exclusive
311 դիտում

Մխիթարյանը գնում է դեպի 2-րդ Սկուդետոն. Թոփ 5 լիգաների հավանական հաղթողները


Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` SSC Napoli

Լուսանկարը` Atalanta Bergamasca Calcio

Լուսանկարը` Arsenal

Լուսանկարը` Liverpool FC

Լուսանկարը` FC Barcelona

Լուսանկարը` Real Madrid C.F

Լուսանկարը` Atlético de Madrid

Լուսանկարը` FC Bayern München

Լուսանկարը` Bayer Leverkusen

Լուսանկարը` Olympique de Marseille

Լուսանկարը` PSG


Եվրոպական թոփ 5 լիգաներում բաղձալի չեմպիոնության համար պայքարը տեղափոխվել է վճռորոշ փուլ։ Որոշներում արդեն կան ակումբներ, որոնք մոտ են տիտղոսը նվաճելուն, իսկ մի քանիսում կատաղի պայքարը դեռ շարունակվում է։

Mediamax Sport-ը վերլուծել է իրավիճակը եւ առանձնացրել հավանական հաղթողներին։

Ա Սերիա

Իտալիայի առաջնությունը վերջին տարիներին դարձել է չափազանց հետաքրքիր, այս տարին նույնպես բացառություն չէ։ Այժմ պայքարը ընթանում է «Ինտեր»-ի, «Նապոլի»-ի եւ «Ատալանտա»-ի միջեւ։

«Ինտեր»

Լուսանկարը` FC Inter


«Ինտեր»-ն այս պահին 57 միավորով գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը։

Սիմոնե Ինձագիի օրոք թիմը տոկունություն է ձեռք բերել, հատկապես կարեւոր հանդիպումներում։ Ներաձուրիների հարձակումը Լաուտարո Մարտինեսի եւ Թյուրամի գլխավորությամբ պայթյունավտանգ է։ Կիսապաշտպանությունը, ներառյալ Մխիթարյանը, Բարելան եւ Չալհանօղլուն, արդեն երրորդ մրցաշրջանն անընդմեջ դարձել է ամուր բռունցք։

«Ինտեր»-ը շարունակում է մնալ Իտալիայի առաջնության ամենահավասարակշռված թիմը եւ կարող է նվաճել բաղձալի գավաթը, եթե շարունակի վստահ ելույթները։

«Նապոլի»

Լուսանկարը` SSC Napoli


«Նապոլի»-ն այս մրցաշրջանի ամենահետաքրքիր թիմերից մեկն է։ Ֆուտբոլիստները խաղային մեծ աճ են գրանցել նոր գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի շնորհիվ, իսկ մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 2-րդ տեղը՝ «Ինտեր»-ին զիջելով ընդամենը 1 միավոր։

Այնուամենայնիվ, ակումբին շատ են խանգարում վնասվածքները, ինչի պատճառով նախորդ 4 հանդիպումներում վաստակել է ընդամենը 3 միավոր։ Եթե այսպես շարունակվի, հնարավոր է, որ «Նապոլի»-ն մինչեւ վերջ չկարողանա պայքար մղել։

«Ատալանտա»

Լուսանկարը` Atalanta Bergamasca Calcio


«Ատալանտա»-ի հարձակողական ներուժը եւ ինտենսիվ պրեսինգով խաղը նրանց դարձնում են վտանգավոր ցանկացած մրցակցի համար։ 26-րդ տուրից հետո բերգամոյցիները 54 միավորով զբաղեցնում են 3-րդ տեղը։

Հաշվի առնելով թիմի պահեստային նստարանի սակավությունը եւ գլխավոր մարզիչ Ջյան Պիերո Գասպերինիի ունեցած տարաձայնությունները ֆուտբոլիստների հետ՝ հնարավոր է, որ նրանք չկարողանան պահպանել նույն որակի խաղը, ինչն ունեին մրցաշրջանի սկզբում։

Կանխատեսում: «Ինտեր»-ը կհաղթի Ա Սերիան՝ շնորհիվ իր փորձի։

Պրեմիեր լիգա

Անգլիայի Պրեմիեր լիգան, ինչպես նախորդ տարիներին, առանձնանում է իր անկանխատեսելիությամբ։

Օրինակ՝ մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում գտնվում է «Նոթինգեմ Ֆորեսթ»-ը, որն անցած տարի զբաղեցրել էր 17-րդ հորիզոնականը։ Իսկ «Մանչեսթեր Սիթի»-ն, որը նախորդ 4 մրցաշրջաններում հաղթել էր առաջնությունը, այս պահին 4-րդն է։

«Արսենալ»

Լուսանկարը` Arsenal


Միկել Արտետայի «Արսենալ»-ը կրկին պայքարում է չեմպիոնության համար։ Այս տարի «Արսենալ»-ին խանգարեցին մրցավարական սխալ որոշումները, որոնց արդյունքում կորցրեց բազմաթիվ միավորներ։

Վնասվածքներն էլ ազդեցություն ունեցան. Արտետան այս պահին իր տրամադրության տակ ունի հարձակման գծում խաղացող ընդամենը երեք ֆուտբոլիստ՝ Նվաներիին, Տրոսարդին եւ Սթերլինգին։

Լոնդոնցիները 27-րդ տուրից հետո առաջատար «Լիվերպուլ»-ին զիջում են 13 միավոր, սակայն զինագործները մեկ խաղ պակաս են անցկացրել։

«Արսենալ»-ն ունի հաղթելու հնարավորություն միայն մաթեմատիկական հաշվարկով, իսկ մնացած բոլոր առումներով Միկել Արտետայի թիմն արդեն գրեթե շանս չունի։

«Լիվերպուլ»

Լուսանկարը` Liverpool FC


Մերսիսայդցիները նոր գլխավոր մարզիչ Առնե Սլոտի ղեկավարությամբ խաղում են շատ հասուն եւ գրավիչ ֆուտբոլ։ Սլոտը նոր մակարդակի է հասցրել թիմի բազմաթիվ ֆուտբոլիստների, ինչպես, օրինակ, Ռայան Գրավենբերխին, որը Կլոպի օրոք չէր առանձնանում իր խաղով, բայց այժմ դարձել է ակումբի հենասյուններից մեկը։

Նոր մակարդակի վրա է բարձրացել նաեւ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, Կոնատեն, Գակպոն ու շատ այլ խաղացողներ։ Իսկ Մոհամեդ Սալահն այս տեմպերով շարունակելու դեպքում՝ կարող է հավակնել նաեւ «Ոսկե գնդակ»-ին։

Հաշվի առնելով միավորների տարբերությունը եւ «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստների մարզավիճակը՝ նրանք դժվար թե ձեռքից բաց թողնեն այս հնարավորությունը։
Կանխատեսում. «Լիվերպուլ»-ը ժամանակից շուտ կհաղթի Պրեմիեր լիգան։

Լա լիգա

Իսպանիայի Լա Լիգան այս տարի թոփ 5 լիգաների մեջ ամենաանկանխատեսելին ու ամենահետաքրքիրն է։ «Ռեալ»-ը, «Բարսելոնա»-ն եւ «Ատլետիկո»-ն կատաղի պայքար են մղում չեմպիոնության համար։

«Բարսելոնա»

Լուսանկարը` FC Barcelona


Կատալոնացիները 25-րդ տուրից հետո «Ռեալ»-ի հետ հավասար՝ 54 միավոր ունեն։

«Բարսելոնա»-ում առանցքային դեր են խաղում հարձակման գծի երեք ֆուտբոլիստները՝ Յամալը, Ռաֆինյան եւ Լեւանդովսկին, որոնք միասին մասնակցություն են ունեցել 56 գոլի (36 գոլ, 20 գոլային փոխանցում)։

«Բարսա»-ն մրցաշրջանը շատ լավ մեկնարկելուց հետո որոշակի խաղային անկում ապրեց՝ հնարավորություն տալով «Ռեալ»-ին եւ «Ատլետիկո»-ին ավելի մոտենալ իրեն։

Այնուամենայնիվ, եթե Ֆլիկը մրցաշրջանի վերջում կարողանա միավորել թիմը եւ վերադառնալ մրցաշրջանի սկզբի խաղամակարդակին, հնարավոր է, որ նրանք նվաճեն չեմպիոնությունը։

«Ռեալ»

Լուսանկարը` Real Madrid C.F


«Ռեալ»-ը, չնայած գերհզոր կազմին, նույնպես բախվում է խոչընդոտների։ Համեմատած «Բարսելոնա»-ի հետ՝ Արքայական ակումբը մրցաշրջանը լավ չի մեկնարկել, սակայն վերջին խաղերում բավականին հաջող է հանդես գալիս։

«Ռեալ»-ին մեծապես խանգարում են վնասվածքները, հատկապես պաշտպանական գծում։

Եթե Անչելոտիի տրամադրության տակ լինեն թիմի առանցքային խաղացողները, «Ռեալ»-ը կարող է լուրջ մարտահրավեր նետել իր առաջիկա մրցակիցներին։

«Ատլետիկո»

Լուսանկարը` Atlético de Madrid


Դիեգո Սիմեոնեի «Ատլետիկո»-ն այս մրցաշրջանում Լա Լիգայում բոլորից քիչ պարտություն կրած (երկու) եւ ամենաքիչ գոլ բաց թողած (16) ակումբն է։

Մադրիդցիները լիգայի ամենահավասարակշռված ակումբներից մեկն են եւ հատկապես մրցաշրջանի այս հատվածում ցուցադրում են բավականին հաճելի ֆուտբոլ։ Իսկ երկար նստարան ունենալու եւ փոփոխություններ անելու շնորհիվ նրանք չեն զիջում ոչ «Ռեալ»-ին եւ ոչ էլ «Բարսելոնա»-ին։

Հաշվի առնելով Սիմեոնեի մեծ փորձը եւ անցած ուղին՝ «Ատլետիկո»-ն մեծ հավակնություններ ունի հաղթելու այս մրցաշրջանում։

Կանխատեսում. «Բարսելոնա»-ն կհաղթի Լա Լիգան՝ շնորհիվ իր հարձակողական ներուժի։

Բունդեսլիգա

Ինչպես նախորդ մրցաշրջանում, այս տարի եւս Բունդեսլիգայի գավաթի համար պայքարում են «Բավարիա»-ն եւ Լեւերկուզենի «Բայեր»-ը։։

«Բավարիա»

Լուսանկարը` FC Bayern München


Վենսան Կոմպանիի «Բավարիա»-ն գլխավորում է Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: Մյունխենցիների հարձակվողական ներուժը, ներառյալ այնպիսի խաղացողների, ինչպիսիք են Հարի Քեյնը, Մայքլ Օլիսենը, Լեռոյ Սանեն, Սերժ Գնաբրին, կազմակերպված կիսապաշտպանությունը եւ պաշտպանությունը, նրանց դարձնում են տիտղոսի գլխավոր հավակնորդ:

«Բայեր»

Լուսանկարը` Bayer Leverkusen


Լեւերկուզենցիներն այս մրցաշրջանում նույնպես վատ տեսք չունեն եւ մրցաշրջանի ավարտից 11 տուր առաջ «Բավարիա»-ին զիջում են 8 միավոր։ «Բայեր»-ի հարձակման գծի առաջատարներ Ֆլորիան Վիրցը եւ Պատրիկ Շիկը գտնվում են գերազանց մարզավիճակում։ Այնուամենայնիվ, բացի Բունդեսլիգայից, թիմը շարունակում է պայքար մղել Գերմանիայի գավաթի խաղարկությունում եւ Չեմպիոնների լիգայում։

Հնարավոր է, որ խաղացողների ծանրաբեռնվածության եւ թիմի ոչ այնքան երկար պահեստային նստարանի պատճառով «Բայեր»-ը մինչեւ վերջ չկարողանա արժանի մրցակցություն ցույց տալ մյունխենցիներին։ Նշենք, որ «Բավարիա»-ն եւ «Բայեր»-ը միմյանց դեմ հանդիպելու են նաեւ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչում։


Կանխատեսում. «Բավարիա»-ն իր փորձի եւ կազմի շնորհիվ 34-րդ անգամ կդառնա չեմպիոն։

Լիգա 1

Ֆրանսիայի առաջնությունում անակնկալներ չկան. «Պարի Սեն-Ժերմեն»-ը աղյուսակի վերնամասում է, բայց նրան հետապնդող Մարսելի «Օլիմպիկ»-ը դեռ որոշակի անհանգստություններ է պատճառում։

«Օլիմպիկ»

Լուսանկարը` Olympique de Marseille


Մարսելի «Օլիմպիկ»-ը 2024/2025 մրցաշրջանից առաջ գլխավոր մարզիչ նշանակեց իտալացի Ռոբերտո Դե Ձերբիին։ Նրա գլխավորությամբ ակումբը ձեռք բերեց մի շարք հեռանկարային եւ փորձառու խաղացողներ, այդ թվում՝ Մեյսոն Գրինվուդին, Ադրիեն Ռաբիոյին, Իսմաիլ Բենասերին եւ Հոյբերգին։

Դե Ձերբին ամբողջությամբ փոխեց թիմի տակտիկան եւ ֆուտբոլային մտածելակերպը։ Այնուամենայնիվ, առաջնության ավարտից տասնմեկ տուր առաջ թիմը ՊՍԺ-ին զիջում է 13 միավոր, ուստի նրանք պետք է մտածեն գոնե այս դիրքը պահելու մասին։

ՊՍԺ

Լուսանկարը` PSG


ՊՍԺ-ն շարունակում է գերիշխել Լիգա 1-ում։ Ակումբի կազմում հատկապես աչքի են ընկնում ֆրանսիացի հարձակվողներ Ուսման Դեմբելեն եւ Բարկոլան։ Իսկ թիմի նորեկ, վրացի Խվիչա Կվարացխելիան էլ ավելի է սրել հարձակման գիծը։

Ունենալով նման կազմ՝ Լուիս Էնրիկեն ՊՍԺ-ին կտանի դեպի արդեն 13-րդ չեմպիոնությունը։

Կանխատեսում. ՊՍԺ-ն կհաղթի Լիգա 1-ը զգալի տարբերությամբ՝ հնարավոր է 15-20 միավորով։

Արտուշ Հարությունյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին