exclusive
10086 դիտում

Հայ-ադրբեջանական պայքարը.Բոյկոտ, մեդալներ ու չստացված ելույթներ


Լուսանկարը` AFP

Լուսանկարը` 101greatgoals.com

Լուսանկարը` ffa.am

Լուսանկարը` Pphotolure

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` AFP

Լուսանկարը` chess-news.ru

Լուսանկարը` insidethegames.biz

Լուսանկարը` Mediamax


Հայ-ադրբեջանական հակամարտությունը տարածվում է նաեւ սպորտի վրա: Ադրբեջանցի մրցակիցները հայերի համար առավել կարեւոր են համարվում, հաղթանակները տասնապատիկ անգամ արժեքավոր, թեեւ սպորտային տեսանկյունից տարբերություն բնավ էլ չկա:

Համաշխարհային սպորտի տարեգրությունը դրանք որեւէ կերպ չի առանձնացնում, բայց մենք ու Ադրբեջանը հաղթանակների ու պարտությունների սեփական գնահատման համակարգն ունենք:

Հայաստանի ու Ադրբեջանի նեկայացուցիչները հարյուրավոր անգամներ են բախվել իրար ռնգում, գորգում, տատամիում ու սպորտային այլ հարթակներում: Դիմակայությունների ճշգրիտ վիճակագրություն ոչ ոք էլ չի կարող ներկայացնել, բայց թե քանի անգամ են մրցակցի հարկի տակ հանդես եկել մարզիկները, դժվար չէ հաշվել:

Թեեւ հայ-ադրբեջանական սպորտային թնջուկը նոր չէ, սակայն եւս մեկ անգամ անդրադառնալու առիթը Եվրոպայի Լիգան ու ձյուդոյի Աշխարհի առաջնությունն են: Եվրոպայի Լիգայում երկու հայ ֆուտբոլիստների ակումբների մրցակիցներն ադրբեջանական թիմերն են, ինչպես նաեւ մրցաշարի եզրափակիչն է Բաքուն հյուրընկալելու, իսկ սեպտեմբերի 20-27-ն այնտեղ կայանալու է ձյուդոյի ԱԱ-ն, որտեղ Օլիմպիական խաղերի ամենաշատ միավորներն են խաղարկվելու:

Մխիթարյանն ու հավաքականը

Հերթական անգամ Մխիթարյանի ակումբը Եվրոպայի Լիգայում պետք է հանդիպի ադրբեջանական մրցակցի: Նախորդ անգամ 2015-ին Դորտմունդի «Բորուսիայի»  մրցակիցը ԵԼ-ում «Գաբալան» էր: Թեեւ ադրբեջանական ակումբն անվտանգության երաշխիքներ ապահովում էր, սակայն Մխիթայանը որոշեց չմեկնել Ադրբեջան: Տնային խաղում նա գոլի հեղինակ դարձավ:

Լուսանկարը` 101greatgoals.com


Այս տարի «Արսենալը» պետք է մրցի «Ղարաբաղի» հետ: Խմբային փուլի վիճակահանությունն օրեր առաջ է կայացել, բայց այս խնդրին լոնդոնյան ակումբում արդեն մի քանի անգամ անդրադարձել են:

«Մեր բոլոր ֆուտբոլիստների ու ակումբի աշխատակիցների անվտանգությունն առաջին տեղում է եւ վեր է ամեն ինչից: Մենք այս հարցը կքննարկենք Մխիթարյանի հետ, որից հետո էլ որոշում կկայացնենք»,- հայտնել էր լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը:
 
ՈւԵՖԱ-ն վստահեցրել էր, որ կանի հնարավորը հայ ֆուտբոլիստին օգնելու համար, որպեսզի Բաքվում նա խնդիրներ չունենա: Ինքը՝ Մխիթարյանն այս մասին որեւէ մեկնաբանություն չի տվել:
 
Ադրբեջանական «Գաբալայի» հետ պետք է մրցի նաեւ Գեղամ Կադիմյանի ակումբը՝ ուկրաինական «Վորսկլան»: Նրա մասնակցության հետ կապված որոշում եւս դեռ չկա:

Լուսանկարը` ffa.am


Ազգային հավաքականների մակարդակով խնդիրը լուծված է, ՈւԵՖԱ-ի որոշմամբ, որպես երկու հակամարտող երկրներ, Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց դեմ պաշտոնական հանդիպումներ չեն անցկացնում:

ԵՎՐՈ-2008-ի ընտրական մրցաշարում Հայաստանն ու Ադրբեջանը միեւնույն խմբում էին ընդգրկվել: Իսպանիան, որպես Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության նախագահ, առաջարկել էր խաղերն անցկացնել իր հարկի տակ: 

Հայաստանում մրցակցին ընդունել ու մեկնել Ադրբեջան չէին հրաժարվում:  Իրավիճակի մասին հեռավոր 2007-ին խոսել էր ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը.

«Ես երբեք չեմ համաձայնվել, որ մենք չխաղանք կամ չեզոք դաշտում խաղանք: Հակառակը, մինչեւ վերջ պայքարել եմ, որ մեր երկրի իշխանությունները տան բոլոր երաշխիքները, ես էլ որպես ‎ ֆեդերացիայի նախագահ նույնպես տվել եմ դրանք: Մենք պատրաստ ենք խաղալ եւ Ադրբեջանում, եւ Հայաստանում»:

Սակայն 2007-ին ՈւԵՖԱ-ն չեղյալ հայտարարեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայանալիք հանդիպումներն ու թիմերին միավոր վաստակելու հնարավորությունից զրկեց: Այն ժամանակվա ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հավաստիացրեց, որ այդ հավաքականներն էլ երբեք միեւնույն խմբում չեն ընդգրկվի: 

Լուսանկարը` Pphotolure


Ադրբեջանցիների այցը Հայաստան

Ադրբեջանցի մարզիկները 2009-ին են ժամանել Երեւան ու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել պատանիների ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը: Ադրբեջաական պատվիրակությունը 15 հոգուց էր բաղկացած՝ 5 մարզիկ, 3 մարզիչ, 2-ական բժիշկ, լրագրող ու ղեկավար, մրցավար:

Ավելի վաղ երկու երկրների սպորտի նախարարները համաձայնագիր էին ստորագրել, որով Հայաստանը երաշխավորել էր ադրբեջանցիների անվտանգությունն ու պարտավորվել ապահովել մարզումային նորմալ պայմաններ, ինչպես նաեւ հնարավորություն տալ ադրբեջանցի լրագրողներին լուսաբանել մրցաշարը: Թիմի անվտանգությունն ապահովում էր Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը:

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո առաջին անգամն էր, որ Ադրբեջանը Հայաստանում սպորտային միջոցառման մասնակցեց: Ադրբեջանցի ձյուդոյիստին նույնիսկ հաջողվեց ոսկե մեդալակիր դառնալ:

Ապա նրանք ներկայացված են եղել 2012 թվականին Երեւանում անցկացված բռնցքամարտի երիտասարդների Աշխարհի առաջնությունում ու 1 բրոնզե մեդալ նվաճել:

Լուսանկարը` Mediamax


Վերջին անգամ ադրբեջանցի մարզիկները հանդես են եկել 2014 թվականի հուլիսին Արշալույս գյուղում կայացած Եվրոպայի նետաձգության առաջնությունում: 6 նետաձիգներից ոչ մեկի չի հաջողվել մեդալակիր դառնալ:

Այս տարվա ապրիլին կայացած Մ-23 տ. սուսերամարտի Եվրոպայի առաջնությանը ադրբեջանցիները որոշեցին թիմ չուղարկել: Ավելի վաղ նրանք հրաժարվել էին նաեւ շախմատի Եվրոպայի առաջնությունից (2014 թ):

Ցավոք, Բաքվի համեմատ Երեւանում ավելի քիչ սպորտային միջոցառումներ են կայանում, ու հիմնականում մեր մարզիկներն են բաց թողնում կարեւոր ու վարկանշային մրցաշարերը:

Մերոնք Բաքվում

Վերջին անգամ Բաքու հայկական պատվիրակություն մեկնեց 2015-ի ամառային Եվրոպական խաղերի ժամանակ: Մարզաշխարհը երկու ճամբարի էր բաժանվել՝ մեկնողների ու խաղերը բոյկոտողների:

Նախապես ՀԱՕԿ-ը հայտարարել էր, որ մարզիկներն ազատ են իրենց ընտրության մեջ ու իրենք կարող են որոշել, մասնակցել, թե ոչ: Մեր առաջատար մարզիկներից մի քանիսը չմեկնեցին խաղերին:

Լուսանկարը` Mediamax


2007 թ-ին Օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Բաքվում մասնակցել էր Աշխարհի առաջնությանը: Այն ժամանակ միայն Յուրի Պատրիկեեւին էր հաջողվել բրոնզե մեդալ նվաճել: Սակայն Բաքվի խաղերին մարզիչը չմեկնեց, նրա հետ համակարծիք էին նաեւ Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանը:

Առաջինը հունիսին  Բաքու ժամանեց Հայաստանի 6 հոգանոց պատվիրակությունը: Բացման արարողության ժամանակ դրոշակակիրը ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն էր:

Խաղերին 25 մարզիկներ մասնակցեցին հունահռոմեական ու ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, հրաձգություն, բռնցքամարտ ու սամբո մարզաձեւերում: Միակ մեդալը նվաճեց Միհրան Հարությունյանը (66 կգ), նա կանգնեց պատվոհարթակի 2-րդ աստիճանին:

Լուսանկարը` AFP


Ավելի վաղ 2011-ին բռնցքամարտիկներն են մասնակցել վարկանշային մրցաշարի ու Լոնդոնի Օլիմպիական խաղերի միակ ուղեգիրը նվաճել է Անդրանիկ Հակոբյանը:

Հակոբյանը հիշում է, որ Բաքվում հոգեբանական մեծ ճնշում էր գործադրվում մարզիկների վրա, ու ոչ բոլորը կարող են դրան դիմանալ. «Ամեն ինչ մարզիկից է կախված, եթե նա լավ է պատրաստվել մրցմանն ու գիտի, թե ինչի համար է գնում, վստահ է իր ուժերին, ուրեմն կկարողանա հաղթահարել դա: Իմ ելույթի ժամանակ տրիբունաներն անընդհատ սուլել են ու քարեր նետել»:

Լեւոն Արոնյանը 2013-ին հրաժարվեց մասնակցել Բաքվում կայանալիք հավակնորդների մրցաշարին: Արդյունքում մրցաշարը տեղափոխեց Լոնդոն: Սակայն Ադրբեջանի մայրաքաղաք հայ գրոսմայստերն այնուամենայնիվ մեկնեց: 2015-ին նա Գաբրիել Սարգսյանի ու Հրանտ Մելքումյանի հետ մասնակցեց Աշխարհի Գավաթին:

Լուսանկարը` chess-news.ru


«Բաքվում խաղալը շատ դժվար էր: Այդպիսի պայմաններում երբեք չէի հայտնվել: Հասկանալ, ինչպես խաղալ, կողմնորոշվել ու միաժամանակ հանգիստ լինել, ինձ չէր հաջողվում»,- ասել էր Արոնյանը:

2016-ին սեպտեմբերին Բաքվում կայացած Համաշխարհային Օլիմպիադային Հայաստանի շախմատի հավաքականը քաղաքական պատճառներով չմասնակցեց:

Հիմա էլ որոշել է շատ կարեւոր մրցաշար բաց թողնել Հայաստանի ձյուդոյի հավաքականը: Ադրբեջանական կողմը հայկական պատվիրակության անվտանգությունն ապահովող փաստաթղթեր չի տրամադրել, ու որոշվել է չմասնակցել ԱԱ-ին: Հայաստանի ֆեդերացիան իր մարզիկներին կթույլատրի մասնակցել միայն այն դեպքում, երբ անվտանգության անհատական երաշխիքներ ստանա, իսկ դա դեռ տեղի չի ունեցել:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին