Դեկտեմբեր 23, 2024
exclusive
17217 դիտում

Կարգապահ, խիստ ու նվիրված. Այսօր Լեւոն Ջուլֆալակյանի ծննդյան օրն է


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Այսօր Հայաստանի ամենահայտնի ու տիտղոսակիր մարզիկ ու մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի ծննդյան օրն է:

Որպես մարզիկ Ջուլֆալակյանը նվաճել է բոլոր հնարավոր տիտղոսները, դարձել է Եվրոպայի, Աշխարհի ու Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի գավաթակիր: Ջուլֆալակյանն առաջին հայ հունահռոմեական ոճի ըմբիշն է, որն Օլիմպիական ոսկե մեդալ է նվաճել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Պակաս հաջող չէ նաեւ նրա մարզչական կարիերան: Ջուլֆալակյանի գլխավորությամբ բազմաթիվ մարզիկներ են դարձել Եվրոպայի, Աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի մեդալակիր: Իսկ ահա 2016-ին 20-ամյա դադարից հետո հենց նրա թիմից Արթուր Ալեքսանյանը դարձավ ՕԽ-ի չեմպիոն:

Mediamax Sport-ն ի սրտե շնորհավորում է Ջուլֆալակյանին, մաղթում առողջություն, շատ հաղթանակներ ու միայն ուրախ օրեր:

Առաջարկում ենք կարդալ նրա սաների ու գործընկերների խոսքերն ու շնորհավորանքը գլխավոր մարզչին:

Արթուր Ալեքսանյան

Լուսանկարը` Մեդիամաքս


Լեւոն Ջուլֆալակյանի բնավորության առանձնահատուկ գծերից մեկն այն է, որ շատ պայքարող է, պարտությունը չընդունող ու իր գործի իսկական պրոֆեսիոնալ: Մեր լավագույն մարզիչներից մեկն է, հավաքականի արդյունքներն արդեն ամեն ինչի մասին խոսում են: Պատահական չէ, որ արդեն մի քանի տարի է մեր թիմը լավագույնն է Հայաստանում:

Որպես մարզիչ Ջուլֆալակյանը շատ խիստ ու պահանջկոտ է, անչափ կարգապահ: Մրցումների ժամանակ նա մեզ հետ հավասար պայքարում է: Պարտություններից հետո կարողանում է այնպես անել, որ դասեր քաղենք, հասկանանք մեր սխալներն ու այլեւս թույլ չտանք:

Իմ յուրաքանչյուր հաղթանակից հետո էլ Ջուլֆալակյանը շատ է ուրախացել, բայց նրա համար առանձնահատուկ կարեւորություն ուներ Օլիմպիական ոսկին: Հավաքականը գլխավորած օրվանից միշտ ձգտել է, որ իր թիմում Օլիմպիական ոսկե մեդալ լինի, եւ ինձ հաջողվեց կատարել նրա ցանկությունը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ջուլֆալակյանից շատ բաներ եմ սովորել: Փոքր տարիքից էլ հիացել եմ նրանով ու մեր մյուս Օլիմպիական չեմպիոններով, ցանկացել կրկնել նրանց հաջողությունը: Ջուլֆալակյանն ինձ համար միշտ օրինակ է եղել, որին ձգտել եմ նմանվել:

Մեր սիրելի մարզչին ամենակարեւորը առողջություն եմ մաղթում, թող այս տարին հաղթական լինի մեր ընտրանու համար, նա էլ մեր թիմի գլխից անպակաս լինի:

Էդուարդ Սահակյան

Լուսանկարը` Մեդիամաքս


Լեւոն Ջուլֆալակյանին ճանաչում եմ 1970-ականների վերջերից, երբ ընդգրկվեց Հայաստանի հավաքականի կազմում: Պատահական ոչինչ չի լինում, եւ Ջուլֆալակյանի որակները երեւացին դեռ պատանեկան տարիներից, տեխնիկապես շատ հզոր մարզիկ էր:

Երբ արդեն ԽՍՀՄ-ի մեծահասակների հավաքականի անդամ դարձավ, ավելի աճեց ու հասավ իր նպատակին՝ նվաճեց Օլիմպիական ոսկե մեդալ:

Շատ սկզբունքային մարզիկ էր, միշտ պահում էր ռեժիմը, ամեն մանրուք հաշվի էր առնում: Անչափ նվիրված էր մարզումներին, կարգապահ էր ու տարբերվում էր թիմում:

Նույն սկզբունքներով էլ աշխատում է որպես մարզիչ, ընդհանրապես չի փոխվել: Մարզիկներից պահանջում է 100 տոկոս նվիրվածություն, խիստ է, դրա համար էլ մեր թիմն այսքան հաջողություններ է գրանցում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ջուլֆալակյանի ներկայությամբ տղաներն ավելի ձգված են, լսում ու հավատում են նրան:

Մարզումներից դուրս շատ ընկերական է, բոլորի մասին մտածում է, հետաքրքրվում: Բայց աշխատանքում ընկեր չի ճանաչում, ինքը տեսնում է միայն գորգն ու պահանջում բոլորից ենթարկվել կանոններին: 

Շատ-շատ առողջություն եմ մաղթում մեր գլխավոր մարզչին: Ցանկանում եմ, որ այն մեծ ջանքերը, որ ներդնում է հայկական սպորտում, նրան վերադառնան բարության ու հաջողության տեսքով:

Ռոման Ամոյան

Լուսանկարը` Մեդիամաքս


Ջուլֆալակյանը շատ լավ մարդ ու ընկեր է, միշտ հարկ եղած դեպքում պատրաստ է իր խորհուրդներով օգնել ու կողքիդ լինել: Որպես մարզիչ շատ բծախնդիր ու պահանջկոտ է, դա էլ իր թիմի հաջողության գրավականն է: Իսկական մարզիչն այդպիսին պետք է լինի, սպորտում առանց խստության չի լինում, դրա համար էլ նման տիտղոսակիր սաներ է տվել:

Ընկեր Ջուլֆալակյանի գլխավորությամբ երիտասարդ տարիքից եմ մարզվել, շատ լուրջ աշխատանք է ինձ հետ տարել, ինչի համար անչափ շնորհակալ եմ: Նա օգնել է ու նպաստել, որ հայտնի ու տիտղոսակիր մարզիկ դառնամ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Երիտասարդ տարիքից այնպես էր տրամադրում ինձ, ասում էի՝ ուր է մրցակիցը, բերեք հենց հիմա պատռեմ նրան: Նա շատ ճիշտ էր տրամադրում մեզ ու նպաստում մեր հաղթանակներին: Ջուլֆալակյանի հրահանգներին միշտ եմ հետեւել:

Բայց եղել են դեպքեր, որ զայրացրել եմ նրան՝ հաղթանակը հենց այնպես մրցակցին նվիրելով: Նման դեպքերում նրա զայրույթը տեսնելով՝ նույնիսկ չեմ մոտեցել, որ հանկարծ կայծը չբռնկվի ու չկռվենք:

Գիտեմ՝ ինչ էմոցիոնալ մարզիչ է, բայց ապրումները ցույց չի տալիս, ցանկացած մարզիկի պարտությունը ծանր է տանում ու անչափ ուրախանում ամեն հաղթանակով:

Լուսանկարը` UWW


Մարզիկները Ջուլֆալակյանին շատ են հարգում: Նա հիանալի թիմ ունի, ամբողջ աշխարհում են մեզ ճանաչում ու օրինակ բերում: Այդ ամենը Ջուլֆալակյանի ու նրա լավ թիմի աշխատանքի շնորհիվ է:

Մաղթում եմ նրան քաջառողջություն, որ իր ընտանիքի ու մեր գլխից անպակաս լինի, հավաքականը միշտ նրա գլխավորությամբ տեսնենք:

Գեւորգ Ալեքսանյան

Լուսանկարը` Մեդիամաքս


Պատանի տարիքից եմ ճանաչում Ջուլֆալակյանին: Նա միշտ իր ընկերների, հարազատների ու հավաքականի տղաների նկատմամբ շատ ուշադիր է, հիշում է ծննդյան օրերն ու շնորհավորում:

Չափազանց պատասխանատու է, ինչպես ինքն է գործին նվիրված, նույնն էլ բոլորից է պահանջում: Դրա հետեւանքն է, որ մեր հավաքականի արդյունքները լավն են:

Ինչպես իր հաղթանակներն է շատ հանգիստ ընդունել, այդպես էլ՝ իր սաների: Շատ էմոցիոնալ չէ, բայց ի սրտե ուրախանում է ամեն հաղթանակի համար:

Լուսանկարը` Մեդիամաքս


Այ, անհաջողությունները ծանր է տանում, որովհետեւ գիտի, որ մարզիկը կարող  էր հաղթել, բայց սխալների պատճառով չի կարողանում ավելին անել:

Ջուլֆալակյանը շատ վստահ է ու մրցումների ժամանակ իր վստահությունը նաեւ մարզիկներին է փոխանցում: Նրա գործոնը թիմում շատ կարեւոր է, նա ըմբշամարտի աշխարհում ընդունված ու ճանաչված է: Ջուլֆալակյանի արդյունքները ստիպում են մարզիկներին, որ հավատան իրենց ուժերին:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին