Դեկտեմբեր 26, 2024
7363 դիտում

Պաղպաղակ վաճառողից եւ ուրիշի խաղակոշիկներ կրողից մինչեւ Մունդիալ. Ռիշարլիսոնը


Լուսանկարը` Confederação Brasileira de Futebol

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` Confederação Brasileira de Futebol

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` Confederação Brasileira de Futebol

Լուսանկարը` Confederação Brasileira de Futebol

Լուսանկարը` Confederação Brasileira de Futebol

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` Confederação Brasileira de Futebol

Լուսանկարը` Confederação Brasileira de Futebol

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից


Երեկոյան Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականն առաջին հանդիպումն անցկացրեց Կատարում ու 2:0 հաշվով հաղթանակ տարավ Սերբիայի նկատմամբ: Իր հավաքականի հաղթանակն ապահովեց Ռիշարլիսոնը:

Ֆուտբոլիստը, ինչպես եւ շատ բրազիլացի երեխաներ, ծանր մանկություն է ունեցել, հաղթահարել բազում խոչընդոտներ, որպեսզի կարողանա դառնալ առաջատար խաղացողներից մեկը:

Ռիշարլիսոնը մի անգամ խոստովանել է, որ էլ ոչնչից չի վախենում, քանի որ տեսել է դեմքին մոտ պահած ատրճանակի փողը: Ընդամենը 14 տարեկան է եղել, երբ այդ կրակոցը կարող էր վերջ տալ կյանքին:

Ընկերների հետ ֆուտբոլ խաղալով հասել են թմրանյութերի վաճառքով զբաղվող հանցագործի տան մատույցները, որին թվացել է՝ տղաները ցանկանում են գողանալ իր ապրանքն ու ֆուտբոլն ընդամենը պատրվակ է: Այդ ժամանակ էլ նա ատրճանակը պահել է Ռիշարլիսոնի վրա՝ պահանջելով էլ երբեք իր տան սահմաններին չմոտենալ:

Լուսանկարը` անձնական արխիվից


«Վազում էի այնքան արագ, որքան կարող էի: Սարսափելի վախեցած էի, այնտեղ երբեք էլ չգնացի»:

Ֆուտբոլիստը ծնվել է Բրազիլիայի փոքրիկ Վիլա Ռուբիա քաղաքում, որի ֆավելաներում համատարած հանցագործություն էր ու աղքատություն, մեծ ապագայի մասին մտածելու մասին խոսք անգամ չկար:

«Ամեն օր կրակոցների ձայներ էի լսում, տեսնում թմրանյութեր, շատ վատ թաղամաս էր»:

Ռիշարլիսոնի հարազատ քաղաքում մեծ թիվ են կազմում սուրճի պլանտացիաներն ու նա կարող էր բերք հավաքողների թվում լինել, սակայն ֆուտբոլի նկատմամբ սերն ու հավատը սեփական ուժերին անսասան էին: Տղան վաղ տարիքից սովորեց պայքարել իր նպատակների համար:

«Ընկերներս թմրանյութեր էին օգտագործում ու նաեւ վաճառում, քանի որ այդ եղանակով հնարավոր էր շատ հեշտ ու արագ գումար վաստակել: Ինձ էլ էին առաջարկում միանալ իրենց, աղջնակ էին անվանում, երբ չէի համաձայնվում, իսկ ես ուզում էի շոկոլադ ու պաղպաղակ վաճառել: Գիտեի, որ այդպես ճիշտ է»:

Լուսանկարը` անձնական արխիվից


Ռիշարլիսոնն այդպես էլ անում էր, փողոցում քաղցրավենիք էր վաճառում, որոնք պատկանում էին խանութներից մեկի տիրոջը: Թեեւ աշխատանքը չէր սիրում, բայց ստիպված անում էր: Մանկուց գիտեր՝ ինչպես չտրվել վատ շրջապատի ազդեցությանը, դա լավ դաստիարակության շնորհիվ էր ու նաեւ ֆուտբոլային մարզիչների, որոնք զուգահեռ ոստիկանությունում էին աշխատում ու իրենց սաների հետ դաստիարակչական զրույցներ ունենում:

«Մտածում էի միայն ֆուտբոլի մասին, ինձ էլ ոչինչ չէր հետաքրքրում: Երազանք ունեի, վազում էի 9 կմ անկախ եղանակից, հետո մարզվում»:

7 տարեկանում նրա ծնողները բաժանվեցին, քույրերի եւ եղբայրների հետ պետք է տեղափոխվեր այլ քաղաք, որպեսզի ապրեր մոր հետ: Նրանց իրերի եւ կահույքի հետ նստեցրեցին մեքենայի թափքի մեջ:

«Հենց շարժիչը միացավ, ցատկեցի մեքենայից: Այնտեղ մնացին բոլոր իրերս, սակայն ցանկանում էի ապրել հայրիկիս հետ: Նա այն մարդն էր, որն ինձ հավատում էր: Նրա հետ ֆուտբոլ էինք խաղում, գալիս էր իմ բոլոր հանդիպումներին: Մայրիկի հետ նման բան չկար, նա ինձ թույլ չէր տալ ֆուտբոլ խաղալ: Չեմ ափսոսում այդ քայլիս համար»:

Լուսանկարը` անձնական արխիվից


Մայրիկին միացավ միայն 3 տարի անց, քանի որ հայրն աշխատանք գտնելու համար ստիպված էր այլ քաղաք տեղափոխվել, իսկ ավելի ուշ Ռիշարլիսոնը սկսեց ապրել բարեկամների հետ: Նրա հայրը սիրողական մակարդակի ֆուտբոլիստ է եղել ու այդպես էլ չի կարողացել իրականացնել պրոֆեսիոնալ դառնալու երազանքը, փոխարենն արել է որդին: Թեեւ նրա համար էլ հեշտ չի եղել, 17 տարեկանում չէր կարողանում հաստատվել ոչ մի ակումբում,

«Նրանցից մեկն ինձնից հրաժարվեց ծննդյանս օրը: Մի պահ անգամ հանձնվելու մտքեր ունեի»:

Բրազիլիայում համարյա բոլոր տղաներն են ֆուտբոլ խաղում ու ակումբները ծանրաբեռնված են լինում, առանձնանալ մեծ մասից ու ցույց տալ, որ լավագույնն ես, դժվար է: Ռիշարլիսոնն այնքան էլ տաղանդավոր չէր, պարզապես աշխատասեր էր ու ամուր կազմվածք ուներ: Նա իր տեղը ամրապնդեց նաեւ մեծ ցանկության ու ֆուտբոլի նկատմամբ կրքի շնորհիվ:

Լուսանկարը` UEFA


Մի անգամ պատմել է, որ ձեռքի մատները չեն բավականացնի թվարկելու բոլոր այն ակումբների անունները, որոնք իրեն մերժել են:

«Վերջին անգամ մեկնեցի Բելու Օրիզոնտի փորձաշրջանի: Եթե այնտեղ էլ մերժեին, կթողնեի ֆուտբոլը: 12-ժամյա ուղեւորության գումարը մտերիմ ընկերս էր տվել, բայց հետդարձի տոմսի գումար չունեի՝ ճանապարհին ուտելիք էի առել»:

Իսկ ակումբ հասնել նրան օգնել էր Ռենատո Վալեսկասը, որի հետ պատահական էր ծանոթացել 16 տարեկանում: 2014-ին տաղանդավոր տղային նկատելով՝ նրա համար գնդակ ու մի քանի խաղակոշիկ էր գնել: Հիմա Վալեսկասը Ռիշարիլսոնի գործակալն է:

«Ռենատոն առաջին մարդն է, որն ինձ շանս նվիրեց: Նա այդպես էլ ասաց. «Օգնում եմ քեզ, որովհետեւ տեսնում եմ պոտենցիալդ»:

Իսկ ահա Վալեսկասը գտնում է, որ Ռիշարիլսոնն իր նպատակասլացության շնորհիվ ամեն ինչի հասել է ինքնուրույն:

Լուսանկարը` UEFA


Շուտով իր առաջին պայմանագիրը կնքեց «Ամերիկա Մինեյրո»-ի ակադեմիայի հետ ու ստացած գումարով առաջին անգամ իր համար խաղակոշիկ գնեց, մինչ այդ ուրիշներինն էր կրում:

Ակադեմիայում արդեն 4-րդ խաղում օգնեց պատմություն կերտել ու դառնալ Մ-17 տ. չեմպիոն, ֆուտբոլիստին միանգամից հրավիրեցին առաջին թիմ: Ամեն ինչ բարեհաջող դասավորվեց ու Ռիշարլիսոնը սկսեց լավ հանդես գալ նաեւ մեծահասակների մրցաշարում, բայց ծանր վնասվածք ստացավ ու պայքարից դուրս մնաց 3 ամսով:

«Վերականգնումը շատ բարդ էր, ամեն օր առավոտյան ժամը 5-ին տնից դուրս էի գալիս ու վերադառնում երեկոյան 8-ին: Տանջալից ժամանակ էր»:

Ռիշարլիսոնը վերադարձավ խաղադաշտ ավելի ուժեղ ու աստիճանաբար բարձրացավ նոր մակարդակի: 2017-ին ամեն ինչ պատրաստ էր, որ տեղափոխվի «Այաքս», սակայն նրան զանգահարեց «Ուոդֆորդի» մարզիչ Մարկո Սիլվան ու իր ակումբ հրավիրեց: Հոլանդիայում Ռիշարլիսնն ավելի շատ գումար կվաստակեր, նաեւ ՉԼ-ում կխաղար, սակայն որոշեց մեկնել Անգլիա:

Լուսանկարը` Confederação Brasileira de Futebol


«Անգլիայի առաջնության խաղերը հորեղբորս տանը հեռուստացույցով էի նայել, ինձ հիացնում էր արագությունը, որը ողջ խաղի ընթացքում պահպանվում էր: Միշտ ինձ ասում էի, որ մի օր ինքս էլ այնտեղ կխաղամ»:

Եվրոպա նա տեղափոխվեց բավական անաղմուկ՝ ընդամենը 12,4 մլն եվրոյով, սակայն շատ շուտով իր մասին խոսել տվեց: Անգլիական ֆուտբոլին արագ հարմարվեց, Պրեմիեր Լիգայում սկսեց հանդես գալ առանց Բրազիլիայի հավաքականում թեկուզ մեկ հանդիպում անցկացնելու: Նման դեպքեր միայն բացառիկ խաղացողների հետ է լինում: Իր առաջին գոլը խփեց ԱՊԼ-ի 2-րդ տուրում՝ «Բորմուտ»-ի դեմ խաղում:

«Վազում էի խաղադաշտով մեկ ու խելագարի պես գոռում: Հանկարծ տրիբունաները սկսեցին անունս երգել, անհավանական էմոցիաներ ստացա»:

20 տարեկանում նա ԱՊԼ-ում առաջին մրցաշրջանն անցկացրեց ու 38 խաղի մասնակցեց:

Լուսանկարը` FIFA


«Չէի կարողանում տեղական սնունդ ուտել ու միանգամից 5 կգ կորցրի: Հյուրանոցում էի բնակվում ու միայն համբուրգերներով սնվում, քանի որ այն գոնե մի քիչ բրազիլական խոհանոցն էր հիշեցնում: Բարեբախտաբար, շուտով տուն գտա ու գործակալս կնոջ հետ տեղափոխվեցին ինձ մոտ, այդ ժամանակ էլ սկսեցի նորմալ սնվել»:

Վալասկոյի կինը նրա համար 2-րդ մայր դարձավ, որը Ռիշարլիսոնի սիրած ուտելիքն էր պատրաստում: Անգլիայում նա նաեւ ընկերներ ձեռք բերեց, ընկերացավ մյուս բրազիլացի ֆուտբոլիստների հետ ու սկսեց իրեն լավ զգալ: Հատկապես մտերմացավ Նեյմարի հետ, որը 20-ամյա ֆուտբոլիստին հրավիրեց 2017-ին Լոնդոնում կայացած ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխությանը, սակայն չգնաց՝ անհանգստանալով, որ հաջորդ առավոտյան մարզմանը չի հասցնի:

2018-ին տեղափոխվեց «Էվերթոն», իսկ հիմա «Տոտենհեմի» ֆուտբոլիստ է, հանդես է գալիս Աշխարհի առաջնությունում ու 25 տարեկանում աստիճանաբար հաստատվում համաշխարհային ֆուտբոլում:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին