Հուլիս 27, 2024
exclusive
2474 դիտում

Երիտասարդ մարզիչներ․ Վլադիմիր Մարկարյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Վլադիմիր Մարկարյանը բռնցքամարտիկի կարիերան ավարտելով 26 տարեկանում՝ դարձավ մարզիչ ու կարճ ժամանակ անց արդեն նրա սաները սկսեցին մեդալներ նվաճել տարբեր առաջնություններում։

Նա Հայաստանի հավաքականի հիմնական կազմի մարզիկներից էր, մասնակցել է Եվրոպայի ու Աշխարհի առաջնությունների, ինչպես նաեւ Օլիմպիական խաղերի։

Երիտասարդ մարզիչներին նվիրված շարքում Mediamax Sport-ն անդրադառնում է Վլադիմիր Մարկարյանին, որը որպես մարզիչ աշխատում է իր հիմնած «Ռոբի» բռնցքամարտի ակումբում եւ «Դինամո» մարզադպրոցում։

Մարզիչ դառնալու ճանապարհը

Լուսանկարը` Մեդիամաքս


2017 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո որոշեցի ավարտել կարիերաս։ Ճիշտն ասած, հոգնել էի ու այլեւս չէի ցանկանում շարունակել։ 18 տարի զբաղվել եմ այս մարզաձեւով, այն շատ սիրում եմ ու ճիշտ էր դառնալ մարզիչ։ Զգում էի, որ բռնցքամարտում լավ գիտելիքներ ունեմ ու դրանք կարող եմ օգտագործել իմ հետագա հաջողությունների համար։ Ավարտել եմ Ֆիզկուլտուրայի ինստիտուտն ու նաեւ մանկավարժություն եմ ուսումնասիրել։ Մարզիչ դառնալուց հետո խոշոր հաշվով ոչ մի դժվարություն չունեցա։

Անկախ ամեն ինչից, ծանր էր նման որոշում կայացնելը, երբեմն նույնիսկ ռինգ վերադառնալու ցանկություն էի ունենում։ Բայց հենց աշակերտներս շատացան ու պատասխանատվությունը մեծացավ, հասկացա, որ այժմ ես երեխաներիս եմ պետք, նրանք ինձ հետ են հույս կապում։

Լուսանկարը` Մեդիամաքս


Մոտ մեկ տարի անց առաջարկ ստացա դառնալ երիտասարդական հավաքականի երկրորդ մարզիչ։ Աշխատելու էի փորձառու Կարեն Աղամալյանի հետ։ Փորձի առումով խնդիր չէի տեսնում, որովհետեւ երկրորդ մարզիչ էի լինելու, վստահ էի գիտելիքներիս վրա ու կարող էի իմ փորձով կիսվել երիտասարդների հետ։

Այդ աշխատանքն ինձ անչափ օգնեց ու շատ բաներ սովորեցի։ Առաջինը հասկացա, որ պետք է լինեմ շատ համբերատար, հետո մեկնեցինք տարբեր երկրներ, տեսա, թե ինչպես են աշխատում, սովորեցի մարզչի համար բավական կարեւոր գիտելիքներ։ Գոհ եմ, որ անցա այդ դպրոցը։

Լուսանկարը` Մեդիամաքս


Մինչ ռինգ մտնելը շատ եմ ոգեւորում տղաներիս, պատրաստ եմ նրանց համար կռիվ տալ մինչեւ վերջ։ Ինչի չեմ հասել որպես բռնցքամարտիկ, ցանկանում եմ աշակերտներս նվաճեն։

Սեփական ակումբի հիմնումն ու նվիրված աշխատանքը

Երբ 2020-ին դահլիճները փակվեցին, սաներիս հետ մարզումներ էի անցկացնում բուսաբանական այգում։ Կամաց-կամաց նոր երիտասարդներ միացան մեզ։ Հասկացա, որ չեմ ուզում մարզված ու հեռանկարային այդ երեխաներին կորցնել, այդպես առաջացավ սեփական դահլիճն ունենալու գաղափարը։  

Լուսանկարը` Մեդիամաքս


2020-ի նոյեմբերին Դավիթ Մալյան 6 հասցեում բացեցի «Ռոբի» բռնցքամարտի ակումբը, այդպես անվանեցի տղայիս՝ Ռոբերտի պատվին։

«Դինամո»-ում եւս մեծ խումբ ունեմ եւ բոլորի հետ էլ նույն ոգեւորությամբ ու հետեւողականությամբ եմ աշխատում։ Ես կարեւորում եմ կարգապահությունը, առանց որի հնարավոր չէ հասնել հաջողության։ Երեխաներիս տալիս եմ ազատություն, բայց կարգուկանոնը պետք է պահեն։ Յուրաքանչյուրին անհատական մոտեցում է հարկավոր՝ մեկը ֆիզիկականը պետք է ուժեղացնի, մյուսը տեխնիկան ուղղի, երրորդին՝ հոգեբանականն է խանգարում։ Այս վերջինը շատ կարեւոր է բռնցքամարտում, եթե մարզիկը պարտված է մտնում ռինգ, ինչքան էլ ուժեղ լինի, ոչնչի չի հասնի։

Լուսանկարը` Մեդիամաքս


Երբեմն լինում է, որ ինչքան էլ հետը խոսեմ, տրամադրեմ, չի ստացվում։ Այդ պահին ժամանակ եմ տալիս, որ ցրվի, այլ բանով զբաղվի։ Միգուցե ազատ արձակեմ մի քանի օր ու միջավայրը փոխելու խորհուրդ տամ, կամ ավելի հեշտ զույգի հետ մենամարտ կազմակերպեմ, որ հաղթի ու վստահությունը վերականգնի։

Ես միշտ աշխատում եմ երեխաների վրա ազդել բառերով, այնպես բացատրել, որ բանը բարկանալուն չհասնի։ Բոլորին նվիրվում եմ, մանավանդ, երբ տեսնում եմ, որ իրենք էլ են նվիրված։ Ծնողներին միշտ ասում եմ, որ պարզապես հետեւեն մարզումներին երեխաների պարտաճանաչ հաճախումներին, մնացածը մարզիչը կանի։ Իհարկե, բոլորը չեն դառնալու բռնցքամարտիկ, բայց կոփվում են, ուժեղանում ու պիտանի զինվոր դառնում մեր բանակի համար։

Լուսանկարը` Մեդիամաքս


Հումորով ու թեթեւ եմ մոտենում, որ իրենք էլ ազատ զգան։ Եթե ներքին աշխարհը բացվի, ապա անկաշկանդ կմտնեն ռինգ ու այդպես էլ կմենամարտեն։

Մարզիչը նաեւ դաստիարակում է։ Ինչ խորհուրդ կտամ իմ տղային, այն էլ ասում եմ աշակերտներիս՝ մաքրությունից սկսած մինչեւ միմյանց հետ հարաբերությունները։ Հատկապես փոքրերը դրա կարիքը շատ ունեն, նրանք դեռ կայացած չեն ու ճիշտ ուղղորդելու դեպքում կդառնան ոչ միայն լավ մարզիկներ, այլեւ պիտանի քաղաքացիներ։

Լուսանկարը` Մեդիամաքս


Միշտ ասում եմ, որ լինեն համեստ ու գործով ապացուցեն իրենց ուժը։ Իսկ հաղթանակը պետք է կարողանալ ճիշտ վայելել․ ուրախացիր եւ սուս ու փուս շարունակիր աշխատել։

Անընդհատ սովորել է պետք

Երբ մարզիկ էի, ինքս իմ հանդեպ էի պատասխանատու, ես էի ու վերջ։ Հիմա մտածում եմ բոլոր տղաներիս մասին, ամեն մեկի հետ ռինգ եմ մտնում, ուշադիր հետեւում, թե որն ինչ թերություն ունի։ Ուղեղս ազատ ժամանակ չի ունենում՝ մի տարիքային մրցումը վերջացավ, մյուսն է սկսում ու այդպես բոլորի հետ անընդհատ պայքարի մեջ եմ։

Լուսանկարը` Մեդիամաքս


Աշակերտիս հաղթանակն ու պարտությունը նաեւ իմն են։ Ինչպիսի զգացողություն ունեցել եմ մարզիկ ժամանակ, նույնն էլ հիմա է լինում։ Տարիներ առաջ էլ, հիմա էլ  սկսում եմ վերլուծել, հասկանալ ձախողման պատճառները։ Նույնիսկ հաղթանակից հետո պետք է զգոն մնալ, որովհետեւ այսօր հաղթում ես, վաղը այդ նույն մրցակցին կարող ես պարտվել։ Իմ զգացմունքները կարողանում եմ հաղթահարել, դա մնում է ռինգի անկյունում, հետո արդեն սառը գլխով սկսում ենք խոսել եւ ուղղումներ անել։

Անկեղծ ասած՝ ես էլ նրանցից եմ շատ բան սովորում։ Տալուց բացի նաեւ վերցնում եմ ու կիրառում կյանքում։

Մեդալակիր սաներն ու նոր եկող սերունդը

Լուսանկարը` Մեդիամաքս


Իմ սաներից Դավիթ Սիմոնյանն այս տարի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ոսկե մեդալակիր դարձավ։ Նա չափազանց վստահ մենամարտեր անցկացրեց ։ Շատ կամային եւ ուժեղ տղա է, աշխատելու շատ տեղ կա, բայց կարծում եմ կկարողանանք զարգացնել նրա ունակությունները։

Մեծահասակների Աշխարհի առաջնությունում երկու տղա ունեի՝ Ռուսլան Ասլիկյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանը։ Ռուսլանն առաջին անգամն էր մասնակցում մեծահասակների պայքարին, վատ չդրսեւորեց իրեն։ Նա լավ բռնցքամարտիկ է ու դեռ իրեն ցույց կտա ապագայում։ Եվրոպայի արծաթե մեդալակիր Ռաֆայելը վստահ հաղթանակներով առաջ գնաց, բայց հետո վիճելի դրվագում պարտություն կրեց։ Հարկավոր է զգոնությունը չթուլացնել ու նոր եկող պատանիներին էլ ճիշտ դիմավորել՝ ճանապարհ հարթելով դեպի մեծ սպորտ։

Լուսանկարը` Մեդիամաքս


Քանի որ ինքս երկար տարիներ միջազգային հարթակներում հանդես եմ եկել, առաջնությունների ժամանակ խնդիրներ չեմ ունենում։ Պարզապես պետք է ուշադիր լինել, որպեսզի մարզիկին վերաբերող ամեն ինչ հստակ իմանաս։ Վերջերս մասնակցեցի մեկ աստղի դասընթացի, ԱԱ-ի ժամանակ էլ միջազգային ֆեդերացիան ներկայացրեց կատարված փոփոխությունները։ Անընդհատ պետք է շփվես, իմանաս, որպեսզի հանկարծ հետ չընկնես ու դրանով վնասես քեզ ու սաներիդ։

Հայերը սիրում են բռնցքամարտ, ես էլ տեսնում եմ, որ լավ սերունդ ունենք։ Պարզապես ծնողները եւ մարզիչները պետք է հետեւողական լինեն, երեխաներն էլ լուրջ վերաբերվեն գործին ու չծուլանան, քիչ ժամանակ անցկացնեն համացանցում, շատ՝ մարզադահլիճում։ Այդ ժամանակ նրանք կունենան նաեւ մեծ հաջողություններ։

Գոհար Նալբանդյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին