exclusive
7742 դիտում

Վտանգված ձմեռային մարզաձեւերն ու հայերի Օլիմպիական արդյունքները


Լուսանկարը` aiwasanfrancisco.com

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` aiwasanfrancisco.com

Լուսանկարը` massispost.com

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` 100years100facts.com

Լուսանկարը` 100years100facts.com

Լուսանկարը` armanserebrakian.com


Ձմեռային Օլիմպիական խաղերում հայ մարզիկները, ցավոք, այնքան էլ ուժեղ չեն: Հայաստանի հավաքականը սովորաբար սահմանափակվում է պարզապես մասնակցությամբ, մեդալային պայքարին խառնվել չի ստացվում:

Այն ինտրիգը, լարվածությունն ու սպասումները, որոնք լինում են ամառային խաղերի դեպքում, բացակայում է:

Փետրվարի 9-25-ը Փհենչհանում կայանալիք 23-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերից առաջ Mediamax Sport-ն ամփոփել է հայ մարզիկների 24 տարվա մասնակցության պատմությունը: Հարավային Կորեայում Հայաստանի ձմեռային խաղերը համար 6-րդը կլինեն ու ընդհանուր մասնակիցների թիվը կհասնի 34-ի:

Մեկնարկը Լիլիհամերում

Հայաստանի հավաքականի նորամուտը ձմեռային խաղերում կայացել է 1994 թվականին Լիլեհամերում (Նորվեգիա): Բոբսլեյի մրցումներում ելույթ ունեցան Ջո Ալմասյանն ու Քեն Թոփալյանը, նրանք գրավեցին 36-րդ տեղը:

1998-ին Նագանոյի (ճապոնիա) խաղերում Հայաստանի հավաքականը մասնակցեց 7 հոգով: Հանդես եկան լեռնադահուկորդներ Արսեն Հարությունյանը եւ Արմեն Ռաֆայելյանը, դահուկորդ Ալլա Միքայելյանը, իսկ գեղասահքում հայտավորված էին Մարիա Կրասիլցեւա-Ալեքսանդր Չեստնիխ ու Քսենիա Սմետանենկո-Սամվել Գյոզալյան զույգերը:

Լուսանկարը` Facebook


Այդ Օլիմպիական խաղերում իր մասնակցության մասին պատմում է Ալլա Միքայելյանը.

Օլիմպիական խաղերին պատահական եմ մեկնել: Խորհրդային տարիներին մարզվել եմ Ռուսաստանում, ամուսնությունից հետո տեղափոխվել եմ Հայաստան: Սպորտային ղեկավարներն ինձ առաջարկել են 1998-ի խաղերում ներկայացնել Հայաստանը: Ֆինանսական մի փոքր օգնություն են ցուցաբերել, ինչի շնորհիվ դահուկներ եմ գնել ու ելույթ ունեցել Նագանոյում: Մեծ ակնկալիքներ ու հույսեր խաղերի հետ չեմ կապել:

Օլիմպիական խաղերն ինձ ամեն ինչով հիացրին, նման սպորտային տոն աշխարհում չկա: Այդքան էմոցիաներ, դրական ապրումներ, ընկերություն ու բարություն ոչ մի տեղ չեմ տեսել:

Վերջին 3 Օլիմպիական խաղերին էլ իմ տղաներն են մասնակցում: Վանկուվերում ու Սոչիում Սերգեյն է հանդես եկել, հիմա էլ Միքայելը կմեկնի: Անգամ չէի էլ կարող երազել, որ նման բան կլինի:  Հպարտանում եմ նրանցով, քիչ մայրեր կարող են այսպիսի պատվի արժանանալ:

Նրանք պարզապես չեն մասնակցում, այլ նաեւ զարգացնում են դահուկային սպորտը մեր երկրում ու Հայաստանը ճանաչելի դարձնում:

2002-ին Սոլթ Լեյք Սիթիի (ԱՄՆ) խաղերում հայ մարզիկների թիվը հասավ ռեկորդային 9-ի: 2-րդ անգամ Օլիմպիական խաղեր մեկնեց Արսեն Հարությունյանը: Լեռնադահուկային սպորտում հանդես եկավ նաեւ Վանեսա Ռակեջյանը: 2002-ի Օլիմպիադայում իրենց ուժերը փորձեցին նաեւ Յուրգո Ալեքսանդրուն, Դան Ջանջիգյանը (բոբսլեյ), Արամ Հաջյանը, Մարգարիտա Նիկոլյանը (դահուկասպորտ), Յուլիա Լեբեդեւան, Մարիա Կրասիլցեւա-Արտյոմ Զնաչկով գեղասահքի զույգը:

2006-ին Թուրինում (Իտալիա) 3 մարզաձեւում ելույթ ունեցան Հայաստանի դրոշի տակ հանդես եկող 5 մարզիկներ՝ Աբրահամ Սարախանյան (լեռնադահուկային սպորտ), Էդմոն Խաչատրյան, Հովհաննես Սարգսյան (դահուկասպորտ), Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան (գեղասահք):

2010-ի վանկուվերյան խաղերում ուժերը չափեցին 2 լեռնադահուկորդ եւ 2 դահուկորդ՝ Արսեն Ներսիսյան, Անի-Մաթիլդա Սերեբրակյան, Սերգեյ Միքայելյան եւ Քրիստինե Խաչատրյան:

Լուսանկարը` aiwasanfrancisco.com


Նոր սերնդի Օլիմպիական խաղերը

Սոչիի Օլիմպիադայում նախորդ խաղերի համեմատ մասնակիցների թիվը կրկին չփոխվեց: Հայ մարզիկների համար ամենամեծ ձեռքբերումը եղան սեփական ուժերով նվաճված ուղեգրերը: Նման արդյունքի հասավ ու 2-րդ Օլիմպիադային մասնակցեց Սերգեյ Միքայելյանը, հենց նա էլ մեր ընտրանու դրոշակակիրն էր խաղերի բացման արարողության ժամանակ: Սոչի մեկնեցին նաեւ Արթուր Եղոյանը,Կատյա Գալստյանն ու Արման Սերեբրակյանը:

2 Օլիմպիական խաղերի մասնակցության փորձ ունեցող Սերգեյ Միքայելյան.

Առաջին անգամ շատ փոքր էի՝ ընդամենը 17 տարեկան: Այդ ժամանակ ես դեռ չգիտեի, թե ինչ է նշանակում մասնակցել Օլիմպիական խաղերի, ամեն ինչ անծանոթ էր: Մեկնել էի  ինչպես սովորական մրցաշարի:  2010-ին Վանկուվերում ինձանից շատ բան էլ չէին պահանջում, իսկ Սոչիում արդեն ամեն ինչ շատ ավելի լուրջ էր:

Լուսանկարը` massispost.com


2018-ին հայկական թիմը 3 հոգուց է բաղկացած լինելու: Իր 3-րդ խաղերին Սերգեյ Միքայելյանին մասնակցել խանգարել է վնասվածքը, փոխարենը հանդես է գալու նրա կրտսեր եղբայրը՝ Միքայելը: Դահուկավազքում կմրցի նաեւ Կատյա Գալստյանը, իսկ լեռնադահուկային սպորտում՝ Աշոտ Կարապետյանը:

Օլիմպիական խաղերի մեկնող 3 մարզիկներից երկուսը մարզվում են հենց Ալլա ու Արթուր Միքայելյանների գլխավորությամբ: 1998-ի խաղերին մասնակցած ու այժմ իր փորձը երիտասարդներին փոխանցող Ալլա Միքայելյանը մեծ մտահոգություն ունի մարզաձեւի զարգացման ու հեռանկարների հետ կապված:

Լուսանկարը` Facebook


Մենք Աշոցքում ենք մարզվում, որտեղ ոչինչ չունենք՝ մարզադպրոց ու լավ պայմաններ: Եթե պետությունը շարունակի ուշադրություն չդարձնել մեր մարզաձեւի վրա, Հայաստանի համար սա վերջին Օլիմպիական խաղերը կլինեն, որտեղ կկարողանանք գլուխներս բարձր պահած հանդես գալ: Մեր էնտուզիազմը վերջանում է, միայն դրանով հնարավոր չէ աշխատել:

Բոլորն ասում են Միքայելյաններ ունենք, սակայն մեր սպորտաձեւը մեռնում է, սրանք փաստեր են, ես հենց այնպես չեմ խոսում: Մեր թիկունքում ոչ մեկին չեմ նկատում, ով կարող է փոխարինել այս սերնդին, չկան նաեւ պայմաններ:

Ես ու ամուսինս որպես մարզիչներ շատ ենք ցանկանում, որ ձմեռային մարզաձեւերը զարգանան, ոչ թե հակառակը տեղի ունենա:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին