դրսում շատ ժամանակ չանցկացնել:

Ժամանակս ու առօրյաս այնպիսի բաներով եմ լցում, որոնք ինձ կօգնեն նաեւ բռնցքամարտում, օրինակ՝ շատ մենամարտեր եմ դիտում, գրքեր կարդում, որոնք հանգստացնում են եւ նպաստում ուղեղի աշխատանքին: Վերջին շրջանում Ռոբին Շարմայի մոտիվացիոն գրքերն եմ կարդում ու շատ բաներ քաղում, որոնք պետք կգան կյանքում եւ իմ ընտրած ոլորտում:

Իսկ որքան ուղեղդ լավ աշխատի ու այն կարողանաս կառավարել, այնքան բռնցքամարտում հաջողություններ կունենաս: Միանշանակ, մտքի մարզումը նույնիսկ ավելի կարեւոր է, քան ֆիզիկականը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Բազմաթիվ մարզաձեւերից անցումը բռնցքամարտ

Շատ մարզաձեւերով եմ զբաղվել՝ սկսել եմ մարմնամարզությունից, ապա լողի գնացել, ըմբշամարտի, ձյուդոյի, սամբոյի, քիքբոքսինգի, ֆուտբոլի, ամեն ինչի մեջ ինձ փորձել եմ: Գիտեի, որ սպորտը լավ բան է, մարզիկներին սիրում են ու նրանց նկատմամբ հատուկ վերաբերմունք կա, դրա համար ինքս էլ ցանկանում էի առօրյաս սպորտով լցնել:

Հայրս եւս բռնցքամարտով է զբաղվել, բայց երբ ինձ էլ որոշեց 7 տարեկանում տանել, չցանկացա, այդ ժամանակ համարում էի, որ մարզիկները պարզապես ծեծում են միմյանց: Բայց այդքան մարզաձեւեր փորձելուց հետո ինքս ընտրեցի բռնցքամարտը:

Այնպես ստացվեց, որ այդ շրջանում բոլոր ընկերներս բռնցքամարտի էին հաճախում, նրանցից մեկն էլ ինձ 2015 թվականին տարավ օլիմպիական հերթափոխի քոլեջ:

Երբ 3 նորեկով մտանք դահլիճ, Էդիկ Կոստանյանը հետաքրքրվեց, թե նախկինում ինչ մարզաձեւերով ենք զբաղվել, նայեց-նայեց ու ասաց. «Երկուսդ չեք մնալու, բայց դու կշարունակես»:

Չգիտեմ էլ ինչպես էր հասկացել, բայց նրա խոսքերն ինձ մոտիվացրին ու սկսեցի լրջորեն պարապել: Քրտնաջան աշխատում էի, բացի այդ էլ անհրաժեշտ որակներ ունեի, առանց որոնց հնարավոր չէ հաջողության հասնել: Առաջին մենամարտս ընկերական էր, այն անցկացրի «Սպարտակ»-ի դահլիճում ու ընդամենը 1 ամսվա բռնցքամարտիկ լինելով՝ հաղթեցի, Կոստանյանը գոհ մնաց ինձնից: Դրա համար էլ ցանկացա մտնել սպորտային ասպարեզ՝ մրցաշարերի մասնակցել եւ հաղթող դառնալ: 15 տարեկանում կայացրած որոշումս ինձ հասցրեց այստեղ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Առաջին մեծ հաջողությունս եղավ 2018 թվականին, երբ Հայաստանի չեմպիոն դարձա, դրանից հետո մեկ անգամ էլ եմ երկրի առաջնությունում հաղթեցի, փոխարենը 4 մեդալ ունեմ Եվրոպայի առաջնություններից:

Թիմակիցներից ոգեշնչումն ու կուռքերը

Մինչեւ պատկերացնելը, որ բռնցքամարտով կզբաղվեմ, շատ էի սիրում հետեւել Մուհամմեդ Ալիի, Ռոյ Ջոնսի, Մայք Թայսոնի մենամարտերը: Ինձ համար որպես օրինակելի մարդ եւ մարզիկ է Մեննի Պակյաոն, նա շատ բան է արել իր երկրի համար: Ես էլ կուզեմ մի օր հասնել նրա մակարդակին, ուժեղ մարզիկ ու օրինակելի մարդ լինել եւ հնարավորության չափով օգնել իմ երկրին:

Իսկ դրան հասնելու համար երկար ճանապարհ ունեմ անցնելու եւ շատ բան սովորելու: Միշտ փորձում եմ քաղել եւ մրցակիցներից, եւ թիմակիցներից, սիրում եմ աչքի տակով հետեւել թե ինչպես են պարապում, նրանց մոտ մարզումային ձեռագրի փոփոխություն նկատելու դեպքում, ինքս էլ կիրառում եմ:

Եթե անընդհատ նույն կերպ փորձես առաջ գնալ, չի ստացվի, փոփոխությունների կարիք հաճախ է լինում: Սպորտային ուղին ինքնըստինքյան շատ բարդ է, եթե նկատում ես որեւէ առումով կաղում ես, պետք է փոփոխությունների դիմես, իսկ դրանք միայնակ անել չես կարող, պետք է որեւէ տեղից կամ ինչ-որ մեկից մոտիվացվես, սովորես, տեսնես ու վերցնես: Ես այդ ազդակները մրցակիցներից ու նույն դահլիճում մարզվող ընկերներից եմ ստանում: Հնարավոր է նրանք էլ քո արածի կարիքն ունենան, թիմը շատ լավ բան է:  

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարզիչները

Իմ հաջողություններում մարզիչների ներդրումը 50 տոկոսն է կազմում, թեեւ մենք ենք պարապում, բայց այդ ճանապարհը միասին ենք անցնում՝ նրանք մեզ հավասար քայլում են: Անգնահատելի է, երբ քո ռինգի անկյունում լսում ես մարզիչների ձայները, տեսնում, թե ինչպիսի էմոցիաներով են աշխատում ու նվիրվածությամբ հուշում, որքան ցանկանում, որ հաղթես: Մարզիչն անչափ կարեւոր է, մանավանդ, եթե նրա հետ հարաբերությունները լավն են:

2019 թվականին եմ հավաքականում ընդգրկվել ու ընկեր Աղամալյանի գլխավորությամբ սկսել միջազգային մրցաշարերի մասնակցել: Նա փոխել է մենամարտելու իմ ոճը՝ խաղակցականից դարձնելով ավելի կոպիտ ու չոր: Ընկեր Աղամալյանը միշտ վստահ է լինում ուժերիս, ինչը շատ դրական է ազդում ինձ վրա:

Իսկ իմ անձնական մարզիչ ընկեր Վլադի (Վլադիմիր Մարկարյան, խմբ.) հետ 1,5 տարի է, որ աշխատում ենք: Նա էլ մեծ ներդրում ունի իմ հաջողություններում, 2 միջազգային մրցաշարի ժամանակ ներկա է եղել ու ինձ շատ օգնել:

Աշխարհի առաջնությունում պարտվելուց հետո շատ կարեւոր խոսակցություն ունեցանք, եթե հետս որեւէ մեկը չզրուցեր, չգիտեմ՝ ինչ կկատարվեր: Նա ինձ մոտավորապես հետեւյալն ասաց. «Ոչ մի սարսափելի բան չկա, առաջին մենամարտդ  էր ԱԱ-ում, նոր ես մտնում այս տարիքայինների պայքար, մրցակիցներիցդ դեռ ավելի քիչ ես պարապել: Մտածելու որեւէ պատճառ չունես, մեզ լուրջ ճանապարհ է սպասվում, որը միասին ենք անցնելու»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեկ այլ շատ լավ միտք էլ ունի, որն ասում է ռինգ մտնելուց առաջ. «Մենք կորցնելու ոչինչ չունենք, գնում ենք միայն ձեռք բերելու»: Երբ զգում եմ, որեւէ բան իմ ուզածով չի գնում, այդ խոսքերն եմ հիշում:

Մարզիկին միայն ֆիզիկապես լավացնել եւ ուժեղացնել չի պետք, հոգեպես էլ է պետք տրամադրել, հետը խոսել, միտքը մարզել, այդ առումով իմ բախտը բերել է, որ կողքիս նման մասնագետներ կան:

Խոհարարական ձիրքը

Ազատ ժամանակ շատ եմ սիրում երաժշտություն լսել եւ խոհանոցում լինել: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մի օր տանը մենակ էի ու բրդուճ պատրաստեցի, ապա չբավարարվեցի դրանով ու որոշեցի որեւէ հետաքրքիր բան փորձել: Սկզբում այդքան էլ լավ չէր ստացվում, բայց աստիճանաբար հմտացա: Լոլիկով ձվածեղից սկսեցի ու արդեն իսկ ուզբեկական փլավ եմ պատրաստում տարատեսակ իմպրովիզ սոուսներով: Խոհանոցում լիցքաթափվում եմ, միայն սպորտի վրա չեմ կենտրոնանում: Թիմակիցներիցս էլ եղել են մեր տանն ու համտեսել իմ պատրաստածները:

Այդ ձիրքը տատիկիցս է փոխանցվել, նա շեֆ խոհարար է ու փոքր տարիքից ինձ իր աշխատանքի վայրն էր տանում, հետեւում էի, թե ինչպես է աշխատում: Նրա պատրաստած ամեն ինչն է յուրահատուկ ստացվում, բայց առանձնապես «Նապոլեոն»-ն եմ հավանում, թեեւ քաղցրակեր եմ, բայց մինչեւ այդ չէի սիրում: Տատիկս փորձել է իմ կերակուրներն ու որպես պրոֆեսիոնալը սկսնակին խորհուրդներ տվել, որոնք հաշվի եմ առել: Նպատակ ունեմ հետագայում խոհանոցի հետ կապված որեւէ բան անել, բայց դեռ սպորտի վրա եմ կենտրոնացած:  

Լուսանկարը` Մեդիամաքս


Նպատակեները

Շարունակելու եմ ելույթն ունենալ մինչեւ 57 կգ քաշային կարգում, բայց շատ առաջ ընկնել չեմ ուզում: Նախ հունվարին Հայաստանի առաջնությանը կմասնակցեմ, այդ քաշային կարգում բավական ուժեղ մրցակիցներ կան, որոնց թվում է Արթուր Բազեյանը, սպորտում միայն մեկ հաղթող է լինում: Օլիմպիական ուղեգրի համար պայքարելու առումով որոշիչ կլինի մեր առաջնությունը:

Առավելագույն նպատակս Փարիզում ելույթ ունենալն ու մեդալի համար պայքարելը կլինի, իսկ նվազագույնը՝ Մ-22 տ. ԵԱ-ում նորից լավ արդյունք գրանցելը:

Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին