Դեկտեմբեր 04, 2024
exclusive
16164 դիտում

Գոռ Մինասյան. Ճիշտ ու շատ մարզվելու շնորհիվ ես հասնում հաջողության


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանն այն մարզիկներից է, որոնց հաջողվում է բարձր կարգով ներկայացնել Հայաստանն ու մեդալներ նվաճել:

2019-ին ծանրորդը երկրորդ տարին անընդմեջ Աշխարհի առաջնությունում դարձավ արծաթե մեդալակիր՝ կարողանալով անհամեմատ բարելավել գրանցած կիլոգրամները:

Mediamax Sport-ի այս անգամվա զրուցակիցը հենց Մինասյանն է, որի հետ էլ կամփոփենք տարին ու կպատրաստվենք 2020-ին:

Լուսանկարը` Մեդիամաքս


ԵԱ-ն խանգարած վնասվածքը

Հայաստանի առաջնությանը մասնակցելուց հետո սկսեցի պատրաստվել Եվրոպայի մրցումներին: Մինչեւ վերջին հավաքն ամեն ինչ շատ լավ էր ընթանում, հիանալի մարզավիճակ էի հավաքել, բայց ոտնաթաթի վնասվածք ստացա:

10-15 օր ընդհանրապես չմարզվեցի ու մեկնեցի Եվրոպայի առաջնություն միայն Օլիմպիական միավորներ վաստակելու համար:

Առաջնության պոկում վարժությունում փոքր բրոնզե մեդալ նվաճեցի, հրման ժամանակ էլ ռիսկի չդիմեցի ու հրաժարվեցի երրորդ մոտեցումից: Եթե վնասվածքս չլիներ, բնականաբար, լրիվ ուրիշ արդյունք ցույց կտայի, որովհետեւ ես շատ լավ էի պատրաստվել: Բայց այդ պահին, բացի միավորներից, ես այլ նպատակ չէի հետապնդում:

Ցավոք, իմ ցանկացած կիլոգրամները չկարողացա բարձրացնել, չնայած 4-րդ հորիզոնականն էլ Օլիմպիական կարեւոր միավորներ տվեց:

Լուսանկարը` Մեդիամաքս


Երբ ճիշտ աշխատանքը տալիս է դրական արդյունք

ԵԱ-ից հետո ես, միանշանակ, հավատում էի, որ Աշխարհի առաջնությանը հաստատ պատրաստ եմ լինելու: Մոտ 15 օր չմարզվեցի, վերականգնվեցի ու անցյալում թողեցի ամեն ինչ:

4-5 ամիս շատ լավ ու ինտենսիվ հավաքներ անցկացրինք: Այս անգամ մարզիչների հետ հրում վարժության թերությունների վրա աշխատեցինք եւ դա տվեց արդյունքը: Պոկումն ինձ մոտ ավելի լավ է ստացվում, քան հրումը: Բոլոր ծանրորդների մոտ էլ այդպես է, սա նախընտրության հարց չէ, պարզապես բնությունից է գալիս: Շատ հազվագյուտ մարզիկներ են, որ երկու վարժությունն էլ հավասար են կատարում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Այժմ ինձ մոտ մեծ փոփոխություն կա, չորս կիլոգրամ ավելացրել եմ: Նույն տեմպով շարունակում ենք աշխատել՝ պատրաստվելով Օլիմպիական խաղերին:

Աշխարհի առաջնությունում ես մի փոքր ավելի շատ կիլոգրամների էի տրամադրվել: Պոկումը 215-ի էի պատրաստ, բայց այդ պահին 212-ն էր ճիշտ, դա արդեն մարզչական շտաբի հետ խորհրդակցելուց հետո որոշեցինք: Ասեմ, որ սա էլ էր նոր արդյունք, Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո 210-ից ավել չէի ֆիքսել:

Ճիշտ աշխատելու ու շատ մարզվելու շնորհիվ հասա դրան: Եվրոպայի առաջնությունից հետո պետք էր ապացուցել, որ այն չստացվեց վնասվածքի պատճառով, ուրիշ վրիպում չկար:

Լուսանկարը` Մեդիամաքս


Բոլոր մոտեցումները հաջող օգտագործելն ու արծաթե մեդալը

ԱԱ-ին պատրաստ էի հարյուր տոկոսով, ոչ մի լարվածություն չկար, վստահ էի, որ հաստատ անելու եմ այն, ինչի համար մեկնել էի: Երբ արդեն գիտեի, որ  երկամարտում մեդալ ունեմ, մյուս մոտեցումները պարզապես արդյունքներս բարելավելու համար էի անում:

ԱԱ-ում մեդալակիր դառնալուց հետո լավ ես զգում, որ քեզ ու քեզ օգնած մարդկանց հուսախաբ չես արել եւ այդքան թափած քրտինքը ջուրը չի ընկել:

Պատտայայում ես օգտագործեցի իմ բոլոր վեց մոտեցումները: Իհարկե, պարտավորեցնում է, որ հավաքականի գլխավոր մարզիչը քեզ վրա հույս է դնում, սա նաեւ պատասխանատվությունն է մեծացնում: Բացի այդ էլ ոգեւորում է, անում ես ամեն ինչ, որ հանկարծ հուսախաբ չանես:

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս տարիների ընթացքում ես բարելավել եմ իմ արդյունքները՝ մարզիչների հետ աշխատելով բացթողումների վրա: Մենք անընդհատ փորձում ենք կատարելագործվել ու տեղում չդոփել, որպեսզի ամեն մրցումից էլ վերադառնանք մեդալներով:

Ելույթի ժամանակ սկսել այն կիլոգրամից, որով ավարտել է մարզումը

Ցանկացած մրցման ժամանակ ես բացարձակ ոչ մի բանի մասին չեմ մտածում, իմ միակ նպատակը կիլոգրամները բարձրացնելն է, որն ուղղակի ստացվում է, ես էլ չգիտեմ ինչպես: Մարդիկ կան, որ մտածում են այս կամ այն հատվածն ինչպես անել, իսկ ինձ մոտ ուղիղ գիծ է գնում: Նույնիսկ չեմ լսում ոչ մի ձայն, այդ թվում եւ մարզիչների:

Հետաքրքիր է, որ մարզումների ժամանակ ես երբեք չեմ բարձրացնում այն կիլոգրամները, որոնք անում եմ առաջնություններում: Սա նույնիսկ մարզիչները չեն կարողանում բացատրել: Կան մարզիկներ, ովքեր մրցումներին ավելի քիչ են բարձրացնում, քան մարզումներին, ինձ մոտ հակառակն է՝ ես մրցման ժամանակ ավելի շատ եմ հանում, քան մարզման:

Լուսանկարը` Մեդիամաքս


Եթե մարզումներին ես ֆիքսել եմ 200 կգ-ն, հաստատ մրցումներին 210-ից ավել է լինելու: Իսկ արդեն ելույթի ժամանակ սկսում եմ այն կիլոգրամից, որով ավարտել եմ մարզումը:

Ինձ մոտ միշտ հակառակն է եղել, դեռ պատանեկան տարիքից: Առաջնություններին ես այնքան վստահ եմ լինում, որ հակառակ էֆեկտը չի կարող լինել: Սա էլ ասեմ, որ իմ լավագույն մարզավիճակի գագաթնակետին հասնում եմ հենց մրցման օրը:

Հաջող դասավորված 2019-նն ու նոր նպատակները

Գերծանր քաշային կարգը միշտ վերջին օրն է լինում, դրա համար բոլոր մարզիկները գալիս են մեզ հետեւելու: Հաճելի է միշտ այդքան շատ մարդ տեսնել տրիբունաներում, սա ոգեւորում է:

Ռուբեն Ալեքսանյանի հետ նույն քաշային կարգում հանդես գալը միայն օգուտ է տալիս, մենք իրար միշտ օգնում ու քաջալերում ենք: Մարզադահլիճում պայքար չկա, իսկ մրցման ժամանակ այն ոչ թե իրար հետ է, այլ ծանրաձողի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեր քաշային կարգում այս պահին ուժեղագույնը Լաշա Տալախաձեն է, որի հետ ես նորմալ հարաբերություններ ունեմ: Կարող եմ ասել, որ Օլիմպիական խաղերի ժամանակ նրա հետ հաստատ ոսկե մեդալի համար ուժեղ պայքար է լինելու:

Եթե Եվրոպայի առաջնությունը չհաշվեմ, ապա 2019-ը հաջող դասավորվեց՝ ԱԱ-ից մեդալ ու Օլիմպիական շատ լուրջ միավորներ ունեմ: Այս պահին Աշխարհի վարկանշային աղյուսակում 2-րդն եմ, սա լավ արդյունք է:

Այս տարեվերջին Քաթարում կմասնակցեմ մրցաշարի, իսկ 2020-ին՝ Եվրոպայի առաջնությունում: Երկուսն էլ վարկանշային են ու կարեւոր է հաջող հանդես գալը:

Բայց, իհարկե, կարեւորագույն նպատակս լինելու է Օլիմպիական խաղերը, որի նախապատրաստությունը կսկսեմ հունվարից:

Գոռ Մինասյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին