Ազգերի լիգայի մեկնարկից ամիսներ առաջ Հայաստանի ազգային հավաքականում տեղի է ունենալու մարզչական փոփոխություն: Արթուր Պետրոսյանը հեռացավ զբաղեցրած պաշտոնից, իսկ ՀՖՖ-ն տեղեկություն տարածեց, որ նոր մարզչի անունը հայտնի կդառնա առաջիկա օրերին: Mediamax Sport-ը ներկայացնում է ճանաչված գործազուրկ մարզիչների, ովքեր կարող են դիտարկվել որպես Հայաստանի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ:
Ներկայումս համաշխարհային ֆուտբոլում կան մի շարք բարձրակարգ մարզիչներ, ովքեր աշխատանք չունեն, բայց կարծել, որ այդ մասնագետները կարող են գլխավորել մեր ընտրանին այնքան էլ իրատեսական չէ: Նույնիսկ մեծ ցանկության դեպքում ՀՖՖ-ն չունի այնպիսի ֆինանսակական միջոցներ, որպեսզի թիմ հրավիրի Ֆրանչեսկո Գվիդոլինի, Էդուրադո Բերիցոյի,Ալան Պարդյուի, կամ Սլավեն Բիլիչի կարգի մարզիչների: Դրսում որոշակի հաջողությունների հասած հայ, կամ ծագումով հայ մարզիչներն աշխատանք ունեն ու դժվար թե լքեն իրենց ակումբներն ու գան մարզելու ազգային հավաքականը: Ցանկություններն ու իրականությունը պետք է համապատասխանեն ներկայիս ֆինանսական կարողությունների ու մեր առջեւ դրված նպատակների հետ:
Վերջին օտարերկրացի մասնագետը, ով ղեկավարեց մեր ընտրանին, Բեռնար Շալանդն էր: Ըստ մամուլում շրջանառված տեղեկությունների՝ շվեյցարացու տարեկան աշխատավարձը կազմել է մոտ 250 000 եվրո: Այս ինֆորմացիան կար մոտ 4 տարի առաջ: Շալանդից հետո մենք տնտեսել ենք: Որպեսզի Ազգերի լիգայում շաբաթն ուրբաթից շուտ չգա, պետք է ռեսուրսներ ներդնել: Փորձենք գծել այն ճանաչված մարզիչների օղակը, որոնց տարեկան աշխատավարձը պտտվում է մոտ 250 000-ից մինչեւ կես միլիոն եվրոյի սահմաններում՝ մի փոքր ավել, կամ պակաս: Նման փորձ արդեն ունեցել ենք: Գաղտնիք չէ, որ հավաքականներում մարզիչներն ավելի քիչ են վաստակում, քան ակումբներում: Ահա մի շարք մասնագետներ, ովքեր կարիերայում ունեն նկատելի հաջողություններ, բայց հիմա գործազուրկ են:
Բերնդ Շտորկ

Լուսանկարը` https://uzletiegyuttmukodes.hu
Գերմանացի 55-ամյա մասնագետի վերջին աշխատավայրը եղել է Հունգարիայի ազգային հավաքականը, որտեղից հեռացել է 2017 թվականի հոկտեմբերին: Նրա գլխավորությամբ 44 տարվա դադարից հետո հունգարացիները վաստակեցին Եվրոպայի առաջնության ուղեգիր եւ իրենց դրսեւորեցին լավագույն կողմերով: Ավստրիայի, Իսլանդիայի ու Պորտուգալիայի հետ նույն խմբում հայտնված Հունգարիայի հավաքականը հասավ մինչեւ 1/8 եզրափակիչ, որտեղ ճանապարհը զիջեց Բելգիային: Նախընտրում է խաղալ 4-2-3-1 մարտավարությամբ: Նրա ղեկավարած թիմերը գերազանց են խաղում հակագրոհների ժամանակ ու հուսալի են պաշտպանությունում: Շտորկը ժամանակին աշխատել է նաեւ Ղազախստանի հավաքականում: Եղել է նաեւ Դորտմունդի «Բորուսիայի», Բեռլինի «Հերտայի», «Վոլսֆբուրգի» մարզչական շտաբերում:
Խորխե Լուիս Պինտո

Լուսանկարը` http://1070noticias.com.mx
Կոստա-Ռիկայի հավաքականի սխրանքները 2014 թվականի աշխարհի առաջնությունում նույնիսկ հիմա թարմ են ֆուտբոլասերների հիշողություններում: Թիմը հասել էր մինչեւ քառորդ եզրափակիչ, իսկ մարզիչը Խորխե Լուիս Պինտոն էր: Կոստառիկացիների վերջին հաջողությունների հիմնաքարը դրել է 65-ամյա կոլումբացի մասնագետը: Նա կարողանում է ձեռքի տակ եղած միջոցներով փայլուն պաշտպանություն կառուցել ու խաղալ հակագրոհների վրա: Համբերությունը Պինտոյի գլխավորած թիմերի ամենաուժեղ կողմերից մեկն է: Կուլումբացու վերջին աշխատավայրը Հոնդուրասի հավաքականն է, որը չկարողացավ վաստակել աշխարհի առաջնության ուղեգիր: Պինտոն 2018 թվականի հունվարից գործազուրկ է: Ժամանակին աշխատել է նաեւ Կոլումբիայի ազգային թիմում, միջազգային խաղերի հսկայական փորձ ունի:
Միխալ Բիլեկ

Լուսանկարը` https://sputnik-georgia.com
Եվրոպայի 2012 թվականի առաջնությանը Չեխիայի հավաքականը սկսեց պատրաստվել Միխալ Բիլեկի գլխավորությամբ: Թիմը գերազանց անցկացրեց որակավորման փուլը եւ մասնակցեց առաջնությանը: Խմբային փուլի մեկնարկում, Ռուսաստանի հավաքականից կրած պարտությունից հետո, Բիլեկը կարողացավ հոգեբանորեն պատրաստել իր թիմին այնպես, որ գալիք երկու դիմակայություններում Չեխիան հաղթեց՝ մտնելով քառորդ եզրափակիչ: Պորտուգալիային անցնել Բիլեկի թիմը չկարողացավ: Հաջորդիվ աշխարհի առաջնության որակավորման փուլն էր, որտեղ չեխերը հանդիպեցին նաեւ Հայաստանի ազգային թիմին: Բիլեկը Երեւանում խոշոր հաշվով հաղթեց, իսկ «Էդեն արենայում» Կառլեն Մկրտչյանի ու Գեւորգ Ղազարյանի գոլերը արտագնա հաղթանակ նվիրեցին Հայաստանի հավաքականին: Մեր ու Իտալիայի ընտրանուց կրած պարտություններից հետո նրան հեռացրին Չեխիայի հավաքականից: Մեկ տարի առաջ Բիլեկը կարճ ժամանակահատված աշխատել է նաեւ Թբիլիսիի «Դինոմոյում»: 2017-ի ապրիլից մարզիչը գործազուրկ է:
Ռենե Ժիրար

Լուսանկարը` https://assets3.sportsnet.ca
Ֆրանսիայի առաջնությունում «Մոնպելիեի» միակ չեմպիոնությունը գրանցվել է 2011-2012 մրցաշրջանում: Թիմի գլխավոր մարզիչը Ռենե Ժիրարն էր: «Մոնպելիեում» էին խաղում Օլիվիե Ժիրուն ու Էդեն Ազարը: Ժիրարի կառուցած թիմն իսկական բացահայտում էր համաշխարհային ֆուտբոլում: «Մոնպելիեից» հետո ֆրանսիացի մարզչի կարիերայում կտրուկ անկում գրանցվեց: Եվ «Լիլում», եւ «Նանտում» Ժիրարը չկարողացավ հաջողությունների հասնել ու արդեն 1,5 տարի գործազուրկ է: Մասնագետը սիրում է խաղալ 4-3-3 մարտավարությամբ ու հիմնական շեշտը դնում է հարձակման վրա: Ժիրարի մարզչական կարիերայում եղած անկումները նրան դարձրել են բավական հասանելի աշխատավարձով մարզիչ: Նա ժամանակին եղել է նաեւ Ռոժե Լմերի ու Էմե Ժակեի օգնականը:
Իգոր Շալիմով

Լուսանկարը` rsport.ru
Օրեր առաջ ռուսական «Կրասնոդարը» խզեց պայմանագիրն Իգոր Շալիմովի հետ: Ռուս մասնագետը 2 տարի շարունակ հաջողությամբ ղեկավարում էր մի թիմ, որը կայուն կերպով խաղում էր Եվրոպա լիգայում ու պայքար էր մղում ռուսաստանյան մյուս գրանդերի հետ: Շալիմովը որպես գլխավոր մարզիչ չի աշատել որեւէ հավաքականում, բայց միջազգային խաղերի հսկայական փորձ ունի: «Կրասնոդարը» գեղեցիկ հարձակողական ֆուտբոլ էր խաղում նրա ղեկավարությամբ ու սիրում էր անընդհատ գնդակ պահել: Շալիմովի թիմում առաջատարի վերածվեց Ֆյոդոր Սմոլովը: Այս մարզիչը հարմար է մեր հավաքականին նաեւ այն առումով, որ ֆուտբոլիստները լեզվական խնդիրներ չեն ունենա:
Իվան Յուրիչ

Լուսանկարը` http://www.primocanale.it
2016-2017 մրցաշարջանում «Կրոտոնեի» մուտքը Ա սերիա ձեւակերպեց Իվան Յուրիչը: 42-ամյա խորվաթ մասնագետն ընդամենը մեկ տարում իտալական գաճաճ թիմին հանեց ուժեղագույների շարք: 2015-2016 մրցաշրջանի Բ սերիայում «Կրոտոնեն» մեկ խաղում միջինում վաստակում էր 1,98 միավոր: Նույնիսկ Ա սերիա դուրս գալը Յուրիչին չպահեց «Կրոտոնեում», ու նա գնաց «Ջենոա»՝ ղեկավարելու համանուն թիմը: 2017 թվականի նոյեմբերին Յուրիչը հեռացավ զբաղեցրած պաշտոնից ու մինչ օրս չունի աշխատավայր: Հարձակողական, տաքարյուն ֆուտբոլը նրա գլխավոր մարզչական զենքն է:
Պեդրու Մարտինշ

Լուսանկարը` http://www.maisfutebol.iol.pt/
47-ամյա Պեդրու Մարտինշի ղեկավարած «Գիմարայեշը» Պորտուգալիայի նախորդ առաջնությունում գրավեց 4-րդ հորիզոնականն ու իրավունք ստացավ հանդես գալ Եվրոպա լիգայի խաղարկությունում: Մարտինշը տրամադրության տակ չուներ բավարար ռեսուրս եվրոպական մրցասպարեզում հաջողության հասնելու համար: Թիմը երկու ճակատով կռվել չէր կարող, արդյուքնում այս մրցշաարջանում թույլ հանդես եկավ եւ առաջնությունում, եւ Եվրոպա լիգայում: Հաշված ամիսներ առաջ նրան հեռացրին զբացեցրած պաշտոնից: Մարտինշը 4-2-3-1 մարտավարության սիրահար է: Նրա թիմերը բավական արդյունավետ ֆուտբոլ են խաղում: Ժամանակին հաջողությամբ մարզել է «Մարիտիմուն»: Համարվում է Պորտուգալիայի ամենահեռանկարային մասնագետներից մեկը:
Մարսել Կոլեր

Լուսանկարը` reutersmedia.net
Շվեյցարացի մարզիչ մեր հավաքականում արդեն եղել է: Մարսել Կոլերը եւս կարող է դիտարկվել որպես թեկնածու: 2016 թվականին Ավստրիայի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական իր խմբում գրավեց առաջին տեղն ու մեկնեց Ֆրանսիա՝ մասնակցելու առաջնությանը: Թիմին ամբողջ ընթացքում ղեկավարում էր Մարսել Կոլերը: Ավստրիան ձոխողվեց: Դրան հետեւեցին նաեւ Մունդիալի որակավորման փուլում անհաջող ելույթները, ու շվեյցարացի մասնագետին հեռացրին: Կոլերը գերադասում է հարձակողական ֆուտբոլ ու միջազգային հարթակում նկատելի արդյունքներ ունի: 2017 թվականի հոկտեմբերից սպասում է նոր աշխատանքի հրավերի: Որպես մարզիչ Շվեյցարիայի առաջնության կրկնակի չեմպիոն է:
Կլաուդիո Բորգի

Լուսանկարը` gettyimages.com
Արգենտինացի մասնագետն երկար տարիներ «ծեծվել է» լատինամերիկյան ֆուտբոլում եւ ունի հավաքական ղեկավարելու փորձ: 2011 թվականին նրան վստահվեց Չիլիի ընտրանու ղեկը, որը պայքարում էր 2014 թվականի աշխարհի առաջնության ուղեգիր վաստակելու համար, բայց գործերն այդքան էլ հաջող չընթացան: Հավաքական ղեկավարելու փորձից հետո Բորգիի մարզչական կարիերան անկում ապրեց: Էկվադորական «Էլ Դեու Կիտոյից» հետո նա գործազուրկ է: Այս մարզիչը եւս հնարավոր տարբերակ կարող է դիտվել:
Ջիովաննի Դե Բիազի

Լուսանկարը` http://fshf.org
Վերջին օրերի ընթացքում տեղեկատվական տարափ եղավ, որ ալբանական ֆուտբոլը կենդանացրած Դե Բիազին տարբերակ է Հայաստանի հավաքականը ղեկավարելու համար: Իտալացին փայլուն արդյունքների է հասել, ու դա քննարկման ենթակա չէ: Նրա մասին գիտենք ամեն ինչ, ու երկար ներկայացման կարիք չկա: Եթե Ալբանիան ունակ եղավ իրեն թույլ տալ նման մարզիչ, մենք եւս կարող ենք հույս փայփայել:
Հայաստանի հավաքականը ղեկավարելու թեկնածուների շարքում կարելի է տեսնել նաեւ Ռոլան Կուրբիսին, Աբել Ռեսինոյին, Վիկտոր Սկրիպնիկին, Մարտին Յոլին եւ Ջոսելին Գորվենեկին: ՀՖՖ-ի կողմից վերջնական որոշումը լինելու է առաջիկա օրերի ընթացքում: Հայաստանում աշխատող մարզիչներից հավաքականի ղեկին կարելի է պատկերացնել միայն Աբրահամ Խաշմանյանին, բայց այտեղ եւս մի շարք նրբություններ կան: Չմոռանանք նաեւ Վարդան Մինասյանի տարբերակը, ով հավաքականում դեռ բազմակետեր ունի...
Արմեն Մանուկյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: