Ապրիլ 19, 2024
2044 դիտում

Զինեդին Զիդան. Ես ապրում եմ, որպեսզի հաղթեմ


Լուսանկարը` L’Equipe

Լուսանկարը` L’Equipe

Լուսանկարը` L’Equipe

Լուսանկարը` L’Equipe

Լուսանկարը` L’Equipe

Լուսանկարը` L’Equipe


Այս տարի 50-ամյակը նշած Զինեդին Զիդանը ֆրանսիական L’Equipe-ին ծավալուն հարցազրույց էր տվել:

Առանձնացրել ենք մի շարք մտքեր, որոնք Զիդանն ասել էր այդ զրույցի ժամանակ՝ անդրադառնալով «Ռեալ»-ից մինչեւ Մատերացի, հաղթելու ցանկությունից՝ Ֆրանսիայի հավաքական:

Լուսանկարը` L’Equipe


«Ես նոր դարձել էի 29 տարեկան եւ արդեն որոշակի փորձ ունեի: Հասկանում էի, որ կկորցնեմ «Ռեալ»-ում խաղալու հնարավորությունը: Ինձ պետք էր այդ մարտահրավերը, որպեսզի նոր շունչ տամ կարիերայիս:

Ֆլորենտինո Պերեսը կատակ չի անում: Եթե մի բան ասում է, ուրեմն անելու է: Այս պատմության վրա մինչ այսօր էլ ծիծաղում եմ: Մոնակոյում նրա հետ նստած էի մեծ սեղանի շուրջ ու մասնակցում էի գալա-ընթրիքի: Երբ ինձ հրավիրեցին մրցանակ ստանալու, Պերեսն ինձ մեկնեց մի անձեռոցիկ: Վրան գրված էր. «Կուզե՞ս «Ռեալ»-ում խաղալ»: Ես նրան նույն ձեւով էլ պատասխանեցի. «Այո»: Մինչ այսօր էլ զարմանում եմ, թե ինչու անգլերենով գրեցի, կարող էի չէ՞ գրել «oui», որովհետեւ ֆրանսերեն գիտի, կամ «sí», բայց գրեցի «yes»: Ահա այդ «yes»-ից էլ ամեն ինչ սկսվեց:

2001-ին երբ տեղափոխվեցի Մադրիդ, շուրջ երեք ամիս լրագրողներն անընդհատ հետապնդում էին ինձ: Առավոտից իրիկուն ուշադրության կենտրոնում էի: Հետո նրանք ինձ հանգիստ թողեցին, որովհետեւ հետաքրքիր չէի, քանի որ վարում էի համեստ կյանք ու իմ մասին արտառոց գրելու ոչինչ չկար:

Լուսանկարը` L’Equipe


2006-ի Աշխարհի առաջնության Իսպանիայի դեմ խաղում 3-րդ գոլը խփելու ժամանակ ես վնասվածք ստացա: Այդ մասին գրեթե ոչ ոք չգիտեր: Հետազոտությունից հետո ասացին, որ Բրազիլիայի դեմ չեմ կարող խաղալ: Ես ասացի. «Ի՞նչ: Չի կարող պատահել, որ ես բաց թողնեմ այդ խաղը»: Բժիշկներն ամեն ինչ արեցին, որ ես դուրս գամ դաշտ: Ամեն մի հանդիպում ինձ համար կարող էր վերջինը լինել, բայց չխաղալ Բրազիլիայի դեմ՝ անկարելի էր:

Եզրափակչի օրը խոսել էի քրոջս հետ ու գիտեի, որ մայրիկս վատառողջ է: Լուրջ բան չկար, բայց ես անհանգստացած էի: Մատերացին այդ դեպքի ժամանակ չի հիշատակել մորս: Բայց նա վիրավորեց քրոջս, որն այդ պահին մայրիկիս էր խնամում: Մատերացին այդպես ինձ սադրեց: Ես իմ արարքով չեմ հպարտանում, բայց դա իմ կենսագրության մի մասն է: Այդ ժամանակ ես ավելի թույլ մարդ էի:

Լուսանկարը` L’Equipe


Ինձ չզարմացրեց, որ «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ դառնալուց հետո մենք այդքան արագ հաղթեցինք Չեմպիոնների լիգայում: Պատճառը մեկն է, եթե ես ինչ-որ բան եմ անում, ապա միայն հանուն հաղթանակի: Ես ապրում եմ, որպեսզի հաղթեմ: Միշտ այդպես չեմ կարող անել, բայց այդ նպատակն եմ հետապնդում:

ՉԼ-ում հաղթելը, այն էլ երեք անգամ անընդմեջ, պատահական չի կարող լինել: Դա դժվարին աշխատանք է: Աշխատում էի խելագարի պես, նույնիսկ երբ տանն էի, ուղեղս մնացած էր լինում ստադիոնում՝ մտածելով հաջորդ մարզման մասին:

Լուսանկարը` L’Equipe


5 թիվն իմ կյանքում մեծ նշանակություն ունի: Հարցը միայն 5 համարի շապիկը չէ: Օրինակ՝ 5 անգամ «Ռեալ»-ի հետ դարձել եմ ՉԼ-ի հաղթող, մեկը որպես ֆուտբոլիստ, մեկը՝ մարզչի օգնական եւ 3-ը՝ գլխավոր մարզիչ: Եթե խաղից առաջ հյուրանոցում մնամ 5-րդ հարկի սենյակում, ապա 99 տոկոսով հաղթանակ ենք տանելու:

Եթե ես ինչ-որ թիմ եմ գլխավորում, ապա միայն հաղթանակ կերտելու համար: Սա է պատճառը, որ ամեն ակումբ չեմ գլխավորի: Ամեն ինչ կարեւոր է, օրինակ՝ լեզվի իմացությունը: Երբ ինձ հարցնում են. «Չե՞ս ցանկանա աշխատել ՄՅՈւ-ում», զարմանում եմ: Ես հասկանում եմ անգլերեն, բայց 100 տոկոսով չեմ տիրապետում: Գիտեմ, որ կան մարզիչներ, ովքեր աշխատում են ակումբում՝ չիմանալով լեզու: Բայց ես այդպես չեմ կարող: Հաղթանակի հասնելու համար կարեւոր է ամեն ինչ: Անձամբ ես գիտեմ դրան հասնելու համար ինձ ինչ է հարկավոր:

Լուսանկարը` L’Equipe


Հույս ունեմ, որ մի օր մարզելու եմ Ֆրանսիայի հավաքականը: Ե՞րբ: Դա ինձնից չէ կախված: Ես խաղացել եմ ազգային թիմում ու դա լավագույն բանն է, որ ինձ հետ տեղի է ունեցել:  

Գիտեմ, որ որպես մարզիչ վերադառնալու եմ այնտեղ: Հենց նման հնարավորություն եղավ, օգտվելու եմ դրանից: Իսկ հետո, իսկ ինչո՞ւ չդառնալ մի նախագծի անդամ, որտեղ ինքս կարող եմ ղեկավար լինել: Օրինակ՝ ակումբի նախագահ կամ էլ մենեջեր»:

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին