Օգոստոս 26, 2025
exclusive
9632 դիտում

Սպորտային ֆիլմեր, որոնք արժե դիտել-3


Լուսանկարը` https://stanzedicinema.com/


Սպորտը մի աշխարհ է, որի հետ կապված ցանկացած իրադարձություն դառնում է ֆիլմի հիանալի սցենար:

Հայտնի մարզիկների, աշխարհը փոխած մարզիչների, աննկարագրելի հաղթանակների մասին կինոնկարները գրավում են բոլորի ուշադրությունը:

Mediamax Sport-ն այս անգամ ներկայացնում է պատմական ֆիլմեր եւ խորհուրդ է տալիս դիտել դրանք ընտանիքի անդամների, ընկերների հետ, վայելել երեկոն ու առողջ մնալ:

«Մանիբոլ» (Moneyball)

«Մանիբոլը» կենսագրական ֆիլմ է, որը ռեժիսոր Բենեթ Միլլերը նկարահանել է Մայքլ Լյուիսի վեպի հիման վրա: Այն պատմում է բեյսբոլի «Օքլանդ Աթլետիքսի» եւ նրա գլխավոր մենեջեր Բիլլի Բինի մասին։

2001 թվականի փլեյ-օֆֆում «Նյու Յորք Յանքիսին» պարտվելուց հետո «Օքլանդ Աթլեթիքսը» կորցնում է մի քանի ուժեղ խաղացողների:

Քլիվլենդում Բիլլին հանդիպում է Փիթեր Բրենդին, որը նոր էր ավարտել Յելի համալսարանի տնտեսագիտական բաժինը եւ օգտագործում էր նոր մեթոդ խաղացողների ձեռքբերման բնագավառում։ Բիլլին որոշում է փորձել Փիթերի տեսությունը եւ պայմանագիր կնքում մի քանի ավելի թույլ ու նաեւ մեծահասակ խաղացողների հետ, որոնք, ըստ «Աթլեթիքսի» սկաուտների, լավ մարզավիճակում չէին:

Կկարողանա՞ հաղթել Բինն ու նորարարություն մտցնել ԱՄՆ-ում, կիմանաք, երբ դիտեք ֆիլմը: Իսկ Բրեդ Փիթի անզուգական խաղը ձեզ կստիպի ամբողջովին կլանվել ու հաճույք ստանալ:



«Փառքի ճանապարհ» (Glory Road)

Անխոս, բասկետբոլն ամենադինամիկ, միշտ լարված պահող ու էներգետիկ մարզաձեւերից է: Իսկ դրա մասին նկարահանված իրական ֆիլմը չի կարող եւս այդպիսին չլինել:

Դեպքերը տեղի են ունենում 1966-ին ԱՄՆ-ում, երբ սեւամորթների նկատմամբ հալածանքները մեծ տարածում ունեին:

Երիտասարդ մարզիչ Դոն Հասսինսը, որին մարմնավորել է Ջոշ Լուկասը, Տեխասում բասկետբոլի թիմ է հավաքում: Նրա կատարած քայլը հեղափոխական էր, քանի որ ընդգրկում է հիմնականում սեւամորթ մարզիկների: Հասսինսի դեմ դուրս են գալիս բոլորը, սպառնում նրա ու ընտանիքի կյանքին: Մի պահ նույնիսկ մարզիկներն են դադարում նորմալ խաղալ, քանի որ հանդիպումների կամ մարզումերի ընթացքում սպիտակամորթները ծեծում կամ էլ սարսափի մեջ են պահում նրանց ու հարազատներին:

Սակայն այս ֆիլմն իսկական պայքարի, իրար սիրելու, օգնելու ու հավատալու, անարդարությունը հաղթելու եւ ի վերջո մարդ մնալու մասին է: Այստեղ ոչ մի չափազանցություն չկա, սա իրական պատմություն է ուժեղ մարզչի ու նվիրված բասկետբոլիստների մասին: 



«Միլիոն դոլարանոց ձեռք» (Million Dollar Arm)

Ռեժիսոր Քրեյգ Գիլլեսփին կարողացել է պատմական իրադարձություններին տալ հետաքրքիր մոտացումներ, ֆիլմը դարձնել դինամիկ ու գրավիչ:

Սա պատմություն է այն մասին, թե ինչպես ԱՄՆ-ի պրոֆեսիոնալ բեյսբոլում հայտնվեցին առաջին հնդիկ մարզիկները՝ Ռիկու Սինղը եւ Դինեշ Պատելը:

Գլխավոր դերում Ջոն Հեմն է, որը մարմնավորում է սպորտային գործակալություններից մեկի ղեկավար Ջեյ-Բի Բերնսթայնին: Երբ հայտնի ֆուտբոլիստներից մեկի հետ պայնմանագիրը չի ստորագրվում, նրա ընկերությունը հայտնվում է սննկացման եզրին:

Պատահաբար հեռուստացույցով տեսնելով կրիկետի խաղ՝ Բերնսթայնի մոտ նոր միտք է հղանում. կազմակերպել մրցույթ ու ընտրել բեյսբոլի խաղացողներ հենց Հնդկաստանից: Եւ ահա նա ուղեւորվում է դեպի Մումբայ:



«Ֆորդն ընդդեմ Ֆերարիի» (Ford vs Ferrari)

Ջեյմս Մենգոլդի գեղարվեստական ֆիլմն այս տարի արժանացավ երկու Օսկարի: Ֆիլմի գլխավոր դերերը կատարում են Քրիստիան Բեյլն ու Մեթ Դեյմոնը, որոնց կենդանի խաղի շնորհիվ իմանում ենք Լե Մանի 24 ժամ մրցավազքում հաղթելու համար Ֆորդ եւ Ֆերարի թիմերի պայքարի մասին։

Ֆիլմը պտտվում է ամերիկացի ինժեներների ու կոնստրուկտորների թիմի շուրջ՝ ավտոմոբիլային կանխատեսող Քերոլ Շելբիի ու բրիտանացի մրցարշավորդ Քեն Մայլզի գլխավորությամբ, որոնց Հենրի Ֆորդ 2-րդն ու Լի Յակոկան ուղարկել են զրոյից ստեղծելու բոլորովին նոր ավտոմեքենա: Այն կարող է օգնել վերջապես առաջ անցնել մշտապես հաղթող Էնցո Ֆերրարիի թիմից։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին