Լեո Մեսսին ֆուտբոլի պատմության մեջ բացառիկ է շատ առումներով, բայց այսօր անդրադառնալու ենք նրա Ոսկե Գնդակներին: Առիթն օրեր առաջ ստացած 8-րդն է, որի շնորհիվ նրան դեռ երկար ժամանակ որեւէ ֆուտբոլիստ չի կարողանա շրջանցել:
Ոսկե Գնդակը
Տարվա ընթացքում իրեն լավագույնս դրսեւորած խաղացողին Ոսկե Գնդակը հանձնելու մտահաղացումը ֆրանսիացիներին է պատկանում: Մրցանակը նախորդ դարի կեսերին սահմանել է ֆրանսիացի լրագրող, մի քանի ամսագրերի խմբագիր, այդ թվում՝ France Football-ի, նախկին ֆուտբոլիստ Գաբրիել Անոն: Սկզբում նա իր գործընկերներին է խնդրել քվեարկել լավագույնի օգտին, հետագայում սկսել են մասնակցել լրագրողներ ամբողջ աշխարհից:
1956 թվականին առաջին մրցանակին արժանացել է անգլիական «Բլեքփուլ»-ի խաղացող Սթենլի Մեթյուզը, ապա Ոսկե Գնդակը երկար ժամանակով տեղափոխվել է Իսպանիա՝ հաղթողներն են եղել Ալֆրեդո Դի Ստեֆանոն, Ռայմոն Կոպան («Ռեալ»), Լուիս Սուարեսը («Բարսելոնա»):
2010 թվականին France Football-ը չկարողացավ հրաժարվել ՖԻՖԱ-ի գայթակղիչ առաջարկից եւ համաձայնվեց մրցանակը համատեղ հանձնել: Նրանք համագործակցեցին ընդամենը 5 տարի, հետագայում ՖԻՖԱ-ն սկսեց հանձնել սեփական՝ The Best մրցանակը, սակայն դա չխանգարեց, որ Ոսկե Գնդակը մնա ֆուտբոլային ամենահեղինակավոր պարգեւը:
Լուսանկարը` UEFA
Մեսսիի Գնդակները՝ 2009
Իր առաջին Ոսկե Գնդակը Մեսսին ստացավ 22 տարեկանում, մինչ այդ 2 անգամ առաջադրվել էր, բայց 2007 ու 2008 թթ. զիջել էր Կակային եւ Քրիշտիանու Ռոնալդուին:
Մրցանակաբաշխությունից հետո Մեսսին խոստովանեց, որ չէր ակնկալում նման վստահ հաղթանակ՝ իր մոտակա մրցակցին շրջանցել էր 240 միավորով: 480 քվեարկողներից միայն 7-ն իրենց ձայնը չէին տվել արգենտինացուն:
Նրա հայրենիքում այդ իրադարձությունն իսկական տոնի վերածվեց, արգենտինացիները Մեսսի նվաճումը սեփականի պես տոնեցին, թեեւ այն ստացավ ավելի շատ «Բարսելոնա»-ում ցույց տված հիանալի ելույթների համար:
Կատալոնական ակումբի կազմում Մեսսին Ոսկե Գնդակ ունեցող 6-րդ ֆուտբոլիստը դարձավ: Այդ տարի «Բարսելոնա»-ն արժանացել էր բոլոր հնարավոր տիտղոսներին, իսկ Մեսսին գլխավոր գործող անձանցից մեկն էր եղել: Թիմի կազմում նա 58 հանդիպման էր մասնակցել ու 49 գնդակ խփել:
Լուսանկարը` UEFA
2010
Որոշ մասնագետներ համարում էին, որ France Football-ի եւ ՖԻՖԱ-ի միավորումից հետո շատ ավելի բարդ կլինի արժանանալ Գնդակին: 2010-ին հիմնական հավակնորդները նորից կապտանռնագույններն էին, լավագույն եռյակում էին նաեւ Աշխարհի չեմպիոններ դարձած Խավին եւ Անդրես Ինիեստան, որոնց Մեսսին շրջանցեց ոչ այդքան մեծ առավելությամբ:
Պարգեւատրման արարողության ժամանակ նա շատ գովեց իր թիմակիցներին ու շնորհակալություն հայտնեց խաղադաշտում իրեն այդքան օգնելու համար: 2010-ին թիմի կազմում Մեսսիի մասնակցած հանդիպումները 58-ն էին, գոլերը՝ 55-ը:
Իսկ ահա Արգենտինայի հավաքականն այնքան էլ հաջող չմասնակցեց ԱԱ-ին՝ քառորդ եզրափակչում զիջեց Գերմանիայից ու լքեց պայքարը: Ի դեպ, այդ առաջնությունում Մեսսին առաջին անգամ կրեց հավաքականի ավագի թեւկապը:
Լուսանկարը` UEFA
2011
Ոչ ոք չզարմացավ, երբ 3-րդ տարին անընդմեջ Ոսկե Գնդակը նորից Մեսսին ստացավ, նրա օգտին քվեարկել էր մասնագետների 47 տոկոսը:
Մրցաշրջանը շատ արդյունավետ էր եղել՝ 10 ռեկորդային հեթ-տրիկ, պոկեր ու պենտա- տրիկ: Մեսսին Իսպանիայի լավագույն ռմբարկուն էր 75 գոլով, «Բարսելոնա»-ն նորից բարձունքում էր, իսկ արգենտինացին նրան օգնել էր մի քանի տիտղոս նվաճել:
2011 թվականին Արգենտինայում Մեսսիին առաջին անգամ տարվա լավագույն խաղացող ճանաչվեց:
Լուսանկարը` UEFA
2012
Ու նորից Ոսկե Գնդակը Մեսսիին էր, որին հաջողվեց շրջանցել Քրիշտիանու Ռոնալդուին եւ Անդրես Ինիեստային:
Արգենտինացին անհավանական խաղի շնորհիվ նաեւ մի քանի անհատական նոր ցուցանիշ էր գրանցել, այդ թվում՝ 11 խաղում շարունակ գոլի հեղինակ էր դարձել ու Իսպանիայի ռեկորդ սահմանել: Մեսսին մրցակիցների դարպասը 59 գոլ էր ուղարկել եւ կարիերայում 200-րդ գոլը խփել:
Լուսանկարը` UEFA
2015
Դրան հաջորդած 2 տարիներին լավագույնը Ռոնալդուն էր դարձել, բայց Մեսսին շարունակել էր լավ խաղով աչքի ընկնել ու հայտնվել լավագույն եռյակում: Կայուն ցուցանիշներն ու նվիրվածությունն աշխատանքին իրենց պտուղները տվեցին 2015-ին, երբ իր 5-րդ ոսկե գնդակը ստացավ:
Լուսանկարը` UEFA
2019
Ոսկե Գնդակը նորից Լեո Մեսսիին էր, նա շրջանցեց Թուրինի «Յուվենթուս»-ում հանդես եկող Ռոնալդուին, որը 5 մրցանակ ուներ: Ոսկե Գնդակի համար պայքարում արգենտինացին առաջ էր անցել «Լիվերպուլ»-ի պաշտպան Վիրջիլ վան Դեյկից, որը Չեմպիոնների Լիգայի հաղթող էր հռչակվել:
Այդ մրցաշրջանում Մեսսին կատալոնական ակումբի հետ դարձել էր Իսպանիայի չեմպիոն ու Արգենտինայի հետ Ամերիկայի Գավաթում բրոնզե մեդալ նվաճել: Արդյունքը համեստ էր, սակայն օգնեց նրան նաեւ ՖԻՖԱ-ի վարկածով լավագույնը լինել:
Լուսանկարը` UEFA
2021
Շատ մասնագետներ համարում էին, որ Ոսկե Գնդակը պետք է արժանիորեն ստանա «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, բայց նորից առաջինը Մեսսին էր:
«Բարսելոնա»-ի հետ նա միայն Իսպանիայի գավաթակիր էր դարձել, ապա տեղափոխվել ՊՍԺ, փոխարենն առաջին լուրջ նվաճմանն էր հասել Արգենտինայի ընտրանու հետ՝ դառնալով Ամերիկայի Գավաթի հաղթող:
Լուսանկարը` UEFA
2023
Իր հնարավոր է արդեն վերջին՝ 8-րդ Ոսկե Գնդակը Մեսսին Փարիզում ստացավ օրեր առաջ իր ներկայիս ակումբի սեփականատեր Դեւիդ Բեքհեմից:
Երբ 2022-ի տարեվերջին Արգենտինայի հավաքականը Մեսսիի գլխավորությամբ Աշխարհի եռակի չեմպիոն դարձավ, քչերն էին կասկածում, որ նա նորից լավագույնը կդառնա:
Մրցակիցները երիտասարդ Էրլինգ Հոլանդն ու Կիլիան Մբապեն էին, որոնք նրանից փոքր են մոտ 13 տարով, հենց նրանց է պատկանելու ապագայի ֆուտբոլը, ինչի մասին նշեց նաեւ արգենտինացին.
«Նրանք արտառոց ֆուտբոլիստներ են, Մբապեի հետ 2 տարի նույն ակումբում ենք խաղացել, հսկայական տաղանդ ունի: Նա ու Հալանդը դեռ երիտասարդ են ու ապագայում դեռ շատ կտեսնենք, շուտով նրանք էլ Ոսկե Գնդակ կստանան: Էրլինգն այս անգամ էլ արժանի էր հաղթել, քանի որ մի քանի կարեւոր մրցանակի է արժանացել ու լավագույն ռմբարկու դարձել:
Հաճելի է նորից վայելել այս պահը: Երազում էի հաղթել Աշխարհի առաջնությունում ու դա ինձ հաջողվեց: Յուրահատուկն այն էր, որ անգամ այլ երկրներում էին մարդիկ ցանկանում, որ մենք չեմպիոն հռչակվենք:
Լուսանկարը` UEFA
Երբեք չեմ մտածել, որ նման կարիերա կունենամ, բախտս անսահման բերել է, որ ունեմ հնարավոր ամեն բան ու խաղացել եմ աշխարհի լավագույն թիմում: 8 Ոսկե Գնդակներից ամեն մեկը բացառիկ է, բայց ամենակարեւոր նվաճումները՝ թիմայիններն են: Այս պարգեւն էլ անհնար կլիներ առանց իմ թիմի:
Շնորհակալություն ամբողջ աշխարհի այն մարդկանց, որոնք ողջ կարիերայիս ընթացքում ինձ աջակցել են: Հենց նրանց էլ ուզում եմ նվիրել այս մրցանակը, ինչպես նաեւ ընտանիքիս, որը միշտ կողքիս է եղել:
Ուզում եմ հիշել նաեւ Դիեգոյին, այսօր նրա տարեդարձն է: Որտեղ էլ լինես, ծնունդդ շնորհավոր, Դիեգո: Սա նաեւ քեզ համար է, այս մրցանակը կիսում եմ հետդ»:
Հասմիկ Բաբայան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: