Ապրիլ 25, 2024
1833 դիտում

Պելեի ու 18-ամյա Մարադոնայի առաջին հանդիպումը եւ ֆուտբոլի Արքայի խորհուրդները


Լուսանկարը` El Gráfico

Լուսանկարը` El Gráfico

Լուսանկարը` El Gráfico

Լուսանկարը` El Gráfico

Լուսանկարը` El Gráfico

Լուսանկարը` El Gráfico


2022 թվականին ֆուտբոլային աշխարհը մեծ կորուստ ունեցավ: Ֆուտբոլի Աշխարհի առաջնության ավարտից օրեր անց 82 տարեկանում մահացավ Պելեն:

Այդ օրերին հաճախակի էին խոսակցությունները, որ նա երկնքում կմիանա Մարադոնային ու նրանք միասին ֆուտբոլ կխաղան այնտեղ: Դրա համար էլ որոշեցինք անդրադառնալ լեգենդար ֆուտբոլիստների առաջին հանդիպմանը:

Այն կայացել էր 1979-ին Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափի հարեւանությամբ գտնվող «Avenida Atlántica» հյուրանոցի 20-րդ հարկում:

Հանդիպմանը ծավալուն անդրադարձել ու մանրամասներ է ներկայացրել Կենտրոնական Ամերիկայի «El Gráfico» ամսագիրը: Այդ հանդիպումից հետո Մարադոնան պատմել է, որ Պելեն իրեն երբեք այդքան մարդամոտ, անմիջական ու երջանիկ չի թվացել, ինչպես այդ օրը: Մարադոնան ընդամենը 18 տարեկան էր ու վաղուց էր ցանկանում հանդիպել Պելեի հետ:   

Լուսանկարը` El Gráfico


Ահա նրանց երկխոսությունից մի հատված:

-Չէի պատկերացնում, որ երեկվա հանդիպումից հետո կժամանես այստեղ, ինքս պատրաստվում էի անձնական գործերով մեկնել Սանթոս, բայց մեծ սիրով մնացի, որպեսզի քեզ հետ ճաշենք:

- Այո, Պելե: Երեկ 3:1 հաշվով հաղթել ենք «Ուրական»-ին եւ հիանալի գոլեր խփել, երկրպագուներն ամեն տեղ ուղեկցում են մեզ:

-Դա շատ լավ է, Դիեգո: Լսիր, Մարադոնան Պելեին տեսնելու համար էլ կարիք չունի ժամանելու Ռիո: Խոստանում եմ, եթե քո արգենտինական ակումբը (Մարադոնան այդ ժամանակ հանդես էր գալիս «Արխենտինոս Խունիոր»-ում, խմբ.) եզրափակիչ հասնի, ինքս կժամանեմ Արգենտինա, որպեսզի քեզ հետեւեմ: Երեկ անհանգստանում էի, քանի որ եթե ժամանեիր, չէի կարողանա ուզածիս պես քո մասին հոգ տանել: Բայց սպասիր մի րոպե, հիմա կվերադառնամ: Այս ժամացույցն ունեմ մոտս, թեեւ դրանով չես կարող ջուրը մտնել, բայց եթե կուզես, նվիրիր եղբայրներիցդ որեւէ մեկին, իսկ մեդալը քեզ համար պահիր: Այն ստացել եմ «Կոսմոս»-ում իմ վերջին խաղից հետո կայացած երեկույթի ժամանակ:

-Շատ շնորհակալ եմ, ողջ կյանքում այն կկրեմ:

Լուսանկարը` El Gráfico


Նկարում եղած կիթառն այդ ժամանակ արդեն սեղանին էր, Պելեն այն վերցրել է ու մի քանի նոտա նվագել. «Չեմ կարողանում երգել, գիտե՞ք, շատ խռպոտ ձայն ունեմ: Վերջերս երեխաների պաշտպանությանը նվիրված ակցիայի շրջանակներում ալբոմ եմ ձայնագրել: Սիրում եմ երգեր հորինել, բացի այդ էլ երեխաներին եմ շատ սիրում»,- խոստովանել է Պելեն:

Ապա նրա փաստաբանը հուշել է, որ Սանթոս մեկնելու ժամանակն է. «Դիեգո, Աստված քեզ հաջողություն թող տա, որն ինձ է նաեւ շնորհել, երբեք դժվարություններ չեմ ունեցել»,-ասել է Պելեն:

«Շնորհակալ եմ, Պելե»,- կմկմալով պատասխանել է Մարադոնան:

Հետո նա խոստովանել է. «Գիտեի, որ Պելեն որպես խաղացող ու անհատականություն Աստծո պես է: Նա սովորական մարդ չէ, ինձ նման որքան երեխաներ են ցանկանում նրա հետ հանդիպել, դիպչել, մի քանի բառ փոխանակել հետը, իսկ ես նման պատիվ ունեցա ու անգամ ինձ խորհուրդներ տվեց: Երբ Պելեն ինձ էր մոտենում, չէի կարողանում այդ ամենին հավատալ: Հորս հետ սպասում էինք, երբ նա եկավ ու ինձ գրկեց, նույն կերպ էլ հայրիկիս հետ վարվեց, շատ հարգանքով էր նրան վերաբերվում: Բռնում էի Պելեի ձեռքը խոսելու ընթացքում ու քարանում: Նկատեցի, թե ինչպես էր հայրս արտասվում, երբ Պելեն ինձ խորհուրդներ էր տալիս: Պելեի հետ հանդիպումն ասեք Աշխարհի առաջնություն լիներ, որը երբեք չեմ ունեցել: Հիմա այս մասին ուզում եմ պատմել արգենտինացիներին, թիմակիցներիս, բոլորին»:

Լուսանկարը` El Gráfico


Ասում են, որ հետագայում նա, իսկապես, հետեւել է 1978-ին Կոպակաբանայի արեւոտ առավոտյան Պելեից ստացած խորհրդին ու ֆուտբոլի Արքայից ոչ պակաս մեծ եւ հայտնի ֆուտբոլիստ դարձել:

Իսկ Պելեի խորհուրդները Մարադոնային սրանք են, որոնց մասին գրել է «El Gráfico»-ն:

«Երբեք ուշադրություն մի դարձրու, երբ քեզ ասում են, որ լավագույնն ես: Միշտ պետք է համարես, որ բնավ էլ լավագույնը չես: Երբ, իսկապես, գտնես, որ բոլորից առավել ես, կդադարես որեւէ առաջընթաց ունենալ:

Ընդունիր ծափահարությունները, բայց մի ապրի հանուն դրանց: Երբ ես էի 18 տարեկան, շատ անգամ եմ սուլոցների արժանացել: Երբ 3 վատ հանդիպում ես ունենում, երկրպագուները սկսում են գոռալ քեզ վրա ու դադարում են սիրել:

Ուզում եմ մի բան էլ պատմել պայմանագրերի մասին: Ամեն խաղացող իր խնդիրներն ունի: Դա շատ անձնական հարց է: Բայց պետք է միշտ հիշես, որ պարտավոր ես պայքարել այն ամենի համար, ինչին արժանի ես: Միշտ հարգանք առաջացրու, երբեք քեզ մի մատնի, բայց երբ պայմանագիր ես կնքում, մի բողոքիր ու ավելին մի պահանջիր: Ստորագրությունը խոսքի պես է:

Լուսանկարը` El Gráfico


Ինչ վերաբերվում է արտերկիր մեկնելուն, ինչի մասին հիմա Արգենտինայում շատ են խոսում, պետք է նման որոշում կայացնես ամեն ինչ մանրամասն քննարկելուց հետո: Ասացիր, որ ընտանիքում 8 քույր ու եղբայր եք, ծնողներ էլ ունես, որոշում կայացնելիս հավասարակշռելու համար այդ ամենը դիր կշեռքի նժարին: Առաջատարներն ամեն ակումբում փոխվում են 2-3 տարին մեկ: Պարտավոր ես մտածել ընտանիքիդ մասին, որովհետեւ շատ բերաններ կան, որոնք պետք է կերակրել:

Ֆիզիկական տվյալները քո աշխատանքային գործիքն են: Տեսնում եմ, որ լավ կազմվածք ունես: Հոգ տար մարմնիդ մասին: Կյանքում ամեն ինչի համար ժամանակ կա, կարող ես երբեմն խմել, սիգար ծխել, ուշ պառկել, ուտել քո նախընտրած սնունդը: Բայց այդ ամենը պետք է անել բալանսավորված: Միշտ արա այն, ինչը մարմնիդ վնաս չի հասցնում, եթե այդպես չվարվես, ամեն ինչ շատ արագ կավարտվի:  

Ցանկանո՞ւմ ես խաղալ ԱՄՆ-ում: Սա ընդամենը կատակ է, ուզում էի քեզ զվարճացնել: Դու դեռ բավական երիտասարդ ես ու կյանքում քեզ շատ բան է սպասվում: Թեեւ ԱՄՆ-ում շատ են վճարում, գումար են տալիս 12 ամսվա համար, մինչդեռ ընդամենը 5-ն ես խաղում: Բայց քեզ ապագայում նորանոր իրադարձություններ են սպասվում, շատ ժամանակ ունես այդ ամենի համար»:

Լուսանկարը` El Gráfico


Նկարն անելուց 40 տարի անց՝ 2019-ին Մարադոնան այն հրապարակել էր ու առողջություն մաղթել Պելեին. «Այս կադրն արդեն 40 տարեկան է: Առաջին անգամ էինք հանդիպել, որքան երիտասարդ էինք երկուսս էլ այն ժամանակ: Քեզ շուտափույթ ապաքինում եմ մաղթում Արքա Պելե, շատ ուժ եմ ցանկանում»:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին