Ապրիլ 25, 2024
1615 դիտում

Ամենամիայնակ մարզաձեւը. Թենիսի բարդ ու դեպրեսիվ կողմը


Լուսանկարը` US Open

Լուսանկարը` latimes.com

Լուսանկարը` huffpost.com

Լուսանկարը` Marca

Լուսանկարը` AP

Լուսանկարը` AP

Լուսանկարը` AP

Լուսանկարը` Tennis365.com

Լուսանկարը` Si.com

Լուսանկարը` AP

Լուսանկարը` frstore.com

Լուսանկարը` NBC

Լուսանկարը` thescore.com

Լուսանկարը` theaustralian.com.uk

Լուսանկարը` AP

Լուսանկարը` tenniscanada.com

Լուսանկարը` sports.fr


Ավանդաբար թենիսիստների համար տարին մեկնարկում է Ավստրալիայի բաց առաջնությամբ, 2023-ին այն կայանանում է հունվարի 16-29-ը: Մինչ ուժեղագույն թենիսիստները պայքարում են Մեծ Սաղավարտի առաջին մրցանակին տիրանալու համար, անդրադառնանք մարզաձեւի առավել ծանր կողմերին ու խնդիրներին, որոնց մշտապես խաղացողները բախվում են:

Կորտում թենիսիստները լրիվ միայնակ են, մարզիչներին թույլ չի տրվում հուշումներ անել, բացառությամբ կանանց թենիսում, երբ ընդմիջումների ժամանակ կարող են երբեմն գեյմերի միջակայքում խոսել խաղացողների հետ: Մրցակիցը մոտ 20 մետր հեռավորության վրա է, մրցավարների հետ սովորաբար վեճերի տեսքով են խոսակցությունները, թենիսիստները ստիպված իրենց հետ են բարձր զրուցում: Հաճախ տեսած կլինենք խաղացողների դեմքի տարօրինակ արտահայտությունները: Դրա համար էլ թենիսը համարվում է ամենամիայնակ մարզաձեւը, Ստեֆանոս Ցիցիպասն անգամ թենիսն անվանել է ինտրովերտների մարզաձեւ:  



Քանի որ թենիսը համարվում է արիստոկրատ մարզաձեւ, դրանով սկսել են նախ զբաղվել անգլիացի մեծահարուստները, իսկ նրանց մոտ ընդունված չէր հույզեր արտահայտել: Իր գոյության 140 տարիների ընթացում կանոնները բազմիցս փոփոխությունների են ենթարկվել, սակայն էմոցիոնալ կողմն էական տեղաշարժ չի ունեցել:

Թենիսում չի կարելի հայհոյել, նետել ռակետները կամ գնդակները, վատ ժեստեր ցույց տալ: Բայց խաղացողներն էլ մարդիկ են ու առավել հաճախ նրանց զայրույթից տուժում են ռակետները, որոնք անխնա ջարդում են:

Հոգեբանական խնդիրներն առավել ցայտուն երեւացին 2021-ի Ռոլան Գարոսից հետո, երբ Նաոմի Օսական ինքնակամ հեռացավ 2-րդ շրջանից առաջ: Նա ցանկություն էր հայտնել չշփվել ԶԼՄ-ի հետ, քանի որ մամուլի ասուլիսներն անիմաստ էր համարում, բացի այդ էլ գտնում, որ լրագրողներն իրենց դաժան հարցերով պարտություններից հետո թենիսիստներին ստիպում են արտասվել: Օսական գտնում էր, որ մարզիկների հոգեբանական առողջության մասին ընդհանրապես չեն մտածում: Բայց կազմակերպիչներին այդ ամենն ընդհանրապես դուրս չեկավ,: Մարզուհին խիստ տույժերի ենթարկվեց:

Լուսանկարը` huffpost.com


Առաջացած սկանդալային ֆոնին ֆրանսիական L’Equipe-ը հրապարակեց ծավալուն հոդված կլինիկական դեպրեսիաների մասին, որոնց հետ առնչվել են տարբեր սերունդների կին ու տղամարդ թենիսիստները: Ահա մի քանի ուշագրավ դեպքեր, թեեւ հավանաբար, շատ մարզաձեւերում եւ առհասարակ կյանքում էլ նման բաներ քիչ չեն պատահում:

Թոփ 40-յակում ընդգրկված Ռեբեկա Մարինոն 2021 թվականին որոշեց դադար վերցնել հոգեբանական խնդիրների պատճառով: Նրան հատկապես սթափեցրեց այն հանգամանքը, երբ Բիրմինգհեմում մարզման գնալիս ուշաթափվեց, դիմեց բժշկի ու արդյունքում պարզվեց, որ կլինիկական ընկճախտ ունի:

«Օրեր են եղել, որ անգամ անկողնուց չէի կարողանում վեր կենալ, իսկ կորտ գնալու մասին խոսք անգամ լինել չէր կարող: Բայց քանի որ մարզուհի ես, քեզ պարտավորված ես զգում ուժեղ լինել»,- ասել է նա 2019-ին ու դրանից ամիսներ անց հաղթել 2 խոշոր մրցաշարում:

Մի քանի տարի հոգեբանի հետ աշխատելուց ու անգլիական գրականություն ուսումնասիրելուց հետո Մարինոն վերսկել էր կարիերան, քանի որ սովորել էր դիմանալ թենիսում եղած մեծ ճնշմանը: Այդ ամենը հաղթահարելուց հետո գտնում է, որ թենիսը դեպրեսիվ հակումների կատալիզատոր է:

Լուսանկարը` latimes.com


Նման դադար է ունեցել նաեւ Ռոլան Գարոսի հաղթող Էշլի Բարթին, որը հետագայում իր ժամանակի ուժեղագույն խաղացողներից է դարձել ու առաջին ռակետը եղել: 18 տարեկանում նա դեպրեսիայի պատճառով ընդհատել է կարիերան, պրոֆեսիոնալ մակարդակով կրիկետ խաղացել, ապա երջանիկ ու առողջ վերադարձել թենիս: Նրա օրինակը ցույց է տալիս, որ նորմալ է անվստահ ու ընկճված լինել, սակայն ամեն իրավիճակ իր ելքն ունի, ու հենց այն է պետք գտնել:

2018-ին ամերիկուհի Նիկոլ Գիբսն է պատմել, որ երկար ժամանակ դեղերի միջոցով բուժել է իր դեպրեսիան, այլապես չէր կարողանա թենիս խաղալ: Նրա հայրենակից Մարդի Ֆիշն էլ դրանից մի քանի տարի առաջ էր կարիերան ավարտել տագնապային խանգարումից, որն իր հերթին զարգացել է հանկարծ սկսված սրտային խնդիրների ֆոնին: 2012-ին Ֆիշը հրաժարվել է ԱՄՆ-ի բաց առաջնությունում Ռոջեր Ֆեդերերի հետ խաղից, երբ ստադիոն գնալու ճանապարհին մեքենայի մեջ խուճապի նոպա է ունեցել:

Լուսանկարը` Marca


Անգամ իր ուժեղ որակներով աչքի ընկնող Ռաֆայել Նադալն է 2015-ին պատմել, որ երբեմն անվստահություն ու հոգեբանական խնդիրներ է ունենում: Նա խոստովանել էր, որ դրանք ավելի ծանր են, քան վնասվածքները:

1987-ի Ուիմբլդոնի հաղթող Փեթ Քեշն էլ անկեղծացել է, որ կարիերան ավարտելուց հետո դեպրեսիան ու ինքնասպանության մասին մտքերը փորձել է հաղթահարել կոկաին օգտագործելու շնորհիվ, սակայն ի վերջո այդ ամենին վերջ է դրել կամքի ուժի շնորհիվ, քանի որ ցանկանում էր տեսնել, թե ինչպես են մեծանում իր երեխաները:

Ինքնասպանություն անելու փորձեր եւս եղել են, ֆրանսիական պարբերականը գրել է, որ 2018-ին հանդես եկող առնվազն 2 խաղացողներ նման բան են արել: Բրիտանացի Նաոմի Քեւդեյն այնքան ուժեղ դեպրեսիա է ունեցել, որ կորտին ի վիճակի չէր լինում հետեւել սեփական խաղի հաշվին: «Թենիսիստի կյանքում ամեն ինչն է խաթարում նրա հոգեբանական վիճակը»,- պատմել է մարզուհին:

1980-ականների թենիսիստուհի Քաթրին Տանվյեն, որը կարիերայի ընթացքում 3 անգամ փորձել է ինքնասպանություն գործել, հաստատում է, որ ծանրաբեռնվածությունն իր մարզաձեւում շատ մեծ է, դրան գումարվում են էմոցիոնալ տատանումները՝ վերելքներն ու անկումները խիստ կտրուկ են եւ համեմատելի չեն սովորական կյանքում ունեցածի հետ: Որպես գլխավոր նպաստող հանգամանք նշել է միայնակ լինելը, երբ չես կարող որեւէ մեկի հետ խոսել:

Լուսանկարը` AP


«Անընդհատ վախենում էի, ինձ վատ զգում հյուրանոցային համարում միայնակ լինելուց՝ հարազատներս հազարավոր կիլոմետր հեռու էին: Այդ ամենն ազդում է աշխատանքիդ վրա, մշտապես նոր երկիր ես մեկնում, պարտավոր ես միավորներ վաստակել, ծախսերդ փակել, բացի այդ էլ համարյա ամեն շաբաթ պարտություններ ես ունենում ու պետք է կարողանաս համակերպվել դրանց հետ»:

Մեկ այլ թենիսիստ Քլիք Ռիչին խաղացողների դեպրեսիան համեմատում է մաշկի քաղցկեղի հետ, իսկ թենիսը՝ արեւի. «Ինձ անհանգստացնում էին ոչ այնքան պարտությունները, որքան անկայունությունը: Անընդհատ մտածում էի խաղամակարդակս պահելու մասին, դյուրագրգիռ ու անհանգիստ էի դառնում, սկսեցի ալկոհոլ օգտագործել ու Վալիում խմել, որպեսզի կարողանամ քնել: Դեպրեսիան կյանքում ունեցած խնդիրների պես է՝ փորձում ենք այն թաքցնել շրջապատից, որպեսզի չերեւա մեր թուլությունը»:

Նա դեպրեսիայի դեմ պայքարը թենիսիստի կյանքի ամենաբարդ հանդիպումն է համարում:

Լուսանկարը` AP


Հոգեբան Քրիստոֆ Բերնելլեն, որը նույնպես թենիսիստ է եղել, համարում է, որ դեպերսիայից ամենալավ պատվաստանյութը երեխայի պես խաղից հաճույք ստանալն ու որեւէ խնդրի, այս դեպքում՝ պարտությունների վրա չկենտրոնանալը: Նա որպես օրինակ Փիթ Սամփրասին է բերել, որը 14 տարեկանից մեկ ձեռքով բեքհենդների է անցել, բազմաթիվ պարտություններ ունեցել, բայց իր սերնդի լավագույն թենիսիստը դարձել: Կամ առանձնացրել է Սնասիսլաս Վավրինկային, որը կարիերայի ընթացքում զիջել է հանդիպումների 37 տոկոսում, սակայն դա չի խանգարել 3 Սաղավարտի տիրանալ: Ու վերջապես մասնագետը հիշել է Նադալին, որը 2017-ին Ուիմլբդոնում Ժիլ Մյուլլերից կրած դրամատիկ պարտությունից հետո մնացել է կորտում ու ինքնագրեր բաժանել:

«Այդ եղանակով նա ոչ միայն ուրիշներին հաճելի պահեր պարգեւեց, օգնեց նաեւ իրեն, որովհետեւ դեպրեսիան այն է, երբ ամփոփվում ես քո մեջ: Իսկ երբ ուրիշների համար ես որեւէ բան փորձում անել, այն նվազեցնում ես, բաց ես դառնում ու տեսնում, որ ընդունակ ես նման ծանր վիճակում էլ մարդկանց երջանիկ դարձնել»:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին