Դեկտեմբեր 23, 2024
exclusive
21256 դիտում

Սպորտը Հայաստանի առաջին Հանրապետությունում. Մաս 2


Եազմաճեանը, Չերազը եւ Խոյեանը
Եազմաճեանը, Չերազը եւ Խոյեանը

Լուսանկարը` inknagir.org

ՀՄԸՄ-ի թիմերից
ՀՄԸՄ-ի թիմերից

Լուսանկարը` «Հայկական սպորտը եւ մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում»

Լուսանկարը` inknagir.org

Զմյուռնիայի սկաուտների Ա խումբը
Զմյուռնիայի սկաուտների Ա խումբը

Լուսանկարը` «Հայկական սպորտը եւ մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում»

Հայկ Ճիշմեճյանը և Տիգրան Խոյեանը
Հայկ Ճիշմեճյանը և Տիգրան Խոյեանը

Լուսանկարը` inknagir.org

Տորք թիմը, 2-րդ շարքի կենտրոնում Չերազն է
Տորք թիմը, 2-րդ շարքի կենտրոնում Չերազն է

Լուսանկարը` «Հայկական սպորտը եւ մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում»

Խոյեանն իր սկաուտներով
Խոյեանն իր սկաուտներով

Լուսանկարը` «Հայկական սպորտը եւ մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում»

Վահան Չերազը
Վահան Չերազը

Լուսանկարը` inknagir.org

Memorial school ֆուտբոլի թիմը
Memorial school ֆուտբոլի թիմը

Լուսանկարը` «Հայկական սպորտը եւ մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում»

Լուսանկարը` inknagir.org


Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին ընդառաջ ներկայացնում ենք իր կարճատեւ գոյության ընթացքում երկրում կատարված սպորտային առաջին բարեփոխումները:

Նորանկախ երկրի կառավարությունը չափազանց կարեւորում էր երիտասարդ սերնդի ֆիզիկական դաստիարակությունը:


Mediamax Sport-ը երկու մասից բաղկացած շարքի վերջին հրապարակման մեջ կներկայացնի առաջին սպորտային ծրագիրը, սկաուտական շարժման սկզբնավորումն ու ակտիվ գործիչների նվիրված աշխատանքը:

Սպորտային շարժման սկիզբն ու ծրագիրը
Հայաստանի առաջին հանրապետությունում սպորտի հիմքը դրվել է սկաուտական շարժմամբ: Մարմնակրթության տարածման համար նախապատրաստական աշխատանքներ դպրոցներում տարվել են դեռ 1918 թվականից: Սակայն անհրաժեշտ մասնագետների պակասի պատճառով երկրի ղեկավարությունը չէր կարողանում ընդգրկուն աշխատանքների անցնել ու արդյունքի հասնել:

Լուրջ ու կարեւոր քայլերի դիմել հաջողվեց 1919-ին: «Հայսերունդի» տեղեկությամբ՝ Երեւանում ստեղծվում է հայկական սկաուտների առաջին խումբը, որը գլխավորում էր Հայաստանի մինիստրների խորհրդի նախագահ Ալեքսանդր Խատիսյանը:  

1919-ին սկաուտական շարժման նախաձեռնողներից «Տորք» ակումբի անդամ Եզնիկ Քաջունուն հանձնարարում են կազմել մարմնակրթության ծրագիր:
ՀՄԸՄ-ի թիմերից ՀՄԸՄ-ի թիմերից

Լուսանկարը` «Հայկական սպորտը եւ մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում»


Սեպտեմբերի 30-ին ծրագիրը, որը բարձր էր գնահատվում ֆիզիկական դաստիարակության դերը, պատրաստ էր: Քաջունին փաստում էր, որ ներկա սերունդը հիմնականում կազմված է որբերից ու առաջարկում էր մարմնակրթական գործը ճանաչել համաժողովրդական: Նա կոչ էր անում կազմակերպել ժամանակավոր շրջիկ դասախոսություններ ու կազմել մարզական խմբակներ:

Այդ նպատակով անհրաժեշտ էր տրամադրել 695 հազ. ռուբլի՝ գործիքներ, հագուստ, զգեստներ գնելու ու աշխատավարձ վճարելու համար: Պարապմունքներն անցկացվելու էին Աստաֆյան դպրոցի մեծ սրահում, ինչպես նաեւ Անգլիական այգու հարեւանությամբ գտնվող մեծ ակումբի տարբեր հարկերում: Իսկ ձմռան ամիսների պարապմունքների համար դրանք պետք է ծածկվեին ու կահավորվեին:

Քաջունու ծրագրի մեջ էր մտնում նաեւ Երեւանի կենտրոնական մասում մարզադպրոց բացելը, որտեղ պարապմունքներն անցկացվելու էին գործիքներով ու առանց գործիքների:

Լուսանկարը` inknagir.org


Նմանատիպ ծրագիր կազմելու հանձնարարություն էր ստացել նաեւ Ա. Սիրման: Նա առաջարկում էր մարմնակրթությունը սկսել շվեդ-դանիական, գերմանական մարմնամարզությունով, սաներին տրամադրել աթլետիկական գիտելիքներ, ցածր դասարաններում ուսուցանել ըմբշամարտ, բարձրերում՝ հակահրդեհային ու բժշկական շտապ օգնության դասեր:

Սիրման պլանավորում էր Երեւանում բացել կանանց ու տղամարդկանց սպորտային ակումբ եւ այդ նպատակով պահանջում էր տարեկան 25 հազար ռուբլի կամ 1000 ռուբլի ամենամյա:

1-ին սկաուտական խումբը

Առաջին սկաուտական խումբը ձեւավորվեց 1919-ին:  Ընդհանուր ժողովում խմբապետ ընտրվեց Հ. Նարբեյը: Ժողովուրդը բոյ-սկաուտական խմբի նախագահ ընտրեց վարչապետ Ալեքսանդր Խատիսյանին: Այդ առթիվ նրան հետեւյալ բովանդակությամբ դիմում ուղղվեց.

«Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Ա. Խատիսեան, պատիւ յունեմ յայտնելու, որ Հայաստանի առաջին Բոյ-Սկաուտական խումբը միանձնյա ընտրեց Ձեզ բարձր հովանաւորութեան տակ առնելու մեր վերածնուող հայրենիքի սահմաններում սկսուած այս օգտակար եւ պատանեկութեան բարոյական ու ֆիզիքական զարգացման համար անհրաժեշտ շարժումը» :

Խատիսյանը դիմումի վրա գրեց. «Պատասխանել, որ ես ընդունում եմ մեծ ուրախութեամբ այդ պաշտօնը եւ ցանկանում յաջողութիւն»:

Աստիճանաբար սկաուտական շարժումը լայն թափ է ստանում: Հանրապետության տարբեր շրջաններում ու քաղաքներում, դպրոցներում, որբանոցներում կազմակերպվում էին նորանոր խմբեր, որոնց ստուգատեսը Երեւանում կայացավ 1919-ին ապրիլի 18-ին:
Զմյուռնիայի սկաուտների Ա խումբը Զմյուռնիայի սկաուտների Ա խումբը

Լուսանկարը` «Հայկական սպորտը եւ մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում»


Այս առթիվ Սիմոն Վրացյանը գրում էր. «Ապրիլի 18-ին բոյ-սկաուտների օրն էր:  Քաղաքը տօնական տեսք էր ստացել: Փողոցներում տուփերով հանգանակութիւն էր կատարւում: Բոյ-սկաուտները երաժշտութեամբ կենդանութիւն էին մտցնում ամէն կողմ: Ամառային ակումբում տեղի ունեցավ հրապարակային մարզանք: Բոյ-սկաուտներն իրենց վարիչ հունգարացի Ալբերտ Սիրմայի առաջնորդութեամբ գեղեցիկ խաղեր խաղացին՝ արժանանալով խռնուած հասարակութեան ծափերին»:

Սկաուտների ժամանումը

Տարածվող սկաուտական շարժումը ղեկավարելու նպատակով որակյալ ու փորձված մարզիչներ էին անհրաժեշտ: Հայաստանում նման մասնագետներ չկային ու նրանք հրավիրվեցին Կոնստանդնուպոլսից:

1920 թ. հուլիսի 26-ին Պոլսո Հայ մարմնակրթական Ընդհանուր Միության վարչությունը հայտնեց, որ Պոլսո դիվանագիտական ներկայացուցչին կառավարությունից ստացած հրահանգի համաձայն Հայաստան կուղեւորվեն հասարակական ու մարզական գործիչներ Վահան Չերազը, Տիգրան Խոյեանն ու Օննիկ Եազմաճյանը, որոնց կմիանա Եզնիկ Քաջունին, որն ավելի վաղ էր տեղափոխվել Հայաստան:

«Յիշեալ 4 պարոնները Միութեան կատարեալ վստահութիւնը կը վայելեն ամէն կերպով: Իրենք իբր աթլեթ եւ սկաուտական խումբերու վարիչ, լաւագոյն օգուտը կրնան տալ, եթե Ձեր աջակցութիւնը վայելեն»,- նշված էր հայտարարության մեջ:

ՀՄԸՄ-ի 1919-ի ծրագիր-կանոնագրում գրված է. «Հայ մայրեր, վստահությամբ մեզի յանձնեցեք Ձեր զաւակները: Զանոնք պիտի վերադարձնենք Ձեզի աւելի ազնիւ, ավելի հզօր, արի ու զորովոր»:
Հայկ Ճիշմեճյանը և Տիգրան Խոյեանը Հայկ Ճիշմեճյանը և Տիգրան Խոյեանը

Լուսանկարը` inknagir.org


Տիգրան Խոյեանն իր «Նահատակ Ցեղի անմահներ» գրքում մանրամասն անդրադարձել է դեպի հայրենիք իրենց ուղեւորությանն ու իրականացրած աշխատանքներին:

Խոյեանը հիշում է, որ Երեւան ժամանելուն պես եռյակը հանդիպել է կրթության նախարար Գեւորգ Ղազարյանի հետ. «Ամէն կերպով համամիտ է մեզի: Մեր ծրագրերու մասին մանրամասն զեկույց մը ուզեց»:

Ապա նրանք այցելել են ռազմական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանին, որը հյուրերին չափազանց լավ է ընդունել. «Բարձրօրեն գնահատեց նոր, մատղաշ սերնդին արուած այդ դաստիարակութիւնը եւ խոստացաւ մեզի ամէն դիւութիւն ընձեռնել»,- գրել է Խոյեանը:

Որոշվել է, որ Քաջունին ու Եազմաճյանը պետք է մնան Երեւանում, իսկ Չերազն ու Խոյեանը գործունեություն ծավալեն Ալեքսանդրապոլում՝ Կանաչի Բոստի ու Բոլիկոնի հին ռուսական հսկա զորանոցում, որը 20 հազարից էլ ավելի երեխաներով որբանոցի էր վերածվել:

Մինաս Չերազը կարծում էր, որ «հայը համոզուած է, որ առողջ դաստիարակութիւն մը պիտի նուազեցնէ իր թերութիւնները, ասոր համար է, որ սկսած է սկաուտի լէգէոններ կազմել յարաճուն եռանդով»:
Վահան Չերազը Վահան Չերազը

Լուսանկարը` inknagir.org


Առաքելության իրականացումը՝ ֆուտբոլի մրցումներ

1920 թ. սեպտեմբերի 26-ին Խոյեանն ու Չերազը Երեւանից  ուղեւորվեցին Ալեքսանդրապոլ: Երեւանից իրենց հետ ֆուտբոլային թիմ էին տարել, որը պետք է մրցեր «Վարդան Զորավարի» հետ: Ճանապարհին երեւանցիները շոգեկառքի մեջ անքուն ու սոված էին մնացել, բայց պետք է մրցեին, քանի որ հանդիպման տոմսերն արդեն սպառված էին, գլխավոր մրցավար էլ Խոյեանն էր նշանակված:

Խաղը կայացավ Կալաչի Բոստի դաշտում, Ալեքսանդրապոլի թիմը հաղթեց 1:0 հաշվով:

«Չերազի հետ Ալեքսանդրապոլի գլխաւոր փողոց՝ Աբովեանի վրայ էինք: Մըյ մըն ալ տեսնենք վիզէն թմբուկ մը կախուած մէկը փողոցին վարէն կու գայ դէպի մեր կողմը եւս միեւնոյն ատեն կը թմբկահարէ: Փողոցի ճիշտ մեջտեղը կեցաւ ւ սկսաւ մոնետիկի իր պաշտօնը, յայտարարելով սապէս. Էսօր ժամը 2-ին Ալեքսանդրապոլի «Զօրավար Անդրանիկ» խումը կմրցէ Երեւանից եկած խմբի հետ…»,-խաղի մասին հիշում է Խոյեանը:
Տորք թիմը, 2-րդ շարքի կենտրոնում Չերազն է Տորք թիմը, 2-րդ շարքի կենտրոնում Չերազն է

Լուսանկարը` «Հայկական սպորտը եւ մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում»


Օրեր անց թիմերը կրկին մրցեցին նույն դաշտում, այս անգամ մրցավարը Չերազն էր. «Ես սէնտրը ֆորուըրտի դիրքով խաղցայ Ալեքսանդրաբոլէն: Արդիւնք՝ 2-ի դէմ 3 կօլով «Վարդան Զօրավար» յաղթեց»,- հիշում է Խոյեանը:

Հանդիպումից հետո 2 թիմերի խաղացողները հավաքվել են ու իսկական հայկական քեֆ կազմակերպել՝ բարձր տրամադրությամբ եւ ուրախ երգերով:

Աղջիկներն ու սպորտը

Սկաուտական շարժումը ոգեւորությամբ է ընդունվում նաեւ բժշկա-սանիտարական բաժինը, որը 1920-ի գարնանը խնդրում է. «Կազմակերպել մի ծրագիր փոքր երեխաների ֆիզիկական կրթության մասին, գավառների համար իբրեւ ուղեցույց: Մարզուհիներին պետք է բաժանել ըստ հասակի: Եթե կարելի է, կազմել տերմինների բառապաշար»:

Երեւանի Գայանյան եւ Ալեքսանդրյան դպրոցներում ստեղծված խմբերում ընդգրկվում են 285 աղջիկներ, խմբեր են ստեղծվում անգլիական ու ամերիկյան որբանոցներում, ինչպես նաեւ Բայազետում, Ղարաքիլիսայում, Դիլիջանում: Աղջիկները զբաղվում էին թեթեւ ատլետիկայով, ֆուտբոլով, շարժական խաղերով, արշավներով եւ այլն:

Ահա թե ինչպիսի են աղջիկների ներգրավմամբ ակտիվ գործունեություն ծավալող Արշակուհի Թեոդիկի դիտարկումները. «Աղջիկ սքաութներու եւ մանչ սքաութներու մարզանքին կամ դաստիարակութեան միջեւ տարբերութիւն մը կայ: Մանչերուն համար սքաութիզմը առնականութեան նպատակ ունի, այլ աղջիկներուն համար կանացի կորովեւթեան, որ կարող կընէ աղջիկները լաւագոյն կերպով օգտուելու կեանքի պայքարին մէջ»:
Խոյեանն իր սկաուտներով Խոյեանն իր սկաուտներով

Լուսանկարը` «Հայկական սպորտը եւ մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում»


Հայ-թուրքական պատերազմը

Աստիճանաբար սկաուտական շարժումը հունի մեջ ընկավ ու ավելի շատ մարդիկ սկսեցին ընդգրկել դրա մեջ: Թե Երեւանի, թե Ալեքսանդրապոլի խմբերը շարունակում էին ջերմեռանդորեն կատարել իրենց աշխատանքը:

Սակայն ցավալիորեն այդ ակտիվ քառյակը միայն 2 ամսվա գործունեություն կարողացավ ծավալել: Սեպտեմբերին նրանք արդեն դպրոց մտան իրենց կողմից մշակված ու կրթական նախարարության կողմից վավերացված մարմնակրթական ծրագրով, իսկ երբ արդեն հունի մեջ էին մտել, սկսվեց հայ-թուրքական պատերազմը: Վահան Չերազը որոշում կայացրեց մասնակցել պատերազմին ու ընդգրկվեց Անդրանիկի զորախմբում:

«Այժմ դադրած ենք սկաուտ եւ մարզիկ ըլլալէ, բոլորս կամաւորներ ենք եւ մեր հայրենիքի պաշտպանութեան համար խրամներ կը փորենք»,-ասել է Չերազը:

«Որբանոցի տղոց հետ իմ զբաղումներս յանոնաւոր հունի մէջ մտած են արդէն: Տասնըմէկ ուսուցիչներ տրամադրած են իրենք զիրենք մարզանքի դասեր առնելու, եւ առաջին դասը տուած եմ իրենց: Խոստումնալից ու հաճելի դասարան է: Դասերու մթնոլորտը լուրջ է ու զուարթ»,- կրկին գրել է Խոյեանը:

Հայաստանի առաջին հանրապետությունում սպորտն առանձին չէր, այն ռազմական գործի մի մասն էր կազմում, դա լավագույնս ցույց է տալիս «Նահատակ Ցեղի անմահներ» գրքի այս դրվագը. Հայկական բանակի թնդանոթային բաժնի վերին հրամանատար  Զորավար Արարատյանը, որն Ալեքսանդրապոլ էր եկել Կարս մեկնելու համար, Խոյեանից 21 սկաուտներ է ուզում, որպեսզի նրանք լիցքավորեն բլրի վրա գտնվող բերդի մարտկոցները.
Memorial school ֆուտբոլի թիմը Memorial school ֆուտբոլի թիմը

Լուսանկարը` «Հայկական սպորտը եւ մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում»


«Բոլորն ալ հիանալի ոգիով «Պատրաստ ենք իսկոյն մարզուելու» ըսին»:

Հոկտեմբերի 31-ին 30 սկաուտներ կամավոր մեկնեցին ճակատ: Խոյեանն էլ էր ցանկանում միանալ նրանց, սակայն բոլորը հասկացնել տվեցին, որ նրա առաքելությունն ավելի կարեւոր է ու պետք է մնա երեխաների կողքին:

«Գործը սուրբ էր մեզի համար: Որբանոցներու մէջ խճողուած բազմահազար անուշիկ որբերու մարմնային ու հոգեկան կազմաւորումը, սկաուտական բարձրացնող Ոգիով՝ մեր առաջնահերթ նապատակակէտն էր, ու այդ գործին նուիրուելու կամքն ու խանդը չէր որ կը պակսէին մեզի, սակայն դժբախտաբար, անգուշակելի պատմությունը տարբեր բախտ էր սահմանած մեր Առաքելութեան»:

Սկաուտական շարժման մարումն ու հաշվեհարդարը

Անկատար մնաց նաեւ Խոյեանի ու Չերազի երազանքը, նրանք ցանկանում էին Հայկական Օլիմպիական խաղերն անցկացնել Հայաստանում: «Չերազին հետ բաւական որոշ, երազ մը ունինք, Հայկական Ընդհանուր Ողիմիական յաջորդ տարի Հայաստանի մէջ ընել, Ս. Էջմիածայ ու Սրբազան Արարատ-Մասիս ներշնչող մթնոլորտին մէջ…»,-Հայաստան գալուց մի քանի օր հետո գրել էր Խոյեանը:

«Կյանքի ուղիներով» գրքում Սիմոն Վրացյանը գրել է, որ Չերազի ու մյուս սկաուտների աշխատանքը, մարզահանդեսները մեծ տպավորություն են գործել հասարակության վրա ու «նորազատ Հայաստանում» հիմք դրել մարզական շարժմանը:

Լուսանկարը` inknagir.org


«Կառավարությունը տեղավորեց նրանց Սլեքսանդրապոլի Պոլիգոն զինուորական թաղամասում: Բոլշեվիկեան վարչակազմը հալածեց նրանց: Ի վերջոյ գնդակահար եղաւ Վ. Չերազը, իբրեւ «Անգլօ-ամերիկեան իմպերիալիզմի գործակալ»: Սպանեցին կամ աքսորեցին նաեւ մյուսներին»,- «Կեանքի ուղիներով» գրքում գրել է Սիմոն Վրացյանը:

Խոյանը մինչ Խորհրդային Ռուսաստանի Հայաստան մտնելը կարողանում է փախչել երկրից: Նա մի կերպ հասնում է Բաթում, ապա՝ Պոլիս, հետո հաստատվում է ԱՄՆ-ում, որտեղ գրքեր է հեղինակում ու սպորտային ակտիվ գործունեություն ծավալում: Ավելի դաժան է ստացվում Չերազի ճակատագիրը: Ռուսները նրան ձերբակալում են, երկար ու տանջալից օրեր ու դատավարություններ անցկացնելուց հետո նրան 1927-ին Թիֆլիսի բանտում գնդակահարում են: 1937-ին գնդակահարության է ենթարկվում նաեւ Չերազի կինը, իսկ աղջկան որդեգրում է նրա քեռին:

Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատումից հետո սկաուտական շարժումը գոյատեւում է եւս 2-3 տարի, սակայն Խորհրդային հանրապետության Լուսժողկոմատի որոշմամբ ստեղծված պատանի կոմունարների կազմակերպության ճնշման ներքո կորցնում է պետական հովանավորությունն ու աստիճանաբար մոռացության մատնվում:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին