Հուլիս 16, 2024
1757 դիտում

Մի համբույրի պատմություն․ Իսպանիայում մեղադրում են ֆեդերացիայի նախագահին


Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` AS

Լուսանկարը` BBC

Լուսանկարը` RFEF

Լուսանկարը` Marca


Իսպանիայի կանանց հավաքականն անցած շաբաթ առաջին անգամ դարձավ Աշխարհի չեմպիոն։

Սակայն դրան հաջորդած օրերին լրատվամիջոցներում ավելի շատ տեղ է գտնում ոչ թե այդ իրադարձությունը, այլ Իսպանիայի ֆեդերացիայի նախագահի պահվածքը։

Լուիս Ռուբիալեսը հաղթանակը շատ բուռն էր նշել դեռ տրիբունաներում՝ Իսպանիայի թագավորական ընտանիքի ներկայությամբ։ Ավելին, մարզուհիների պարգեւատրման ժամանակ նա ամուր գրկել էր Ջենիֆեր Էրմոսոյին ու համբուրել նրա շրթունքները։



Եւ մինչ Ռուբիալեսը ստադիոնում շարունակում էր վայելել հաղթանակը, արդեն րոպեներ անց ողջ համացանցում տարածվել էր այդ տեսանյութը՝ առաջ բերելով բազմաթիվ մարդկանց զայրույթը։  

Նրան քննադատողների մեջ ոչ միայն սովորական երկրպագուներ են, այլ նաեւ ֆուտբոլիստներ (Իկեր Կասիլիաս, Իսկո), մարզիչներ (Կարլո Անչելոտի), տարբեր ակումբների ղեկավարներ, Լա Լիգայի նախագահը։ Ավելին, ֆեդերացիայի նախագահի հրաժարականի պահանջով հանդես են եկել Իսպանիայի կառավարության մի շարք անդամներ, այդ թվում սպորտի նախարարը։

Լուսանկարը` BBC


Ի պաշտպանություն Ռուբիալեսի հանդես է եկել «Բավարիա»-ից Կարլ-Հայնց Ռումենիգեն․ «Կարծում եմ պետք չէ ամեն ինչ այսքան բարդացնել։ Երբ հաղթում ես Աշխարհի գավաթում, դժվար է զգացմունքները կառավարելը։ Օրինակ ես ՉԼ-ում հաղթելուց հետո համբուրել եմ տղամարդու, ճիշտ է, ոչ շուրթերից»։

Համացանցում եւս բազմաթիվ ֆուտբոլասերներ կոչ են անում մի կողմ թողնել կատարվածը եւ դա չդարձնել կանանց դեմ ուղղված բռնություն, քանի որ դրանք պարզապես ուրախության էմոցիաներ են եղել։

Ինքը՝ մարզուհին, այդքան էլ բուռն չի արձագանքել տեղի ունեցածին ու նույնիսկ կատակել է, թե իրեն դա դուր չի եկել, քանի որ Ռուբիալեսը վատ է համբուրվում․ «Մենք լավ հարաբերություններ ունենք նախագահի հետ, կարծում եմ, որ նրա պահվածքն ինքնաբուխ էր ու համբույրն էլ հույզերի տակ տեղի ունեցավ»։

Լուսանկարը` AS


Իսպանական լրատվամիջոցները գրում են, որ Իսպանիա վերադարձի ճանապարհին նախագահն ինքնաթիռում զրուցել է Էրմոսոյի հետ ու խնդրել, որպեսզի միասին տեսաուղերձով հանդես գան ու բացատրեն տեղի ունեցածը։ Սակայն ֆուտբոլիստուհին հրաժարվել է, եւ ֆեդերացիայի նախագահը դա արել է մենակ․  
 
«Իհարկե, ես սխալվել եմ, դա պահի ազդեցության տակ տեղի ունեցավ։ Ես միանշանակ սխալ էի, ես խոստովանում եմ, որ դա էմոցիոնալ պահ էր՝ առանց որեւէ հետին մտքի»։

Ինչպես երեւում է, միայն ներողություն խնդրելն Իսպանիայում քիչ են համարում։ Նույնիսկ վարչապետ Պեդրո Սանչեսն է անդրադարձել խնդրին ու հասկացրել, որ Ռուբիալեսը պետք է հրաժարական տա։

Լուսանկարը` Marca


Սակայն այսօր նա ֆեդերացիայի գործկոմի նիստի ժամանակ հայտնել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ, ինչից հետո, ըստ ԶԼՄ-ի, ծափահարություններ են հնչել։

«Ես կարող եմ ինձ պաշտպանել։ Կարծում եմ, որ օրենքը կգործի, իսկ ես չեմ հեռանա։ Ընդունում եմ սխալս, սակայն կրկնում եմ, որ ոչ մի վատ միտք դրա հետեւում չի եղել։ Իմ նախագահության տարիներին իսպանական ֆուտբոլում նշանակալից ձեռքբերումներ են եղել, իսկ ես բազմաթիվ նամակներ եմ ստացել աշխատակիցներից, ովքեր կոչ են անում մնալ այս պաշտոնում»,-ասել է Ռուբիալեսը։

Լուսանկարը` RFEF


Ավելացնենք, որ ՖԻՖԱ-ն կարգապահական գործ է բացել Լուիս Ռուբիալեսի դեմ․ «Կարգապահական կոմիտեն զբաղվում է Աշխարհի առաջնության եզրափակչի ընթացքում ու դրանից հետո Ռուբիալեսի պահվածքով։ Դա կարող է լինել ՖԻՖԱ-ի կարգապահական կոդեքսի խախտում»։

Ֆուտբոլային կառույցը վերջնական կայացրած որոշումը կհայտնի գործն ամբողջովին քննելուց հետո։

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին