Հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով չկարողացավ օգտագործել շահած դիրքն ու հաղթել Ալեքսանդր Գրիշչուկին (Ռուսաստան):
Թե ինչպես ընթացավ այս պարտիան՝ Mediamax Sport-ի համար պարզաբանել ու իր տեսակետն է հայտնել Համաշխարհային Օլիմպիադայի կրկնակի չեմպիոն, գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը:
Լուսանկարը` world chess
Ոչ-ոքին առաջին հայացքից նորմալ արդյունք է, սակայն չօգտագործել հաղթելու հնարավորությունները, որոնք Լեւոնն ուներ ողջ խաղի ընթացքում, այն էլ այսպիսի կարեւոր մրցաշարում, կարծում եմ՝ աններելի է:
Սկզբնախաղում Լեւոնն իրեն ավելի լավ դրսեւորեց եւ տնային պատրաստվածությամբ զարմացրեց Գրիշչուկին: Գրիշչուկը, որը շախմատային էլիտայում հայտնի է որպես շատ մտածող ու հաճախ ցայտնոտային իրավիճակներում հայտնվող, այս անգամ էլ ապացուցեց իր այդ կոչումը: Նա ամբողջ ժամանակը ծախսեց սկզբնախաղից դուրս գալու վրա: Արդյունքում՝ վատ դիրք ու ժամանակի սղություն, ինչը եւ պետք էր Լեւոնին:
16-րդ քայլից Գրիշչուկը սկսեց սխալվել՝ վերցնելով gh4 զինվորը: Պետք էր խաղալ g4՝ շատ բարդ շարունակություններով:
Լեւոնի 18. f4 19.e5 20.d6 քայլերը շատ տիպիկ էին նման դեպքերի համար, եւ դրանց արդյունքում նա ստացավ մեծ առավելություն: 24-րդ քայլին Լեւոնը սխալվեց՝ խաղալով Rd1, պետք էր կատարել 0-0-0, ինչին հավանաբար կհետեւեր fe 25.Ne3 Bh6, ապա Bb5 շատ գեղեցիկ քայլով կարող էր հասնել արագ հաղթանակի:
Այդ սխալով նա հնարավորություն տվեց մրցակցին 27-րդ քայլում խաղալ Qe7 եւ Bc4: Շախին կհետեւեր Kf6, եւ սեւերը կկարողանային պաշտպանվել: Սակայն, ինչպես արդեն նշեցի, Գրիշչուկը ժամանակի խնդիր ուներ, չգտավ լավագույն պաշտպանությունը եւ ինքն էլ սխալվեց՝ խաղալով 27... Kg8:
Լեւոնն ուներ բավական շատ ժամանակ: Կարծում եմ, որ պարտավոր էր գտնել այս հաղթող տարբերակը, սպիտակները պետք է վերցնեին Qc8 Kh7 30 Qc5 Ne4 31: Եւ շատ գեղեցիկ զոհաբերություն Լեւոնը չէր նկատել՝ Rg4!!! Nc5 32. Rh4 Kg8 33. Rd8 Bf8 34. Rh8 Kh8 35. Bc5 բացարձակ հաղթած դրությամբ:
29-րդ քայլին խաղալով Qd8՝ նա վերջնականապես կորցրել էր բոլոր հնարավորությունները հաղթանակի հասնելու համար: Մրցակիցները փոխանակեցին մի շարք ֆիգուրներ եւ հասան տրամաբանական ոչ-ոքիի:
Այսօր Արոնյանը սեւ խաղաքարերով ուժերն է չափելու Ուեսլի Սոյի հետ (ԱՄՆ):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: