Դեկտեմբեր 26, 2024
exclusive
14586 դիտում

Ավագյան. Մինչ ԱՄՆ-ում լինելս, կարծում էի մենք շատ լավ ենք մարզվում


Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters


Արամ Ավագյանն այս հանգստյան օրերին թվով արդեն 9-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում:

Իր կարիերայի մեջ առաջին անգամ նա մենամարտեց ԱՄՆ-ում: Լաս Վեգասում անցկացված մեծ երեկոյի ընթացքում, որի ժամանակ ելույթ ունեցան Սաուլ Ալվարեսն ու Դանիել Ջեյկոբսը, նա 96:93, 96:93, 97:92 հաշվով ուժեղ էր ամերիկացի Ֆրանցիսկո Էսպարզայից: Ավագյանն իր 10-րդ մենամարտում պաշտպանեց WBC International Silver գոտին:

Բռնցքամարտիկն արդեն վերադարձել է Հայաստան ու Mediamax Sport-ին պատմել է տարած կարեւոր հաղթանակի, ԱՄՆ-ում մենամարտելու ու առաջիկա մեծ ծրագրերի մասին:

Լուսանկարը` Reuters


ԱՄՆ-ում ելույթ ունենալ կարող է յուրաքանչյուրը, բայց հանդես գալ նման երեկոյի ընթացքում, երբ մենամարտում են աշխարհի լավագույն 2 բռնցքամարտիկները, միշտ չէ, որ ստացվում է: Շատ բռնցքամարտիկների համար դա այդպես էլ կարող է երազանք մնալ: Ամբողջ աշխարհի ուշադրությունն էր սեւեռված մեզ վրա, միլիոնավոր հեռուստադիտողներ ու բռնցքամարտի սիրահարներ հետեւեցին այդ երեկոյի դիմակայություններին:

Նման շոուի մասնակիցը լինելու համար ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ մարզիչ Էդմոն Թարվերդյանին եւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանին: Դահլիճում անհավանական մթնոլորտ էր՝ ուրախ, տրամադրող ու էներգիայով լի: ԱՄՆ-ը բռնցքամարտի սիրտն ու հոգին է: 

Իմ կարիերայում տարած յուրաքանչյուր հաղթանակ էլ կարեւոր է եղել, քանի որ ամեն մեկի համար մեծ ծավալի աշխատանք է կատարվել: Այս անգամ էլ առավելագույնս լավ էի պատրաստվել, ֆիզիկական պատրաստվածությունս անցել է շատ լուրջ մասնագետի՝ Ջեսսի Ֆորբսի գլխավորությամբ, ինչի արդյունքում 10 ռաունդ, այսպես ասած, մրցակցիս «արյունը խմեցի»:

Լուսանկարը` Reuters


Մենամարտից առաջ հստակ մշակված ծրագիր ունեինք: Մեկնարկում մի քիչ շեղվել էի դրանից, բայց կեսից փոխեցի տակտիկան եւ արեցի ինչ որոշել էինք: Հակառակորդս հենց Լաս Վեգասից էր ու երկրպագուների մեծ բանակ ուներ: Բայց հավատացեք, ռինգում դա ոչ մեկի էլ չի օգնում, դուք միայն երկուսով եք մնում: Դրա համար էլ պետք է անել հնարավորությունների առավելագույնն ու հեռանալ հաղթանակած:

Մեկնարկում նոքդաունի ենթարկվեցի, եթե փորձի պակաս ունենայի, հավաքվելն ու շարունակելը շատ դժվար կլիներ: Հնարավոր է՝ նույնիսկ տանուլ տայի դիմակայությունը: Բայց դա ուղղակի հարված էր, ու մրցակիցը մեկ ավել միավոր վաստակեց: Պետք է այդ ամենին շատ սառնասրտորեն մոտենալ ու հասկանալ:

Հարվածն այնքան էլ ուժեղ չէր, որպեսզի տապալվեի, եթե ոտքերս ճիշտ դիրքում դրած լինեի, կկարողանայի պահել ինձ: Ամեն դեպքում ամեն մենամարտից հետո, առավել եւս հաղթանակից հետո, հետեւություններ ենք անում:

Լուսանկարը` Reuters


Իմ առջեւ դրված խնդիրը կատարեցի, բայց սխալներ էլ կային, որոնց վրա կաշխատենք, որ հետագայում էլ չկրկնվեն:

Արդեն Հայաստանում եմ, փոքր ինչ կհանգստանամ ու կրկին կվերադառնամ ԱՄՆ, որպեսզի սկսեմ մարզումներս: Մինչ այդ գիտեի, թե մենք մարզվում ենք ու դա շատ լավ ենք անում, բայց պարզվեց, որ պարզապես մեր թանկ ժամանակն ենք սպառում մարզադահլիճներում:

ԱՄՆ-ում մարզումային պրոֆեսիոնալիզմն այնքան մեծ է, մարզչի ուշադրությունը շաբաթվա 7 օրերին ու 24 ժամերին էլ քո վրա է:

Կարծում եմ երկար սպասեցնել չեմ տա, որ 12 ռաունդանոց մենամարտ անցկացնեմ, մի քանի ծրագրեր ունենք մշակած, բայց այդ մասին կբարձրաձայնեմ հստակություն լինելու դեպքում:

Լուսանկարը` Reuters


Ուզում եմ շնորհակալություն հայտնել Թարվերդյանին ու Գեւորգյանին իմ մասին հոգ տանելու, նման մեծ ծավալի աշխատանք կատարելու ու կարիերաս այսպիսի հարթության վրա դնելու համար:

Շատ շնորհակալ եմ նաեւ Ջեսսիին ինձ նման «հրեշ» դարձնելու համար ու բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ ու կողքիս են եղել: Այդ ամենը չէր լինի նաեւ առանց Punch Boxing-ի, փրոմոութերական ընկերությունը կարիերայիս մեկնարկին է նպաստել ու հնարավորություն տվել ինձ:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին