Ապրիլ 26, 2024
4521 դիտում

«Աստերիքսը եւ Օբելիքսը» ֆիլմաշարում նկարահանված հայտնի մարզիկները


Լուսանկարը` comicstrip.gr

Լուսանկարը` purepeople.com

Լուսանկարը` port.hu

Լուսանկարը` Mundo Deportivo

Լուսանկարը` Public

Լուսանկարը` sportune.20minutes.fr

Լուսանկարը` ESPN

Լուսանկարը` Tony Parker


«Աստերիքսը եւ Օբելիքսը» ֆիլմաշարը երբեք աստղերի պակաս չի ունեցել, բայց դրանց նկատմամբ հետաքրքրությունն ավելի մեծացավ մարզիկների մասնակցության շնորհիվ:

Հենց դա հասկանալով ֆիլմաշարի 5-րդ մասում՝ «Աստերիքսը եւ Օբելիքսը: Միջին թագավորություն»-ում ռեժիսոր Գիյոմ Կանեն հրավիրեց նկարահանվել «Միլան»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչին ու ֆրանսիացի լողորդ Ֆլորա Մանաուդուին: Ֆիլմն արդեն էկրաններ է բարձրացել ու նոր լսարաններ է գրավում, մենք կանդրադառնանք դրանցում մասնակցություն ունեցած մարզիկներին:

Կանեն հավատարիմ է մնացել ծաղրանկարիչներ Ալբերտ Ուդերզոյի եւ Ռենե Գոսկինիի ալբոմներում եղած ավանդույթին, որոնք եւս կարեւորում էին իրենց ժամանակի հայտնի ու հանրային դեմքերին եւ նկարում նրանց:

Դեռ 1980-ականներին կոմիքսի հիման վրա նկարահանվող ֆիլմում մասնակցություն ունենալ հրավիրեցին Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ժան-Ֆրանսուա Լարիոսին, որն առավել հայտնի դարձավ Միշել Պլատինիի կնոջ հետ ունեցած սիրային կապի պատճառով:

Լուսանկարը` comicstrip.gr


«Գիտենք, որ ֆուտբոլում բավական լավն ես, բայց քո դեմքով նույն հաջողությամբ կարող ես ֆիլմերում նկարվել»,- առաջարկեցին նրան:

Հետագայում Լարիոսը ափսոսացել է, որ չի հետեւել ֆուտբոլի արքա Պելեի խորհրդին ու հրաժարվել է մասնակցել Աստերիքսի մասին պատմող ֆիլմի աշխատանքներին: Այն ժամանակ թեեւ պատումն այնքան մեծ ճանաչում չուներ, բայց ֆուտբոլիստը կարող էր նպաստել դրա հայտնիությանը:

Մարսելի համալսարանի սպորտային մարքեթինգի բաժնի պրոֆեսոր Լայոնել Մալտեզեն նշել է, որ մարզիկներին ֆիլմաշարում նկարելու արդյունքում մարդկանց ներգրավվածությունն ավելի է մեծանում:

«Մարզիկներն իրենց ժամանակների ազդեցիկ դեմքերից են ՝ նրանց մասին խոսում են մարդիկ ու ԶԼՄ-ը, խոշոր բրենդների հետ են համագործակցում ու դուրս գալիս սպորտի սահմաններից»,- նշել է նա:

Կանեն «Պրեմիեր» ամսագրին տված հարցազրույցում նշել է, որ ցանկացել է ֆիլմում ներգրավել շատ հայտնի մարդկանց:

Լուսանկարը` purepeople.com


«Այն նախատեսված է մեծ լսարանի համար, այդ նպատակով փորձել եմ աշխատանքներում ներգրավել որքան հնարավոր է այնպիսի դեմքերի, որոնք կիոնարտադրության հետ կապ չունեն: Ուզում էի պարզապես զվարճալի ֆիլմից ավելին ստացվի»,- բացատրել է ռեժիսոր ու Աստերիքսի դերակատար Կանեն:

Իսկ Իբրահիմովիչն, ինչպես գիտենք, բավական հայտնի ու քննարկված մարզիկ է, նրան շատերն են ճանաչում իր խառնվածքի ու բնավորության շնորհիվ:

«Զլատանն իր մեջ խտացնում է հերոսական կերպար, նրա կազմվածքն ու բնույթն էլ տարբերվող են, իսկ ֆիլմաշարում ֆիզիկական տվյալները կարեւոր դեր են խաղում: Իր արտաքին տվյալներով աչքի ընկնելու շնորհիվ ռեժիսորը հրավիրել է նաեւ Մանաուդուին»,- սրանք էլ Լիմոժի համալսարանի դասախոս, սպորտի եւ գեղարվեստական գրականության մասնագետ Թոմաս Բաուերի խոսքերն են:

Ամեն ինչ սկսվել է այն բանից, որ 2008 թվականին էկրաններ բարձրացած «Աստերիքսն Օլիմպիական խաղերը» նկարահանող Թոմաս Լանգմանը տպավորվել է բռնցքամարտիկ Ժերոմ Լե Բեններով եւ նրան հրավիրել մարմնավորելու Կլավդիուս Ճեպընթացուսի դերը, որը գալերի հակառակորդ հռոմեացի մարզիկ է:

Լուսանկարը` port.hu


«Ժերոմին ասացի, որ ինձ առաջին հերթին հետաքրքրում է նրա կազմվածքը: Համաձայնվեց ֆիլմի մի մասը կազմել, ու փորձնական նկարահանում արեցինք Ժերարի (Դեպարդյե՝ Օբելիքս) ու Կլովիսի (Կորնիլյակ՝ Աստերիքս) հետ: Ապա 6 ամիս ֆիլմը նկարահանեցինք Իսպանիայում, հրաշալի ընթացք էր, ասեք մանկական հրապարակ լիներ»,- պատմել է ռեժիսորը:

Ի տարբերություն Բանների, որը ֆիլմում նշանակալի դեր է ունեցել, մյուս մարզիկներն ընդամենը մի քանի նկարահանման են մասնակցել:

«Լանգմանը սիրում է հյուրեր ընդունել ֆիլմերում, դրա համար էլ ուզեցինք, որ նրանք հայտնվեն եզրափակիչ խնջույքի՝ Սիրահարիքսի ու Իրինայի հարսանիքի ժամանակ», - պատմել է ռեժիսորի օգնական Ֆրեդերիկ Ֆորեստեն:

Պրոդյուսերները ձգտել են ամենաաստղային կազմը հավաքել, դրա համար էլ պայմանավորվել են իրենց մարզաձեւերում լավագույնների հետ՝ ֆուտբոլիստ Զինեդին Զիդանի, բասկետբոլիստ Թոնի Փարկերի, թենիսիստուհի Ամելի Մորեսմոյի ու ավտոարշավորդ Միխայել Շումախերի: Նա ֆիլմի իսկական աստղն էր ու կարեւոր մասնակցություն ունեցավ մրցավազքում՝ «Ֆերարին» փոխարինելով ձիերի հետ:

Լուսանկարը` Mundo Deportivo


«Խնջույքի նկարահանումները բավական բարդ են եղել ու տեւել 3 ամիս, դա պայմանավորված էր մարզիկների խիտ գրաֆիկով ու զբաղվածությամբ: Սակայն նաեւ նրանց շնորհիվ էր, որ որոշեցինք ֆիլմի վերջաբանը փոխել: Հարսանեկան արարողությունը պետք է ազդագրերի մի մասը լիներ, բայց այնքան երկար ու լավ ստացվեց, որ որոշեցիք ընդգրկել ֆիլմում: Բոլոր հրավիրվածներն էլ եկան նկարահանումներին ու ափսոս կլիներ այն մեծ էկրանին ցույց չտալ»,- բացահայտել է Ֆորեստեն:

Սպորտային մարքեթինգի մասնագետ Վիջիլ Քայեն նշում է, որ մարզիկներին նկարահանումներին ներգրավելն այնքան էլ հեշտ չէ, նախ նրանք բավական զբաղված են, բացի այդ էլ ամեն ինչ կարող է փոխվել անսպասելի վնասվածքի արդյունքում: 2006-ին ընթացող նկարահանումների ժամանակ Զիդանը մասնակցում էր Աշխարհի առաջնությանը, Մորեսմոն՝ Ուիմբլդոնին, իսկ Շումախերը դեռ հանդես էր գալիս «Ֆորմուլա 1-ի» մրցումներում:

Լուսանկարը` Public


Ժերոմ Լե Բաններին էլ նկարահանումների ընթացքում մենամարտ են առաջարկել Ճապոնիայում, սակայն նկարահանող թիմը հրաժարվել է նրան բաց թողնել, քանի որ վնասվածքի կամ դեմքին ստացած հարվածների դեպքում ամեն ինչ կհետաձգվեր: Բայց միջամտել է Կեսարին մարմնավորող Ալեն Դելոնն ու բացատրել, որ Բանները մարզիկ է ու պարտավոր է իր աշխատանքով զբաղվել, ինչի համար բռնցքամարտիկը մինչեւ հիմա  անչափ շնորհակալ է:

Բացի այդ էլ իրենց պահանջներն են ունեցել նաեւ մարզիկները, որոնց մասին պատմել է Ֆորեստեն.

«Շումախերը խնդրել էր, որ չբացահայտենք նկարահանումներին նրա մասնակցության մասին: Իսպանիա ժամանեց իր վառ կարմիր մասնավոր ինքնաթիռով, իսկ անունը մեծ տառերով գրված էր նկարահանման հրապարակում: Բարեբախտաբար, ամեն ինչ հարթ անցավ, եղանակն էլ մեր կողմից էր՝ արեւոտ օրեր էին, աշխատանքներին ոչինչ չխանգարեց: Շումախերի մասնակցությամբ տեսարաններում նաեւ հատուկ էֆեկտներ ու կանաչ ֆոն օգտագործեցինք»:



Իբրահիմովիչի մասնակցության հետ կապված անհանգստություն ունեցել է նաեւ Կանեն, նախօրեին Զլատանը վնասվածք է ստացել, ու ամեն ինչ կարող էր խախտել ռեժիսորի պլանները:

«Նրանից այսպիսի բովանդակությամբ նամակ ստացա. «Հեյ, բոսս, չեմ կարող»: Լուրն իսկապես վատն էր, այդ օրվա աշխատանքներում նրանից բացի եւս 500 մարդ էր ներգրավված, բայց համոզեցինք, վերջապես եկավ ու ասաց. «Ձեզ մեկ ժամ եմ տալիս»:

Անգամ, եթե մարզիկները համաշխարհային աստղեր են ու ամբողջ աշխարհն է նրանց հետեւում, բնավ էլ իրենց վստահ չեն զգում կինոխցիկի առջեւ: Այդպես է եղել նաեւ Զիդանի դեպքում. «Նա Նումերոդիսի կերպարում էր, կրում էր կեղծամ ու եգիպտական հագուստ: Սկզբում Զիդանը բավական կաշկանդված էր, բայց նրան օգնեց Ջամել Դեբբուզի ներկայությունը, որոնք ֆիլմում զարմիկներ են: Նրանք կատակներ էին անում իրար հետ, աստիճանաբար Զիդանը մոռացավ տեսախցիկի մասին ու թուլացավ»,- պատմել է ռեժիսորը:



Նա նաեւ ավելացրել է, որ մարզիկները կարծես մեծ երեխաներ լինեին, որոնք հայտնվել էին այլ մոլորակում, ամեն ինչին զարմացած եւ լայն բացած աչքերով էին նայում. «Ամեն ինչի մասին կարող էինք հարցնել նրանց եւ միշտ ժպիտը դեմքին էին պատասխանում»:

Ֆրեդերիկ Ֆորեստեն նաեւ ավելացրել է, որ մարզիկները նկարահանումներին բնավ էլ գումար աշխատելու համար չեն մասնակցել, այլ ցանկացել են իրենց օգնել անսովոր մտահաղացումները կյանքի կոչել:

Լե Բաններն էլ հիացմունքով է հիշում Ալեն Դելոնի հետ նկարահանման հրապարակում անցկացրած ժամանակի մասին. «Ասեք երկրագունդը դադարում էր իր շրջապտույտը, երբ նա խաղում էր, այնքան տպավորիչ էր»:



Մարզիկներին հատկացված այդ փոքրիկ դերերը պարզապես հարգանքի տուրք չեն կոմիքսներին, այլ երկուստեք փոխշահավետ համագործակցություն՝ նրանք եւս մեկ անգամ հավերժացնում են իրենց անունը, իսկ ֆիլմը բոլորովին նոր լսարան գրավում, համարում է Թոմաս Բաուերը: Սակայն մեկ կարեւոր պայման կա, որ առաջարկվող դերերը պետք է համապատասխանեն մարզիկների իմիջին ու նրանց որեւէ կերպ վնաս չտան, դրա համար սցենարում առկա ամեն դետալ նախապես մանրամասն ուսումնասիրվում է:

Ժերոմ Լե Բաններին այնքան է դուր եկել նկարահանման ընթացքը, որ որոշել է կարիերան կապել ֆիլմարտադրության հետ, ինչպես ժամանակին արել են Լինո Վենտուրան, Առնոլդ Շվարցենեգերը, Ժան-Պոլ Բելմոնդոն, Կանտոնա եղբայրներն ու Նիկոլյա Դյուվոշելը:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին