Դեկտեմբեր 26, 2024
exclusive
26302 դիտում

Ռուբեն Ալեքսանյան. Եթե մեդալներ չնվաճեի, 2019-նն իմ կարիերայում վերջինը կլիներ


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ռուբեն Ալեքսանյանի համար 2019-ն իսկապես բեկումնային էր: Նա իր կարիերայում առաջին անգամ կարողացավ Աշխարհի առաջնության մեդալակիր դառնալ ու շատ կարեւոր որոշում կայացնել:

Mediamax Sport-ին ծանրորդը պատմել է տարվա կարեւոր ձեռքբերումների ու մեծ կորստի մասին, անկեղծացել, թե ինչն է իրեն պահում ծանրամարտում ու թե որքան դժվար է դահլիճում հետեւել թիմակիցների ելույթներին:


Ծանրամարտը շատ սիրելն ու վրացիների հետ պայքարը

Եվրոպայի առաջնությունում 1-ին մեդալս 2010-ին է եղել: Այն ժամանակ պետք է չեմպիոն դառնայի, բոլորն ավարտել էին ելույթներն ու իմ 2 մոտեցումներն էին մնացել: Բայց երեւի շատ վստահ էի ուժերիս ու 2-րդ տեղը գրավեցի: Դրանից 4 տարի անց նորից արծաթ նվաճեցի, վերջին երկու մեդալներս արդեն բրոնզ էին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ես վնասվածքներ շատ եմ ստացել, ինչի արդյունքում էլ դադարներս երկար են եղել:  Եթե մի փոքր քիչ սիրեի ծանրամարտը, շատ վաղուց կարիերաս ավարտած կլինեի: Միշտ մտածում էի, որ դեռ կիսատ գործեր կան, երբ հասկանամ ու զգամ, որ էլ անելիք չունեմ, սպորտը կթողնեմ:

Այս տարին հաջող սկսեցի, սկզբում Հայաստանի առաջնությունում լավ արդյունք գրանցեցի, ապա ապրիլին մեկնեցի Բաթումի Եվրոպայի առաջնություն: Մրցմանը շատ լավ էի պատրաստվել ու բրոնզե մեդալ նվաճեցի: Արդյունքս նորմալ եմ համարում, չնայած ավելի շատ կիլոգրամներ էի ակնկալում գրանցել, բայց կարեւորը մեդալ ունեցա:

Հիմնական պայքարը վրացիների հետ ընթացավ, մեր ելույթի ժամանակ դահլիճը լիքն էր, հայերն էլ քիչ չէին, մեր ընկերներն ու հարազատներն էին եկել աջակցելու:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մրցահարթակը լրիվ ուրիշ զգացողություններ է տալիս: Կարող ես այդ կիլոգրամները բարձրացրած էլ չլինել, բայց պայքարի ժամանակ գրանցել: Ես սիրում եմ մրցակցությունը, այդ նյարդային ու լարված պահերը: Արդյունքի հասնելու համար պետք է կարողանալ կառավարել քեզ:

Գոռ Մինասյանի հետ իրար մոտիվացնելն ու ուժեղ մրցակիցը

Գոռն էլ կասի, որ մեր պայքարն իրար մեջ չէ, այլ ծանրաձողի հետ: Թե դահլիճում, թե մրցման տեղը մենք իրար ընդհանրապես մրցակիցներ չենք համարում: Հակառակը՝ չակերտավոր մրցակցությունն օգնում է մեզ: Մարզումների ժամանակ իրար նայելն ու միմյանցից ոգեւորվելը երկուսիս էլ առաջ է տանում: 

Եթե այդ քաշային կարգում մենակ ես լինեի, կամ Գոռը, այս ակտիվությամբ չէինք մարզվի, մենք իրար շատ ենք մոտիվացնում: Հնարավոր է պարապմունքի ժամանակ տրամադրություն չունենանք, կամ մարզումը լավ չընթանա, մեկ էլ նայենք իրար ու ավելի լավ աշխատենք:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեր քաշային կարգում Լաշա Տալախաձեի պես ուժեղ մրցակից ունենալը մեծ շարժիչ ուժ է: Նա չի թողնում, որ հանգստանաս, մի վայրկյան կտրվես ու քեզ հանգիստ զգաս, միշտ գիտես, որ պետք է առաջ գնալ:

Երբեք չեմ մտածում, որ ինչ բարձրացրել եմ իմ հնարավորությունների վերջն է: Ցանկացած մարդ, եթե նպատակ ունի, պիտի հնարավորությունների սահմանի վերջը չտեսնի:

Բեկումնային տարին ու լարված պոկումը

2019-ը շատ բան փոխեց, այն կարող էր կարիերայիս վերջին տարին լինել, եթե ԵԱ-ն ու ԱԱ-ն անհաջող ստացվեին: Իմ առաջ պայման էի դրել, պետք է Հայաստանի առաջնությունից սկսած լավ հանդես գայի, որ շարունակեի ելույթներս:

Որեւէ մեկին այդ մասին չէի ասել, պարզապես մարզիչների հետ պայմանավորվել էինք, որ ինձ հնարավորինս լավ դրսեւորեմ: Նախաօլիմպիական տարի էր, վարկանիշների համար էինք պայքարում, պետք է անպայման արդյունք ցույց տայի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մինչ Աշխարհի առաջնություն մեկնելս ամեն ինչ այդքան էլ հարթ չէր ընթանում, անընդհատ խնդիրներ էին լինում: Բայց երբ հասա Թաիլանդ, ամեն ինչ իր տեղն ընկավ, ելույթից առաջ ինձ շատ լավ էի զգում: Այդ հանգստությունը միանգամից եկավ, դա եւ իմ անցած ճանապարհն էր, եւ փորձը:

Նախավարժանքի ժամանակ զգում էի, որ սա իմ ամենալավ մրցումն է լինելու, բայց մոտեցա պոկման 192 կգ-ին ու այն չբարձրացրի: Երեւի կյանքիս մեջ առաջին դեպքն էր, որ այդքան հավասարակշռված էի, երբ անգամ 2-րդ փորձը ձախողեցի, 0 ստանալու մասին անգամ չմտածեցի: Ներքին մի վստահություն կար, որ ամեն ինչ ստացվելու է, ինձ հետ նման բան դեռ չէր եղել:

Ու չսխալվեցի, բրոնզե մեդալ նվաճեցի, պարզապես միակ մտահոգությունս այն է, որ քիչ կիլոգրամներ բարձրացրի: Այս մեդալի հետ եկավ կարիերայիս շարունակությունը, հասկացա, որ դեռ պիտի մնամ սպորտում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ընկերոջ ծանր կորուստը

Աշխարհի առաջնություն մեկնելուց առաջ որոշել էի՝ ամեն ինչ անելու եմ, որ ընկերոջս հիշատակի համար մեդալ նվաճեմ: Գուցե դա էր իմ հանգստության պատճառը: Վերջին մոտեցման ժամանակ մրցահարթակ բարձրանալիս էլ խոստմանս մասին հիշեցի:

Մինչեւ հիմա էլ չեմ կարող հավատալ, որ Աղասն (Աղասի Աղասյանը) էլ չկա: Այն, որ ամեն անգամ տեսնում եմ իր 2 հրաշք երեխաներին, չէ, չեմ կարող բացատրել…

Վերջին անգամ դեպքից 1 օր առաջ ենք հեռախոսով խոսել, կնոջ տարեդարձն էր, ուրախանում էր: Առհասարակ շատ հաճախ էր գալիս մարզումների տեղը, կամ ազատ ժամանակ Երեւանում էինք հանդիպում: Երբ Աղասի կարիքը լինում էր, նա միշտ հայտնվում էր:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մինչ ծանրաձողին մոտենալը

Երբ ծանրաձողին միացած ես լինում՝ քեզ ոչ մի աղմուկ, առհասարակ ոչինչ չի կարող խանգարել: Մարզչին հավատալն ու վստահելն էլ շատ կարեւոր է, առանց դրա ոչինչ չի ստացվի: 

Գերծանր քաշայինների պայքարը միշտ ամենավերջին օրն է լինում, դրա համար հաճախ չեմ դահլիճում հետեւում թիմակիցներիս ելույթներին: Մրցումներին չեմ գնում նաեւ այն պատճառով, որ շատ էմոցիոնալ եմ ու հետեւելու ընթացքում ամեն ինչ տալիս եմ: Մտնում եմ պայքարի մեջ, անհանգստանում ընկերներիս համար, ինչը շատ է հոգնեցնում:

Պարզապես նայել առանց հույզերի ու ապրումների ինձ մոտ չի ստացվում, դրա համար էլ առաջնության ընթացքում 1 անգամ եմ լինում դահլիճում, որ զգամ մթնոլորտը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ամեն օր մի բան եմ փորձում սովորել, նույն դահլիճում ինձ հետ մարզվող երեխաներն էլ շատ են օգնում: Անընդհատ կատարելագործվել ու նորը բացահայտել է պետք:

Իմ ամբողջ գիտակցական կյանքում ծանրամարտով եմ զբաղվում: Առաջին դասարան գնալու օրվանից մարզվում եմ: Շատ կուզեի ամեն ինչ նորից սկսել, այնքան բան կփոխեի: Եթե այս ամենն իմանայի, վաղուց Աշխարհի չեմպիոն դարձած կլինեի, բայց այդ գիտելիքները տարիների ընթացքում են կուտակվել:

Ուժեղ թիմը

Կարելի է ասել՝ ծանրամարտի մի մեծ ընտանիք ենք, ամեն մեկս իր գործն ու տեղը գիտի, գիտակցում է, թե ինչի համար է հավաքականում: Երեւի չկան այնպիսի ծանրորդներ, որ լավ հարաբերություններ չունենան իրար հետ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ես հավաքականում ավագն եմ, երբ որեւէ բան եմ նկատում, ամեն ինչ անում եմ, որ արագ հարթվի: Լավ մթնոլորտն էլ իր դրական ազդեցությունն է թողնում ու բոլորիս արդյունքերի վրա ազդում: Չեմ կարծում, որ լարվածության պարագայում նման բան մեզ կհաջողվի: Ծանրամարտի թիմը լավագույններից մեկն է, այս տարի դա երեւաց նաեւ մեր նվաճումներից:

Հունվարից հանգստանալու ժամանակ չենք ունեցել, անընդհատ մարզվել ենք: Սպորտում առհասարակ ոչինչ հեշտ չի տրվում: Պիտի գիտակցես ուր ես ուզում հասնել ու այդ ճանապարհին ինչ խոչընդոտների կարող ես հանդիպել: Նվաճումներ գրանցելու համար շատ բաներից ենք մեզ զրկում:

Ռուբեն Ալեքսանյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին