Մադրիդի «Ռեալ»-ի եւ Ուրուգվայի հավաքականի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն The Players' Tribune-ի համար ներկայացրել է իր պատմությունը՝ լի դժվար, տխուր, ուրախ ու պայքարով լի օրերով։ Հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք մեր ընթերցողներին։
«Հետ նայելով տեսնում եմ՝ կյանքումս երեք կատարյալ օր եմ ունեցել։
Առաջինը, երբ Մադրիդի «Ռեալ»-ից առաջարկություն ստացա։
Երկրորդը, երբ ծնվեց իմ որդի Բենիսիոն։
Երրորդը, երբ ծնվեց մյուս որդիս՝ Բաուտիստան։
Դրանցից բացի ընտանիքս անցել է իսկական դժոխքի միջով։
Ուրուգվայում ամեն ինչ ուրիշ է։ Դժվարությունը ծնվում է մեզ հետ:
Լուսանկարը` The Players' Tribune
Հայրս խաղատանն անվտանգության աշխատակից էր, իսկ մայրս սայլի վրա փողոցում հագուստ ու խաղալիք էր վաճառում։ Ես մինչ այժմ էլ լսում եմ սայլի անիվների ձայնը: Թվում էր, թե նման ծանր գործ կարող է անել միայն Հալկը, այնինչ դա իմ խեղճ փոքրիկ մայրիկն էր: Բայց նա մարտիկ էր եւ այդ սայլը շուկա էր հասցնում՝ շոգին, ցրտին, ամպրոպին:
Ես երբեմն միանում էի նրան, նստում արկղերի վրա եւ հետեւում մեքենաների շարժին՝ չգիտակցելով մորս զոհաբերությունը: Ամենավատ պահն այն էր, երբ երկար օրվա վերջում ստիպված ծալում էիր բոլոր հագուստները, հավաքում ամեն բան ու սայլը հրելով տուն տանում։ Հետո ճաշ էր պատրաստում, լվանում իմ կեղտոտ գուլպաները: Մայրս իմ հերոսն է:
Նա աշխատում էր առավոտյան 8-ից մինչեւ երեկոյան 7-ը, իսկ հայրս՝ երեկոյան 8-ից՝ առավոտյան 6-ը։ Երեքով միասին անցկացնելու եւ ճաշելու համար մենք ունեինք մեկ ոսկե ժամ։ Անհավանական է, բայց մայրս միշտ հայթայթում էր իմ սիրելի Կոլան։ Իսպանիայում կամ Ամերիկայում մարդիկ կարող են ասել․ «Դա ընդամենը Կոլա է, շատ էժան»։ Բայց ինձ համար այն կարծես շամպայն լիներ։
Ես չէի մտածում, թե ինչպես է մայրս այն ձեռք բերում։ Երեխաները միամիտ են։ Տեսնում ես, որ մայրդ չի ուտում ու մտածում ես, որ երեւի քաղցած չէ։ Տարիներ անց ես հասկանում իրականությունը։ Այն, որ մենք միասին էինք, իսկական երջանկություն էր։
Միգուցե մենք բավականաչափ գումար չունեինք մեր ամբողջ տունը ներկելու համար, բայց ներկեցինք իմ սենյակի պատերից մեկը: Կամ՝ հայրս դրսում խողովակով թրջում էր ինձ, եւ մենք ձեւացնում էինք, թե դա մեր փոքրիկ լողավազանն է:
Անկեղծ կլինեմ, երբ սկսում ես ֆուտբոլ խաղալ ու տեսնում ես, որ ընկերներդ ունեն քեզնից ավելին, մի տեսակ սկսում ես ամաչել։ Հիշում եմ, որ չէի ուզում ընկերներս գան մեր տուն։ Ամառները ուտիճները շատ էին մեր տանը, իսկ իմ մահճակալը գետնին դրած ներքնակն էր։
Լուսանկարը` The Players' Tribune
Ես իմ բոլոր զգացմունքները տվեցի ֆուտբոլին: Եվ ֆուտբոլի շնորհիվ կարողացա փոխել իմ ընտանիքի վիճակը։ Ցավոք, դա ինձ եւս փոխեց։ Երբ 16 տարեկանում «Պենյարոլ» ակումբում արդեն որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էի, մտածեցի, թե Աստված եմ։ Մարդիկ երեւի չեն հասկանա, թե ինչ ասել է «ոչինչ» լինելուց հետո քայլել հարազատ քաղաքով ու․․․ հանկարծ հասուն տղամարդիկ ուզում են քեզ հետ նկարվել, նամակներ ես ստանում աղջիկներից, ովքեր վրադ նույնիսկ չէին նայում։ Բոլորը ցանկանում են լինել քո ընկերը։
Հիշում եմ, հայրս ասում էր․ «Ի՞նչ է հետդ կատարվում։ Ինչո՞ւ այլեւս չես շփվում այսինչ-ի կամ այնինչ-ի հետ, չէ՞ որ դուք միասին փողոցում շատ եք խաղացել»։ Բայց ես հին ընկերներիս փոխել էի նորերով, ինչպես անում են շատ երիտասարդ ֆուտբոլիստներ։
Փոքր երեխաները սպասում էին, որ ստորագրություն տամ, իսկ ես մտածում էի․ «Էհ, շատ հոգնած եմ»։ Նրանք գոռում էին․ «Ֆեդե, խնդրում եմ»։ Դա ինձնից երկու րոպե էր խլելու, իսկ ես շրջվում ու գնում էի։ Հիմա ես ամաչում եմ, որովհետեւ ծնողներս ինձ այդպես չեն դաստիարակել։ Իրականում ես «ոչ ոք» էի, հիմարի մեկը, ով ֆուտբոլ էր խաղում ու պայքարում իր երազանքների համար։ Ի՞նչ եղավ այն տղայի հետ, ով երջանիկ էր մեկ շիշ Կոլա ունենալով։
Միգուցե 16 տարեկանում «Արսենալ»-ը հետաքրքրված էր ինձնով, բայց երբեք չեմ ցանկացել հանդես գալ Անգլիայում։ Որոշ մարդիկ ինձ ասում էին. «Ո՞վ չի ուզում խաղալ «Արսենալ»-ում: Ցանկանում ես մնալ Ուրուգվայո՞ւմ: Դա խենթություն է»։
Այնինչ, նրանք քթի տակ ասում էին․ «Եթե դու գնաս, մենք լավ փող կաշխատենք»։
Դու սկսում ես հասկանալ, որ ֆուտբոլում քո կյանքը քեզ չի պատկանում: Հատկապես երիտասարդ տարիքում մի տեսակ պատանդ ես զգում։ Նույնիսկ ընտանիքդ է պատանդ դառնում։ Ֆուտբոլը փախուստ է դեպի ավելի լավ կյանք, հատկապես Հարավային Ամերիկայում, եւ ֆուտբոլային «անգղները» գիտեն դա ու միշտ ճնշում են քեզ։
Լուսանկարը` The Players' Tribune
Նրանք ինձ մեկ շաբաթով ուղարկեցին Լոնդոն, որտեղ ինձ անհարմարավետ էի զգում: Ընտանիքս հետս չէր կարող գալ, ու ես 16 տարեկանում լրիվ միայնակ էի լինելու՝ չտիրապետելով նաեւ լեզվին։ Ես կամ խենթ էի, կամ՝ համարձակ, որ ասացի «ոչ»։
Հետո ստացա զանգ, որն ամբողջովին փոխեց իմ կյանքը։ Պարագվայում հանդես էինք գալիս Հարավային Ամերիկայի մինչեւ 17 տարեկանների առաջնությունում։ Պատրաստվում էինք Արգենտինայի դեմ խաղին։ Հյուրանոցի համարում նստած էի, ծնողներս էլ էին եկել ու մեկ այլ համարում էին մնում։ Մայրս զանգեց ու ասաց․ «Հենց հիմա արի մեր սենյակ։ Այստեղ մարդիկ կան եւ ուզում են խոսել քեզ հետ»։ Մենք իրավունք չունեինք լքել սենյակը ու ասացի, որ չեմ կարող։ Հետո նա կրկին զանգեց․ «Ֆեդե, արի։ Այս մարդիկ Մադրիդի «Ռեալ»-ից են»։
Ինձ թվաց, թե նա կատակում է։ Գնացի ու տեսա երկու մարդու, որոնց նախկինում չէի տեսել։ Մայրս արտասվում էր, բայց նա միշտ է արտասվում, դրա համար ոչինչ չհասկացա։
«Ֆեդե, լավ լուր ունեն քեզ համար»,-ասաց մայրս։
Ինձ թվացել էր, թե նրանք «Պենյարոլ»-ից են ու նոր պայմանագիր են առաջարկելու։ Իմ 16-ամյա ուղեղում առաջին միտքը ծագեց․ «Միգուցե կարողանամ Nike-ի նոր խաղակոշիկ առնել Արգենտինայի խաղի համար։ Միգուցե նաեւ Play Station ունենամ»։
Այդ մարդիկ սկսեցին խոսել կաստիլյան, այլ ոչ թե հարավամերիկյան իսպաներենով։ Ու հանկարծ մտածեցի․ «Գրողը տանի, նրանք այստեղից չեն։ Մի՞թե սա իրական է»։
Ասացին․ «Մենք Մադրիդի «Ռեալ»-ից ենք։ Հավատում ենք, որ դու կարող ես աստղ դառնալ։ Ցանկանում ենք, որ ծնողներիդ հետ տեղափոխվեք Մադրիդ»։
Աշխարհում 500 հազար խաղացող կա եւ Մադրիդն ընտրել է ի՞նձ։ Իսկապե՞ս։
Ես սենյակից դուրս վազեցի։ Գոռում էի․ «Ո՞ւր է հայրիկը, ո՞ւր է հայրիկը»։
Իջա սպասասրահ։ Հայրս այնտեղ զրուցում էր մեր ֆուտբոլիստներից մեկի ծնողների հետ։ Ասացի «Հայրի՛կ, Մադրիդն այստեղ է»։
Նա․ «Ի՞նչ, ի՞նչ նկատի ունես»։
«Վերեւը, սենյակում։ «Ռեալ»-ն ուզում է ինձ հետ պայմանագիր կնքել»։
Նա ինձ նայեց այնպես, կարծես աշխարհի խենթը լինեի եւ ասաց․ «Սենյակո՞ւմ։ Այդ դեպքում ի՞նչ ես անում դու ներքեւում։ Արագ գնա այնտեղ, հիմա՛ր»։ Հահահա։
Արագ հետ վազեցի, բարեբախտաբար, նրանք դեռ այնտեղ էին, դա երազ չէր։
Սա կյանքիս առաջին կատարյալ օրն էր։ Որովհետեւ ես տեսա, թե որքան հուզված էին ծնողներս։ Մայրս ամեն ինչի համար լաց է լինում, իսկ հայրս շատ պինդ է, սակայն նրա աչքերում լույս տեսա։ Կարծես ասում էր․
«Իմ որդին «Ռեալ»-ում է խաղալու»։
Կարո՞ղ եք պատկերացնել՝ 17 տարեկան եք։ Երկու տարի առաջ քնում էիք հատակին, իսկ հիմա պայմանագիր եք կնքում «Ռեալ»-ի հետ։
Երբ եկա Մադրիդ, ինձ թվում էր, որ ես Մեսսին ու Ռոնալդուն եմ՝ մեկ մարմնի մեջ։ Հահահա, անկեղծ եմ ասում։
Պետք է ասեմ, որ այդ տարիքում չես էլ պատկերացում, թե իրականում որքան հիմար ես, հատկապես, եթե քեզ մի քիչ փող են տալիս եւ գովաբանում: Վերջին երկուսը թմրանյութի ազդեցություն ունեն եւ անընդհատ կախվածության մեջ են պահում քեզ։
Սակայն իմ սթափվելն արագ եղավ։ «Ռեալ Կաստիլիա»-ում առաջին մարզմանը կարծես ամպերի միջով էի քայլում։ Մարզումից ոչինչ չեմ հիշում։ Բայց հիշում եմ, թե ինչպես էին հագնվել մյուս տղաները։
Gucci-ի գոտի։
Բոլորովին նոր Nike։
Louis Vuitton-ի դրամապանակ ու պայուսակ։
Հիշեցնեմ, նրանք լեգենդներ չէին։ Ես չեմ խոսում Բենզեմայի, Մոդրիչի կամ Մարսելոյի մասին։ Նրանք երեխաներ էին։
Ես գիտակցեցի․ «Գրողը տանի, Ֆեդե։ Դու կրում ես երկու եվրոյանոց շապիկ»։
Նայում էի այդ տղաներին ու մտածում՝ նրանց ժամացույցներն ավելի թանկ են, քան իմ ծնողների տունը։
Սա մեծ հարված էր ինձ համար․ «Դու ոչ ոք ես, անկարեւոր մեկը»։
Լուսանկարը` Real Madrid
Այդպես նստած էի իմ կեղտոտ համազգեստով, նույնիսկ խաղակոշիկներս չէի հանում։
Բոլորը գնում են լոգանք ընդունելու, տեսնում եմ նրանց հագին գրողի տարած Gucci-ի ներքնազգեստ։
Հահահա։ Ես մտածում էի. «Հուսով եմ, որ իմն այսօր ոչ մի տեղից անցք չունի: Աղոթիր Աստծուն, որ մայրիկը լվանալուց հետո ստուգած լինի»:
Մոտ 20 րոպե նստել էի՝ ձեւացնելով, թե ինչ-որ կարեւոր բան եմ անում հեռախոսով։ Պարզապես ժամանակ էի ձգում։
Ես երբեք ինձ այդքան մանր չէի զգացել։
Սպասեցի, մինչեւ բոլորը ցնցուղ ընդունեցին ու դուրս եկան, հետո միայն սկսեցի փոխվել։
Այդ երեկո գնացի H&M ու շատ ներքնազգեստ գնեցի։
Հահահա։ Հիշում եմ, որ ինձ ասացի․ «Տղա, ո՞ւմ տեղն ես քեզ դրել։ Սա Մադրիդի «Ռեալ»-ն է։ Կարծում ես դու Քրիշտիանո՞ւն ես»։
Ես դեռ ոչինչ չէի նվաճել, ընդհանրապես, հանդերձարանում եղածներից ոչ ոք ոչնչի չէր հասել։ Այդ դեպքում ինչո՞ւ ենք կրում Gucci ներքնազգեստ, ինչո՞ւ ենք ատամի խոզանակը պահում Louis Vuitton-ի պայուսակում։ Չեմ քննադատում նրանց։ Ես պարզապես ցույց եմ տալիս ֆուտբոլի աշխարհը եւ թե ինչպես է այն փոխում քեզ։
Բարեբախտաբար, ես կրում էի ծնողներիս փոխանցած արժեքները: Երբ հասկացա, որ ոչ ոք եմ, սկսեցի գնահատել այն ամենը, ինչ ինձ տրվել էր:
Ներքնակը, որի վրա ես քնում էի։
Օդորակիչը։
Հեռուստատեսային 50 ալիքը։
Նոր խաղակոշիկները։
Իսկական դրախտ:
Հիշում եմ, որ BMW X3-ով մտա կայանատեղի, իսկ ինձ թվում էր, թե Ferrari էի վարում: Դա էժանագին մեքենա էր, բայց առաջինն էր, որ իմն էր։ Ինձ թագավորի պես էի զգում։
Սա իմ կյանքի գեղեցիկ կողմի սկիզբն էր։ Չնայած Մադրիդում դեռ ոչնչի չէի հասել, բայց տղամարդ դառնալու ճանապարհին էի։
Լուսանկարը` The Players' Tribune
Բայց իմ կյանքի կարեւորագույն էջը հայր դառնալն էր։
Երբ ծնվեց առաջին տղաս, կյանքս, իսկապես, փոխվեց։
Դա կյանքիս երկրորդ կատարյալ օրն էր։
Մինչ այդ ես ապրում էի իմ հանդիպումներով։ Եթե ես վատ խաղ էի անցկացնում, նույնիսկ ծնողներիս հետ չէի խոսում: Գնում էի իմ սենյակ, մտածում սխալներիս մասին:
Միայն Բենիսիոյի ծնվելուց հետո, երբ պարտված տուն եկա, ինձ մարդ զգացի։ Երբ սկսեց քայլել, վազելով գալիս էր, մուտքի մոտ դիմավորում ու գրկում ինձ։ Նա ֆուտբոլի մասին ինձ ոչինչ չէր հիշեցնում։ Նույնիսկ չգիտեր, թե ինչ է ֆուտբոլը։ Նա պարզապես ուզում էր խաղալ։
Իմ կի՞նը։ Նա այլ մակարդակի է։ Նա խաղը շատ լավ է հասկանում, ախր արգենտինուհի է, իսկ դուք գիտենք ինչպիսին են նրանք։ Հահահա։ Ինչ էլ անեմ, երբեք չի գոհանում։
Հիշում եմ, երբ ՉԼ-ում «Այաքս»-ը մեզ դուրս թողեց պայքարից։ Խաղից հետո մենք նստեցինք մեքենան, նա ինձ՝ «Ֆեդե, իսկապե՞ս։ Ի՞նչ էր դա։ Այդպե՞ս ես խաղալու «Ռեալ»-ում»։
Ես ասացի․ «Կարծում ես չե՞մ հասկանում»։
Իսկ նա․ «Դու ռիսկի չէիր դիմում։ Դու պետք է հարվածես։ Դա քո խաղի ուժեղ կողմն է»։
Ես ստիպված էի բարձրացնել երաժշտության ձայնը, որ չլսեմ նրա վերլուծությունները։
Վատը գիտե՞ք որն է (ես նրան դրա մասին չեմ ասել եւ հուսամ չի կարդա այս ամենը)՝ նա իրավացի էր։
Լուսանկարը` Getty Images
2021-22 մրցաշրջանը հիանալի էր, երբ հաղթեցինք ՉԼ-ում, զգացի, որ վերջապես իմ հետքը թողեցի «Ռեալ»-ում։ Մենք նաեւ իմացանք, որ երկրորդ երեխային ենք սպասում։ Այնքան երջանիկ էինք, ամեն ինչ կատարյալ էր։ Բայց հանկարծ բժիշկը Մինային ասաց, որ խնդիրներ կան, նրա հղիությունը պետք է դադարեցնել։
Կինս ֆիզիկապես ու հոգեպես կոտրված էր։ Ես լրիվ լռակյաց դարձա։ Ես այդպիսին եմ, ամեն ինչ ներս եմ գցում։ Գիտեմ, որ առողջության համար վատ է, բայց չեմ կարող թույլ տալ, որ ինչ-որ մեկը տեսնի արցունքներս։
Երբեմն չէի կարողանում լավ խաղալ ու լսում էի երկրպագուների արձագանքները։ Հետո ստիպված պետք է պատասխանեի լրագրողների հարցերին՝ ցույց չտալով, թե իրականում ինչ է տեղի ունենում իմ ընտանիքի հետ։
Իսկապես դժոխք էր։
«Վիլյառեալ»-ի դեմ խաղից հետո ամեն ինչ ավելի վատացավ։ Բոլորն են հիշում հոդվածների վերնագրերը։ Այդ օրերին շատ-շատ սուտ պատմություններ գրվեցին իմ մասին, որոնք հետո հերքվեցին։
Երբ կինս ստիպված պատմեց, թե ինչերի միջով ենք անցնում, ամեն ինչ փոխվեց։ Իմ թիմակիցների, երկրպագուների աջակցությունը երբեք չեմ մոռանա։ Երբ «Բերնաբեու» մտա, 80 հազար մարդ աջակցում էր ինձ, դա ինձ համար կարծես 80 հազար հոգու ամուր գրկախառնություն լիներ։
Մեկ կամիս անց ստացանք մեր կյանքի լավագույն լուրը։ Ամեն ինչ կարգին էր, հղիությունը պետք չէր ընդհատել։ Իհարկե, մյուս ամիսները ծանր ու մտածմունքներով լի էին անցնում, մինչեւ գրկեցինք մեր որդուն։ Փառք Աստծո, հունիսին Բաուտիստան ծնվեց։
Լուսանկարը` Վալվերդեի ինստագրամ
Առողջ ու երջանիկ։
Մեր հրաշքը։
Երրորդ կատարյալ օրը։
Գիտեք, ֆուտբոլում ու կյանքում ես ինքս իմ հանդեպ խիստ եմ, ինձնից գոհ չեմ լինում ու բավարարված չեմ զգում արածովս։
Բայց այդ առավոտ հիվանդանոցում, երբ կինս գրկել էր Բաուտիստային, մտածեցի․ «Ֆեդե, նայիր նրանց։ Սա դա է։
Դու հաղթել ես»։
Թարգմանությունը՝ Գոհար Նալբանդյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: