Փետրվար 05, 2025
exclusive
984 դիտում

Բասկետբոլի Ա-լիգա․ Պայքարից դուրս մնացած «Էրեբունի»-ն


Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա


Բասկետբոլի Ա-լիգան թեւակոխել է կարեւոր փուլ եւ չորս թիմ սկսելու է պայքարը չեմպիոնության համար։

«Էրեբունի»-ն լիգայում վաստակեց 11 միավոր ու զբաղեցրեց վերջին տեղը՝ դուրս մնալով հետագա պայքարից։

Թիմի խաղացող մարզիչ Սիմոն Թերզյանի հետ զրուցել ենք խնդիրների, չստացված հանդիպումների ու իր ստացած փորձի մասին։

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա


Այս տարի «Էրեբունի»-ն նոր սեփականատեր ունեցավ՝ Բրենդեն Հիլը, որը թիմում կատարեց լուրջ փոփոխություններ ու ձեւավորեց նորը։ Նա նաեւ ՖԻՄԱ-ի հետ է աշխատում եւ ծանոթ է եվրոպական բասկետբոլին։

«Բրենդենը կապվեց ինձ հետ եւ առաջարկեց «Էրեբունի»-ում խաղալ։ Ես ասացի, որ ֆիզիկապես պատրաստ չեմ, սակայն կարող եմ հանդես գալ որպես մարզիչ։ Նա համաձայնեց, սկսեցի աշխատել տղաների հետ, բայց հետագայում խաղացողի պակաս ունեցանք ու ստիպված նաեւ հանդես եկա որպես բասկետբոլիստ։

Վարանդ Քելեջյանը թիմի հին խաղացողներից էր, հետո կանչեցինք Արտյոմ Բիչախչյանին։ Շատ բասկետբոլիստներ իրենք մեզ գրեցին, կատարեցինք ընտրություն ու մասնակցեցինք Ա-լիգային»։

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա


Թերզյանն ընդգծում է, որ իրենց համար դժվար է եղել, քանի որ թիմը ծանոթ չէր միմյանց, բացի այդ էլ մարզումներ քիչ են անցկացրել։ Գտնում է, որ եթե 10-12 հոգանոց հիմնական կորիզ ունենային, ապա կկարողանային անհամեմատ ավելի լավ հանդես գալ։

«Բարձրահասակ խաղացող չունեինք ու հետ եկած գնդակներին չէինք կարողանում տիրել, ինչը բարդացնում էր մեր գործը։ Այս ամիսների ընթացքում լիովին տրվեցինք ու սկսեցինք սրտով խաղալ, ամեն ինչ անում էինք հաջողության հասնելու համար, բայց չստացվեց։ Լիգան մեզ համար արդեն ավարտվել է, ցավոք, դուրս մնացինք հետագա պայքարից»։

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա


Նա գտնում է, որ այս տարվա Ա-լիգան լավն էր, սակայն նշում նաեւ մի շարք բացթողումների մասին․ «Շատ արագացված անցավ ամեն ինչ, խաղերը մոտ էին իրար։ Անկեղծ ասած, ինձ չգոհացրեց նաեւ մարզումների ծրագիրը, որով դահլիճը տրամադրվում էր թիմերին։ Մեր ժամերն անհարմար էին, իսկ քանի որ թիմի անդամների մեծ մասը նաեւ այլ տեղերում է աշխատում, չէր հարմարվում լիարժեք պարապել։ Ցավոք, բայց ժամերն այդպես էլ փոխել հնարավոր չեղավ, ինչը եւս ազդեց մեր թիմի վրա»։

Լուսանկարը` Արփի Մալյանց/Ա-լիգա


«Էրեբունի»-ի հետագա գործունեության մասին Թերզյանը ոչինչ չգիտի, քանի որ դեռ չի խոսել սեփականատիրոջ հետ։ Միայն ավելացնում է, որ Քելեջյանն արդեն միացել է ՖԻՄԱ-ին, Բիչախչյանը եւս հնարավորություն ունի ընդգրկվել չորսի եզրափակչում հայտնված թիմերից մեկի կազմում։

Որպես մարզիչ Թերզյանի համար սա եղել է առաջին փորձը։ Նշում է, որ մյուս տարի «Էրեբունի»-ում չի լինի, սակայն մտածում է մարզչական աշխատանքը շարունակելու մասին։

«Գլխավոր մարզչի աշխատանքը ինձ փորձ տվեց։ Հեռվից նայելով՝ թվում է այն հեշտ է, բայց երբ արդեն մեջն ես, տեսնում ես, որ ամեն մեկն ունի իր ես-ը։ Պետք է կարողանաս հարաբերվել ու ճիշտ վարվել յուրաքանչյուր խաղացողի հետ։ Ուրախ եմ, որ «Էրեբունի»-ի հետ ստացա այդ փորձառությունը»։

Գոհար Նալբանդյան
Լուսանկարները՝ Արփի Մալյանց/Ա-լիգա

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին