Օրեր առաջ Մարսելոն հայտնեց ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին: 36-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը բրազիլական «Ֆլումինենսե»-ն էր, որտեղ նա հանդես էր գալիս 2023 թվականից:
Կարիերայի ավարտի մասին նա տեղեկացրեց սոցկայքերով ու իր խաղերի ամենավառ պահերով տեսանյութ հրապարակեց:
«Ֆուտբոլի նկատմամբ սերն ինձ փոխանցվել է հորիցս: Նա ցանկանում էր, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնամ ու դրա համար ամեն ինչ էր անում: 18 տարեկանում իմ դուռը թակեց «Ռեալ»-ն ու այդպես հայտնվեցի ակումբում: Հիմա կարող եմ հպարտությամբ ասել, որ իսկական մադրիդիստա եմ: «Ֆլումինենսե» վերադառնալով՝ ցանկանում էի վարձահատույց լինել ակումբին այն բանի համար, թե ինչ են տվել կարիերայիս սկզբում, ապա ինձ թույլ տվել հետագա սերունդներին «Մարսելո Վիեյրա» ստադիոնը թողնել: Իմ ֆուտբոլային ուղին ավարտվեց այստեղ, բայց դեռ շատ բան կարող եմ տալ ֆուտբոլին: Շնորհակալ եմ ամեն ինչի համար»:
![](https://mediamax.am/datas/znews/big_/2025/02/1739273065_4945144.jpg)
Լուսանկարը` FC Fluminense
Տարիներ առաջ Մարսելոյի խաղի մասին շատ տպավորիչ է արտահայտվել Վասիլի Ուտկինը. «Խաղի ընթացքում այնպիսի պահ է գալիս, երբ Մարսելոն միաժամանակ սկսում է գործել բոլոր դիրքերում: Ու նման դեպքերում «Ռեալ»-ը թեւեր է առնում նրա ոգեշնչումից ու սկսում ճախրել»:
Կյանքից հեռացած մեկ այլ լրագրող Դավիդ Հիստաուն էլ չէր հասկանում, թե ինչպես կարող է Մարսելոն հիմնական կազմում հայտնվելու համար պայքարել Ֆաբիու Կոենտրաուի հետ. «Կոենտրանուն կենտրոնացած է նրա վրա, որպեսզի կյանքից զրկի մրցակցին, այլ ոչ թե կյանք հաղորդի «Ռեալ»-ին, իսկ երբ Մարսելոն է դաշտում, թիմը ծաղկում է ու զորեղ դառնում ամեն հաջորդ րոպեին»:
Դժվար ուղին
Բրազիլիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալ»-ի աստղի ճանապարհը բնավ էլ հեշտերից չի եղել: Հրշեջի եւ ուսուցչուհու ոչ այդքան հարուստ ընտանիքում մեծացող փոքրիկ տղան ցանկանում էր հայրիկի պես պայքարել կրակի դեմ, ոչ թե ֆուտբոլային խաղադաշտեր նվաճել:
Սակայն ընտանիքի ավագների, հատկապես պապիկի համառության շնորհիվ, որը տեսնում էր թոռան ֆուտբոլային տաղանդը, նրա կյանքը լրիվ այլ կերպ դասավորվեց: Տարիներ անց նրա գանգուր մազերն ու ստեղծագործ խաղը պաշտպանության ձախ եզրում շատերի հիացմունքն էին առաջացնում, սակայն մինչ դրան հասնելը Մարսելոն պետք է շատ արգելքներ հաղթահարեր իր ճանապարհին:
![](https://mediamax.am/datas/znews/big_/2025/02/1739273065_7993866.jpg)
Լուսանկարը` FC Real Madrid
Հարցազրույցներից մեկում Մարսելոն խոստովանել է, որ մանկության տարիներին ընտանիքը համարյա թե գումար չուներ, եւ նա հիմնականում ժամանակն անցկացնում էր փողոցներում՝ հասակակիցների հետ:
Ֆուտբոլային երկար ճանապարհի սկիզբը դրվեց 9 տարեկանում Ռիոյի ծովափերում, որտեղ նա օրերով ընկերների հետ գնդակով էր խաղում: Աստիճանաբար այդ տարվածությունը լուրջ զբաղմունքի վերածվեց ու 10 տարեկանում մեկնեց Բրազիլիայի առաջատար ակումբներից մեկում՝ «Ֆլումինենսե»-ում ուժերը փորձելու: Առաջին անգամն անհաջող էր՝ նրան թիմ չվերցրին: Տղայի համար դա ծանր հարված էր, սակայն պապիկի աջակցության շնորհիվ չհանձնվեց ու շարունակեց մարզումները մեկ այլ ակումբում՝ «Վասկո դա Գամա»-ում: Մեկ տարի անց նորից մեկնեց «Ֆլումինենսե» ու այս անգամ ընդունվեց:
Որպեսզի թոռն ամեն իր կարողանա գնալ Ռիոյի արվարձանում գտնվող ակումբի պարապմունքներին, պապիկը վաճառեց ընտանիքի միակ արժեքավոր իրը՝ դեղին Volkswagen «Բզեզ» մեքենան: Այդ մեքենան հավերժ մնաց Մարսելոյի հիշողության մեջ ու տարիներ անց այն դաջեց իր մարմնին:
![](https://mediamax.am/datas/znews/big_/2025/02/1739273065_7105063.jpg)
Լուսանկարը` FC Real Madrid
Սկսեց խաղալ կիսապաշտպանությունում, սակայն քիչ ժամանակ անց մարզիչները նրան տեղափոխեցին պաշտպանություն, որտեղ էլ բացահայտվեց տաղանդը: Երբ ֆինանսական խնդիրների պատճառով նրա ներկայությունն ակումբում կասկածի տակ դրեց, այս անգամ օգնեցին «Ֆլումինենսե»-ի հովանավորները:
15 տարեկանում ստացած առաջին աշխատավարձը, որը 100 ռեալ էր, Մարսելոն տվեց պապիկին:
Կարիերայի սկիզբը
2005 թվականին «Ֆլումինենսե»-ում անցկացրած 2 վառ մրցաշրջաններից հետո երիտասարդ Մարսելո Վիեյրան իր վրա սեւեռեց եվրոպական ակումբների ուշադրությունը: Նրա ոչ սովորական հարձակվողական ոճը, որը թրծվել էր մինի ֆուտբոլ խաղալու շնորհիվ, հետաքրքրեց ԲԿՄԱ-ին, «Սեւիլիա»-ին ու «Ռեալ»-ին: Երբ «Սեւիլիա»-ն մոտ էր պայմանագիր կնքելուն, Արքայական ակումբը միջամտեց ու նրա համար 6,5 մլն եվրո վճարեց: Նախապես որոշվել էր, որ Մարսելոն նախ փորձ կկուտակի «Կաստիլիա»-ում, բայց գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն տպավորվելով նրա որակներով՝ միանգամից ներառեց հիմնական կազմում:
Մարսելոն, որը պետք է պաշտպանության գծում փոխարիներ իր լեգենդար հայրենակից Կառլոսին, բացառիկ հնարավորություն ստացավ սովորել իր կուռքից: Կառլոսը երիտասարդ Մարսելոյի համար ոչ միայն ուսուցիչ դարձավ, այլ նաեւ ընկեր: Միասին էին անցկացնում տոները, երբ չէին կարողանում իրենց ընտանիքների կողքին լինել:
![](https://mediamax.am/datas/znews/big_/2025/02/1739273065_4390873.jpg)
Լուսանկարը` FC Real Madrid
Նորամուտը
Մարսելոն առաջին հանդիպումն Արքայական թիմում անցկացրեց 2007 թվականի հունվարի 7-ին «Դոպերտիվո»-ի դեմ խաղում, իսկ արդեն ապրիլին արդեն հիմնական կազմի խաղացող էր: Սակայն տպավորիչ առաջին մրցաշրջանից հետո, նրա խաղում որոշակի անկում նկատվեց: Մարսելոյի կրկնվող սխալները մարզչին ստիպեցին նրանք պահեստային նստարանին թողնել:
Նորից սկսեց հիմնական կազմում հայտնվել Ժոզե Մոուրինյոյի գալուց հետո, որը Մարսելոյին վերադարձրեց ձախ եզր: 2013-ին պաշտպանը լուրջ վնասվածք ստացավ, որը նրան որոշակի ժամանակով դուրս թողեց ֆուտբոլից: Վերադառնալուց հետո իր 250-րդ հանդիպումն անցկացրեց ակումբի մարզաշապիկով:
2017-ին «Ռեալ»-ը Մարսելոյի հետ պայմանագիրը երկարաձգեց մինչեւ 2022 թվականը:
Ժամանակի ընթացքում նրա արդյունավետությունը սկսեց նվազել ու 2022-ին հայտնեց «Ռեալ»-ից հեռանալու մասին: Այդ պահին նա ակումբի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն էր՝ 15 տարիների ընթացքում 6 անգամ Իսպանիայի չեմպիոն է հռչակվել, Իսպանիայի 2 ու Չեմպիոնների Լիգայի 5 գավաթների տիրացել, 4 անգամ հաղթել Աշխարհի ակումբային առաջնությունում, 3՝ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում: 2021-2022 թթ. նա Արքայական թիմի ավագն էր` 117 տարվա ընթացքում դառնալով թեւկապը կրող առաջին ոչ իսպանացին:
![](https://mediamax.am/datas/znews/big_/2025/02/1739273065_1423546.jpg)
Լուսանկարը` FC Real Madrid
«Չեմպիոնների Լիգայի այդքան գավաթ նվաճելն ամեն անգամ իսկական փորձություն էր մեզ համար: Դուք տեսնում եք մեզ գավաթները ձեռքներիս՝ ժպտալիս: Բայց անգամ պատկերացում չունեք, թե ինչերի միջով ենք անցնում մինչեւ եզրափակչում հայտնվելը: Երբ դրանց մասին մտածում եմ, գլխումս ասեք ֆիլմ է սկսվում, եւ պատկերները հայտնվում են հակառակ հերթականությամբ՝ վերջից դեպի սկիզբ»:
2018-ին ՉԼ-ի 1/8 եզրափակչում ՊՍԺ-ի դարպասը գրավելուց հետո Մարսելոն շտապեց դեպի Զիդանը՝ նրա հետ հաջողությունը նշելու, իսկ երբ մարզիչը որոշեց հեռանալ ակումբից, այսպես մեկնաբանեց. «Շոկի ենթարկվեցի: Նա այնքան անգամներ է ինձ պաշտպանել, ու ես նրան տվեցի ամեն ինչ՝ հաղթում էի, պայքարում, հանդես գալիս նույնիսկ վնասվածքով: Բառացիորեն կյանքս եմ տվել հանուն Զիդանի»:
Մյուս ակումբները
Բնականաբար, երբ եկավ հեռանալու պահը, Մարսելոն այնքան հուզվեց, որ չկարողացավ զսպել արցունքները: Նա թիմին հրաժեշտ տվեց 2022-ի մայիսին ՉԼ-ում նվաճած հերթական գավաթից հետո.
«Իմ վերջին հանդիպումն էր թիմում եւ այսպես հաղթանակած գնալը մեծ երջանկություն է: Կուզեի մնալ Մադրիդում հավերժ, բայց չեմ կարող: ՉԼ-ի 5 գավաթ եմ նվաճել, ինչի մասին նույնիսկ երազել չէի կարող»:
Օրեր առաջ Արքայական ակումբը նրան «Ատլետիկո»-ի հետ խաղից առաջ յուրահատուկ հարգանքի տուրք մատուցեց «Սանտյագո Բեռնաբեու» ստադիոնում: Մարսելոն եկել էր որդիների հետ:
![](https://mediamax.am/datas/znews/big_/2025/02/1739273065_9152918.jpg)
Լուսանկարը` FC Real Madrid
Մարսելոյի կարիերայում հաջորդ թիմը հունական «Օլիմպիակոս»-ն էր, նրա շնորհանդեսին 25 հազար երկրպագու էր եկել: Ակումբի ղեկավարությունը պաշտպանի հետ մեծ հույսեր էր կապում, որոնք բրազիլացին չարդարացրեց, եւ այնտեղ անցկացրած 5 ամիսների ընթացքում ընդամենը խաղաց ընդամենը 332 րոպե: ԶԼՄ-ը գրում էին, որ մարզչի հետ տարաձայնություններ ունի, եւ 5 ամիս անց պայմանագիրը չեղարկվեց:
Եվ Մարսելոն որոշեց վերադառնալ այն ակումբ, որտեղ դեռ պատանի տարիքում առաջին քայլերն էր արել: Սակայն «Ֆլումինենսե»-ում էլ չկարողացավ ընդհանուր լեզու գտնել գլխավոր մարզչի հետ ու մշտապես հայտնվում էր պահեստայինների նստարանին: Դրա համար էլ 2024 հայտնեց համագործակցության ավարտի մասին:
Բրազիլիայի հավաքականը
Հավաքականում Մարսելոն սկսել է խաղալ 2006 թվականից եւ Ուելսի դեմ մեկնարկային խաղում գոլով է աչքի ընկել: 2008-ին նա մասնակցել է Պեկինի Օլիմպիական խաղերին, իսկ 2010-ին ընդգրկվել ԱԱ-ի ընդարձակ ցուցակ, սակայն վերջնական ցանկում չի մնացել:
![](https://mediamax.am/datas/znews/big_/2025/02/1739273065_4750894.jpg)
Լուսանկարը` FIFA
2012-ի Լոնդոնի Օլիմպիական խաղերը Մարսելոյին արծաթե մեդալ բերեցին: Չնայած անձնական դժբախտությանը՝ պապիկի մահվանը, նա մնաց թիմում ու օգուտ բերեց հավաքականին: 2017-ի մարտին Մարսելոն Պարագվայի դեմ ԱԱ-2018-ի ընտրական խաղում կարեւոր գոլի հեղինակ դարձավ: Ինչպես հավաքականում, այնպես էլ ակումբում նա 12 համարի մարզաշապիկով էր հանդես գալիս, որը նրա յուրահատուկ այցեքարտն էր դարձել:
Հավաքականում Մարսելոյի նշանակալի ձեռքբերումը 2014-ին Բրազիլիայում կայացած Աշխարհի առաջնությունում էր՝ 4-րդ տեղը գրավեցին: Մարսելոյի համար մրցաշարն աչքի ընկավ վառ ու տպավորիչ պահերով ու նա եւս մեկ անգամ հաստատեց իր բարձր կարգն աշխարհում: Ժամանակի ընթացքում Մարսելոն հավաքականի առանցքային խաղացողներից մեկը դարձավ:
Ընտանիքը
Իր ապագա կնոջը՝ Կլարիս Ալվեշին, հանդիպել է 15 տարեկանում: Նրանց ծանոթացրել է Կլարիսի եղբայրը, որի հետ Մարսելոն մինի ֆուտբոլ էր խաղում: Այդ հանդիպումը մեծ սիրո սկիզբն էր, իսկ 5 տարի անց, երբ երկուսն էլ 20 տարեկան դարձան, որոշեցին ամուսնանալ:
![](https://mediamax.am/datas/znews/big_/2025/02/1739273065_7204363.jpg)
Լուսանկարը` OneMan
Կլարիսը դերասանուհի էր, սակայն ամուսնուն աջակցելու համար ստիպված էր թողնել թատրոնն ու հետը մեկնել Մադրիդ: Ավագ որդին՝ Էնցոն, ծնվել է 2009-ին, իսկ փոքրը՝ Լիամը՝ 2015-ին: Էնցոն նույնպես ֆուտբոլիստ է ու հանդես է գալիս «Ռեալ»-ում եւ Իսպանիայի մինչեւ 16 տարեկանների հավաքականում: Արքայական ակումբի մինչեւ 8 տարեկանների թիմում նորամուտի խաղում նա հեթ-տրիկի հեղինակ է դարձել:
Մարսելոն ու Կլարիսը շատ ակտիվ են սոցկայքերում ու հաճախակի են համտեղ նկարներ հրապարակում՝ ցույց տալիս երեխաների առօրյան ու իրենց հետաքրքրությունները: Ամուսինները նաեւ բարեգործությամբ են զբաղվում եւ աջակցում կարիքավոր երեխաներին ու ընտանիքներին:
Որակները
Բոլոր թիմակիցները մշտապես ընդգծել են, որ Մարսելոն ամենաուրախ մարդկանցից մեկն է ու կարողանում է բոլորի տրամադրությունը բարձրացնել՝ միշտ գտնելով ոգեշնչող բառեր: Կյանքում էլ նա շարունակում է բաց ու շփվող լինել՝ մարդկանց վարակելով իր լավատեսությամբ:
Մարսելոն վայելում էր ֆուտբոլն ու չէր մոռանում նրա իրական արժեքների մասին՝ հիացնում էր, գրավում ու սիրել տալիս խաղը: Նա օգնում էր սիրել ֆուտբոլն ու դա անում էր իր վառ անհատականության ու ոչ մեկին չնմանվելու ունակության շնորհիվ: Թեեւ Մարսելոն հեռանում է ֆուտբոլից, սակայն իրենից հետո հարուստ ժառանգություն է թողնում, որը հիմնված է կրքի, նվիրվածության ու սիրո վրա:
Հասմիկ Բաբայան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: