742 դիտում

Անգլիական եւ իսպանական թիմերի 8-րդ դիմակայությունն ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում


Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA


Այսօր 23։00-ին հունական Պիրեյոս քաղաքի «Գեորգիոս Կարաիսակիս» ստադիոնում կայանալու է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը։

Միմյանց դեմ մրցելու են Չեմպիոնների լիգայի հաղթող «Մանչեսթեր Սիթի»-ն եւ Եվրոպայի գավաթակիր «Սեւիլիա»-ն։

Թիմերը եվրագավաթային մրցաշարերում հանդիպել են չորս անգամ, բոլորում էլ ուժեղ է եղել «Սիթի»-ն։ Վերջինը եղել է ամիսներ առաջ, քանի որ նրանք ՉԼ-ի խմբային փուլում ընդգրկված էին նույն խմբում։ Պեպ Գվարդիոլայի թիմը նախ հաղթել է 4։0, ապա 3։1 հաշիվներով։

Լուսանկարը` UEFA


Սա անգլիական եւ իսպանական թիմերի սուպերգավաթային հանդիպոււմներում 8-րդ դիմակայությունն է։ Առավելություն ունեն անգլիացիները, որոնք հաղթել են 4 անգամ։

«Մանչեսթեր Սիթի»-ն Սուպերգավաթում նորեկ է, այն դեպքում, երբ «Սեւիլիա»-ն խաղացել է վեց անգամ (բոլոր դեպքերում էլ որպես ԵԼ-ի հաղթող)։ Հաղթական ստացվել է միայն առաջին դիմակայությունը, երբ 2006-ին նրանք 3։0 հաշվով առավելության են հասել «Բարսելոնա»-ի նկատմամբ։ Վերջին երեք սուպերգավաթներում «Սեւիլիա»-ն պարտվել է ավելացված ժամանակում։

Նոր մրցաշրջանում առաջին մրցանակը նվաճելու «Սիթի»-ի վճռականությունը հաստատ ավելի է ամրապնդվել Անգլիայի Սուպերգավաթում «Արսենալ»-ից կրած պարտությունից հետո։ Պեպ Գվարդիլան Մատեո Կովաչիչի եւ Յոշկո Գվարդիոլի համալրումներով ձեւավորում է նոր լուծումներ։ Հաշվի առնելով նաեւ Կեւին դե Բրույնեի վնասվածքը եւ խաղի չմասնակցելը, չի բացառվում, որ կատալոնացի մասնագետը Հունաստանում նոր փորձարկումներ կկատարի ու կրկին կզարմացնի ֆուտբոլասերներին։

Լուսանկարը` UEFA


Իսկ ահա «Սեւիլիա»-ին, որը լուրջ պատրաստություն է անցել մրցաշրջանի մեկնարկից առաջ, հաստատ հեշտ մրցակից չի բաժին ընկել։ Մասնագետները կարծում են, որ այս թիմին դժվար է լինելու դիմագրավել անգլիացիներին, սակայն Խոսե Լուիս Մենդիլիբարի գալուց հետո իսպանական ակումբն անհամեմատ վստահ է դարձել եւ չի վախենում ոչ մի մրցակցից։

Պեպ Գվարդիոլա

Լուսանկարը` UEFA


«Չեք կարող պատկերացնել, թե մենք ինչքան ենք ուրախ այս խաղին մասնակցելու համար։ Հարկավոր է օգտվել հնարավորությունից ու հաղթել։ Ո՞վ գիտի, թե մեկ էլ երբ ենք այստեղ հայտնվելու։ «Սեւիլիա»-ի դեմ հեշտ չի լինելու, մարտնչելու բնավորություն ունեցող թիմ է։ Հաջողության հասնելու համար իսկապես շատ լուրջ աշխատանք պետք է տանենք»։

Խոսե Լուիս Մենդիլիբար

Լուսանկարը` UEFA


«Մենք պետք է հավատարիմ մնանք մեր գաղափարներին ու փորձենք թելադրել մեր ֆուտբոլը, նույնիսկ եթե խաղում ենք Եվրոպայի լավագույն թիմի դեմ։ Կազմը գրեթե չի տարբերվելու ԵԱ-ում անցկացրած հանդիպումների կազմից, նույնիսկ եթե «Սիթի»-ն ավելի արագ գործի, քան դա անում էր «Ռոման»»։

Լուսանկարը` UEFA


«Սիթի»-ն Սուպերգավաթին մասնակցող 40-րդ եւ անգլիական 7-րդ ակումբն է։ Եթե մանկունիացիներին հաջողվի հաղթել, ապա կլինեն Անգլիան ներկայացնող 6-րդ թիմը, որ նման հաջողության է հասել։

Գվարդիոլան նախկինում երեք անգամ տիրացել է այս մրցանակին․ 2009 եւ 2011 թվականներին «Բարսելոնա»-ի, իսկ 2013-ին՝ «Բավարիա»-ի հետ։ Այս անգամ հաղթելու դեպքում նա կհավասարվի Կարլո Անչելոտիին եւ կլինի առաջինը, որն այս մրցանակին արժանացել է երեք տարբեր ակումբների հետ։

Իսպանական ակումբները 31-րդ անգամ են խաղալու Սուպերգավաթում, ինչը մրցաշարի ռեկորդ է։ Իսկ ահա վեջին 10 խաղում Սուպերգավաթում հաղթել են ՉԼ-ի գավաթակիրները, բացառություն եղել է 2018-ին, երբ ԵԼ-ի հաղթող «Ատլետիկո»-ն ուժեղ էր «Ռեալ»-ից։

Լուսանկարը` UEFA


Հանդիպման գլխավոր մրցավարը ֆրանսիացի Ֆրանսուա Լետեկսյեն է, որը շատ երիտասարդ է՝ ընդամենը 34 տարեկան։  

Հունաստանն առաջին անգամն է ընդունելու եվրագավաթային եզրափակիչ 2006-07 մրցաշրջանի «Միլան»-«Լիվերպուլ» Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո։ Պիրեյոսը կդառնա 11-րդ քաղաքը, որը կանցկացնի ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը։

Ստադիոնն ամբողջովին վերականգնվել է 2004-ի Օլիմպիական խաղերի համար եւ այժմ տեղավորում է 30 հազար հանդիսական։ Բացի ֆուտբոլային հանդիպումներից, այստեղ կայանում են նաեւ համերգներ։ «Գեորգիս Կարաիսկակիս»-ում հանդես են եկել Ռիհանան, Aerosmith-ը, 50 Cent-ն ու Sex Pistols-ը։

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին