Հունվար 15, 2025
951 դիտում

Օլիմպիական խաղերի մեկնարկից 1 տարի առաջ. Փարիզում աշխարհը կմիավորվի սպորտի շուրջ


Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` paris2024.org

Լուսանկարը` paris2024.org

Լուսանկարը` paris2024.org

Լուսանկարը` paris2024.org

Լուսանկարը` newsweek

Լուսանկարը` paris2024.org

Լուսանկարը` paris2024.org

Լուսանկարը` paris2024.org

Լուսանկարը` paris2024.org

Լուսանկարը` paris2024.org

Լուսանկարը` paris2024.org

Լուսանկարը` paris2024.org

Լուսանկարը` paris2024.org

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images


Ուղիղ մեկ տարի անց Փարիզի Սեն գետի վրա կայանալու է 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը: Առաջին անգամ խաղերի պատմության ընթացքում մասնակցելու են հավասար քանակությամբ կին ու տղամարդ մարզիկներ:

Փարիզն Օլիմպիական խաղեր ընդունել է նաեւ 1924 թվականին, հուլիսի 5-27-ը կայացած մրցումներում ելույթ է ունեցել 44 երկրի 3089 մարզիկ, որոնք մրցել են 17 ձեւերում:

100 տարվա ընթացքում խաղերի աշխարհագրությունն ու մասնակիցների քանակությունը զգալիորեն փոխվել է: Մյուս տարի Փարիզը 32 մարզաձեւերում կընդունի 10500 մարզիկների 206 երկրներից, ներկայացված կլինի նաեւ փախստականների թիմը:

Ջահը

Օլիմպիական խաղերի ջահը ներկայացվել է երեկ, այն 70 սմ է ու կշռում է 1,5 կգ: Դիզայնը մտածել ու իրականցրել է Մաթյո Լեանյորը:

«Խնդիրը կայանում էր նրանում, թե ինչպես Փարիզ-2024-ի արժեքները տեսանելի դարձնել: Նախ սկսեցինք հավասարության սկզբունքից ու փորձեցինք ջահը հենց այդպիսին ստանալ: Համաչափությունը գտնելուց հետո, անցում արեցինք գույնին ու որոշեցինք նրան շամպայնի երանգ տալ: Ուզում էինք չափից շատ ոսկեգույն չլինի, բայց նայելիս ջերմացնի մարդկանց: Եթե վերցնեինք ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալները, նրանց ձուլվածքը հենց շամպայնի գույնը կունենար»,- պատմել է դիզայները:

Լուսանկարը` paris2024.org


Նա սպորտային մրցումների մեծ սիրահար չէ, բայց չէր կարող հրաժարվել ստեղծել խաղերի կարեւոր խորհրդանիշներից մեկը: Լեանյորի խոսքով՝ այնպես են արել, որ կրակի բոցը երեւա ցանկացած եղանակի, դրա համար էլ ջահի վերեւի հատվածում հատուկ ճեղք կա, որն էլ այն տեսանելի է դարձնում բոլոր կողմերից:

Ջահի ստորին հատվածը հղկված պողպատից է ու նախագծված է «ալիքային ռելիեֆ»-ի տեսքով: Այն խորհրդանշում է Սեն գետի ջրերն ու օվկիանոսային ճանապարհորդությունները, որոնք Օլիմպիական կրակը կատարել է փոխանցումավազքի ընթացքում: Բացի այդ էլ խաղերի բացումը հենց գետի վրա է տեղի ունենալու, դրա համար ջրային թեման այս դեպքում առավել քան տեղին է:

Պատրաստվելու է 2000 ջահ, որոնցից յուրաքանչյուրը փոխանցումավազքի ժամանակ կօգտագործվի մոտ 10 անգամ: Ջահը պաշտոնապես կներկայացվի 2024 թվականի ապրիլի 16-ին՝ Հունաստանում Օլիմպիական կրակի վառման արարողության ժամանակ:

Կրակը կատամարանով կհատի Ատլանտյան օվկիանոսն ու կայցելի ֆրանսիական անդրծովային տարածքներ, կլինի նաեւ Թաիթիում, որտեղ նախատեսվում է անցկացնել սերֆինգի մրցումները:

Լուսանկարը` paris2024.org


Փոխանցումավազքը տեւելու է 68 օր ու կրակը հուլիսի 26-ին ժամանելու է Փարիզ: Խաղերի պատմության մեջ առաջին անգամ բացումը կկայանա ստադիոնից դուրս:

Փարիզում ջահի ներկայացման միջոցառման հյուրն է եղել լեգենդար արագավազորդ, Աշխարհի ու Օլիմպիական խաղերի չեմպիոն, ռեկորդակիր Ուսեյն Բոլտը:

Թալիսմանը

Այն բանից հետո, երբ 1968 թվականի Գրենոբլի ձմեռային Օլիմպիական խաղերի խորհրդանիշը դարձավ զվարճալի կարմիր, սպիտակ, կապույտ լեռնադահուկորդ Շուսը, թալիսմանները սպորտային ամենակարեւոր իրադարձության նաեւ զվարճալի դեսպաններն են համարվում:

Այս անգամ էլ խաղերի համար Ֆրանսիայում նման տարբերվող ու ասելիք փոխանցող թալիսման են ընտրել՝ Phryge-ին: Նա կարեւոր ուղերձ ունի՝ ցույց տալ, որ սպորտը կարող է փոխել աշխարհն ու պետք է առանցքային դեր ունենա հասարակության կյանքում:

«Մենք ընտրել ենք ոչ թե կենդանի, այլ իդեալ: Նախապատվությունը տվել ենք փռյուգիական գլխարկին, քանի որ այն Ֆրանսիական հեղափոխության վառ խորհրդանիշ է ու մեր ժողովրդի համար ազատություն է խորհրդանշում: Դրա համար էլ այն ամբողջ աշխարհի թալիսմանների համար օրինակ կծառայի: Պարալիմպիկ թալիսմանի ոտքը պրոթեզ է, ինչը հստակ ուղերձ ունի եւ նշանակում է, որ մենք բացառիկության կողմնակից ենք»,- թալիսմանները ներկայացնելիս ասել է Փարիզ-2024-ի կազմկոմիտեի նախագահ ու Օլիմպիական եռակի չեմպիոն Թոնի Էստանգեն:


Ֆրանսիայում համոզված են, որ խորհրդանիշ համարվող գլխարկները տարիներ անց վերադարձել են Փարիզ, որպեսզի նորից հեղափոխություն անեն, այս անգամ՝ սպորտում: Թալիսմանների շնորհիվ փորձելու են ցույց տալ, թե եղբայրությունն ու համերաշխությունն ինչպես կարող են փոխել մարդկության ապագան:

Phryge-ի կարգախոսն է. «Միայնակ մենք ավելի արագ ենք առաջ գնում, իսկ միասին՝ ավելի հեռու»:

Լուսանկարը` paris2024.org


Փոխանցումավազքը

Հունիսի 23-ին խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է Օլիմպիական կրակի փոխանցումավազքի երթուղին: Այն սկսվելու է ապրիլի 16-ին Օլիմպիայում, մայիսի 8-ին կրակն Աթենքից ժամանելու է Մարսել:

68-օրյա ուղեւորության ընթացքում կրակը լինելու է ֆրանսիական 65 բնակավայրում, այն տանելու են 10 հազ. ջահակիրներ, որոնք լինելու են երկրի համար կարեւոր ու պատմական ամենատարբեր վայրերում:

Կազմակերպիչները մտադիր են «Առաջամարտիկների փոխանցումավազքի» ժամանակ ցույց տալ իրենց երկրի բազմազանությունն ու ողջ գեղեցկությունը, ներկայացնեն պատմությունը, ավանդույթները, տաղանդը, արվեստագետներին ու նորարարներին՝ հայտնելով 100 տարի անց Ֆրանսիա խաղերի վերադարձի մասին:

«68 օրերի ընթացքում կտեսնեք մեր երկրի անհավանական մեծությունն ու ընդգրկուն լինելը: Կծանոթանաք մեր ժառանգությանը, կհիանաք տեսարաններով, թանգարաններով ու արվեստով: Ու, ամենակարեւորը, կծանոթանանք մեր երկրի բնակիչների հետ: Կրակի ճանապարհը տպավորիչ կլինի, ազգային ու սպորտային»,- ասել է կազմկամիտեի նախագահ Թանի Էստանգեն:

Լուսանկարը` paris2024.org


Ձեւավորումը

Խաղերի 62 մարզաձեւերի վիզուալ դիզայնը ներառում է ֆրանսիական նրբագեղությունն ու վառ գույները: Ձեւավորումը նպատակ ունի սպորտային տոնին հրավիրել հնարավորինս շատ մարդկանց, օգնի զարգացնել սպորտն ու ամբողջ աշխարհին ցույց տալ նրա հնարավորությունները:

Օլիմպիական խաղերի վիզուալ կողմը հենվում է մի քանի նպատակի վրա, որոնցից առաջնայինը տոն պարգեւելն ու շարժման մեջ լինելն է:

Խաղերը սպորտային ամենախոշոր միջոցառումն են ու մարդկանց միավորում են սպորտի շուրջ: Վառ ու կենսաուրախ գույները խորհրդանշում են Օլիմպիական խաղերի տոնական ոգին:

Փարիզը համարվում է նորաձեւության ու լույսի քաղաք: Դրա համար սպորտային ոճն էլ պետք է նրբագեղ ու շքեղ լինի:

Լուսանկարը` newsweek


Խաղերի կազմակերպիչները նպատակ ունեն ամենայն պատասխանատվությամբ մոտենալ մրցումներին, դրա համար էլ փորձելու են Օլիմպիական ու Պարալիմպիկ մրցումներն անել աննշան տարբերությամբ, արտաքին ձեւավորումն էլ էականորեն չի տարբերվի:

Մրցաշարն անցնելու է «Լայն բացված խաղեր» կարգախոսով, որն իր մեջ ներառում է  սեռերի հավասարությունն ու նոր մարզաձեւեր ընդունելու պատրաստակամությունը:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին