Ապրիլ 27, 2024
exclusive
3973 դիտում

2020-ի մարտահրավերներն ու մարզիկների սոցկայքերում դրանց անդրադարձը


Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` massispost.com

Լուսանկարը` Ռեշֆորդի Twitter

Լուսանկարը` James Milner-ի TWitter

Լուսանկարը` bleacherreport.com

Լուսանկարը` insider.com

Լուսանկարը` Instagram

Լուսանկարը` en24.news

Լուսանկարը` UWW


21-րդ դարում մարզիկներն ավելին են, քան պարզապես աշխարհի չեմպիոններ, լավագույն ֆուտբոլիստներ, Ոսկե գնդակի հաղթողներ կամ ռեկորդակիրներ: Նրանք մերօրյա ամենաազդեցիկ ու հզոր դեմքերից են համարվում, միլիոնավոր հետեւորդներ ունեն ու ճանաչելի են ամբողջ աշխարհում:

Մարզիկներն իրենց մեկ գրառմամբ կամ արշավով կարող են հազարավորների կարծիքների վրա ազդել կամ բարձրաձայնել բազմաթիվ հրատապ թեմաներ:

2020-ը լի է մարտահրավերներով, նախ բռնկվեց կորոնավիրուսը, հետո ԱՄՆ-ում տարածվեց #BlackLivesMatter շարժումը, հուլիսին էլ ռազմական գործողություններ սկսվեցին հայ-ադրբեջանական սահմանին:

Այդ գլոբալ խնդիրներին կփորձենք անդրադառնալ մարզիկների արձագանքի տեսանկյունից: 

Հայաստանն ու հայ մարզիկները

Հուլիսի 12-ից ադրբեջանցիները Հայաստանի հետ սահմանին ռազմական գործողություններ հրահրեցին՝ կրակելով նաեւ խաղաղ բնակավայրերի վրա: Երկու կողմերն էլ զոհեր ու վիրավորներ ունեն:

Բնականաբար, այս անգամ էլ, ինչպես 2016-ի ապրիլին, մարզիկներն իրենց զորակցությունը հայտնեցին հայրենիքին:

Լուսանկարը` Reuters


Հայաստանը համաշխարհային մեծության այդքան էլ շատ մարզիկներ չունի, ամենաճանաչվածներից մեկը Հենրիխ Մխիթարյանն է, ու նրա խոսքին շատերն էին սպասում: Երեկ երեկոյան մեր ընտրանու ավագը գրառում կատարեց Ֆեյսբուքում, բայց միայն հայերենով:

«Մեծագույն անհանգստությամբ հետեւում եմ վերջին օրերին Հայաստանի սահմանների վրա տեղի ունեցող լարվածության, թիրախավորված բնակավայրերի մասին լուրերին եւ ցանկանում զորակցությունս հայտնել մեր քաջ զինվորներին, ովքեր կյանքի գնով պաշտպանում են մեր հայրենիքը իրենց հերոսական գործողություններով:
 
Խորին վշտով ցավակցում եմ մեր հերոս նահատակների ընտանիքներին ու աղոթում վիրավոր զինվորների շուտափույթ ապաքինման համար: Խաղաղություն եմ մաղթում մեր հայրենիքին: Ձեզ հետ եմ»:

Նրա խոսքերը միանշանակ չընդունվեցին լսարանի կողմից: Շատերը սկսեցին բողոքել, որ 7 լեզվի տիրապետող ֆուտբոլիստը միայն հայերենով կատարեց գրառումն ու որեւէ հաշթեգ չօգտագործեց՝ ի տարբերություն #BlackLivesMatter-ին ու կորոնավիրուսին նվիրված իր հրապարակումների: Բայց Մխիթարյանի երկրպագուներից քիչ չէին նաեւ նրանք, ովքեր հերթական անգամ փաստեցին, թե որքան շատ են հպարտանում ֆուտբոլիստով:

Լուսանկարը` massispost.com


Պատերազմական վիճակին անգլերենով անդրադարձավ նաեւ հավաքականի արդեն նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը. «Կանգնած են մեր զինվորների կողքին, որոնք խիզախորեն պաշտպանում են Հայաստանի սահմանները»:

Աշխարհի, Եվրոպայի ու Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն էլ հրավիրել է միջազգային բոլոր կառույցների ուշադրությունը Տավուշի մարզում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող գործողություններին:

«Հայ-ադրբեջանական պետական սահմանագծում հավաքական եկվորների կողմից բազմիցս խախտվում է անդորրը, վախկոտները գաղտնի ու գիշերով են համարձակվել հարձակվել: Բանակը քանակով չի որոշվում, այլ հայրենիքին զինվորագրված երդվյալ, անզիջում պայքարող եւ հակահարված տվող փառապանծ զինվորներով: Ես ձեզ հետ եմ, տղերք: Ես ձեզանից մեկն եմ: Ես իմ հայրենիքի զինվորն եմ»,- Instagram-ի իր էջում գրել է ըմբիշը: 

Լուսանկարը` UWW


Ռազմական գործողությունների մասին մշտապես անգլերենով գրառումներ է կատարում ու իր արտասահմանցի ընկերներին Հայաստանում տիրող իրավիճակի մասին ներկայացնում գրոսմայստեր Մարիա Գեւորգյանը:

Իրենց սոցիալական էջերում հակամարտությանն անդրադարձան նաեւ Սիմոն Մարտիրոսյանը, Գեւորգ Ղազարյանը, Սարգիս Ադամյանը, Արթուր Աբրահամը եւ այլոք:

Ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանն էլ սեփական մաշկի վրա զգաց ադրբեջանական տեղեկատվական պատերազմի հետեւանքը: Ադրբեջանցի հաքերները ջարդեցին նրա ինստագրամյան էջն ու հակահայկական հրապարակումներ արեցին: Բարեբախտաբար, 1 օր էլ չանցած նա վերադարձրեց իր էջը:

Լուսանկարը` UWW


Կովիդն ու մարզաշխարհը

Գարնանը, երբ շատ երկրներում արտակարգ դրություն էր հայտարարված ու մարդիկ համատարած փակված էին տներում, մարզիկներից սկսեցին ստացվել աջակցության կարեւոր խոսեր:

Ամենաազդեցիկներից ու տպավորիչներից մեկն Իտալիայի հավաքականի նախկին ավագ Ֆաբիո Կանավարոյից էր: Անհնար էր առանց հուզվելու կարդալ, թե ինչ ջերմությամբ ու սիրով է նա դիմում Իտալիային.

«Հիմա ամբողջ Իտալիային է պետք միասնական ոգի: Արդեն իսկ ականատես ենք եղել իրար օգնելու մի քանի հիանալի օրինակների: Andrà tutto bene-ն (իտալերեն`ամեն ինչ լավ է լինելու) պարզապես կոչ չէ տանը մնացողներին, նրանց ովքեր վախեցած են կամ հույսը կորցրած, դրանք աջակցության խոսքեր են:

Եթե անգամ ձեր հարեւանին օգնեք, էլի մեծ գործ արած կլինեք: Պետք է բոլորս հիշենք, որ այս ճակատամարտում թիմային աշխատանք է պետք ու անհրաժեշտ է բոլորս միավորվենք:

Իհարկե, մեզնից ոչ մեկը Սուպերհերոս չէ: Բայց երբ միասին ենք գործում, շատ բաների կարող ենք հասնել: Ուժեղ եղեք իմ քույրեր ու եղբայրներ»:


Շատ մարզիկներ տարբեր երկրներում կամավորներ դարձան ու առաջնագծում սկսեցին պայքարել կորոնավիրուսի դեմ: Նրանք շտապօգնության մեքենաների վարորդներ էին, բուժաշխատողներ կամ էլ պարզապես սնունդ մատակարարողներ: Միասնականության ու համախմբման այդ յուրահատուկ օրինակը շատ ոգեշնչող էր:


Երեխաներին օգնելու ու նրանց սնունդի մասին հոգալու մի ամբողջ արշավ սկսեց «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը: Նա կարանտինի մեկնարկում անապահով ընտանիքների երեխաներին սնունդով ապահովելու համար դրամահավաք սկսեց:

Դեռ մարտին, երբ Բրիտանիայում փակվել էին դպրոցներն, ու երեխաները զրկվել էին անվճար սնունդից, Ռեշֆորդն ընդամենը 30 հազար ֆունտ սթերլինգով կարողացավ շաբաթական 3 մլն չափաբաժին սնունդով օգնել խոցելի բնակչությանը:

Մարտին 22-ամյա հարձակվողը նպատակ էր դրել 100 հազ. ֆունտ հավաքել 400 հազ. երեխաների համար: Ապրիլի վերջին արդեն 20 մլն գումար էր հավաքվել:

Ֆուտբոլիստի շնորհիվ Մեծ Բրիտանիայի կառավարությունն էլ փոխեց իր դիրքորոշումն անապահով ընտանիքների երեխաներին անվճար սնունդով ապահովելու հարցում ու որոշեց օժանդակություն ցույց տալ:

Լուսանկարը` Ռեշֆորդի Twitter


Mediamax Sport-ի միջոցով Հայաստանին դիմեց նաեւ Արթուր Ալեքսանյանը: Ապրիլին նա իր հայրենակիցներին քաջալերանքի խոսքեր ասաց, որ ամուր լինեն, պայքարող ու կարողանան դիմակայել այդ արհավիրքին:

«Կորոնավիրուսի նկատմամբ տարած հաղթանակն աշխարհի կարեւորագույն հաղթանակն է լինելու: Շատերը նշում են, որ սա իսկական պատերազմ է, մինչդեռ մենք գործ ունենք համաշխարհային արհավիրքի հետ: Սպորտում հաղթող-պարտվող հարաբերությունները լրիվ այլ բնույթ են կրում: Պայքարը շարունակվում է հաջորդ մրցումներում, մինչդեռ այս ծանր իրավիճակում անհրաժեշտ է հավատով, կամքով ու պատասխանատվությամբ միավորվել` հանուն մեծ աշխարհի ու մեր փոքր Հայաստանի պայծառ ապագայի։Մենք պետք է նվաճենք այդ հաղթանակը... »:


ՖԻՖԱ-ի միջոցով բուժաշխատողներին իրենց աջակցությունը հայտնեցին 50 հայտնի ֆուտբոլիստներ՝ Դեւիդ Բեքհեմը, Ջանլուիջի Բուֆոնը, Կաֆուն, Իկեր Կասիլիասը, Ժերար Պիկեն, Չավին, Մարադոնան, Պելեն, Ռոնալդոն, Յայա Տուրեն, Զինեդին Զիդանը, Խավիեր Զանետտին, Յուրի Ջորկաեֆը եւ շատ այլ նշանավոր դեմքեր:



Բազմաթիվ ստադիոններ ու սպորտային կառույցներ ժամանակավոր հիվանդանոցների վերածվեցին, մարզիկները, մարզիչներն ու ակումբները Covid-19-ի դեմ պայքարելու համար միլիոնավոր դոլարներ տրամադրեցին: Նրանց թվում էին Պեպ Գվարդիոլան, Գարի Նեւիլը, Ռայան Գիգզը, Մոհամեդ Սալահը, Լեո Մեսսին, Քրիշտիանու Ռոնալդուն, Կասիլիասը, Խավին, Ռոբերտ Լեւանդովսկին, Ռոժեր Ֆեդերերը, Կարիմ Բենզեման, Բենջամին Մենդին, Ժո-Վիլֆրիդ Ցոնգան, Սիմոնա Հալեպը, Ռաֆայել Նադալը:

Անունների այս ցանկը բավական երկար է, շատերը ցանկացան իրենց անմիջական մասնակցությունն ունենալ ու օգնել մարդկանց, որոնք իրենց ներկայությամբ տոն են դարձնում ցանկացած սպորտային իրադարձություն: Նրանց կարեւորությունն ու կարիքը շատ զգացվեց դատարկ տրիբուներում անցկացվող հանդիպումների ժամանակ:

Սեւամորթների կյանքի համար պայքարը

Կորոնավիրուսին զուգահեռ բռնկվեց նաեւ սեւամորթների կյանքերի համար մողվող պայքարը: Այն բանից հետո, երբ մայիսին ԱՄՆ-ում ոստիկանները հերթական աֆրոամերիկացու մահվան պատճառը դարձան, դժգոհությունների հսկայական ալիք բարձրացավ ողջ երկրով մեկ: Բազմաթիվ անվանի ու տիտղոսակիր մարզիկներ միավորվեցին ռասիզմի դեմ պայքարին:

Լուսանկարը` James Milner-ի TWitter


«Դրա համար էլ ես չեմ լռում ու պայքարում եմ ռասիզմի դեմ: Ջորջ Ֆլոյդ, Ահմադ Արբերի, Բրեոննա Թեյլոր, Թրեյվոր Մարտին, Էրիկ Գարներ, Այանա Ջոնս, Ֆրեդդի Գրեյ ու էլի շատ-շատեր: Ես հաջո՞րդն եմ: Չեմ լռում, իսկ դո՞ւք»,- գրեց ամերիկուհի թենիսիստ Կորի Գաուֆը:

Մեկ այլ թենիսիստուհի՝ 2018-ի US Open-ի հաղթող Նաոմի Օսական ինքն էլ դուրս եկավ Մինեապոլիսի փողոցներ ու միացավ ցուցարարներին:

Ֆուտբոլի Աշխարհի չեմպիոն Ալեքս Մորգանն էլ մեծ ցավով անդրադարձավ ստեղծված իրավիճակին. «Անբացատրելի ատելություն եմ զգում այս դաժան սպանության պատճառով: Ե՞րբ են բոլոր ամերիկացիներին նույն հարգանքով վերաբերվելու՝ անկախ սեռից ու ռասայից»,- ասաց Մորգանը:

Եվրոպայում էլ մարզաշխարհն անմիջապես արձագանքեց: «Շալկեի» ամերիկացի կիսապաշտպան Ուեստոն Մակկեննին Բունդեսլիգայի 29-րդ տուրում «Վերդերի» հետ խաղում «Արդարություն Ջորջի համար» գրությամբ թեւկապով դուրս եկավ խաղադաշտ:

Լուսանկարը` bleacherreport.com


«Բորուսիայի» կազմում դուբլի հեղինակ դարձած Ջեյդոն Սանչոն առաջին գոլից հետո բարձրացրեց շապիկն ու ցուցադրեց նույն գրությունը: «Լիվերպուլի» ֆուտբոլիստները եւս հարգեցին Ֆլոյդ Ջորջի հիշատակը: Թիմի բոլոր խաղացողները մարզման ժամանակ «Էնֆիլդում» ծնկի իջան: Հետագայում շատ ֆուտբոլային ակումբներ կրկնեցին նույն ժեստը:

Արշավի գլխավոր  #JusticeForGeorge հաշթեգը թվիթերի իրենց էջերում հրապարակեցին  մի շարք ֆուտբոլիստներ: Ջորջիո Կելինին էլ նամակ գրեց.

«Ինչպե՞ս կարող եմ դստրերիս բացատրել, թե ինչ է տեղի ունեցել: Ի՞նչ բառեր գտնեմ:

Միայն մեկ հարց կա, նույնքան կարեւոր, որքան Ջորջ Ֆլոյդի կյանքն էր՝ ինչո՞ւ: Ինչպե՞ս այդ ամենը կարող էր տեղի ունենալ: Ինչո՞ւ է պատմությունը կրկնվում: Տեսել եմ հաշթեգեր՝ «Սեւամորթների կյանքն արժեք ունի»: Նման հաշթեգեր չպետք է լինեն: Բոլոր կյանքերն էլ արժեք ունեն: Յուրաքանչյուր մարդու»:

Հունիսի 2-ին սոցկայքերը մեկ օրով ամբողջությամբ «սեւ» դարձան՝ ի նշան բողոքի միայն սեւ լուսանկարներ հրապարակեցին:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին