Նոյեմբեր 24, 2024
exclusive
7375 դիտում

Ուժը սեռ չունի. Նազիկ Ավդալյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանն այն մարզիկներից է, ով կայանալու ու հաջողությունների հասնելու ճանապարհին հաղթահարել է բազմաթիվ դժվարություններ:

 

Այդ ճանապարհը բոլորին ցույց է տվել, որ ուժը պայմանավորված չէ սեռով, եւ կանայք արդեն վաղուց իրենց բարձր տեղն են գրավել սպորտում: Հիմա ժամանակն է ավելի մեծ ուշադրություն դարձնել կանանց սպորտին, ավելի շատ խոսել նրանց հաջողությունների մասին: 

 

Sport MediamaxTotoGaming-ի հետ համատեղ՝ կանանց միամսյակին ընդառաջ իրականացնում է «Ուժը սեռ չունի» արշավի հիման վրա ստեղծված շարքը, որը միտված է կոտրել հայկական իրականությունում հաճախ հանդիպող կարծրատիպերն այն մասին, որ մեծ սպորտը կանանց համար չէ:

 



«Ծնկի, ուսի, արմունկի վնասվածքները, մեջքիս կոտրվածքն ինձ չխանգարեցին վերադառնալ դահլիճ ու մարզվել: Մտածում էի, որ կդառնամ 50 տարեկան, էլ ընդհանրապես հնարավորություն չեմ ունենա կրկին հարթակ ելնելու եւ ամբողջ կյանքում կապրեմ այս մտքով՝ իսկ եթե փորձած լինեի: Միայն դրա համար նորից վիրահատվեցի ու վերսկսեցի մարզումներս: Ափսոսանքով ապրելն ամենածանր բաներից մեկն է: Ինձ համար ֆիզիկական ցավերը խնդիր չեն, կարեւորը հոգեպես հանգիստ լինեմ»:

Ավդալյանի համար սկզբնական շրջանում ծանրամարտով պարապելը հեշտ չի եղել, քանի որ հասարակության քննադատությունները բազմաթիվ են եղել:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Եթե հիմա լիներ, ընդհանրապես շատ թեթեւ կտանեի եւ ուշադրություն չէի դարձնի: Բայց այն ժամանակ 18 տարեկան աղջիկ էի ու սրտիս մոտ էի ընդունում, մտածում էի, որ դա իմ կյանքն է, ոչ մեկի չեմ վնասում, ինչո՞ւ են այդպես արտահայտվում: Երբ քննադատում էին, սկսում էի պաշտպանվել, բայց հետո հասկացա, որ դա թույլ հոգեբանություն է: Եթե մարդ այդպես է մտածում, իր խնդիրն է, ես պարտավոր չեմ արդարանալ կամ բացատրել: Աստիճանաբար ինձ համար ամեն ինչ միեւնույն դարձավ ու հասկացա, որ յուրաքանչյուրի իրավունքն է ընտրել այն մասնագիտությունը, որն ուզում է: Կյանքն այնքան կարճ է ինչ-որ մեկին բան ապացուցելու համար»:

Ծանրորդուհին գտնում է, որ քննադատություններն են նաեւ իրեն օգնել առաջ գնալ. դարձել է ավելի ուժեղ ու հաղթահարել ամեն ինչ:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ծանրամարտի մասին դրական կամ բացասական կարծիքներից չեմ նեղանում, ես էլ ժամանակին տարբեր քննադատական մոտեցումներ եմ ունեցել: Սակայն դրանք օրինակ են եղել ինձ համար, որ երբեք չքննադատեմ մի բան, ինչից տեղյակ չեմ»:

Բոլոր դժվարություններից հետո Ավդալյանը սպորտ վերադարձավ ու կրկին հայերին ուրախանալու առիթներ տվեց: Իսկ նրան այդ ամենում օգնել է որդին՝ Վաչեն:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Երկրորդ անգամ սպորտում հաջողություններ հասնելուս շատ օգնեց իմ բալիկը: Այդ ժամանակ նա երկու տարեկան չկար, իսկ ես 1,5 տարի չտեսա նրան: Հավաքների պատճառով մայրիկիս մոտ էր մնում: Ազատ ժամանակ մի քանի օրով գալիս էի տուն, հետո էլի մեկնում: Բնականաբար, ողնաշարիս հետ կապված ցավեր ունեի, բայց ասում էի՝ ես իմ տղայի հետ չեմ, նրա քայլելը, խոսելը չեմ տեսել, հիմա ֆիզիկական ցավերի համար չպարապեմ ու առանց որեւէ արդյունքի դո՞ւրս գամ սպորտից: Դա անհնարին է: Ու այդ միտքն օգնում էր ոչինչ չզգալ»:

Ավդալյանը մարզումների առաջին օրվանից իմացել է, թե որն է իր նպատակը եւ դրան հասնելու համար կարողացել է նախ հաղթել ինքն իրեն:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Երբ 2009 թվականին դարձա Աշխարհի չեմպիոն, անչափ ուրախացա, բոլորը շնորհավորում էին: Բայց հանկարծ ես դատարկություն զգացի, չէի հասկանում՝ ինչ է կատարվում, ամեն ինչ իրար էր խառնվել: Գիտեք, օրեր են եղել մտել եմ դահլիճ ու չեմ ցանկացել պարապել, բայց ինքս ինձ ասում էի, որ այս երկու ժամն այսպես թե այնպես անցնելու է, ավելի լավ է մարզվեմ: Այ, այդպես ինձ մոտիվացնում էի, քայլ-քայլ, ոչ մի բան չխնայելով, անմնացորդ նվիրվելով շարժվում էի առաջ: Դրա համար երբ չեմպիոն դարձա, այդքան էլ չզարմացա, որովհետեւ ես արել էի այն, ինչ անում էի մարզման ժամանակ»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նա համոզված է, որ մասնագիտությունը սեռ չի ճանաչում եւ կինը պարտավոր չէ լսել բոլորի կարծիքը:

«Միֆ է, որ ասում են, թե ծանրամարտը կոպտացնում է կնոջը: Մարդ լինում է այնպիսին, ինչպիսին կա, մասնագիտությունը չի ազդում նրա վրա: Իհարկե, ատլետիկ կառուցված ես ձեռք բերում, բայց դա չի խանգարում կանացի լինել: Սարսափելի է ընտրել ոմանց կարծիքով կանացի սպորտաձեւ կամ մասնագիտություն ու մնալ միջակություն, քան դեմ գնալ հասարակությանը, ընտրել քո ցանկացածը եւ ինքնահաստատվել, քո դիրքն ունենալ հասարակության մեջ ու ապրել դրանով»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ավդալյանը կարծում է, որ ցանկացած ոլորտում հաստատվելու համար պետք է հասկանալ՝ ինչ ես անում եւ հանուն ինչի:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Իհարկե, ամեն ինչ կատարյալ չի լինում: Հաջողության հասնելու համար պետք է մի բան ներդնես: Չասեմ զոհաբերես, որովհետեւ, օրինակ, ընկերների հետ հանդիպում, թե՞ մարզում՝ այստեղ դու չես զոհաբերում մեկը կամ մյուսը, այլ ընտրում ես: Այ, եթե ընտրեիր հավաքույթը, այդ ժամանակ ավելի մեծ բան կզոհաբերեիր: Պետք է նայենք ու հասկանանք, թե ինչի համար ինչ ենք դնում: Եթե ուզում ենք հասնել հաջողությունների, պետք է կյանքը կապենք մեր նպատակների, այլ ոչ թե մարդկանց հետ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին