Պարալիմպիկ մարզիկներ Օքսանա Մասթերսն ու Ահարոն Պայկն ամենահայտնի սպորտային զույգերից են, նրանք խորհրդանշում են ուժ ու պայքար:
Մարզիկները լավ ընկերներ ու թիմակիցներ են, մրցում են մի քանի մարզաձեւերում եւ հանդես գալիս ինչպես ձմեռային, այնպես էլ ամառային մրցումներում: Բազմաթիվ մրցաշարերից բացի ելույթներ են ունեցել Լոնդոնի, Ռիո դե Ժանեյրոյի, Փհենչանի ու Տոկիոյի ամառային եւ ձմեռային Պարալիմպիկ խաղերում: Այսօր բացահայտելու ենք սպորտային զույգի ուժեղ կողմերն ու միմյանց հետ երջանիկ լինելու գաղտնիքը:
Որդեգրումը
34-ամյա Օքսանան ուկրաինական ծագմամբ ամերիկացի մարզուհի է Կենտուկիից: Նա ծնվել է Չեռնոբիլի ատոմակայանի պայթյունից 3 տարի անց ու ճառագայթման արդյունքում բնածին արատներով եղել՝ ոտքերի տարբեր երկարությամբ ու այլ խնդիրներով: Ծնողները նրան թողել են մանկատանն ու լքել, որտեղ նա մնացել է մինչեւ 7 տարեկանը: Այդ ժամանակ նրան որդեգրել է ամերիկացի պրոֆեսոր Գեյ Մասթերսը, որն ամուսնացած չի եղել ու երեխաներ չի ունեցել:
Օլիմպիական խաղերի 8-ակի մեդալակիրը 2020 թվականին արժանացել է Laureus մրցանակի: Բեմի վրա արձանիկը ձեռքին պահած նա հավաքվածների մեջ փորձում էր գտնել իր ամենահարազատ մարդուն՝ մայրիկին:

Լուսանկարը` Team USA
«Մայրիկ, շնորհակալ եմ քեզ, որ փրկել ես ինձ ու կյանքում երկրորդ հնարավորություն տվել: Շնորհակալ եմ նաեւ, որ ինձ համար բացել ես դեպի սպորտ տանող դուռն ու սպասել, մինչեւ որ կկարողանամ դրանով ներս մտնել»:
The Courier Journal-ին տված զրույցում Գեյ Մասթերսն ասել է. «Ես չեմ փրկել նրան, ինքն իրեն է փրկել, այդ երեխան կարողացել է ողջ մնալ: Սկզբում ցանկացել էի նորածին որդեգրել, բայց երբ ինձ ցույց տվեցին Օքսանայի սեւ ու սպիտակ նկարը եւ տեսա նրա փայլող աչքերը, հասկացա, որ հենց նա է իմ աղջիկը լինելու: Ինձ չէր անհանգստացնում, որ խնդիրներ ունի, աշխատանքի բերումով ուղեղային կաթված ունեցող շատ երեխաների հետ եմ առնչվել, որոնք չեն էլ կարողանում խոսել»:
Բայց երբ Մասթերսն իր որոշումն արդեն կայացրել էր, Ուկրաինայի կառավարությունն արգելեց արտերկիր որդեգրումներ կատարել: Որդեգրման գործակալությունից խորհուրդ տվեցին Ռուսաստանից փոքրիկ վերցնել, բայց միանգամից հրաժարվեց. «Իմացել էի, որ մանկատանն Օքսանային տվել էին իմ նկարն ու ասել, որ իր հետեւից կգամ»:

Լուսանկարը` Team USA
Որդեգրման ընթացքը 2 ամիս է տեւել, Մասթերսին միայն մեկ բան է անհանգստացրել, որ հանկարծ աղջիկը հույսը չկորցնի: Որդեգրման որոշումը կայացնելուց ուղիղ 2 տարի անց Գեյն Ուկրաինայում ծնկի է իջել 7-ամյա Օքսանայի առաջ ու նրան գրկել: «Ես գիտեմ, թե ով ես դու՝ իմ մայրն ես»,- ասել է նա ու անկողնու կողքին դրված պահարանից հանել Գեյի լուսանկարը:
Օքսանան
1997 թ. աղջկան ԱՄՆ բերելուց հետո նրա երկու ոտքն էլ ծնկից ներքեւ ամպուտացրել են՝ ձախ ոտքը 9 տարեկանում, իսկ աջը՝ 14-ում, քանի որ դրանք չէին դիմանում մարմնի ծանրությանը:
Օքսանայի մայրը պրոֆեսոր էր Բուֆալոյում, ապա տեղափոխվեց Կենտուկի, որտեղ էլ աղջիկն ավարտեց միջնակարգ դպրոցը: Մայրը որոշեց, որ սպորտն Օքսանայի համար բուժիչ հատկություն կունենա ու նրան գրանցեց ձիասպորտի խմբակ:
«Օքսանային ասացի, որ Կենտուկի նահանգի օրենսդրության համաձայն բոլորը պետք է կարողանան ձի վարել»:
Սրանք էլ Օքսանայի խոսքերն են. «Ընդդիմանում էի զբաղվել սահմանափակ կարողություններ ունեցողների համար նախատեսված մարզաձեւերով: Ուզում էի ինձ բոլորի պես զգալ»:
Բայց մայրը պնդեց ու համոզեց, որ շաբաթը մեկ օր կարելի է փորձել: Երբ նաեւ մյուս ոտքն էլ հեռացրին, անցում կատարեց ադապտիվ թիավարության: Այդպես էլ ժամանակի ընթացքում սկսեց սիրել սպորտը, հատկապես հավանում էր թիավարությունն ու Օհայո գետի վրայով սահելու ընթացքում առաջացած զգացողությունները:

«13 տարեկանից զբաղվեց թիավարությամբ ու շատ արագ լավագույն մարզիկներից մեկը դարձավ: Նա վճռական է, համառ, մրցակցություն սիրող ու մոտիվացված: Այդ որակները շնորհիվ է կարողացել դիմանալ ուկրաինական մանկատանը»,- պատմել է մայրը:
2010-ին մասնակցել է CRASH-B Sprints մրցումների ու համաշխարհային ռեկորդ սահմանել: «Առյուծի գլուխ» ակումբում նման խնդրով առաջինն էր, որը մասնակցեց կանանց անհատական պայքարին ու հաղթեց: Աստիճանաբար հաջողություններն ավելացան, Լոնդոնի խաղերին նախապատրաստվելիս Մասթերսը թիմ կազմեց Միացյալ Նահանգների ծովային հետեւակի կորպուսի վետերան Ռոբ Ջոնսի հետ, ով երկու ոտքն էլ կորցրել էր Աֆղանստանում: Իրենց անվանել էին «Team Bad Company» ու մեծ առավելությամբ հաղթեցին մրցակիցներին: Լոնդոնում նրանք 3-րդ տեղը գրավեցին ու ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին մեդալն ապահովեցին:
Լոնդոնի մեդալից հետո Օքսանան սկսեց զբաղվել նաեւ դահուկավազքով: ԱՄՆ-ի թիմի կազմում ելույթ ունեցավ 2014-ի ու 2018-ի ձմեռային խաղերում: Սոչիում մարզուհուն հաջողվեց նվաճել 2 մեդալ, եւս 5-ն էլ՝ Փհենչանում, որոնցից 2-ը ոսկե են:
Լոնդոնի խաղերից հետո անցում կատարեց պարահեծանվասպորտ ու ելույթ ունեցավ Ռիոյում ու Տոկիոյում, Ճապոնիայում 2 ոսկե մեդալ ապահովեց, իսկ ահա մեկ տարի անց մեկնեց 2022-ի Պեկինի ձմեռային խաղեր ու 6 կմ բիաթլոնում՝ նստած դիրքում, նույնպես չեմպիոն հռչակվեց:

Լուսանկարը` Team USA
Մասթերսը բավական հայտնի է աշխարհում, նրա կյանքի պատմությանն անդրադարձել են բազմաթիվ ԶԼՄ-եր: Ընդգրկվել է 11 ամենակրքոտ պարալիմպիկ մարզուհիների ցանկում ու մերկ նկարվել է ESPN-ի «Body Issue» ամսագրի համար: Apple-ը նրան ընդգրկել է «Փոխիիր Աշխարհը դեպի լավը» ծրագրում:
Ահարոնը
37-ամյա Ահարոնը մասնակցում է հաշմանդամային սայլակի, բիաթլոնի ու լեռնադահուկային մրցումներին: Ելույթ է ունեցել 2012, 2016 ու 2020 թթ. ամառային խաղերում ու 2014, 2018 եւ 2022-ի՝ ձմեռային:
Պայկը նաեւ պարբերաբար մարաթոնների է մասնակցում ու 2022-ին Բոսթոնում 2-րդն է եղել, մի քանի մեդալներ է նվաճել այս տարվա պարադահուկների ԱԱ-ում:
Պայկի հայրը զինվորական է եղել, ինչի արդյունքում ընտանիքն ապրել է ԱՄՆ-ի 4 տարբեր նահանգներում ու Գերմանիայում: 13 տարեկանում Վիրջինիայում որսի ժամանակ Ահարոնի վրա պատահաբար կրակել են ու վնասել ողնուղեղը:
Պայկը սոցիոլոգիա է սովորել Իլյինոիսի համալսարանում ու այնտեղ էլ 2006 թվականին սկսել զբաղվել սայլակների վրա բասկետբոլով: Նախ մասնակցել է աթլետիկայի Աշխարհի առաջնությանը, ապա մեկնել նաեւ Լոնդոնի Պարալիմպիկ խաղեր:

Լուսանկարը` Team USA
Մրցումներից հետո որոշել է զբաղվել դահուկասպորտով, սկզբում որպեսզի մի քիչ հանգստանա հաշմանդամի սայլակից: ԱՄՆ-ի դահուկավազքի Պարալիմպիկ թիմի մարզիչն է նրան հրավիրել փորձել ուժերը, ու 2013-ին հավաքականի անդամն էր դահուկասպորտում ու բիաթլոնում: Արդյունքում 3 Պարալիմպիկ խաղերի է մասնակցել, բայց մեդալ նվաճել չի կարողացել:
Զույգը
Նրանք միասին են մոտ 10 տարի ու բնակվում են Իլինոյսում, ծանոթացել են ձմեռային մարզաձերով զբաղվելու ընթացքում, հետագայում միասին ընդգրկվել են ԱՄՆ-ի թիմի կազմում ու մասնակցել տարբեր մրցաշարերի:
«Երբ Ահարոնի հետ հանդիպեցի, իմ դահուկային կարիերան դեպի վերելք գնաց, բացի այդ էլ ավելի ուժեղ մարզուհի եւ լավ մարդ դարձա: Ահարոնի ելույթներին հետեւելիս սիրտս պարզապես դուրս է թռչում, չեմ կարողանում նրան հանգիստ նայել: Ինձ օգնում է ու առաջ տանում, որպեսզի դուրս գամ հարմարավետության գոտուց»,- խոստովանել է Օքսանան:

Լուսանկարը` Team USA
Պատմել է, որ սիրելին շատ ագրեսիվ է ու համարձակ, պաշտում է արագությունն ու իրեն տարբեր մարտահրավերեր է նետում: Մարզուհու խոսքով՝ թեեւ լրիվ հակապատկերներ են, սակայն միասին իրենց լավ են զգում:
«Ամենահետաքրքիրն այն է, որ միշտ մրցակցում ենք իրար հետ՝ լինի տանը, ձյան վրա, թե մարզումների ընթացքում: Բայց միեւնույն ժամանակ մեզ միավորում է սերը սուրճի ու սպորի նկատմամբ, ինչը շատ հաճելի է»:
Մոտիվացնող մարզուհին
Օքսանա Մասթերսը նաեւ փորձում է իր օրինակով ոգեշնչել տարբեր խնդիրներ ունեցող մարդկանց:
«Միայն այն պատճառով, որ դուք այլ տեսք ունեք, ֆիզիկական խնդիրներ, պրոթեզի կամ հաշմանդամի սայլակի կարիք ունեք, չպետք է ձեզ խանգարի ակտիվ կյանք վարել ու սպորտով զբաղվել: Ոչինչ չպիտի արգելք հանդիսանա ձեր ճանապարհին: Բացի այդ էլ, եթե պարալիմպիկ մարզիկ դառնալու ու ձեր երկիրը ներկայացնելու երազանք ունեք, հենց այդպես էլ արեք՝ կյանքի կոչեք ձեր նպատակները»:
Խոստովանում է, որ հենց սպորտն է օգնել իրեն ավելի շատ սիրել ու գնահատել սեփական մարմինը, հասկանալ, թե որքան շատ բան է այն ի վիճակակի անել, եւ ոչ թե նկատել միայն նրանք, որոնք չեն ստացվում:

Լուսանկարը` Team USA
«Դիմում եմ բոլոր աղջիկներին ու տղաներին, որոնք տարբերվում են մյուսներից կամ մտածում են, թե ուրիշ են՝ թույլ մի տվեք հանրությունը որոշի, թե ինչ կտեսնեք հայելու մեջ նայելիս: Երբեք մի համակերպվեք կարծրատիպերի հետ: Միշտ գործեք ու առաջ գնացեք»:
Հասմիկ Բաբայան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: