Նոյեմբեր 22, 2024
exclusive
9514 դիտում

Խորվաթները հանձնվել չգիտեն. Թույլ տղայից մինչեւ Ոսկե Գնդակի հաղթող


Լուսանկարը` Goal.com

Լուսանկարը` Goal.com

Լուսանկարը` Goal.com

Լուսանկարը` Pinterest

Լուսանկարը` Goal.com

Լուսանկարը` Goal.com

Լուսանկարը` Goal.com

Լուսանկարը` as

Լուսանկարը` twitter

Լուսանկարը` twitter

Լուսանկարը` twitter

Լուսանկարը` twitter

Լուսանկարը` twitter

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` Eurosport

Լուսանկարը` Goal.com


«Ես իսկապես չեմ մտածում Ոսկե գնդակի մասին: Միայն եզրափակիչն է իմ գլխում, ցանկանում եմ Աշխարհի գավաթը բարձրացնել»,-ԱԱ-2018-ի եզրափակչից առաջ ասել էր Խորվաթիայի հավաքականի ավագ Լուկա Մոդրիչը:

Նրա թիմն, իհարկե չհաղթեց, բայց դա չխանգարեց, որ Խորվաթիայի ընտրանուն հայրենիքում չեմպիոններից ոչ պակաս շուքով ու ոգեւորությամբ ընդունեն, Մոդրիչն էլ 4 անհատական մրցանակի արժանանա, որոնցից մեկը նա բարձրացրեց երեկ:

Mediamax Sport-ի այսօրվա պատմությունը հենց Մոդրիչի խոսքերով կներկայացնենք. «Խորվաթ ֆուտբոլիստի մասին է, որը կարողացավ Ոսկե գնդակ ստանալ Մեսսիի ու Ռոնալդուի ժամանակներում»:

Մանկությունն ու պատերազմը

Մոդրիչն իր մանկության մասին խոսել չի սիրում: Առհասարակ նրա ձայնը շատ հաճախ չի լսվում, սակայն վերհիշել պատերազմի տարիներն առավել քան չի ցանկանում:

Լուկան ընդամենը 6 տարեկան էր, երբ ընտանիքը ստիպված էր փախչել հարազատ Զատոն գյուղից: Դեկտեմբերյան մի առավոտ Լուկայի պապը, որի անունով էլ կոչել են ֆուտբոլիստին, տնից դուրս եկավ, ու միայն երեկոյան կարողացան գտնել նրա դին: Դա առիթ դարձավ, որ ընտանիքը հավաքի իրերն ու փախուստի դիմի, դրանից մի քանի ժամ անց Մոդրիչների տունն այրեցին:

Լուսանկարը` Goal.com


Ընտանիքը տեղափոխվեց «ուրվական» քաղաք Օբրովեց, որտեղ խորվաթ բոսնիացիների համար «Կոլովարե» անունով հյուրանոց իջեւանատուն կար: Քաղաքի ճնշող մթնոլորտը, պայթյուններն ու ռումբերը բնավ էլ չէին վախեցնում Լուկային, նա օրերով գնդակից չէր բաժանվում,  իր թաղամասի «ռումբերի» հեղինակն էր դարձել ու նորանոր ապակիներ էր ջարդում:

Այդպես էլ իր վրա ուշադրություն սեւեռեց: «Կոլովարեի» աշխատակիցներից մեկը «Զադար» ակումբ զանգահարեց ու պատմեց տղայի մասին: «Նա շատ նիհար էր ու փոքր իր տարիքի համար, բայց նրա մեջ ինչ-որ հատուկ բան կար: Թեեւ այդ ժամանակ չէինք էլ երազում, որ Լուկան այսպիսի աստղ կդառնա»,- հիշում է «Զադարի» ղեկավար Յոսիպ Բայլոն:

Մոդրիչի ընտանիքը շատ աղքատ էր, 2 տարի առանց էլեկտրականության ու ջրամատակարարման էր ապրում, հազիվ էին ուտելիքի փող գտնում, բայց Լուկայի համար միշտ խաղակոշիկ ու հագուստ էին գնում:

Լուսանկարը` Pinterest


1995-ին նա փորձաշրջան անցավ «Հայդուկ» ակումբում, որին երկրպագում էր, սակայն թիմում ամենանիհարն ու ցածրահասակն էր, 3-րդ օրը նրան տուն ուղարկեցին:

Լուկան վերադարձավ «Զադարի» ակադեմիա, սակայն հիասթափությունն այնքան մեծ էր, որ ցանկանում էր թողնել ֆուտբոլը: Սակայն որոշեց մնալ, քանի որ ֆուտբոլից բացի այլ հետաքրքրություն չուներ:

Ֆուտբոլիստ դառնալու ճանապարհին

Ֆուտբոլային իսկական դպրոցն անցավ բոսնիական «Զրինսկի» ակումբում, որտեղ բնավ էլ հեշտ չէր: Խաղը շատ կոպիտ էր, հարձակվողների ոտքերն ուժեղ հարվածներից հաճախ արյունոտվում էին, ազգային հողի վրա վեճեր առաջանում: Մոդրիչին «Զրինսկի» էին ուղարկել  Զագրեբի «Դինամոյից», այնտեղ Մոդրիչին չէին հավատացել, մտածելով, թե ինչ կարող է իրենց տալ ոսկրոտ ու նիհար տղան:

Իսկապես, նա ֆիզիկապես շատ թույլ էր: Ակումբում հիշում են, որ հենց հոգնածություն էր զգում, խնդրում էր իրեն փոխարինել, շոգ եղանակին դա կարող էր պատահել արդեն հանդիպման 30-րդ րոպեին:

Լուսանկարը` Goal.com


Լուկան սկսեց մարզադահլիճում ավելի շատ աշխատել, արդեն 60-րդ րոպեից շուտ փոխարինում չէր պահանջում, սովորեց խաղալ բոսնիացի պաշտպանների դեմ, արագությունն ավելացրեց ու խաբս տալու հնարքների զինանոցը մեծացրեց:

Լուկան ոչ միայն կայացավ այդ դժոխքում, այլ նաեւ 2002-2003 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը ճանաչվեց: «Նա, ով խաղացել է Բոսնիայի առաջնությունում, ամեն տեղ էլ կկարողանա»,- հետո խոստովանեց Լուկան: Նա վերադարձավ Զագրեբ, բայց նորից վարձավճարով հայտնվեց այլ ակումբում:

Զապրեշիչեի «Ինտերում» Մոդրիչը հիմնական կազմի խաղացող դարձավ, թիմն արծաթե մեդալակիր դարձավ եւ ՈւԵՖԱ-ի Գավաթ դուրս եկավ: Ու նոր միայն, երբ Լուկայով սկսեցին հետաքրքրվել «Յուվենթուսը», «Ինտերն» ու «Արսենալը», «Դինամոյի» ղեկավարները որոշեցին նրան շանս տալ:

Մինչ «Դինամոյի» աստղը դառնալը 3 տարի պահանջվեց, այդ ընթացքում ակումբի հետ առաջնությունում 3 անգամ հաղթեց ու սկսեց հավաքական հրավիրվել: ԵՎՐՈ-2008-ում Խորվաթիան իսկական բացահայտում դարձավ, իսկ Մոդրիչն՝ ամենապահանջված երիտասարդ խաղացողներից մեկը:

Թվում էր ավելի արագ կտեղափոխվի ավելի ուժեղ ակումբ, սակայն տրանսֆերը ոչ մի կերպ չէր կայանում: Արսեն Վենգերը վերջին պահին հրաժարվեց Մոդրիչից՝ համարելով, որ նա ֆիզիկապես չի համապատասխանում ԱՊԼ-ին: Ապա ֆուտբոլիստը մեկնեց «Բարսելոնա», սակայն նորից տեղափոխությունը չկայացավ: Կրկնակի մերժումը հիասթափեցրեց Մոդրիչին, բայց նա չհանձնվեց:

Լուսանկարը` Goal.com


Ֆուտբոլիստին հավատաց «Տոտենհեմի» սպորտային տնօրեն Դամիեն Կոմոլլին: Նա միանգամից տպավորվեց Մոդրիչով. «Մոռացա թվերի մասին, պարզապես սիրահարվեցի»,- խոստովանեց նա:

Գտնելով, նոր ակումբ, Մոդրիչը խաղաց ինչպես երբեւէ, նրա հետ թիմն անհավանական գեղեցիկ ֆուտբոլ էր ցուցադրում, առաջնությունում քառյակում հայտնվեց ու դուրս եկավ ՉԼ:

«Երբ մարդիկ ասում են, որ չեմ կարող Անգլիայում խաղալ, դա ինձ անհավանական մոտիվացնում է: Երազում էի նրանց ապացուցել, որ սխալվել են»:

Ֆիզիկապես թույլ տղայի համբավից Մոդրիչը վերջապես ձերբազատվեց ու սկսեց իսկական ֆուտբոլ խաղալ, նա հիացնում էր իր վարպետությամբ ու արագությամբ:

«Ողջ կարիերայիս ընթացքում մարդիկ ինձ ասում էին, որ ֆուտբոլի համար այդքան էլ լավը չեմ, փոքր եմ ու թույլ: Բայց դուք պետք է հասկանաք խորվաթների ոգին: Պատերազմից հետո մենք ուժեղացել ենք, կոշտ ու համառ դարձել: Մեզ դժվար է կոտրել: Մենք նպատակին հասնելու համար բավականաչափ կամք ունենք»:

Լուսանկարը` Goal.com


Արքայական ուղին

2012-ին դեռ մինչ Եվրոպայի առաջնության մեկնարկը «Ռեալը» ցանկություն հայտնեց Մոդրիչին գնելու: Պայմանագիրը կնքվեց օգոստոսի 27-ին, տրանսֆերի արժեքը 33 մլն ֆունտ ստերլինգ էր:

Թիմի կազմում նա նորամուտը նշեց Իսպանիայի Սուպերգավաթում ու այն էլ «Բարսելոնայի» դեմ, 2 հանդիպումների արդյունքում Գավաթին տիրացավ Արքայական ակումբը: Մոդրիչն էլ հենց մեկնարկում առաջին տիտղոսը նվաճեց նոր ակումբի հետ:

Առաջին գոլը գրանցեց նոյեմբերի 3-ին «Սարագոսայի» դարպասը, սկզբում նա քիչ էր հայտնվում թիմի հիմնական կազմում, ու Marca-ն նույնիսկ Մոդրիչի ձեռքերումն ամենավատ տրանսֆերը համարեց: Սակայն նա աստիճանաբար ամրապնդվեց «Ռեալում» ու կրեատիվ խաղի իսկական պատասխանատուն դարձավ:

4 անգամ հաղթեց Չեմպիոնների Լիգայում, 3 անգամ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում, 3 անգամ Աշխարհի ակումբային առաջնությունում ու 1 անգամ Լա Լիգայում: Մադրիդյան ակումբի կազմում նա արդեն 14 գավաթ ունի:

Լուսանկարը` Goal.com


«Ֆուտբոլը կիրք ու երջանկություն է, հենց դա եմ ես զգում, երբ իմ թիմը հաղթում է: Հիանալի ժամանակներում եմ ապրում, ինչը թույլ չի տալիս ինձ գոնե մեկ վայրկյան թուլանալ: Ճնշումն անհավանական մեծ է, բայց հենց այն է ինձ ավելի լավը դարձնում»:

ԱԱ-ն ու գրոհների վարպետը

Աշխարհի առաջնությունում խորվաթների անցկացրած մրցաշարը փայլուն էր, ոսկե մեդալներից ընդամենը մեկ քայլ էր բաժանում: Գեղեցիկ խաղ, տպավորիչ գոլեր ու հաղթանակներ, առաջնությունը խորվաթների համար իդեալական կարող էր դարձնել միայն չեմպիոնական գավաթը, սակայն այս անգամ Ֆրանսիան ձեռքից այն բաց չթողեց: Բայց Խորվաթիան էլ ձեռնունայն չհեռացավ, այն երկրպագուների սրտերը նվաճեց ու մեծ ճանաչում ստացավ:

«Այն ինչ անում է Մոդրիչը, միայն նրան է հատուկ: Նա ցանկացած թիմ լավագույնն է դարձնում»,-կարծում են մասնագետներն ու չեն սխալվում:

Լուսանկարը` as


Ամռանը Մոդրիչն այդպիսի ուժեղ ու միասնական դարձրեց Խորվաթիայի ընտրանին: Նա մասնակցեց ողջ առաջնությանը, ամենաշատ ճշգրիտ փոխանցումները կատարեց մրցակցի տուգանային հրապարակում ու ամենալավ գրոհող կիսապաշտպաններից էր:

Երբ Մոդրիչը փոխանցում է կատարում, ֆուտբոլն ամենահասարակ խաղն է դարձնում, դրանում էլ նրա յուրահատկությունն է: Նա միշտ տիրապետում է իրավիճակին, ԱԱ-ում էլ հիանալի վերահսկում էր դաշտը, խուճապի չէր մատնվում ու գիտեր որտեղ ուղարկել գնդակը: Մոդրիչը հրաշք էր գործում, թույլ տալիս, որ ամեն գրոհ շնչի:

Ֆուտբոլային օդերեւութաբանները խոստանում են, որ Խորվաթիայի ուժեղ ու սառը քամիները Եվրոպա մեծ ցիկլոն են ուղարկելու, նորանոր գրոհներ են ծնվելու ու Լուկա Մոդրիչն անպայման դրանց օգնելու է գոլերի վերածվել:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին