Հուլիս 27, 2024
1553 դիտում

Զիդանի եւ Մեսսիի հանդիպումը՝ փոխադարձ հիացմունք եւ անկեղծ խոստովանություններ


Լուսանկարը` CNN

Լուսանկարը` CNN

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FC Barcelona

Լուսանկարը` Adidas

Լուսանկարը` Marca

Լուսանկարը` Adidas

Լուսանկարը` EFE

Լուսանկարը` Getty Images


Adidas-ը կազմակերպել է Ֆրանսիայի եւ Արգենտինայի հավաքականների լեգենդար 10 համարներ Զինեդին Զիդանի եւ Լեո Մեսսիի հանդիպումը, որոնք հետաքրքիր եւ հումորով լի զրույց են ունեցել:

Մինչ մեկնարկը Զիդանը ցույց է տվել 2008 թվականին Մադրիդում արված լուսանկար, որում պատկերված են նաեւ Մեսսին ու Ռաուլը: Ֆրանսիացին խոստովանել է, որ այն երկար տարիներ խնամքով պահում է:



-Փոքր տարիքից ի՞նչ հիշողություններ ունեք 10 համարի մասին:

Մեսսի. Արգենտինացիներիս համար 10-ը բացառիկ է, որովհետեւ այդ մասին խոսելիս միանգամից Մարադոնային ենք հիշում: Բոլորս էլ փոքր տարիքում սկսում ենք ֆուտբոլ խաղալ՝ ցանկանալով նմանվել նրան: Բայց ոչ ոք ունակ չէ Մարադոնայի պես լինել եւ անել այն, ինչ հաջողվել է նրան: Թեեւ ինքս նրա խաղը այդքան էլ շատ եմ դիտել, բայց տեսանյութերով եմ հետեւել ու հասկացել, թե ինչերի է ունակ: Նա բացառիկ է մեզ համար, Մարադոնայից խոսում ենք սերնդեսերունդ, հիմա ինքս էլ երեխաներիս պատմում եմ նրա մասին: Մարադոնան բոլոր արգենտինացիների եւ ամբողջ աշխարհի համար իսկական կուռք էր:

Զիդան. Հիանալի է, թե ինչպես ես հարգում նրան: Իրավացի ես, նա ոչ միայն արգենտինացիների համար էր կուռք, այլ ամենուր՝ ամբողջ աշխարհում: Երբ մենք փոքր էինք, բոլորս 10 համարով Մարադոնային էին միայն պատկերացնում, նա մեզ համար իսկական առաջատար էր:

Մեսսի. Շատ տարբերվող խաղացող էր, մենք էլ նրա պես ուզում էինք ուրիշ լինել եւ վաղ տարիքից կրել 10 համարի մարզաշապիկ:

Զիդան. Ճիշտ է, բայց մյուս կողմից հիմա առաջվա պես 10 համարն այնքան էլ կարեւոր չէ: Այն ժամանակ 10 համարը հատուկ դիրք էր խաղադաշտում, իր ուրույն տեղն ուներ, իսկ հիմա 4-3-3 կամ 4-4-2 սխեմայով խաղալիս նա կորչում է: Լավ է, որ դու դեռ խաղում ես ու 10 համար գոյություն ունի: Իսկ երեխաներդ ֆուտբոլ սիրո՞ւմ են:

Լուսանկարը` Getty Images


Մեսսի. Երեքն էլ ֆուտբոլ շատ են սիրում ու տարված են դրանով։ Դեռ փոքր են հասկանալու համար, թե հետագայում ինչ կլինի, բայց սիրում են հարվածել գնդակին, ամբողջ օրը դրանով են զբաղված: Երբ փոքր ես, շատ ես ցանկանում գրոհներին մասնակցել ու գոլեր խփել, պետք է դարպասապահի մտածողությամբ ծնվես, որ ցանկանաս այդ դիրքում հանդես գալ:

-Զիզու, երբ փոքր էիք, ո՞վ էր Ձեզ համար 10 համարով հանդես եկող կուռքն ու իսկական օրինակը:

Զիդան. Քանի որ ես խաղում էի «Մարսել»-ում, ինձ համար Էնցո Ֆրանչեսկոլին էր:

Մեսսի. Լսել եմ այդ մասին ու գիտեմ նաեւ, որ որդիներիցդ մեկին նրա պատվին Էնցո ես անվանել:

Զիդան. Այդպես է։ Երբ նա ելույթ էր ունենում ակումբում, 13 տարեկան էի, նրա խաղը տենելուց հետո ասացի. «Ուզում եմ նրա պես լինել», որովհետեւ շատ էլեգանտ էր, գիտե՞ս: Այն, թե ինչպես էր շարժվում, գործում գնդակի հետ, հաճախ չէիր հանդիպի:

Մեսսի. Միշտ հավանել եմ նաեւ Պաբլո Այմարին ու հիացել նրա խաղով:


-Դուք հիմնականում հիացաք 10 համարներով, բայց կասե՞ք, թե նրանք ինչ տարբերվող հատկանիշներ պետք է ունենան:

Մեսսի. Ֆուտբոլը շատ է փոխվել, ներկայիս խաղային սխեմաներում 10 համարը միշտ չէ, որ տեղ ունի, այդ պատճառով էլ այն մի քիչ կորել է:

Զիդան. Մի քիչ կախարդանք պիտի ունենաս, որ կարողանաս խաղալ 10 համարի դիրքում, ինչպես դու, Լեո: Նա թիմի առաջատարն է, իսկ առաջատարը պետք է ստեղծագործի, դրանով է տարբերվում մյուս խաղացողներից: Մինչեւ գնդակը ստանալն արդեն գիտես, թե ինչ ես անելու, քչերն են այդպես կարողանում: Նման խաղացող ունեցող թիմերը միայն շահում են:

Մեսսի. Խաղն էլ նրա շուրջը պետք է կառուցվի:

-Երբեւէ 10 համարով խաղալիս տարբերություն զգացե՞լ եք, այն սովորական թի՞վ է, թե՞ որեւէ առումով տարբերվում է:

Մեսսի. Չեմ կարծում, որ հիմա շատերի համար 10 համարով խաղալը հատուկ է, բայց ինձ համար այդպես է եղել:

Զիդան. 10 համարի մարզաշապիկ հագնելիս մեծ ճնշում ես զգում:

Լուսանկարը` FIFA


Մեսսի. Փարիզում ես 10-ը չէի, բայց «Բարսելոնա»-ում եւ Արգենտինայի հավաքականում ամբողջ կյանքում այդ համարով էի հանդես եկել ու մի քիչ կարոտում էի այդ մարզաշապիկով խաղալը:

Զիդան. Մարդիկ էլ սովոր էին քեզ խաղադաշտում 10 համարով տեսնել: Մադրիդում Ֆիգուն էր 10 համարը կրում, բայց ես 5-ին էլ սովորեցի, ի վերջո միշտ էլ կարեւորն այն է, թե ինչ է քեզ հաջողվում անել ու ինչպիսի հետք թողնել:

Մեսսի. Քեզ հաջողվեց 5 համարն էլ կարեւոր դարձնել:

Զիդան. Մի քիչ տարօրինակ էր կենտրոնական կիսապաշտպան լինել ու կրել 5 համարը, հիշում եմ նաեւ «Յուվե»-ում ունեցած 21 համարս:

-Ինչպե՞ս կբնութագրեք Լեոյին մի քանի բառով:

Զիդան. Միայն մեկ բառ կասեմ՝ կախարդանք: Այսօր կարեւոր օր է, քանի որ Լեոյին կարող եմ ասել, թե որքան եմ հիանում նրանով: Կախարդանքն այն է, որ մինչեւ գնդակ ստանալը արդեն գիտի, թե ինչ է անելու: Դա հենց այն է, ինչի կարիքը մարդիկ ունեն, ուզում են ֆուտբոլիստներն այդպես գործեն: Քչերին է հաջողվում այդպես խաղալ, իսկ Լեոյի պես՝ միայն իրեն է հաջողվում:

-Լեո, իսկ դու ի՞նչ կասես Զիդանի մասին:

Մեսսի. Չեմ ասում միայն նրա համար, որ հիմա կողքիս է, նախկինում էլ այդ մասին մի քանի անգամ խոսել եմ: Կարծում եմ՝ նա ֆուտբոլի պատմության մեծագույն խաղացողներից մեկն է, միշտ եմ հիացել նրա խաղով: Մադրիդում Զիդանի խաղին շատ եմ հետեւել, ու նա ինձ ստիպում էր տառապել, քանի որ ես հանդես էի գալիս «Բարսելոնա»-ում: Միշտ է տարբերվող խաղացող եղել, էլեգանտ ու կախարդանքով գործող: Զիդանի հետ կապված շատ լավ պահեր եմ հիշում, օրինակ՝ ՉԼ-ի եզրափակչում ձախ ոտքով Լեւերկուզենի «Բայեր»-ին խփած գոլը, Աշխարհի առաջնության գոլերը, եզրափակչում Բրազիլիայի դարպասի գրավումը: Դրանք այն պահերն ու հնարքներն են, որոնց համար մենք սիրում ենք ֆուտբոլն ու վայելում այն: Մեծ խաղացողները վեր են շատ բաներից, կարեւոր չէ, թե ինչ ակումբում կամ երկրում են խաղում, հիանում եք նրանցով: Այնքան հաճելի էր նայել նրա ու իր սերնդակիցների խաղը, ովքեր Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն դարձան:

Լուսանկարը` FC Barcelona


-Երկուսդ էլ օրինակ եք նաեւ խաղադաշտից դուրս, ի՞նչ կասեք երիտասարդ սերնդին:

Զիդան. Մենք սիրել ենք մեր գործն ու վայեյել ֆուտբոլը, Լեոն մինչ օրս շարունակում է զբաղվել սիրելի գործով: Կուզեի երեխաներին ասել, որ օգտագործեն իրենց ընձեռնված հնարավորությունը, հիմար չգտնվեն ու կենտրոնանան ֆուտբոլի վրա, օգտվեն առավելություններից: Անգամ եթե մեկ հնարավորություն ունեք, անպայման օգտագործեք այն:

Մեսսի. Նախ եւ առաջ հաջողության հասնելու համար պետք է ամեն օր ու անդադար աշխատել: Բոլորս անցնում ենք այդ ճանապարհն ու վայելում ֆուտբոլը, միշտ մնում ենք համեստ ու հարգում միմյանց, այդպես եմ մտածել փոքր տարիքում, հիմա էլ դա կարեւոր եմ համարում: Տաղանդավոր մարդիկ շատ են, բայց քչերն են իրենց շանսն օգտագործում, որովհետեւ հաջողության հասնելու համար պետք է աշխատել, ջանքեր գործադրել, պատրաստ լինել զոհողությունների, հարգել մյուսներին: Ֆուտբոլում նաեւ կարեւոր է հաջողության գործոնը:

Զիդան. Լեոն մինչեւ հիմա շատերի համար օրինակ է, որովհետեւ նրա կյանքը նվիրված է միայն ֆուտբոլին եւ ընտանիքին:

Մեսսի. Հստակ գիտեմ, թե ինչ եմ ուզում։ Փոքր տարիքից վայելել եմ ֆուտբոլը, միշտ մտածել եմ, որ այն առաջին տեղում պետք է լինի, հետո նոր մնացածը: Ընտանիք կազմելուց ու երեխաներ ունենալուց հետո էլ ֆուտբոլը շարունակում է իմ կյանքը լինել: Եթե երազանք ունես, պետք է հավատարիմ մնաս դրան ու պայքարես: Ճանապարհը հեշտ չէ, անհաջողություններ եւս լինում են, բայց սկսում ես աճել, երբ գիտակցում ես, որ չես կարող միշտ հաղթել՝ դժվար պահեր եւ վնասվածքներ եւս լինում են: Մարդիկ էլ իրենց կյանքում ու աշխատանքում նման պահեր հաճախ են ունենում, կյանքն է այդպիսին, բայց ոտքի կանգնեք ու ամեն ինչ նորից սկսեք, պայքարեք նորովի: Միշտ չի ամեն ինչ մեր ուզածի պես լինում, բայց արեք լավագույնը, ինչին ունակ եք եւ կհասնեք ձեր նպատակին:

Լուսանկարը` Adidas


Զիդան. Ի՞նչն ես նախընտրում՝ գոլ խփել ՉԼ-ո՞ւմ, թե՞ ԱԱ-ում:

Մեսսի. Կախված է պահից, երկու մրցաշարում էլ աչքի ընկնելը հատուկ է, բայց ԱԱ-ում գոլի հեղինակ դառնալը բոլորովին այլ է, նշանակությունն է ուրիշ: Թեեւ ամեն ինչ պահն է որոշում, ՉԼ-ի եզրափակչում աչքի ընկնելն էլ լավ է: ԱԱ-ի եզրափակչում խփած գոլը լավագույնն է դառնում, երկուսս էլ դա կարող եք հաստատել:

Զիդան. Իհարկե, այդպես է, ավելի լավ ոչինչ չի կարող լինել:

Մեսսի. Ո՞վ է ամենակոպիտ ֆուտբոլիստը, ում դեմ խաղացել ես:

Զիդան. Կոպիտ չէ, բայց ամենաբարդը Պաոլո Մալդինին էր, որովհետեւ նա շատ խելացի էր գործում։ Թյուրամը, երբ նա քո թիմում է երջանիկ ես, բայց որպես մրցակից այնքան էլ հեշտ չէ նրա դեմ պայքարել: 1998-ի մեր հավաքականի բոլոր ֆուտբոլիստներն էլ լավն էին:

Մեսսի. Ո՞վ է քեզ տվել առաջին գնդակը:

Զիդան. Հայրս, գնդակն էլ, խաղակոշիկներն էլ, որոնք բավական թանկ էին, բայց նա ինձ գումար տվեց, որ կարողանամ գնել:

Լուսանկարը` Marca


Մեսսի. Ծնողները շատ զոհողությունների են գնում մեզ համար, հիմա ես էլ հայր եմ եւ ուրախ եմ, որ տղաներիս հետ կարողանում եմ ժամանակ անցկացնել: Ինձ մայրս էր մարզումների տանում, որովհետեւ հայրս պետք է աշխատեր։ Ամեն առավոտ ժամը 4-ին արթնանում էր եւ երեկոյան 5-ին վերադառնում տուն, արագ մատե էր խմում ու միասին ֆուտբոլ էինք խաղում: Ու այդպես կրկնում էինք ամբողջ շաբաթ: Շատ ծնողներ են ամեն ինչ անում իրենց երեխաների համար, որ նրանք գնդակ եւ խաղակոշիկներ ունենան:

Զիդան. Կա՞ հանդիպում, որ կուզեիր նորից խաղալ: Կարծում եմ չկա, որովհետեւ բոլորում էլ լավ ես հանդես եկել:

Մեսսի. Ոչնչի համար չեմ ափսոսում, երջանիկ եմ, որ բազմաթիվ ուրախ պահեր եմ ունեցել, բայց տխուրներն էլ եղել են: Մի քիչ ցավում եմ 2014 թվականի ԱԱ-ի եզրափակչի համար, թեեւ հետո Մունդիալում հաղթել եմ, բայց այդ պահը շարունակում է ցավոտ մնալ: Հիմա հարց քեզ, ո՞րն է կարիերայիդ ամենալավ խաղը:

Զիդան. Դժվար է ընտրել, բայց կնշեմ ՉԼ-ի կիսաեզրափակչում «Լուվե»-ի կազմում «Այաքս»-ի դեմ խաղը, որում մենք հաղթեցիք 4:1 հաշվով, թեեւ քչերը կհիշեն այդ հանդիպումը: Կնախընտրեիր գո՞լ խփել, թե՞ անհավանական գեղեցիկ փոխանցում կատարել:

Լուսանկարը` Adidas


Մեսսի. Երկուսն էլ, բայց երբեմն փոխանցումն ավելի գեղեցիկ է ստացվում:

Զիդան. Քեզ երկուսն էլ հաջողվել է, եւ շատ գոլեր ես խփել, եւ նման փոխանցումներ կատարել:

Վերջում Զիդանն ու Մեսսին միմյանց են նվիրել ազգային հավաքականներում իրենց կրած 10 համարի մարզաշապիկները:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին