Սպորտային աշխարհում տարածվել ու հատկապես Աշխարհի վերջին առաջնության ժամանակ մեծ մասսայականություն է վայելում GOAT տերմինը:
Անգլերեն goat նշանակում է այծ, սակայն եկեք պարզենք, թե ինչպես եւ ինչու են մարզիկները ցանկանում, որպեսզի իրենց կոչեն «այծ»:
Առաջին մարզիկը, որին անվանել են The Goat, եղել է ամերիկացի բասկետբոլիստ Ըրլ Մենիգոլթը: Բայց դա պարզապես եղել է նրա մականունը:
![](https://mediamax.am/datas/znews/big_/2022/12/1672044350_2430861.jpg)
Մոհամեդ Ալի, Մայքլ Ջորդան, Թայգեր Վուդս, Լեո Մեսսի, Ռոժեր Ֆեդերեր, Քրիշտիանու Ռոնալդու... այս մարզիկներին վաղուց է, ինչ անվանում են GOAT: GOAT բառը The Greatest of All Time-ի (բոլոր ժամանակների լավագույն) կրճատ տարբերակն է եւ այն ստեղծել ու աշխարհով մեկ տարածել է Մոհամեդ Ալին:
1964 թվականին Կասիուս Կլեյը եւ Սոնի Լիսթոնը պայքարում էին Աշխարհի բացարձակ չեմպիոն դառնալու համար: Հաղթանակ տարավ Կլեյը, իսկ մեկ տարի անց կայացավ ռեւանշ-մենամարտ եւ չեմպիոնի տիտղոսը պաշտպանեց արդեն Մոհամեդ Ալի անունը վերցրած Կլեյը:
![](https://mediamax.am/datas/znews/big_/2022/12/1672044350_9444926.jpg)
Լուսանկարը` NBC
Այդ ժամանակ Ալին առաջին անգամ հայտարարեց, որ ինքը բոլոր ժամանակների լավագույն մարզիկն է՝ The Greatest of All Time: Նա հայտարարում էր. «Հիմա բոլորդ լռեք: Ուշադրություն: Ես ասացի ձեզ՝ իմ բոլոր քննադատներին, ասացի, որ ես բոլոր ժամանակների լավագույնն եմ»:
Այդ պահից ի վեր GOAT-ը սկսեց տարածվել, բայց սկզբնական շրջանում այն հիմնականում նույնացվում էր Ալիի հետ:
Այդ տերմինը նոր հարթության բարձրացրեց Ալիի կինը, որը 1992 թվականին հիմնեց The Greatest of All Time (G.O.A.T. Inc) բարեգործական ընկերությունը: Նա արտոնագրեց տերմինն ու դարձրեց Ալիի մտավոր սեփականությունը:
![](https://mediamax.am/datas/znews/big_/2022/12/1672044350_3344482.jpg)
Ռեփեր LL Cool J-ն 2000 թվականին թողարկում է G.O.A.T. Featuring James T. Smith: The Greatest of All Time ալբոմը, որը նրա կարիերայի վերջին պլատինե ալբոմն էր: Ռեփերի աշխատանքը համընկնում է հենց այն ժամանակաշրջանի հետ, երբ GOAT տերմինը մեծ թափով տարածվում էր աշխարհով մեկ: Նշվում է, որ նաեւ ալբոմի շնորհիվ «բոլոր ժամանակների լավագույնը» մեծ մասսայականություն սկսեց վայելել ու դառնալ պահանջված:
Այծի հետ համեմատվել ոչ ոք չի ցանկանում, սակայն բոլոր ժամանակների լավագույն լինելը շատ մարզիկների երազանքն է: Դրա համար նրանք դեմ չեն լինում, երբ իրենց անվան դիմաց հավասարության նշան է դրվում «այծի» հետ: Վաղուց այդ բառը վիրավորական իմաստ չունի:
![](https://mediamax.am/datas/znews/big_/2022/12/1672044350_1077686.jpg)
Լուսանկարը` FC Juventus
Թենիսում GOAT տերմինն օգտագործվում է Ռոժեր Ֆեդերերի, Նովակ Ջոկովիչի ու Ռաֆայել Նադալի համար, բասկետբոլում Լեբրոն Ջեյմսի ու Մայքլ Ջորդանի, ամերիկյան ֆուտբոլում՝ Թոմ Բրեդիի:
Ֆուտբոլային աշխարհում եւս այս տերմինը մեծ մասսայականություն է վայելում: Բնականաբար, ամենամեծ GOAT-երը համարվում են Լեո Մեսսին ու Քրիշտիանու Ռոնալդուն: Այս կամ այն մրցանակը շահելուց հետո լրատվամիջոցները կամ երկրպագուները նրանց նկարն են տեղադրում եւ դրան կցում այծի էմոջի:
![](https://mediamax.am/datas/znews/big_/2022/12/1672044350_6549690.jpg)
Լուսանկարը` Adidas
CNN-ը Ռոնալդու-Մեսսի պայքարը նույնիսկ անվանել է «GOAT-ի դեբատներ»: Երբ Լեո Մեսսին 6-րդ անգամ նվաճեց Ոսկե գնդակը, թվիթերում հայտնվեց այծի էմոջի, որը կրում էր «Բարսելոնա»-ի մարզաշապիկը:
Այժմ GOAT-ը դարձել է նաեւ առօրյա խոսակցական բառ եւ մարդիկ միմյանց հաճոյախոսելու համար օգտագործում են այն:
Գոհար Նալբանդյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: