Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականում սերնդափոխությունը սահուն կայացավ եւ այսօր այն բավական երիտասարդ, ուժեղ եւ հեռանկարային թիմ է:
Այս տարվա Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդները հաջող հանդես եկան ու մեդալներ նվաճեցին:
Նրանցից էր նաեւ Սամվել Գասպարյանը, որը մինչեւ 102 կգ քաշային կարգում 377 կգ արդյունքով կանգնեց պատվոհարթակի երկրորդ աստիճանին: Mediamax Sport-ի այսօրվա զրուցակիցը ԵԱ-ի արծաթե մեդալակիրն է:

Լուսանկարը` Մեդիամաքս
Ծանր վնասվածքից ու դադարից հետո դեպի Եվրոպայի առաջնություն
Վնասվածքի պատճառով շուրջ մեկ տարի դադարից հետո Սամվել Գասպարյանն ընդգրկվել էր ծանրամարտի հավաքականի կազմում ու Բաթումի մեկնել լուրջ մտադրությամբ: Ինչպես ինքն է խոստովանում, մարզումների ժամանակ կարողացել էր ավելի շատ կիլոգրամներ բարձրացնել, սակայն Եվրոպայի առաջնությունում խանգարել է լարվածությունը, ինչի պատճառով էլ ավելի համեստ արդյունքներ է գրանցել:
Լավ չէ, երբ երկար ժամանակ չես զգում մրցումային պրոցեսը, միայն մարզումները բավարար չեն: Արծաթե մեդալն ինձ դժվարությամբ տրվեց, բայց գոհ եմ, գոհ եմ ոչ թե բարձրացրած կիլոգրամներից, այլ արդյունքից: Մեր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ասում է, որ ոսկուց բացի այլ մեդալ չկա, այ այդպիսի տրամադրվածությամբ է մեր թիմը մարզվում ու մեկնում առաջնությունների: Բայց այս մեդալն էներգիա, մոտիվացիա է տալիս, որ Աշխարհի առաջնությանն ու հետագա մրցումներին ավելի լավ հանդես գամ:
ԵԱ-ի պոկում վարժությունում 21-ամյա ծանրորդը ձախողել էր երկու մոտեցում եւ միայն երրորդ փորձի ժամանակ բավական դժվարությամբ կարողացել գլխավերեւում պահել 168 կգ քաշը:

Լուսանկարը` Մեդիամաքս
Փոքր տարիքից սիրել եմ հրում վարժությունը, իսկ պոկումում մի փոքր թերանում եմ: Սրա ուղղությամբ մարզիչների հետ շատ ենք աշխատում եւ բավական բարելավել եմ հմտություններս: 3-րդ մոտեցման ժամանակ ամեն ինչ տվեցի, ողջ ուժերս ներդրի, դա պատվի հարց էր, պետք է անպայման բարձրացնեի: Այդքան լավ մարզվել էի, քրտնաջան աշխատել ու պատրաստ էի, անթույլատրելի կլիներ զրո ստանալ:
Մեծահասակների առաջնությունում հանդես գալն, ըստ Գասպարյանի, շատ ավելի լուրջ ու պատասխանատու է, քանի որ այլեւս սխալվելու ու դրանք շտկելու տեղ չկա, պետք է միայն առաջ գնալ:
Կարծում եմ, որ միայն մարզիչներն ու ինձ շատ հարազատ մարդիկ էին հավատում, որ ծանր վնասվածքից հետո ինձ կհաջողվի վերադառնալ ու մեդալ նվաճել: Ինձ մեծ մոտիվացիա էին տալիս այն մարդիկ, ովքեր վիրահատությունից հետո անընդհատ հետաքրքրվում էին ինձնով, քաջալերում, թե կարող եմ կրկին հաջողություններ ունենալ: Երբ վնասվածք ստացա, մի պահ իմ մեջ ամեն ինչ կոտրվեց: Բայց մարզիչներիս, ընկերներիս ու ընտանիքիս օգնությամբ հաղթահարեցի հոգեբանական խնդիրներն ու վերադարձա: Մարզումներից ու կամաց-կամաց ավելի շատ կիլոգրամներ բարձրացնելուց հետո հասկացա, որ ճիշտ եմ վարվել:

Լուսանկարը` Մեդիամաքս
Ծանրամարտի ընտրությունը եւ ուժեղ մարզիկների հետ հանդիպումը
Մինչ ծանրամարտում իրեն գտնելը, Սամվելն ուժերը փորձել է մարմնամարզությունում, ֆուտբոլում եւ ըմբշամարտում, սակայն ոչ մեկում էլ իր տեղը չի գտել:
Այդ ժամանակ քեռիս՝ Հարություն Եղոյանը, նոր էր սկսել ծանրամարտում մարզչական կարիերան: Քանի որ շատ փոքրամարմին էի, ինձ ուղղակի տարավ դահլիճ, որ մարզվեմ ու կոփվեմ: Հայաստանի առաջնություններին միշտ պարտվում էի: Մի անգամ էլ, երբ կրկին առաջնության էի պատրաստվում, նպատակ դրեցի, որ եթե նորից պարտվեմ, ապա դադարելու եմ ծանրամարտով զբաղվել: Դարձա ոսկե մեդալակիր ու ընդգրկվեցի պատանիների հավաքականի կազմում:
Սկսեցի մեկնել մրցաշարերի, մարզիչներն էլ տեսան, որ պոտենցիալ ունեմ ու կամաց-կամաց սկսեցի ավելի պրոֆեսիոնալ աշխատել: Բացի այդ էլ, երբեք չեմ մոռանա, երբ առաջին անգամ դահլիճում հանդիպեցի այն ժամանակվա մեր ուժեղագույն ծանրորդներին՝ Տիգրան Մարտիրոսյանին, Գեւորգ Դավթյանին, Արա Խաչատրյանին ու գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանին: Այնքան լավ զգացի ինձ, ոգեւորվեցի, որ նրանց հետ եմ մարզվում: Հետո մտածեցի, որ ես էլ կարող եմ մի օր նրանց պես հաղթել, պարզապես մեծ ձգտում է պետք ունենալ:

Լուսանկարը` Մեդիամաքս
Նա համոզված է, որ եթե մարզիկը չունի հստակ նպատակ ու ձգտում, ապա ամեն ինչ անիմաստ է՝ մարզումները, կրած դժվարությունները, վնասվածքները: Ըստ ծանրորդի՝ մարզիկը ոչ թե պետք է երազի, այլ հստակ նպատակ դնի ու անընդհատ աշխատելով՝ հասնի դրան:
Յուրի Վարդանյանի գործը շարունակողը
Սամվել Գասպարյանի մեր ամենատիտղոսակիր ծանրորդ Յուրի Վարդանյանի քրոջ թոռն է: Խոստովանում է, որ առանց Վարդանյանի չէր լինի հայկական ծանրամարտը, քեռին ու ինքն էլ չէին շարունակի նրա գործը:
Ինձ ուժ է փոխանցում Վարդանյանի գործը շարունակելու ցանկությունը: Նա միշտ խորհուրդ էր տալիս՝ երբեք աստղային հիվանդությամբ չտարվել, չթերագնահատել ոչ ոքի, մարդկային արժեքներից կարեւորել մարդ լինելը: Տատիկս, քեռիս են շատ պատմում նրանից, հատկապես մահից հետո ավելի շատ եմ սկսել ուսումնասիրել նրան: Հենց Վարդանյանին եմ նվիրում իմ նվաճած մեդալները: Յուրի Վարդանյանի վստահությունն եմ սիրում, նպատակասլաց լինելը, ինքն ապացուցել է, որ մարդկային ուժն անսահման է, ուղղակի ցանկություն է պետք: Սովորել եմ, որ անհնարին ոչինչ չկա, եթե ցանկանում ես, ուրեմն կանես, պարզապես նպատակն է պետք ճիշտ դնել:

Լուսանկարը` Մեդիամաքս
Ծանրամարտը կարոտելն ու մարզիչների կարեւոր դերը
Սամվելը նշում է, որ ծանրամարտն իրեն շատ բան է տվել ու մեծ դեր ունի իր կյանքում, այն վաղուց է դարձել իր կյանքի անբաժանելի մասը: Ըստ նրա՝ հենց սպորտն է կոփում տղամարդկանց ու դարձնում ավելի հավասարակշռված եւ լուրջ: Չի ափսոսում, որ իրեն շատ բաներից է զրկում, քանի որ հստակ գիտի իր անելիքներն ու ծրագրերը սպորտում:
Երբեք չեմ հոգնել ծանրամարտից, բայց անչափ կարոտել եմ: Վնասվածքի պատճառով երկու ամիս ընդհանրապես չէի պարապել, իսկ այդ ժամանակ երիտասարդների ԵԱ-ն էր ընթանում: Նայում ու ոգեւորվում էի ընկերներիս մեդալներով, իսկ դրանից հետո Աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանի ու Գոռ Մինասյանի հաջողություններից շատ ուրախացա: Զգացի, թե ինչքան եմ կարոտել դահլիճը, քիչ ժամանակ անց արդեն զբաղվում էի իմ սիրած գործով:

Լուսանկարը` Մեդիամաքս
Գասպարյանը համոզված է, որ սպորտում հաջողություն գրանցելու համար շատ ուժեղ կամային որակներ են պետք, հետո նաեւ հոգեբանական լավ պատրաստվածություն: Վերջինս, ըստ նրա, պետք է մարզիչների օգնությամբ կերտել: Համոզված է, որ եթե մարզիչը ճիշտ մոտեցում է ցույց տալիս ու փոքր տարիքից ճիշտ է դաստիարակում, ապա լավ մարզիկ է ստացվում:
Իմ կյանքում մեծ դեր ունեն բոլոր մարզիչներս: Եթե անձնական մարզիչս չլիներ, ես հաստատ չէի լինի այնպիսին, ինչպիսին կամ: Մենք դահլիճում մարզիկ-մարզիչ հարաբերություն ունենք, ինչպես մյուսների, այնպես էլ ինձ համար ընկեր Հարութ է, իսկ դրանից դուրս ազատ ենք ու ընկերական:

Լուսանկարը` Մեդիամաքս
Մեր հավաքականի մարզիչներ Փաշիկ Ալավերդյանն ու Վիգեն Խաչատրյանը, երիտասարդների ու պատանիների մարզիչներ Մելիք Ղուկասյանն ու Հակոբ Փիլոսյանը, նրանք բոլորն էլ ներդրում ունեն մեր հաջողություններում: Ամեն մի մարզչից մի խորհուրդ ես քաղում ու ավելի պրոֆեսիոնալ դառնում: Մեր հավաքականում մեծ դեր ունի բժշկական անձնակազմը՝ Դավիթ Մոսինյանն ու Էդգար Ավետիքյանը: Այսօրվա մեր թիմը մի մեծ ընտանիք է, որտեղ առաջին օրից ես ինչպես տանն եմ զգացել: Բոլորս իրար կես բառից հասկանում ենք, ոգեւորում ենք իրար մարզումներից ու դրանցից դուրս:
Սամվել Գասպարյանը համոզված է, որ հաղթանակները հեշտ չեն լինում, սակայն երբ հետ է նայում ու հիշում քրտնաջան մարզումները, չստացված պահերը, բարդությունները, հոգեբանական, ֆիզիկական խնդիրները, հասկանում է, որ իզուր չէր այդ ամենը՝ ի վերջո նվաճել է ցանկալի մրցանակը:
Սպորտում իմ նպատակն անհնարինը հնարավոր դարձնելն է, որքան հնարավոր է շատ մեդալներ նվաճելը, ինչու ոչ՝ ռեկորդներ սահմանելը:
Սամվել Գասպարյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: