Հուլիս 27, 2024
exclusive
3229 դիտում

Հրանտ Շահինյան-100. Բարի, չհանձնվող ու համառ Օլիմպիական չեմպիոնը


Լուսանկարը` Էդվին Գրիգորյանի արխիվից

Լուսանկարը` Հերբերտ Բաղդասարյան

Լուսանկարը` Էդվին Գրիգորյանի արխիվից

Լուսանկարը` Comité International Olympique

Լուսանկարը` Էդվին Գրիգորյանի արխիվից

Լուսանկարը` Կենտրոնական բանկ

Լուսանկարը` Մեդիամաքս


Հուլիսի 30-ին լրանում է Օլիմպիական խաղերի ու Աշխարհի կրկնակի չեմպիոն Հրանտ Շահինյանի 100-ամյակը: Այդ յուրահատուկ առիթը Mediamax Sport-ը եւս մեկ անգամ օգտագործել է լեգենդար մարզիկին հիշելու համար: Մեզ օգնել են ՀԱՕԿ-ի պատվավոր փոխնախագահ ու նախագահի գլխավոր խորհրդական Դերենիկ Գաբրիելյանը եւ օպերատոր Էդվին Գրիգորյանը:

Անցյալից եկած հերոսները. Հրանտ Շահինյան


Գաբրիելյան. Ամեն ինչի հասնում էր բարության շնորհիվ  

Մեր առաջին ծանոթությունը Շահինյանի հետ այն ժամանակ էր, երբ նա արդեն ավարտել էր կարիերան ու սպորտկոմիտեում էր աշխատում, իսկ ես՝ ֆիզդաստիարակության վարչության պետն էի: Այդ ընթացքում շատ ենք շփվել ու հասցրել եմ նրան մոտիկից ճանաչել:

Զբաղեցնելով բարձր պաշտոն եւ ունենալով այդքան տիտղոսներ՝ իրեն միշտ խնդրողի դերում էր պահում: Տարիներ շարունակ նրանից հրամայական որեւէ խոսք չեմ լսել, ասում էր. «Դերենիկ ջան, ուզում եմ քեզ մի բան խնդրել», կամ էլ խորհուրդ էր հարցնում: Հաճելի էր Շահինյանի հետ աշխատել ու շփվել:

Իրենից շատ բան եմ սովորել, առաջին հերթին՝ ազնվություն, համեստություն ու վեհություն: Անչափ բարի ու համեստ մարդ էր, այդ որակը շատերի մոտ է բացակայում:

Ինքս փոքր եմ եղել ու ներկա չեմ եղել, բայց ինձ պատմել են, որ ԽՍՀՄ-ի առաջնության ժամանակ, երբ որոշվում էր Օլիմպիական խաղեր մեկնող թիմի կազմը, Շահինյանը բարձր ցուցանիշներ է գրանցել, անգամ նրա մրցակից Վիկտոր Չուկարինը, ով արդյունքում առաջին տեղն է գրավել, գոռացել է. «10 միավոր»: Իսկ մրցավարները նրան հատուկ 2,2 միավոր են նշանակել, պատկերացնո՞ւմ եք, ստացվում է ոչինչ չի արել:


Ամբողջ դահլիճը ոտքի է կանգնել ու բողոքել, Շահինյանը նրանց խնդրել է աղմուկ չբարձրացնել, բայց մյուս ձեւերից այնքան շատ միավորներ է հավաքել, որ կարողացել է մեկնել Օլիմպիական խաղեր:

Նրա վարքը պետք է օրինակ լինի մեր երիտասարդ մարզիկների համար, որոնք առաջնությունների ժամանակ իրենց շատ տգեղ են պահում մրցավարների հետ, կռվում են ու նրանց մեղադրում վատ արդյունքի համար:

Չուկարինը Հելսինկիում բացարձակ չեմպիոն է հռչակվել, իսկ Շահինյանը հաղթել է օղակների վրա ու թիմային պայքարում, 2-րդ տեղը գրավել նժույգթափերում եւ բազմամարտում:

Ալբերտ Ազարյանն ինձ պատմել է, թե ինչպես են ծանոթացել Շահինյանի հետ, որին իր ուսուցիչն էր համարում: Շահինյանը մասնակցել է Կիրովականում կայացած մրցումների, իսկ Ազարյանն այդ ժամանակ 14 տարեկան էր: Նրա ուշադրությունը միանգամից գրավել է իր սպորտային տվյալներով աչքի ընկնող տղան: Մինչեւ Շահինյանի կյանքի վերջը նրանք լավ ընկերներ են մնացել:

Ազարյանը միշտ մեծ հարգանքով է խոսում Շահինյանի մասին, երբ նա ողջ էր, ոչ մի հարց չէր բարձրացնում, սպասում էր, թե ավագ ընկերն ինչ կասի:


Երբ Շահինյանը մեծ սպորտային հաջողություններից հետո անցավ մարզչական աշխատանքի, ամբողջ ուշադրությունը կենտրոնացրեց իր անվան մարզադպրոցի կառուցման վրա: Ուզում էր Հայաստանում մարմնամարզության ապագան ավելի ամուր հիմքերի վրա դնել, հայ մարզիկները շարունակեն ուժեղների թվում լինել:   

Մարզադպրոցի կողքին նոր մասնաշենք էր կառուցում, որը գիշերօթիկի պես էր լինելու՝ երեխաներն այնտեղ ապրելու էին, սովորելու ու զուգահեռ պարապելու:  Շինարարությունը համարյա վերջացել էր, բայց վրա հասավ Շահիյնյանի մահն ու կառույցն այդպես էլ չծառայեց իր նպատակին: Մարմնամարզության ֆեդերացիայի ղեկավարությունն այն վաճառեց ու մեր նահապետի տարիների չարչարանքն արդյունք չտվեց: Շահինյանը մարմնամարզությունը զարգացնելու մեծ նպատակներ ուներ, ցավոք, կիսատ մնացին:

Այն ժամանակ սպորտկոմիտեի նախագահները լավ ավանդույթ ունեին՝ մեծ մարզիկների կարիերայի ավարտից հետո նրանց անունով դպրոցներ էին կառուցում, առաջինը եղավ Շահինյանինը: Երիտասարդ ու լավ մարզիչներին էին հավաքվում, մարզադպրոցները մեծ մասսայականություն ունեին, երեխաները ոգեշնչվում էին անվանի մարզիկներով ու ցանկանում նրանց պես ուժեղ դառնալ: Այդ մարզադպրոցները հարգանքի տուրք էին մեր մեծերին ու ներդրում սպորտի զարգացման գործում:


Սովորաբար ուժեղ ու տիտղոսակիր դառնալու համար պետք է եսասեր լինել, այլապես չես կարողանա հասնել նպատակիդ, բայց Շահինյանը բոլորովին այլ էր: Նրա որակներից եզակիներին է տրվում՝ ամեն ինչի հասնում էր բարության շնորհիվ: 18 տարին չլրացած ինքնակամ մեկնեց Հայրենական մեծ պատերազմ, ծանր վիրավորվեց, բժիշկների առաջ մեծ խնդիր էր դրված՝ հեռացնե՞լ ոտքը, թե՞ ոչ: Բայց Շահինյանը հեշտությամբ չհանձնվեց, շատ պայքարեց ու այդ ոտքով դեռ Օլիմպիական չեմպիոն էլ դարձավ: Թեեւ ամբողջ կյանքում կաղում էր, բայց ցույց չէր տալիս:  

Հեշտ չէր նաեւ ԽՍՀՄ-ի հավաքականում ընդգրկվելը, բայց դա էլ նրա ուժերից վեր չէր, 3 տարի տանջվեց ու մասնակցեց Օլիմպիական խաղերին: Մեծ եւ ուժեղ կամքի տեր մարդ էր, նրա ամբողջ կյանքն ու կարիերան են դա ցույց տալիս: Անգամ բժիշկներն էին զարմացել նրա տոկունության վրա, որոնց կարծիքով այլեւս չէր կարողանա սպորտով զբաղվել:

Շահինյանը երբեք ու ոչ մի պարագայում չէր հանձնվում, որոշ մարդիկ նրա բարությունը տեսնելով, կարծում էին, որ շատ փափուկ է, բայց դրա հետ մեկտեղ նաեւ համառ էր, ուժեղ եւ ամուր:


Ապրում էր համեստ կյանքով, 3 սենյականոց բնակարան էր ստացել, որի շենքի պատին Օլիմպիական կոմիտեն ցուցանակ էր տեղադրել նրա պատվին: ՄՕԿ-ը Շահինյանին պարգեւատրել է Պիեր դը Կուբերտենի «Արդար խաղի ասպետ» մրցանակով: Ջիպի անունով շուն ունեին, որի հետ Շահինյանը հաճախակի էր զբոսանքի դուրս գալիս, ինչը հիանալի առիթ էր, որպեսզի մարդիկ կանգնեցնեն ու հետը զրուցեն:

Շահինյանի 100-ամյակի առիթով ՀԱՕԿ-ը համագործակցեց Կենտրոնական բանկի հետ ու թողարկվեց արծաթե հուշադրամ: Այնքան կարեւոր է, որ նրա պես մարդկանց միշտ հիշում են ու մեծարում: Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեն էլ Հրանտ Շահինյանի անվան ոսկե մեդալ ունի:

Նրա պես մարզիկները միշտ պետք է ուշադրության կենտրոնում լինեն, չէ որ ժամանակին սպորտի շարժիչ ուժն էին ու բոլորս խոնարհվում էինք այդ մեծությունների առաջ: Պարտավոր ենք մեր մեծերին հիշել, գովաբանել ու նրանց օրինակով երիտասարդներին դաստիարակել:

Ժամանակին առաջարկել էինք Շահինյանի հարազատ գյուղ Գյուլագարակի անունը վերանվանել նրա պատվին, բայց այդ հարցը մնաց ռայկոմի քարտուղարի մակարդակում: Գոնե հիմա կարելի է նրա 100-ամյակի առիթով այդ բացը լրացնել: Հույս ունեմ, որ կառավարությունը կլսի խնդրանքս ու կկատարի՝ հարգանքի տուրք մատուցելով մեր առաջին Օլիմպիական չեմպիոնի հիշատակին: Դրանով նաեւ մեր մյուս անվանի մարզիկների պատվին տեղանուններ կոչելու սկիզբը կդնենք:

Գրիգորյան. Շահինյանը hայ ժողովրդի խիղճն էր

Լուսանկարը` Էդվին Գրիգորյանի արխիվից


Էդվին Գրիգորյանի հետ զրույցը սկսում ենք 1967 թվականին նրա արած լուսանկարով, որում հանրապետական ստադիոնում պատկերված են 4 օլիմպիական չեմպիոնները՝ Շահինյանը, Ազարյանը, Ենգիբարյանն ու Նովիկովը: Նկարը Գրիգորյանն արել է 21 տարեկանում եւ անչափ սիրով է հիշում այդ օրվա ու մեծ մարզիկների հետ աշխատանքի մասին:

«Այդ ժամանակ հեռուստատեսությունում էի աշխատում, բայց սպորտի հետ դեռ կապ չունեի, պարզապես նման տեղերում հայտնվում ու նկարում էի: Սպորտկոմիտեն նրանց հատուկ էր հավաքել, որպեսզի լուսանկարներն ուղարկի Մոսկվայում կայանալիք ցուցահանդեսին: Բոլորին առանձին լուսանկարեցինք, վերջում էլ առաջարկեցինք, որ միասին մտերիմ կանգնեն ու մեկ կադր էլ այդպես անենք: Լուսանկարչության իսկական վարպետներ էին հավաքվել՝ Հեքիմյանները, Բաղդասարյանները, ես ամենափոքրն էի, դիմացները կանգնեցի ու նկարեցի, պարզապես ֆոնն էր մի քիչ անհարմար: Այնպիսի սարքեր ունեին, իմն ընդամենը ՖԵԴ էր, բայց նկարը լավ ստացվեց:

Աբովյան փողոցի վրա՝ Մոսկվա կինոթատրոնի մոտ, փեղկ կար, որտեղ փակցրել էին Օլիմպիականների լուսանկարները, տասնյակ մարդիկ էին կանգնում ու նայում, իրենց երեխաներին այդ մի պատի շնորհիվ տանում էին սպորտով զբաղվելու: Չտեսնված նախաձեռնություն էր, ափսոս հետո այդ նկարները հանեցին:

Լուսանկարը` Հերբերտ Բաղդասարյան


Հրանտ Շահինյանը hայ ժողովրդի խիղճն էր, արտակարգ մարդ էր, որի համար ոչ ոք վատը չէր, բոլորին լավն էր համարում: Ծնողները 1930 թ. են Գյուլագարակից Երեւան տեղափոխվել, Հրանտին տարել են ջութակի, ապա որոշել է գնալ մարմնամարզության, մարզվել է 40-ականների լավագույն մասնագետներից մեկի՝ Գարգալոյանի մոտ:

Շահինյանը միշտ է մտածել մարզիկ դառնալու մասին, քանի որ ցանկանում էր հին հույների պես աթլետիկ կազմվածքով պատանիներ Հայաստանում շատ լինեն:  Մտովի գնում էր հին դարեր եւ ուզում Հերակլեսի ու մյուս հերոսների որակները դաստիարակել հայերի մոտ: Նպատակ ուներ դրան հասնել մարմնի կրթության շնորհիվ, առաջինն ինքն անցավ այդ ճանապարհը:

16 տարեկանում դարձավ ԽՍՀՄ-ի պատանիների բացարձակ չեմպիոն՝ բոլոր 6 ձեւերում էլ ոսկե մեդալներ նվաճելով: Ապա վրա հասավ պատերազմը, որին մասնակցեց ու վերադարձավ ծանր վիրավորումով: Փայտով էր քայլում, բայց իրեն ստիպեց նորից մարզվել ու 1949-ին արդեն մեծահասակների պայքարում կրկնեց հաջողությունը՝ դառնալով բացարձակ չեմպիոն:

Այդ արդյունքով ընդգրկվեց ԽՍՀՄ-ի թիմում ու մեկնեց Հելսինկի, որտեղ օղակների վրա դարձավ չեմպիոն, շատերը գիտեն, թե նա նժույգթափերի վրա է հաղթել, բայց այդ վարժությունում 2-րդ տեղն է գրավել, պարզապես այնպիսի տարրեր է կատարել, որոնք նրա անունով են կոչվել:

Լուսանկարը` Comité International Olympique


Շահինյանը օղակների վրա հիասքանչ էր ելույթ ունենում, վարժությունն առանց դողալու էր անում, շատ մոնումենտալ: Դասական խաչը ամենալավը Շահինյանն էր կատարում, դրա համար էլ չեմպիոն դարձավ: Նա իսկապես մեծ մարզիկ էր, շատ դժվարություններ է հաղթահարել իր նպատակներին հասնելու համար. «Խելացի վարվեցի, որ չշարունակեցի գնալ ջութակի, փոխարենն իմ մարմինը մարզեցի, այլապես երբեք նման բաների չէի հասնի»,- ոգեւորությամբ ասում էր նա:

1990 թվականին առաջին անգամ Խորհրդային միությունը թույլ տվեց Իրանի հետ կապերն ամրապնդել, 40 հոգանոց պատվիրակությամբ մեկնեցինք Թեհրան: Մեզ հետ էին սպորտկոմիտեի նախագահ Ռաֆայել Թորոյանը, Հրանտ Շահինյանը, Ալբերտ Ազարյանը, մարմնամարզության ու ակրոբատիկայի տղամարդկանց թիմերը, «Արարատ 73»-ը, Արամայիս Սահակյանը, Համլետ Ղուշչյանը:

Երբ երեկոյան ժամը 10-ին տեղ հասանք, մեզ «Արարատ» մարզակումբի մոտ այնքան մարդ էր սպասում, Սիրիայից ու Լիբանանից էլ կային: Իմացանք, որ մեծ մասը եկել է առաջին հայ Օլիմպիական չեմպիոն Շահինյանին տեսնելու: Նա 3 տարի աշխատել էր Սիրիայում ու մարզել կանանց, հենց նրանք էլ տարիներ անց եկել էին հետը հանդիպելու:


Պատկերացրեք, թե ինչպիսի վերաբերմունք է ցուցաբերել ու կարեւոր խորհուրդներ տվել, որ համարյա 20 տարի անց էլ խենթանում էին Շահինյանի համար՝ բոլորն ուզում էին նրան գրկել, ձեռքերն ու ճակատը համբուրել: Որպեսզի խառնաշփոթ չառաջանա, որոշեցին Շահինյանին ու նրա երկրպագուներին առանձնացնել, ու 5 րոպե անց հավաքվածքների մեծ մասը գնաց: Դա ամենամեծ գնահատականն է, որը ցանկացած մարզիկ ու մարդ կարող է ստանալ:

Շահինյանը շատ էր մտածում մարմնամարզությունը զարգացնելու մասին: Սովորաբար ուրբաթ օրերին էի գնում մարզադպրոցում նկարահանում անելու, սաներին շարքով կանգնեցնում էր, անկախ նրանից, թե քանի հոգի կլինեին՝ 40-50, վերջիններս սուսուփուս իրենց օրագրերը բերում էին, որպեսզի Շահինյանը հետեւի գնահատականներին: Կարդում էր ուսուցիչների նշումներն ու ստորագրում, ասում էր, եթե ծնողները չկարողանան գնալ դպրոց, ինքը նրանց կփոխարինի: Վատ գնահատականներին մեծ ուշադրություն էր դարձնում ու զգուշացնում, որ այդպես շարունակելու դեպքում դահլիճ չի թողնելու: «Մարզիկ բոլորդ էլ կարող եք լինել, բայց անհրաժեշտ է լավ մարդ դառնալ, դրա համար հարկավոր է սովորել»,- սիրում էր կրկնել Շահինյանը:


Ինքն այնքան մեծ գրադարան ուներ, մինչեւ հիմա էլ ընտանիքը պահել է, ամեն ինչից կարող էիր հետը խոսել, տեղեկացված էր ու շատ կարդացած: Անհնար էր չհիանալ նրանով ու իր բանիմացությամբ: Ափսոս, որ Շահինյանին 20-րդ դարի լավագույն հայ մարզիկ չճանաչեցին, թեկուզ միայն նրա համար, որ առաջին հայ Օլիմպիական չեմպիոնն է: Սպորտային լրագրողները մեծ սխալ թույլ տվեցին:

Այն մարզիկներից չէր, որ կասեր. «Ես պետք է լինեմ լավագույնն ու վերջ», բոլորին տեղ էր տալիս, մեկը որ հանկարծ մեդալ էր նվաճում, մանուկի պես երջանկանում էր. «Այս ինչ լավ բան եղավ, երազումս անգամ չէի կարող պատկերացնել»:

Ընտանիքի հետ Չարենցի փողոցի վրա էին ապրում, սպորտային խմբագրությունը ռադիոտանն շենքում էր գտնվում՝ 3-րդ պատուհանը մերն էր, գիտեինք, թե երբ է իջնելու մարզադպրոց: Ինքն էլ տեղյակ էր, որ պատուհանի մոտ անպայման սպասելու ենք՝ անկախ նրանից քանի հոգի կլինենք: Գալիս էր ու գեղեցիկ ժեստով մեզ ողջունում:

Միշտ շեշտում էր. «Լավ եղեք, ժողովուրդ ջան, առանց ձեզ մեր գործը առաջ չի գնա: Ինչ էլ անենք, միեւնույն է պետք է գաք, նկարեք կամ գրեք մեր մասին, որ բոլորն իմանան, թե ով էր լավը կամ ինչ է արել»:


Տանն էլ շատ ուշադիր էր կնոջ ու երեխաների նկատմամբ, Շահինյանի հետ մի քանի երկրում մրցման եմ եղել, միշտ խնդրում էր իր սաներին նկարել, որ արխիվ ունենան: Մեր մնացած Օլիմպիական չեմպիոնների հետ էլ հաճախ եմ ճանապարհորդել, Շահինյանի պես պատվի եւս մեկ մարզիկ էր արժանանում՝ Յուրի Վարդանյանը, որն ավելի շատ իր ուժի ու սպորտային նվաճումների համար էր սիրված, իսկ Շահինյանը՝ նաեւ մարդկային որակների: Այնքան ջերմ ու լավ էր խոսում մարդկանց հետ, դրա համար էլ զարմանալի չէ, որ այդքան հարգված էր:

Շատ մեծ շրջապատ ու ընկերներ ուներ ամենատարբեր ոլորտներից, Վիկտոր Համբարձումյանն էր անչափ հարգում Շահինյանին, Մարտիրոս Սարյանը ցանկանում նկարել, բայց չէր գնում: Մի անգամ ասաց, թե ինչու. «Քիթս սուր է, դրա համար էլ չեմ ուզում նկարի: Գեղանկարչությունը մարդկանց սառեցնում է, իսկ ֆոտոներում տարբեր ռակուրսներից են տեսնում ու վատ կողմերդ չեն հիշում»:

Դժվար է բառերով պատմել նրա պես մարդու մասին, որը միշտ պլպլան կոշիկներով էր, արդուկված տաբատով, սպիտակ վերնաշապիկով, ձմռանն էլ նորաձեւ գլխարկ էր կրում: Կոկիկ հագնված էր ամեն օր՝ նշանակություն չուներ կիրակի էր, միջոցառման էր, մարզման, թե պարզապես զբոսնում էր: Մեր մյուս մեծերից՝ Արամ Խաչատրյանից կամ գիտնականներից, ոչնչով պակաս չէր, նա էլ իր գործում էր լավագույնը՝ սպորտի պրոֆեսորն ու ակադեմիկոսն էր:  


Շահինյանը միշտ յուրահատուկ մտքեր էր ասում, փիլիսոփայորեն է արտահայտվել կարիերայի ավարտի ու անցած ճանապարհի մասին. «Կանգնել եմ կայարանում ու սպասում եմ գնացքի, տեսնելու, թե ինձ ուր կտանի: Բայց մի բան հաստատ գիտեմ, որ հաղթել եմ նրան ու ինձ հավերժություն է հասցնելու»:



Հասմիկ Բաբայան

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին