Ապրիլ 20, 2024
1475 դիտում

Ազատության խորհրդանիշ փռյուգիական գլխարկը Փարիզ-2024-ի թալիսմանն է


Լուսանկարը` Olympic

Լուսանկարը` Paris-2024

Լուսանկարը` Paris-2024

Լուսանկարը` Wikipedia

Լուսանկարը` Wikipedia

Լուսանկարը` Getty Images


Փռյուգիական գլխարկն ազատության խորհրդանիշն է ոչ միայն Ֆրանսիայում, այլ նաեւ ամբողջ աշխարհում:

Այսօր գլխարկը Փարիզ-2024-ի խորհրդանիշն է, որով ֆրանսիացիները ցույց են տալիս ոչ միայն իրենց պատմությունը, այլ նաեւ փորձում են ամբողջ աշխարհին միասնական լինելու կոչ անել:

Լուսանկարը` Paris-2024


Օլիմպիական խաղերի թալիսման Phryge-ը մեծ աչքերով, ֆրանսիական դրոշի գույներով ու սպորտային կոշիկներով է: Օլիմպիական եւ Պարալիմպիկ խաղերի թալիսմանները միշտ տարբեր են եղել եւ ունեցել են նաեւ տարբեր անուններ: Փարիզի խաղերում նրանք ունեն նույն տեսքն ու անունը, բացառությունը միայն ոտքերն են. Պարալիմպիկի մեկ ոտքը պրոթեզ է:

«Մենք ուզում էինք տարբերվող մի բան անել: Նախկին բոլոր թալիսմանները եղել են հիմնականում կենդանիներ, որոշեցինք, որ մեր պարագայում այդպես չի լինի: «Հեղափոխություն» բառը ֆրանսիական ինքնության մասն է, փռյուգիական գլխարկը՝ ազատության խորհրդանիշը: Այսպիսի լուծում ստանալը շատ հաջողված է»,-ասել է խաղերի կազմկոմիտեի նախագահ, Օլիմպիական եռակի չեմպիոն Թոնի Էստանգեն:

Լուսանկարը` Paris-2024


Եկեք հասկանանք, թե ինչպիսի ճանապարհ է անցել փռյուգիական գլխարկը հնագույն ժամանակներից եւ հասել մեր օրեր:

Ազատության խորհրդանիշն ամենեւին էլ ֆրանսիական ծագում չունի: Անունը ցույց է տալիս, որ գլխարկը կրել են Փռյուգիայում, որը մեր թվարկությունից առաջ պետություն էր Փոքր Ասիայում: Սակայն գլխարկը հայտնի դարձել է հույների շնորհիվ, բազմաթիվ որմնանկարներում նույնիսկ Պարիսը պատկերված է այդ գլխարկով:

Լուսանկարը` Wikipedia


Հին Հունաստանում եւ Հռոմում գլխարկները թույլատրվում էր կրել նաեւ այն ստրուկներին, ովքեր ազատություն էին ստացել: Գլխարկով բազմաթիվ քանդակներ պահպանվել են մինչեւ այսօր:

Ֆրանսիայում փռյուգիական գլխարկները կրելիս են եղել ավելի վաղ ժամանակներից, երբ 1163-ին կառուցվում էր Փարիզի Աստվածամոր տաճարը: Բայց պատմական իրադարձությունը, որը դրանք դարձրեց համաշխարհային մասշտաբով խորհրդանշան, Ֆրանսիական հեղափոխությունն էր:


1789-ին սկսված հեղափոխության ժամանակ գլխարկները կրելիս են եղել Յակոբինները՝ շարժման առանցքային դերակատարները: Կարճ ժամանակ անց այլ մարդիկ եւս մեծ թափով գլխարկներ ձեռք բերեցին ու մասնակցեցին կարեւոր իրադարձությանը: Փռյուգիական գլխարկը սկսեց ասոցացվել հեղափոխության հետ:

Էժեն Դելակրուայի «Ժողովրդին առաջնորդող Ազատությունը» հայտնի կտավում Մարիանը՝ Ֆրանսիայի Հանրապետության խորհրդանիշը, կրում է փռյուգիական գլխարկ: Նա արտահայտում է ազգային կարգախոսը՝ «Ազատություն, Հավասարություն, Եղբայրություն»:



Չնայած հետագայում մեծ արյունահեղություն տեղի ունեցավ, սակայն մինչ այսօր Ֆրանսիայում այս հեղափոխությունը նույնացվում է պայքարի եւ ազատության հետ:

Գլխարկը հետագայում դրել են նաեւ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Լատինական Ամերիկայում տեղի ունեցած տարբեր շարժումների ու հեղափոխությունների ժամանակ: Պատահական չէ, որ փռյուգիական կարմիր գլխարկն այսօր էլ ողջ աշխարհում շատ տարածված է: Նույնիսկ մի շարք երկրներ, այդ թվում Կուբան, Արգենտինան, Կոլումբիան, իրենց ազգային գերբի վրա են պատկերել այն:

Լուսանկարը` Wikipedia


«Օլիմպիական խաղերի թալիսմանները հազարամյակի փորձով գիտեն, որ հեղափոխությունները նախապատրաստման կարիք ունեն: Մեր երկու հերոսուհիներն ունեն երկու տարի ժամանակ, որպեսզի Ֆրանսիային եւ նրա ժողովրդին ակտիվություն հաղորդեն: Տոնակատարությունները բաց թողնելու կարիք չկա:

Լուսանկարը` Getty Images


Օլիմպիական Phryge-ը եւ Պարալիմպիկ Phryge-ը համոզված են, որ սպորտով հնարավոր է փոխել ամեն ինչ՝ մեր կյանքը, առողջությունը, հարաբերությունն այլ մարդկանց ու բնության հետ... Ժամանակն է, որ ավելի շատ տեղ հատկացնենք սպորտին»,- ահա այսպիսի կոչ են անում Փարիզի Օլիմպիական խաղերի խորհրդանիշներն իրենց նվիրված պաշտոնական կայքում:

Իսկ Փարիզում խաղերը կայանալու են 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը, Պարալիմպիկը՝ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը:

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին