Սեպտեմբեր 04, 2025
exclusive
126 դիտում

Մելիքյանի մարզչական թիմը. Աշխարհի չեմպիոնից մինչեւ Բուֆֆոնին գոլ խփած հարձակվող


Լուսանկարը` FC Pyunik

Լուսանկարը` ՀՖՖ

Լուսանկարը` ՀՖՖ

Լուսանկարը` FC Pyunik

Լուսանկարը` FC Pyunik

Լուսանկարը` FC Pyunik

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` ՀՖՖ

Լուսանկարը` FC Pyunik

Լուսանկարը` FC Pyunik

Լուսանկարը` FC Pyunik

Լուսանկարը` ՀՖՖ

Լուսանկարը` as.com

Լուսանկարը` FC Pyunik


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2026 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում հանդես է գալու  նոր մարզչական շտաբով: Եղիշե Մելիքյանն իր հետ հավաքական է բերել այն 3 մասնագետներին, որոնց հետ 2021 թվականից աշխատել են «Փյունիկ»-ում եւ 2 անգամ Հայաստանի չեմպիոն հռչակվել: Անփոփոխ է մնացել միայն ֆիզպատրաստվածության մարզիչ Խավիեր Մինյանոն: 

Mediamax Sport-ն առաջարկում է ծանոթանալ նրանց ֆուտբոլային ու մասնագիտական գործունեությանը:

Եղիշե Մելիքյան (գլխավոր մարզիչ) 

Մելիքյանի առաջին ակումբը 1995-ին եղել է «Երեւան»-ը, որտեղ շատ քիչ հանդիպումներ է անցկացրել: Ապա մինչ Ուկրաինա տեղափոխվելը պաշտպանը ներկայացրել է «Դվին»-ը (1997-1999), «Արաքս»-ը (1999-2000) եւ «Բանանց»-ը (2001-2002): Ամենաերկարը՝ 8 տարի ելույթ է ունեցել Դոնեցկի «Մետալուրգ»-ում, այդ ընթացքում նաեւ վերադարձել է Հայաստան («Բանանց», «Ուլիս»):

Լուսանկարը` ՀՖՖ


2011-ին միացել է Գյումրիի «Շիրակ»-ին ու թիմի հետ մարզումներ անցկացրել, բուժզննում անցնելուց հետո ակումբը նրա հետ պայմանագիր է ստորագրել, սակայն 1 ամիս անց փոխադարձ համաձայնությամբ այն խզվել է: Դրանից հետո հայտնվել է Ուկրաինայի Առաջին Լիգայում հանդես եկող «Զակարպատյե»-ում, որը հաղթել է մրցաշարում ու վերադարձել Բարձրագույն խումբ: 2012-ին Մելիքյանը կարիերան ավարտել է «Գովերլա»-ում:

Հայաստանի ազգային հավաքականը Մելիքյանը ներկայացրել է 2002-2007 թվականներին ու 29 հանդիպման մասնակցել:

Մարզչական առաջին քայլերն էլ կատարել է Ուկրաինայում ու աշխատել «Մետալուրգ»-ի մինչեւ 19 ու 21 տարեկանների թիմերի հետ, հետո գլխավորել «Ստալ»-ի Մ-19 տ. ընտրանին, ապա՝ նաեւ 21-երի: 

2018-ին ընդգրկվել է «Լվով»-ի մարզչական թիմում, իսկ Վլադիմիր Մազյարի հրաժարականից հետո գլխավորել այն: 2021-ին Մելիքյանը վերադարձել է Հայաստան ու գլխավորել «Փյունիկ»-ը, որի հետ 2022 եւ 2024 թթ. չեմպիոն է հռչակվել: 2023-2024 մրցաշրջանում էլ թիմը հանդես է եկել Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլում: 2024-ի Հայաստանի լավագույն ֆուտբոլային մարզիչն է:

Լուսանկարը` ՀՖՖ


2025 թվականի օգոստոսից նա Հայաստանի ազգային ընտրանու գլխավոր մարզիչն է, նրա հետ թիմն իր առաջին հանդիպումն անցկացնելու է սեպտեմբերի 6-ին ԱԱ-2026-ի ընտրական փուլում:

«Եթե որեւէ հայ մարզիչ Հայաստանի հավաքականում արդյունք չի ապահովում, չի նշանակում, որ թույլ մասնագետ է: Խնդրին պետք է այլ կողմից մոտենալ. ինչո՞ւ Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներն արդյունք չունեն: Միշտ մարզիչներին են մեղադրում այդ ամենում, իսկ մյուսները ջրից չոր են դուրս գալիս: Բա ֆուտբոլի ֆեդերացիա՞ն, ցուցանիշների համար առաջին հերթին կառույցի նախագահն ու փոխնախագահը պետք է պատասխան տան: Շատ առումներով ենք թերանում. առաջինը մարզիչների ու լավ դաշտերի պակասն է, առանց այդ ամենի միանգամից ուզում ենք արդյունքների հասնել: Ֆեդերացիան հավաքականի համար իսպանացի մարզիչ հրավիրեց, դա նույնն է, ինչ տունը սարքելիս հիմքի փոխարեն միանգամից տանիքը տեղադրես: Իսկ ի՞նչ է արել այս տարիների ընթացքում, որ հայ մասնագետներ պատրաստի կամ նրանց տեղ տա մեր ֆուտբոլում»,- 2023-ին Mediamax Sport-ին ասել էր Մելիքյանը:

Հիմա ֆեդերացիան իրեն է այդ հնարավորությունը տվել, տեսնենք, թե այն ինչպես կկարողանա օգտագործել:

Աղվան Այվազյան (գլխավոր մարզչի օգնական)

Լուսանկարը` FC Pyunik


Մելիքյանի 39-ամյա օգնական Այվազյանը կարիերան սկսել է «Փյունիկ»-ում, հանդես եկել ակումբի մանկապատանեկան թիմերում, իսկ 2002-2004 թթ.՝ գլխավոր թիմում: 2010 թվականին կարիերան ավարտել է «Կիլիկիա»-ում: 2017-ից նա եղել է Հայաստանի պատանեկան հավաքականների՝ Մ-14, 15, 16,17, 21 տարեկանների գլխավոր մարզիչն ու մարզչի օգնականը:

Նախկինում Բարձրագույն խմբում հանդես եկած «Սեւան»-ի գլխավոր մարզչի օգնական էր: 2021-ին նա Մելիքյանի թիմի մյուս մասնագետների հետ համալրել է «Փյունիկ»-ը:

Ռոման Մոնարյով (գլխավոր մարզչի օգնական)

45-ամյա ուկրաինացի մարզիչը հիմնականում հանդես է եկել իր հայրենիքում ու Ռուսաստանում: Ընդհանուր առմամբ նա ելույթ է ունեցել 17 ակումբում, որոնցից մեկը ղազախական է: Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ հարձակվողը դարձել է Ռուսաստանի գավաթակիր ու առաջնության արծաթե մեդալակիր:

Խաղացել է Ուկրաինայի պատանեկան ու երիտասարդական հավաքականներում, ազգայինից հրավեր այդպես էլ չի ստացել: Կարիերան ավարտել է 2012-ին, դրանից 4 տարի անց գլխավորել է իր հարազատ ակումբի՝ «Զվեզդա»-ի երիտասարդական թիմը: 2016-ի նոյեմբերին նաեւ գլխավոր թիմի մարզչի ժամանակավոր պաշտոնակատարն է դարձել, իսկ 2017-ին՝ հիմնական մարզիչ նշանակվել: Նրա գլխավորությամբ ակումբը դուրս է մնացել Ուկրաինայի Բարձրագույն խմբից, ինչից հետո հրաժարական է տվել: 

Լուսանկարը` FC Pyunik


Ռուսական sports.ru-ին տված հարցազրույցում իր կարերայի ամենավառ պահերից մեկը համարում է «Կրիվբաս»-ի կազմում ՈւԵՖԱ-ի Գավաթում Ջանլուիջի Բուֆֆոնին խփած գոլը. 

«70-րդ րոպեին փոխարինման մտա ու միանգամից գոլի հեղինակ դարձա: Գլխավորը գնդակը ոչ թե Բուֆֆոնի ուղղությամբ հարվածելն էր, այլ այն անկյունն ուղարկել: Նման մեծ դարպասապահին գոլ խփելն անհավանական պահ էր: Նույնն է, թե շքանշան ստանաս: Ամեն դեպքում իմ թիմերում հենց այդպես էին արձագանքում, երբ իմանում էին, որ Բուֆֆոնին գոլ եմ խփել»:

Նույն հարցազրույցի ժամանակ նա խոստովանել է, որ իրեն լավ ու հարմարավետ է զգում Երեւանում. «Կինս էլ այստեղ հարմարվել է, նա հոգեբան է: Տեղափոխվելով Հայաստան՝ այստեղ արագ հաճախորդներ է գտել եւ էլ չի ցանկանում հեռանալ: Նրանց ընդունում է մեր պատշգամբում, այնպիսի հիանալի տեսարան է, որ ես ինքնս էլ դեմ չէի լինել նստել այնտեղ: Երեւանում հաճելի տաք է, երեւի միայն ծովի պակասն եմ զգում, մնացած առումներով կատարյալ է»:

Ստեփան Դեմիրճյան (դարպասապահների մարզիչ)

Լուսանկարը` FC Pyunik


Խաղի ընթացքում ֆուտբոլիստները 10-ն են, իսկ ահա դարպասապահն ընդամենը մեկը, ու նրա հետ առանձնահատուկ աշխատանք ու մարզումներ է պետք անցկացնել: Մելիքյանի թիմում այդ պարտականությունը դրված է 47-ամյա Ստեփան Դեմիրճյանի վրա:

Դարպասապահ Դեմիրճյանի մասին այդքան էլ շատ տեղեկություններ չկան ու հայտնի չէ, թե ինչպիսի որակներով է օժտված եղել: Նա խաղացել է «Զանգեզուր»-ում (Գորիս, 1996-1997 թթ.,), «Լեռնագործ»-ում (Կապան, 2000), «Դինամո»-ում (Երեւան, 2000), «Արմավիր»-ում (Արմավիր, 2002) եւ «Միկա-2»-ում (Աշտարակ, 2003):

2006-2014 թթ. «Փյունիկ»-ի ակադեմիայում, «Իմպուլս»-ում, «Բանանց»-ում, «Ալաշկերտ»-ում աշխատելուց հետո գործունեություն է ծավալել Ղազախստանում: 2015-ից 5 մրցաշրջան դարպասապահների մարզիչ է եղել «Կիզիլ Ժարա»-ում: 2019-ին, երբ թիմը դարձել է Առաջին Լիգայի հաղթող, Դեմիրճյանն ընդգրկված է եղել Ալի Ալիեւի մարզչական շտաբում, իսկ երբ ղազախ մասնագետը տեղափոխվել է Կարագանդայի «Շախտյոր», Դեմիրճյանին հետն է տարել, որտեղ իր օգնականն է եղել: 

Նա աշխատել է նաեւ Ակտաուի «Կասպի»-ի երիտասարդական թիմի հետ: 2009-2012 թթ. նա Հայաստանի Մ-17 ու 19 տարեկանների ընտրանու դարպասապահների մարզիչն էր:

Լուսանկարը` FC Pyunik


«Դարպասապահը հոգեբանորեն միշտ ճնշման տակ է, դրա համար աշխատում ենք այնպես անել, որպեսզի կարողանան կառավարել սթրեսային վիճակներն ու իրենց էմոցիաները՝ պահպանելով բարձր կենտրոնացվածություն: Լավ դարպասապահներ ունենք, բայց նրանք թերի կրթությամբ հասնում են Բարձրագույն խումբ, ու մարզիչների համար շատ դժվար է լինում վատ սովորությունները վերացնել: Դրա համար շատ կարեւոր է, որ ֆուտբոլի զարգացման համար պետական աջակցություն լինի: Դրա շնորհիվ հնարավոր կլինի կրթական համակարգ կառուցել ու քաղել դրա պտուղները»,-2024-ին «Փյունիկ»-ին տված հարցազրույցում ասել է Դեմիրճյանը:

Խավիեր Մինյանո (ֆիզպատրաստվածության մարզիչ)

Հավաքականի ամենահնաբնակն ու ֆուտբոլիստներին լավ ճանաչողն իսպանացին է, նա թիմ է եկել 2018-ին ու հավաքականում սկսել աշխատել Արմեն Գյուլբուդաղյանցի հետ: Մելիքյանը հավաքականի ղեկին 8-րդ մարզիչն է, որի հետ Մինյանոն շարունակում է համագործակցել:

57-ամյա իսպանացին իր երկրի ազգային ընտրանու հետ Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն է դարձել, աշխատել նաեւ «Վալենսիա»-ում, Մադրիդի «Ռեալ»-ի հիմնական ու երիտասարդական թիմերի հետ, «Ռասինգ»-ում, Հարավային Կորեայի հավաքականում:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Իր պաշտոնական կայքում ֆիզիկական ակտիվության եւ սպորտային գիտությունների դոկտորն Իսպանիայի ընտրանու հետ անցած ճանապարհն այսպես է նկարագրել. «Հարավային Աֆրիկայից մինչեւ Լեհաստան, Յոհանեսբուրգից մինչեւ Գդանսկ: Ահա այն ուղին, որը ես՝ Խավիեր Մինյանոս, կարողացել եմ վայելել հավաքականի հետ ունեցած 8 տարիների ընթացքում: 2010 թվականի մեր չեմպիոնությունը հիանալի օրինակ է, թե ինչպես սպորտը կարող է ներգործել մարդկանց վրա ու փոխել նրանց: Մեր օրերում ֆուտբոլի միջոցով մեր հասարակությանը կրթելն ու ոգին բարձրացնելը կենսական նշանակություն ունի»:

2020-ին ՀՖՖ-ին տված հարցազրույցում էլ ասել է, որ ֆուտբոլն իրեն ամեն ինչ է սովորեցրել, բայց իր ամենակարեւոր ուսուցիչներն այն մարդիկ են, որոնց հետ աշխատել է. 

«Նրանք ազդել են իմ մարդկային ու մասնագիտական որակների ձեւավորման վրա, նրանից մեկը Վիսենտե դել Բոսկեն է, որի հետ 22 տարի աշխատել եմ: Աստղերի հետ աշխատելը միաժամանակ հեշտ է ու դժվար, երբ նրանք հասկանում են, որ գլխավոր նպատակդ իրենց օգնելն է, շատ նորմալ պահվածք են դրսեւորում: Ես շատ սուպերաստղերի հետ եմ աշխատել, բայց կառանձնանցեմ Ռոնալդոյին: Ինձ բախտ է վիճակվել համագործակցել նաեւ Զիդանի, Ֆիգուի, Հիերոյի եւ Ռաուլի նման խաղացողների հետ, որոնցից շատ բան եմ սովորել: Լավ եւ բացառիկ ֆուտբոլիստների միջեւ տարբերությունը մանրուքների մեջ է: Բացառիկները վստահ են իրենց ուժերի վրա ու առաջին հերթին առանձնանում են հոգեբանական կայունությամբ եւ ուժով»,- ավելացրել է նա:

Լուսանկարը` ՀՖՖ


Թե մեր ֆուտբոլիստներից ինչպիսի բացառիկ ու կայուն թիմ կստանան այս 5 մասնագետները, ցույց կտա ժամանակը: Հաստատ է մեկ բան, որ ծանր ժամանակներ ապրող մեր ընտրանուն պետք կգա նրանց գիտելիքների եւ ունակությունների ողջ զինանոցը:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին