Մայիս 09, 2024
exclusive
7200 դիտում

Covid-19-ի առաջնագծում կռվող ու կամավորներ դարձած մարզիկները


Լուսանկարը` the42.ie

Լուսանկարը` the42.ie

Լուսանկարը` rugbyrama.fr

Լուսանկարը` thestatesman.com

Լուսանկարը` siasat.com

Լուսանկարը` FC Atletico

Լուսանկարը` tn.com


Այս օրերին ողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ: Մարդիկ հնարավոր միջոցներով փորձում են օգնել հաղթահարել հիվանդությունը՝ դրամահավաքներ են կազմակերպում, օնլայն համերգներ անցկացնում ու իրենց աջակցությունը հայտնում:

Մարզիկներն էլ արդեն հսկայական գումարներ են տրամադրել հիվանդանոցներին ու առողջապահական կառույցներին: Սակայն այսօր պատմելու ենք Covid-19-ի առաջնագծում պայքարող չեմպիոնների մասին, ովքեր մոռացել են իրենց կոչումների ու հաղթանակների մասին: Հիմա նրանց կարեւոր առաքելությունը մարդկանց օգնելն է:

Մաքսիմ Մբանդա (ռեգբի, Իտալիա)

Մբանդան պատրաստվում էր այս ամիս կանայալիք ռեգբիի Վեց Ազգերի մրցաշարին ու չէր էլ կարող պատկերացնել, թե իրականում ինչպես է անցկացնելու ապրիլը:

Նա ապաքինվել էր վնասվածքից ու պատրաստ էր Անգլիայի դեմ խաղին, որը սակայն կորոնավիրուսի պատճառով հետաձգվեց: Դրա փոխարեն մարզիկը հայտնվեց հիվանդության դեմ պայքարի առաջնագծում ու սկսեց օգնել Իտալիային:

Լուսանկարը` the42.ie


Նա սկզբում դեղամիջոցներ էր բաժանում Պարմայի տարեց մարդկանց, ապա դարձավ շտապօգնության մեքենայի վարորդ՝ օրական աշխատելով մինչեւ 12 ժամ: Մբանդան Covid-19-ով հիվանդներին տեղափոխում էր 3 հիվանդանոց:

«Վերադարձա Պարմա, որտեղ ոչ մարզումներ կային, ոչ խաղեր: Ամեն ինչ կանգ էր առել քաղաքում: Ինքս ինձ հարցրի, թե ինչո՞վ կարող եմ օգնել մարդկանց: Համացանցում մի քիչ ուսումնասիրություն կատարեցի ու հոդված գտա, որում նշվում էր Պարմայի Համայնքի ու Դեղին Խաչի միջեւ համագործակցության մասին»,-CNN-ին պատմել է ռեգբիստը:

Պետք էր հիվանդներին ծանրաբեռնված հիվանդանոցներից տեղափոխել ավելի ազատները: Մբանդան խոստովանել է, որ իրականում մահճակալները երբեք էլ չեն ազատվում:

Նախորդ շաբաթ նա ականատես է եղել, թե ինչպես է մեկ մահճակալի համար 150 հոգանոց հերթ գոյացել ու ինչպես հիվանդանոցների անգամ միջանցքներում եւ հնարավոր ազատ տարածքներում են հիվանդներ պառկեցնում:



«Մեկ ամիս առաջ երբեք չէի էլ կարող պատկերացնել, որ նման իրավիճակում կհայտնվենք: Անհավանական է: Դպրոցում ուսումնասիրել եմ առաջին ու երկրորդ համաշխարհային պատերազմները, Իրաքում, Սիրիայում, Աֆրիկայում տեղի ունեցող հակամարտությունները, բայց հիմա լիովին այլ է, թշնամին անտեսանելի է»,- ասել է 26-ամյա մարզիկը:

Նա նշել է, որ ծնողներն են իրեն սովորեցրել օգնել ծանր ու անելանելի վիճակում հայտնված մարդկանց: Մբանդայի հայրը վիրաբույժ է, ու նա էլ իր ողջ ուժերով օգնում է կորոնավիրուսով հիվանդներին:

«Ամեն օր հիվանդներ եմ տեղափոխում մի ծանրաբեռնված հիվանդանոցից դեպի մյուսը: Պետք է հավասարակշռություն գտնենք, որ բուժաշխատողները կարողանան գործել հանգիստ ու առանց սթրեսի»,- ընդգծել է նա:

Լուսանկարը` rugbyrama.fr


Ռեգբիի բոլոր խաղերը դադարեցվել էին մինչեւ ապրիլի 3-ը, ապա ներքին առաջնությունը չեղարկվել է: Բայց մարզավիճակը պահելու համար Մբանդան փորձում է պարապել ազատ ժամերին:

«Պետք է մարզվեմ, որ պատրաստ լինեմ: Հույս ունեմ, որ շուտով կվերադառնանք խաղադաշտ ու նորից ռեգբիով կզբաղվենք: Նաեւ կոչ եմ անում իտալացիներին, որպեսզի հնարավորության դեպքում օգնեն մեր խոցելի հայրենակիցներին: Երիտասարդները, որոնք երեխաներ չունեն ու տանը միայնակ են, սոցկայքերում բողոքելու փախարեն կարող են զանգել տանը միայնակ մնացած տարեցներին ու խոսել նրանց հետ: Շատերին է օգնություն պետք: Մենք կարող ենք միավորվել այդ գաղափարի շուրջ»,-կոչ է արել Մբանդան:

Հիզեր Նայթ (կրիկետ, Մեծ Բրիտանիա) 

Անգլիայի կրիկետի կանանց հավաքականի ավագ Հիզեր Նայթը որպես կամավոր միացել է Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահության ծառայությանը: Նա զբաղվում է դեղամիջոցների բաշխմամբ ու հիվանդության մասին անհրաժեշտ տեղեկատվություն է տարածում:

Լուսանկարը` thestatesman.com


«Որոշեցի կամավոր դառնալ, քանի որ շատ ազատ ժամանակ ունեմ ու ցանկանում եմ որքան հնարավոր է շատ օգնել մարդկանց»,- նշել է մարզուհին:

Նա վերջերս Ավստրալիայում մասնակցել է Աշխարհի գավաթին, որտեղ Անգլիայի հավաքականը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, սակայն հիմա սպորտի մասին բնավ էլ չի մտածում:

«Եղբայրս ու նրա ընկերն էլ բժիշկ են, դրա համար տեղյակ եմ, թե որքան ծանրաբեռնված են աշխատում եւ թե որքան բարդ է հիմա բոլորի համար»,- պատմել է Նայթը:

Նա նաեւ մարդկանց պատմում է տանն ինքնամեկուսանալու կարեւորության մասին. «Մտերիմ ընկերներցս մեկը՝ Էլենը, աշխատում է Լիվերպուլի թագավորական հիվանդանոցում ու ամեն օր դժվարին որոշումներ է ստիպված լինում կայացնել: Դրա համար փորձում ենք օգնել Էլենին, որ լավատեսությունը չկորցնի: Ընկերներով նրա համար ուրախ երգեր ենք ուղարկում, որպեսզի օրվա ընթացքում գոնե մի քիչ երջանիկ լինի ու լիցքաթափվի», - խոստովանել է մարզուհին:

Լուսանկարը` siasat.com


Պաուլա Պարետո (ձյուդո, Արգենտինա)

Ռիոյի Օլիմպիական չեմպիոն Պաուլա Պարետոն կորոնավիրուսի դեմ ակտիվ պայքարողներից է: Եկատերինբուրգում կայացած Մեծ Սաղավարտի մրցաշարից հետո արգենտինացի մարզուհին 2 շաբաթ մեկուսացման մեջ է մնացել ու ապա անցել գործի:

Նա բժիշկ է ու Բուենոս Այրեսի Սան-Իսիդրո հիվանդանոցում է աշխատում:


«Համոզված եմ, որ այսօր մենք ենք մեր ճակատագրի տերերը, ունակ ենք լուծելու մեր առջեւ դրված խնդիրներն ու բավականաչափ ուժ ունենք առաջիկա դժվարություններին դիմակայելու: Քանի դեռ հավատում ենք մեզ ու մեր աշխատանքին, հաղթելու մեծ կամք ունենք, ճակատագիրը մեր կողմն է»,- Պարետոն աշխատանքի վերադառնալու առաջին օրը Ուինսթոն Չերչիլի խոսքերով գրառում է կատարել:

Կիմ Դեյնբելլ (սեղանի թենիս, Մեծ Բրիտանիա)

Պարալիմպիկ խաղերի կրկնակի չեմպիոնը նույնպես օգնում է իր երկրին: 27-ամյա մարզիկը ծնվել է Լեհական սինդրոմով, սակայն դա չի խանգարել նրան սպորտով ու բժշկությամբ զբաղվել:

Դեյնբելլը 2018 թվականին ավարտել է Լիդսի բժշկական համալսարանն ու Լոնդոնի Ուիտինգտոն հիվանդանոցում ոչ ամբողջական դրույքով բուժեղբայր է աշխատում:


Նախորդ շաբաթվանից Դեյնբելլը պետք է սկսեր պատրաստվել Տոկիոյի խաղերին, սակայն այս օրերին բոլոր մրցումներն ու մարզումները հետաձգվել են: Նա էլ որոշել է ամբողջ ուժերը կենտրոնացնել կորոնավիրուսի դեմ պայքարի վրա:

«Ուրախ եմ ընդունել այս մարտահրավերը: Ուզում եմ հնարավորինս լավ օգնություն ցուցաբերել մարդկանց: Այս օրերին նրանց համար շատ դժվար է: Ամեն օր նոր մարդիկ են գալիս հիվանդանոց ու նրանք աջակցության կարիք ունեն: Անընդհատ հիվանդասենյակները լցվում են»,- ասել է նա:

Սիլվիա Մեսեգեր (ֆուտբոլ, Իսպանիա)

Մադրիդի «Ատլետիկոյի» կանանց թիմի նախկին ավագ Մասեգերն օգնում է Իսպանիայի մայրաքաղաքի IFEMA ցուցահանդեսային համալիրում տեղակայված դաշտային հոսպիտալին:

2019-ին նա ավարտել է կարիերան ու կենտրոնացել բժշկական դպրոցի ավարտական տարվա դասերի վրա:

Լուսանկարը` FC Atletico


«Տեսնելով, թե ինչպիսի իրավիճակում ենք հայտնվել, կարծում եմ, որ հիմա ինչ էլ կարողանանք անել, կարեւոր կլինի: Ես դեռ բժշկական կրթություն չունեմ, չեմ ավարտել ուսումս, բայց օգնության կարիք կա, ու ես միանում եմ կամավորներին»,- ակումբի պաշտոնական կայքի միջոցով հայտնել է նա:

Շնորհակալություն Սինգապուրից

Սինգապուրի ֆուտբոլի, գոլֆի, բոուլինգի, լողի սեղանի թենիսի, վոլեյբոլի, ուշուի հավաքականի անդամները յուրահատուկ կերպով շնորհակալություն են հայտնել բժիշկներին, որոնք այս օրերին առանց դադարի ու հանգստի աշխատում են:

Նրանք միացել են աթլետների առողջապահության Կենտրոնում գտնվող բժիշկներին ու նրանց շնորհակալական բացիկներ, շապիկներ ու փափուկ խաղալիքներ նվիրել:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին