Հուլիս 27, 2024
1120 դիտում

Խավիի եւ Ինիեստայի շնորհիվ ֆուտբոլը սիրած Այտանա Բոնմատին. Ոսկե Գնդակին հասնելու ուղին


Լուսանկարը` RFEF

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` FC Barcelona

Լուսանկարը` FC Barcelona

Լուսանկարը` ESPN

Լուսանկարը` RFEF

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` sport.eu

Լուսանկարը` FC Barcelona

Լուսանկարը` RFEF

Լուսանկարը` FC Barcelona

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` RFEF

Լուսանկարը` RFEF

Լուսանկարը` RFEF

Լուսանկարը` FC Barcelona


«Բարսելոնա»-ի եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Այտանա Բոնմատիի համար նախորդ մրցաշրջանը չափազանց հաջող էր՝ թիմային բոլոր հնարավոր կոչումներից բացի նախորդ ամիս նա արժանացավ նաեւ Ոսկե Գնդակին: Mediamax Sport-ը ծանոթացել է մարզուհու հետաքրքիր կարիերային ու ներկայացնում է նրա կյանքի պատմությունը:

Մանկությունը

Այտանա Բոնմանտի Կոնկան ծնվել է 1998 թվականի հունվարի 18-ին Բարսելոնայի Սան Պերե դե Ռիբես արվարձանում, ընտանիքի միակ երեխան է: Ծնողները հրաժարվել են իսպանական ավանդույթից, որի համաձայն երեխայի առաջին ազգանունը հորից է ժառանգվում, եւ նրան գրանցել են մոր 2 ազգանուններով՝ Այտանա Բոնմատի Գվիդոնետ: Երբ 2000 թվականին Իսպանիայում փոխվեց ազգանունների մասին օրենքը, գրանցեցին նաեւ հոր Կոնկա ազգանունը:

Ծնողները մանկուց աջակցել են դստերն ու արել ամեն ինչ, որպեսզի կարողանա դրսեւորել իր պոտենցիալը: Երկուսն էլ կատալոներենի մասնագետներ են եւ շատ էին ցանկանում Այտանան երաժիշտ դառնա, դրա համար էլ նրան դաշնամուրի եւ կիթառի դասընթացների տարան, հատուկ նրա համար անգլերենի ուսուցիչ վարձեցին:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Մինչդեռ աղջկան ավելի շատ սպորտն էր հետաքրքրում, ու նա ստիպված էր ընդդիմանալ ծնողներին: Սիրում էր ազատ ժամանակն անցկացնել բակի տղաների հետ ֆուտբոլ խաղալով:

Նախ բասկետբոլ է խաղացել, ապա տարվել ֆուտբոլով, որակները հղկել ու լավացրել է տղաների հետ խառը թիմերում ելույթների շնորհիվ: Տղաները երբեմն դաժան էին ու Այտանային վիրավորում էին, սակայն նա չէր ընկճվում, կարողանում էր արժանի հակահարված տալ եւ խոսքով, եւ ֆուտբոլային դաշտում իր խաղով: Այդ դժվարությունները նրան սովորեցրին պաշտպանել իրեն ու կամային դառնալ, դիմանալ մրցակցությանն ու հավակնոտ լինել:

Ակադեմիան

Տղաների հետ խառը թիմերում հանդես գալուց հետո, Այտանան 13 տարեկանում ընդունվեց «Բարսելոնա»-ի ակադեմիա: Այնտեղ հասնելու համար հոր հետ հանրային տրանսպորտով 2-ժամյա ճանապարհ էին անցնում, մարզումներից հետո էլ բավական ուշ էր տուն վերադառնում, դասերն էր անում եւ գնում քնելու:

«Կարող եմ ամենայն մանրամասներով պատմել Խավիի եւ Ինիեստայի խաղի մասին, թե ինչպես էին նրանք շարժվում ու սկանավորում իրենց շուրջը եղած տարածությունը, մինչ գնդակ կստանային: Ինիեստան միշտ գնդակն առաջ էր շարժում, ես էլ նրանից սովորեցի այդպես գործել: Տարիներ անց հասկացա, որ ինքս էլ նույն կերպ եմ հասկանում ֆուտբոլը: Իմ մեջ էլ է դրված «Բարսա»-ի ԴՆԹ-ն»:

Լուսանկարը` FC Barcelona


Գնդակով հիանալի խաղ ցույց տալու եւ շատ գոլեր խփելու շնորհիվ Այտանան կարճ ժամանակում կարողացավ ամրապնդել իր տեղն ակադեմիայում:

2013-2016 թթ. դարձավ Իսպանիայի երիտասարդական դիվիզիոնների հաղթող ու նվաճեց Կատալոնիայի Գավաթը՝ ամրապնդվելով նաեւ Իսպանիայի երիտասարդական հավաքականում: Դարձավ մինչեւ 17 ու 19 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, իսկ Աշխարհի առաջնություններում (Մ 17 ու 20 տ.) երկու անգամ դուրս եկավ եզրափակիչ:

2015-2016 մրցաշրջանում Բոնմանտին կարեւոր դեր ունեցավ Segunda Division-ում տարած հաղթանակում՝ առաջին անգամ ակումբի պատմության մեջ խփելով 14 գոլ: 2017 թ. առաջին անգամ հրավիրվեց ազգային հավաքական ու մասնակցեց 2019-ի ԱԱ-ի ընտրական 2 հանդիպման: Նորամուտը նշեց Ավստրիայի դեմ խաղում՝ փոխարինման մտնելով 53-րդ րոպեին: Իսկ առաջին գոլն ազգային թիմում խփեց 2019 թվականին Անգլիայի դեմ ընկերական խաղում:

«Բարսելոնա»-ն

Կատալոնական ակումբի առաջին թիմում նորամուտը նշեց 2016 թվականին «Ռեալ Սոսիեդադ»-ի դեմ Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչում եւ գոլային փոխանցման հեղինակ դարձավ: Ապա ելույթ ունեցավ նաեւ Կատալոնիայի գավաթում եւ Չեմպիոնների Լիգայում: Բոնմարին այդ մրցաշրջանում այնքան էլ շատ հանդես չեկավ ու հիմնականում պահեստային նստարանին մնաց:

Լուսանկարը` FC Barcelona


«Բոլորն են երազում խաղալ «Նոու Կամպ»-ում, առաջին անգամ ստադիոնում եղել եմ 14 տարեկանում ու հիշում եմ, թե այն որքան մեծ էր թվում: Տեսնում ես տրիբունաներում նստած 90 հազ. մարդու եւ գլուխդ սկսում է պտտվել: Ու երբ ասում եմ բոլորն են այնտեղ ուզում խաղալ, տղաներին նկատի ունեմ, ամեն դեպքում երբեք չեմ մտածել, որ ինձ էլ նման բախտ կվիճակվի: Այն ժամանակ ակումբի կանանց թիմի հանդիպումները չէին ցուցադրում հեռուստատեսությամբ, թիմն էլ սոցկայքերում չկար:

Երբ դեռ «Բարսելոնա»-ի Մ-15 տարեկանների թիմում էի հանդես գալիս, ֆուտբոլով գումար վաստակելու ոչ մի տարբերակ չէի տեսնում: Բայց գիտեի, որ ԱՄՆ-ում կարող եմ սովորել ու միաժամանակ խաղալ որեւէ թիմում, անգամ մտածել եմ Օրեգոնի համալսարանում ընդունվելու մասին: 17 տարեկան էի, երբ «Բարսա»-ն իր կանանց թիմը պրոֆեսիոնալ դարձրեց, ու երկու տարվա ընթացքում «Ես մեկնում եմ Օրեգոն»-ից անցում կատարեցի. «Ես ակումբի պրոֆեսիոնալ խաղացող եմ» մտքին»:

Առաջընթացը

2017-2018 մրցաշրջանը բավական պասիվ էր Բոնմարիի կարիերայում, բայց ֆուտբոլիստուհուն հաջողվեց իրեն լիովին դրսեւորել հաջորդին: Նա «Բարսելոնա»-ի հիմնական կազմի խաղացող էր, կայուն կերպով մասնակցում էր առաջնության խաղերին ու ՉԼ-ին, իր հաշվին էլ 12 գոլ գրանցեց:  

«Բարսելոնա»-ում Բոնմարտին նոր մակարդակի դուրս եկավ, ավելի ուժեղ դարձավ դիրքային խաղում, կրեատիվ ոճ ձեռք բերեց ու գնդակին տիրելու հիանալի հմտություններ:

Լուսանկարը` ESPN


2019-ի ամռանը «Բավարիա»-ն ցանկանում էր ձեռք բերել Բոնմարտիին, բայց նա որոշեց մնալ հարազատ ակումբում ու պայմանագիրը երկարացրեց մինչեւ 2022 թվականը: 2020-ին ակումբի կազմում 100-րդ հանդիպումն անցկացրեց ու 2021-ին լավագույն կատալոնացի խաղացող ճանաչվեց:

Նրա որակական աճին մեծապես նպաստել է նաեւ Ալեքսիա Պուտելյասի հետ խաղը, որը երկու տարի շարունակ լավագույն ֆուտբոլիստուհի է ճանաչվել եւ Ոսկե Գնդակի արժանացել:

Այս տարին աննախադեպ էր Բոնմարիի համար, նա Իսպանիայի կանանց ընտրանու հետ Աշխարհի չեմպիոն ու մրցաշարի լավագույն խաղացող դարձավ, ակումբի կազմում Իսպանիայի չեմպիոն հռչակվեց, նվաճեց Իսպանիայի Սուպերգավաթն ու ՉԼ-ի գավաթը:

Լավագույնը

Այդքան հաջող ելույթներից հետո սպասելի էր, որ իսպանուհին նաեւ լավագույն խաղացող կճանաչվի ու Ոսկե Գնդակ կստանա: Փարիզում նա հուզիչ ելույթ ունեցավ ու յուրահատուկ կերպով ամփոփեց իր կյանքն ու կարիերան, հիշեց այն մարդկանց ովքեր իր կողքին են եղել, օգնել ու ոգեշնչել կայացման ճանապարհին:

«Հպարտանում եմ, որ արժանացա Ոսկե Գնդակին, սպորտային առումով բացառիկ տարի էր ինձ համար: Թեեւ այս մրցանակն անհատական է, բայց այն ուզում եմ կիսել ակումբի եւ Իսպանիայի հավաքականի բոլոր թիմակիցների եւ մարզիչների, ողջ անձնակազմի հետ: Պարզ է, որ առանց նման թիմային նվաճման այստեղ չէի լինի:

Չգիտեմ էլ, նկատեցիք, որ լարված եմ, մի քանի օր չեմ քնել, ֆուտբոլային ամենահեղինակավոր միջոցառմանը լինելը երազանք էր ինձ համար: Թեեւ զուսպ մարդ եմ, բայց կխոստովանեմ՝ ինձ համար յուրահատուկ պահ է: Բախտս բերել է, որ հանդես եմ գալիս այնպիսի ֆուտբոլիստների կողքին, ովքեր ինձ ամեն օր ավելի լավն են դարձնում: Նաեւ մարզիչներն են յուրահատուկ, Ժոնատան Ժիրալդեսի հետ 3 տարի է ՉԼ-ի եզրափակիչ ենք դուրս գալիս, ինչին հասնելը բարդ է, բայց նրա փոխանցած մտածելակերպի շնորհիվ մեզ հաջողվում է: Համոզված եմ, որ դեռ բազմաթիվ տիտղոսներ ենք նվաճելու:

Լուսանկարը` RFEF


Շնորհակալ եմ ակումբիս, որ ինձ պրոֆեսիոնալ խաղացող դառնալու հնարավորություն տվեց: Երբեք չէի կարող մտածել, որ կխաղամ լեփ-լեցուն «Նոու Կամպ»-ում:

Շնորհակալ եմ ընտանիքիս, ընկերներիս ու բոլոր այն մարդկանցից, որ ամբողջ ընթացքում կողքիս են եղել, բայց առաջին հերթին ծնողներիս՝ Ռոզեից ու Վիսենտից, դուք պայքարել եք, որ Իսպանիայում լինի ազգանունների ցանկացած հերթականություն: Այդ համառությունն ու պայքարի ոգին ձեզնից եմ ժառանգել:

Այնքան հպարտ եմ, որ Գվարդիոլայի հետ նույն օրն ենք ծնվել՝ հունվարի 18-ին: Նա իմ կուռքն է, չեմ տեսել, թե ինչպես է խաղում, բայց վայելել եմ նրա մարզչական հաղթանակները: Ու երբ Պեպը քեզ գովում է ու համեմատում Խավիի, Մեսսիի եւ Ինիեստայի հետ, աննկարագրելի է:

Ամենաշատն ուրախ եմ, որ մրցանակս կարող եմ կիսել նրանց հետ ու գիտակցել, թե ինչի եմ հասել: Հիշում եմ բոլոր ջանքերը, որ թափել եմ այստեղ լինելու համար՝ գիշերը ժամը 1-ին էի տուն հասնում, իսկ առավոտյան 8-ին արդեն արթուն էի: Վատ ժամանակները մեզ ուժեղ են դարձնում»:  

Լուսանկարը` Getty Images


Կյանքի մասին մտքերը

Մարզումներից ու խաղերից ազատ ժամանակ Բոնմատին սիրում է ճանապարհորդել ու կտրվել ամեն ինչից:

«Մի քանի տարի առաջ եղել եմ Վիետնամի լեռներում, տեսել բրնձի դաշտերը, սուր քարերի վրայով վազող տեղացի երեխաներին, նրանք միայնակ էին, առանց կոշիկների ու նստում էին ժայռերի հենց եզրերին: Մեզ մոտ ծնողները կվազեին նրանց հետեւից եւ կգոռային. «Անմիջապես ցած իջիր»: Բայց այդ երեխաները պարզապես ժպտում էին ու հանգստանում: Եվրոպայում մենք ամեն ինչ ունենք, բայց միշտ մտածում ենք այն բաների մասին, ինչ չունենք: Այդ երեխաներն անգամ կոշիկ չունեին, բայց երջանիկ էին»:

Բոնմատին փորձում է օգնել կանանց պայքարել իրենց իրավունքների համար: Նա միացել է Իսպանիայում փախստականների հարցերով ՄԱԿ-ի ACNUR գործակալությանն ու Բարսելոնայում մասնակցում է կանանց համար անցկացվող մարզումներին, որոնց նպատակն է օգնել նրանց ինտեգրվել հասարակության մեջ:

«Թիմակիցներիս միշտ խնդրում եմ կարիքավորներին հագուստ եւ կոշիկներ տալ: Դա չի շտկի աշխարհը, բայց այդ ամենի շնորհիվ բազմաթիվ մարդկանց հնարավոր է օգնել: Չգիտենք, թե մարդիկ աշխարհի տարբեր անկյուններում որքան զրկանքներ են կրում»:

Բոնմատին նախ ցանկանում է ուժեղ ֆուտբոլիստ դառնալ եւ իրականացնել իր բոլոր նպատակները, ապա մեկնել նոր երկրներ բացահայտելու:

Լուսանկարը` անձնական արխիվից


«Բարսելոնա»-ում խաղալը շատ բարդ է, միշտ կան հաջորդ մարզումը ու հանդիպումը, անընդհատ պետք է նոր մրցանակ նվաճել: Ամեն տարի էլ նպատակը մնում է նույնը՝ նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները: Երբ մի օր կարիերաս ավարտվի, պատրաստվում եմ ամբողջ աշխարհով մեկ ճանապարհորդել, որպեսզի խորապես զգամ այնպիսի երկրները, ինչպիսիք են Կոլումբիան եւ Ճապոնիան: Բայց հիմա դեռ ցանկանում եմ անդադար հաղթել, սիրում եմ զգալ այդ ճնշումն ու գիտակցել, որ կարող ես նաեւ անհաջողության մատնվել: Ինչ էլ լինի, ամեն Աստծո օր պարտավոր ես քեզնից ամենալավը պահանջել: Հենց դրա շնորհիվ եմ այսպիսին դարձել: Շարունակելու եմ խաղալ այն ֆուտբոլը, որը սովորել եմ Խավիից եւ Ինիեստայից»:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին