Մայիս 07, 2024
exclusive
36860 դիտում

Կանայք ու նրանց խնդիրները հայկական սպորտում


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանում կանանց ու տղամարդկանց սպորտն էականորեն տարբերվում են: Նվաճումների քանակով, մասսայականությամբ, աշխատավարձերի չափով ու ներդրումների ծավալով տղամարդիկ վաղուց առաջատար են:

Այս ամենից բացի, թերեւս ամենամեծ խնդիրն այն է, որ կանանց համար պրոֆեսիոնալ սպորտում դռները շատ ավելի դժվարությամբ են բացվում: Սակայն նրանք վաղուց կոտրել են բոլոր կարծրատիպերն ու իրենց վստահ են զգում նաեւ այն մարզաձեւերում, որոնք տղամարդիկ իրենցն էին համարում:

Կանանց տոնին ընդառաջ Mediamax Sport-ը որոշեց ներկայացնել մի քանի մարզաձեւերում տիրող իրավիճակն ու զարգացմանը խանգարող պատճառները:

Ծանրամարտ

Այն, որ հայ կանայք ուժեղ են ու կարող են տղամարդկանցից ոչ պակաս ծանրություններ բարձրացնել, մեր ծանրորդուհիները մեկ անգամ չէ, որ ապացուցել են:

Արդեն 1998-99 թվականներից ծանրամարտ մարզաձեւով հետաքրքրվող աղջիկների թիվը սկսեց աճել: Իսկ 2001-ին, երբ Եվրոպայի պատանիների առաջնությունում Հռիփսիմե Խուրշուդյանը դարձավ մեդալակիր, կանանց ծանրամարտը մեր երկրում սկսեց բուռն զարգացում ապրել:

Կարճ ժամանակ անց մենք ունեցանք Եվրոպայի չեմպիոններ ու մեդալակիրներ, իսկ 2009-ին Նազիկ Ավդալյանը դարձավ Աշխարհի չեմպիոն: Անկախ Հայաստանի պատմության մեջ էլ Հռիփսիմե Խուրշուդյանը դարձավ առաջին կինը, որը 2012-ի Օլիմպիական խաղերից վերադարձավ բրոնզե մեդալով:

«Մեր մեջ նստած է, որ ծանրամարտն աղջկա մարզաձեւ չէ: Իսկ ո՞ր մեկն է համապատասխանում աղջկան, ես կնշեմ միայն գեղարվեստական մարմնամարզությունը: Կարծում եմ այն աղջիկները, ովքեր ուժեղ են, մեծ ցանկություն ունեն ծանրամարտով զբաղվելու, ապա պետք է գնան մարզադահլիճներ: Ծանրամարտը, ընդհանրապես սպորտը, ճանապարհ է հարթում, ոչ միայն ուժեղ ես դառնում, այլեւ կրթվում ես, զարգանում ու ճանաչում աշխարհը»,- խոստովանում է Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարզչի կարծիքով, պատանիները սկսել են ավելի քիչ զբաղվել սպորտով, քանի որ մեծ մասամբ օրն անցկացնում են համացանցում. «Որ կողմ նայում ես երեխաները հեռախոսով կամ համակարգչով ինտերնետում են, գիշեր ցերեկ սոցցանցերում են: Ֆիզկուլտուրան դուրս է գալիս նրանց կենցաղից, իսկ եթե առողջ ապրելակերպն ուշադրությունից դուրս է մնում՝ մեծ սպորտում էլ է անկում նկատվում»:

Ներսիսյանը մինչ կանանց հավաքականը գլխավորելն աշխատել է տղամարդկանց հետ: Խոստովանում է, որ կին ու տղամարդ մարզիկները շատ են տարբերվում միմյանցից:

«Կանանց հետ աշխատելն ավելի դժվար է: Հատկապես հիմա, երբ մեր թիմում 4 հոգի արդեն երեխա են ունեցել: Դա խանգարում է, նրանք մայր են ու մարզիկի դերն ամբողջովին ստանձնել միշտ չէ, որ ստացվում է: Բարդանում է նաեւ իմ աշխատանքը»,- ընդգծում է նա:

Այս տարի ծանրամարտի կանանց հավաքականը Եվրոպայի առաջնությունում առաջին անգամ հանդես կգա ամբողջական թիմով: Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերում էլ ելույթ են ունենալու երկու մարզուհի: Ներսիսյանը նշեց, որ որակական առումով առաջընթաց գրացվում է, սակայն քանակական առումով աշխատելու դեռ շատ տեղ ունեն:

Բռնցքամարտ

Հայաստանում կանանց բռնցքամարտի նկատմամբ հետաքրքրությունը հատկապես մեծացել է այն Օլիմպիական խաղերում ընդգրկելուց հետո: Արդեն մոտ 30 մարզուհիներ կան, որոնք չեն պատկերացնում իրենց օրն առանց ռինգի ու հոգնեցնող մարզումների:

Կանանց ընտրանու գլխավոր մարզիչ Հարություն Նազարյանը նշում է, որ աղջիկները շատ համառ են ու նպատակասլաց, ձգտում են ավելի մեծ բարձրունքներ նվաճել:

«Նրանց ցանկությունն ու ձգտումը ահռելի են: Տղաներին հավասար մարզումներ են անցկացնում առանց նվնվոցների ու դժգոհելու: Աչքի են ընկնում կամային որակներով: Հաղթանակները շատ հանգիստ են տանում: Սակայն պետք է տեսնել, թե պարտություններից հետո նրանց հետ ինչ է կատարվում»,- ասում  է մարզիչը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Սակայն դա չի խանգարում, որ հաջորդ օրն իսկ գնան մարզումների, ի տարբերություն տղաների, որոնց անհաջողությունից հետո օրեր են պետք լինում ուշքի գալու համար:

Միայն մարզուհիների բնատուր տվյալների վրա հույս դնելով՝ հնարավոր չէ մեծ ակնկալիքներ ունենալ: Առաջնային խնդիրներից մեկը մասսայականություն ապահովելն է, ինչը չի հաջողվում ազգային մտածելակերպի պատճառով, քանի որ սպորտը դեռ շարունակում է կանանց ու տղամարդկանց միջեւ բաժանված լինել.

«Շատերը չեն պատկերացնում, թե ինչպես կարող են կանայք ծանրամարտով կամ էլ բռնցքամարտով զբաղվել: Դրա համար էլ մարզուհիների թիվն այդքան էլ շատ չէ: Թեեւ վերջին շրջանում դրական միտում է նկատվում. հայրիկներն անձամբ են իրենց աղջիկներին բերում մեզ մոտ մարզվելու: Սյուզի Կենտիկյանի ու Անուշ Գրիգորյանի շնորհիվ ավելի շատ աղջիկներ են ցանկանում իրենց ուժերը փորձել բռնցքամարտում»:

Թվաքանակի սակավության պատճառով է նաեւ, որ խոշոր մրցաշարերից առաջ մարզուհիները տղամարդկանց ընտրանու հետ են հավաքներ ու սպարինգ մենամարտեր անցկացնում:

Բայց մարզիչը հավատում է, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ հունի մեջ է ընկնելու: Կարեւորն արդեն տեսել են իրենց աշխատանքի առաջին պտուղները՝ ոսկե մեդալներ ունեն երիտասարդների Եվրոպայի ու Աշխարհի առաջնությունից եւ միջազգային մրցումներից:

Ֆուտբոլ

Նորա Եղյանն ու Մարիա Սախինովան Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի անդամներ են: Աղջիկները խոստովանում են, որ շատ են սիրել ֆուտբոլ, բակում անընդհատ խաղացել են ու ի վերջո սկսել կանոնավոր մարզումներ անցկացնել:

«Հայաստանում շատերը չեն ընկալում, որ կինը կարող է զբաղվել ֆուտբոլով: Սա, իսկապես, մեծ դժվարություն է առաջացնում մեզ համար: Իմ ծնողներն էլ էին դեմ, սակայն ես կարողացա նրանց համոզել: Մենք մեր սիրած գործով ենք զբաղվում ու փորձում ենք հաղթահարել առկա բոլոր խնդիրները»,- նշում է Նորան:

Մարիան էլ հավելում է, որ իրենց խաղամակարդակի բարելավմանը խանգարում է միջազգային խաղերի բացակայությունը. «Չենք կարողանում փորձ ձեռք բերել: Իսկ հիմա պատրաստվում ենք Եվրոպայի առաջնության ընտրական փուլին, որտեղ շատ ենք ցանկանում հաջող հանդես գալ: Եթե ձգտում ունես, ապա կհասնես նպատակիդ: Դրա համար էլ նշանակություն չունի՝ աղջիկ ես, թե տղա»:

Կանանց ֆուտբոլը, ցավոք, մեր երկրում բազմաթիվ խնդիրներ ունի: Բացակայում են պրոֆեսիոնալ թիմերը, որոնք ոչ միայն Հայաստանի առաջնությունում կմրցեին, այլ նաեւ ելույթ կունենային միջազգային մրցաշարերում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ազգային հավաքական մենք այսօր չունենք, չկան նաեւ այլ տարիքային խմբերի հավաքականներ: Այսօր միայն մինչեւ 19 տարեկանների ընտրանին է, որ մարզվում է ու նաեւ մասնակցում առաջնությունների:

Մ-19 տարեկանների թիմի գլխավոր մարզիչ Լիանա Հայրապետյանը խոստովանում է, որ սպորտի զարգացման համար կառավարությունն անպայման պետք է ներդրում ունենա, միայն ֆեդերացիաների ու անհատների միջոցներով շատ առաջ շարժվել հնարավոր չէ:

«Մենք ունենք 13 թիմեր, որոնց գույքով, համազգեստով, մարզիչների աշխատավարձով ապահովում է միայն ֆուտբոլի ֆեդերացիան:  Աղջիկները չեն վարձատրվում, ուղղակի մեծ նվիրվածության ու սիրո համար են գնում մարզումների: Թիմերից լավագույններին ընտրում ենք, ու Ֆուտբոլի ակադեմիայում անցկացնում մարզումներ՝ պատրաստվելով ԵԱ-ի ընտրական փուլին»,- փաստում է  Հայրապետյանը:

Այդ 13 խմբերը, որոնք  բացվել են հանրակրթական դպրոցներում, մարզադպրոցներում կամ էլ անհատների կողմից,  գործում են Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Արարատի Քաղցրաշեն գյուղում, Հոկտեմբերյանում, Էջմիածնում եւ Արթիկում:

Սեպտեմբերին Լեհաստանում կայանալու է Մ-19 տ. ԵԱ-ի ընտրական փուլը: Հայաստանի հավաքականն ուժերն է չափելու Նորվեգիայի, Լեհաստանի, Ռումինիայի հետ: Հասկանում են, որ բարդ խումբ է բաժին ընկել, սակայն փորձելու են հնարավորինս լավ խաղալ ու, ինչու ոչ, հաջորդ փուլ անցնել:

«Կանանց ու տղամարդկանց ֆուտբոլը, չնայած նույն կանոններին, տարբերվում են: Տղաները ֆիզիկապես շատ ավելի ուժեղ են, իսկ ահա կանայք՝ կամային են: Ես երբեմն զարմանում եմ, որ մեր աղջիկներն ինչքան շատ են սիրում ֆուտբոլը, որ այդպիսի անսահման նվիրվածությամբ ու առանց իրենց խնայելու մարզվում են»:

Ըմբշամարտ

Մեր երկրում ոչ երկար կենսագրություն ունեցող մարզաձեւերից է նաեւ կանանց ըմբշամարտը: Մինչ ամբողջ աշխարհում կանայք տղամարդկանց հավասար պայքարում են մրցագորգի վրա ու ամենահեղինակավոր մրցումներում մեդալներ նվաճում, մեզ մոտ առաջին քայլերն են կատարվում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ամբողջ աշխարհում իր ըմբիշներով հայտնի Հայաստանում կանանց սպորտը զարգացնելու համար քայլեր չէին ձեռնարկվում: Պակասում էին համարձակ աղջիկներն ու նրանց հետ աշխատելու ցանկություն ունեցող մարզիչները: Առաջինն իր վրա այդպիսի պատասխանատվություն վերցրեց Գոռ Աբգարյանը, որի գլխավորությամբ էլ 2014 թվականին Արմավիրի մարզի Արտիմետ գյուղում հավաքվեց աղջիկների առաջին խումբը:

Նրա խոսքով, կանանց սպորտն իր առանձնահատկություններն ունի, ու ինքն աշխատելու ընթացքում դա հաշվի է առնում: Սակայն աղջիկների մարզումներն իրենց ծանրաբեռնվածությամբ ոչնչով չեն տարբերվում ազատ ոճայինների պարապմունքներից:

«Մեր մարզուհիները շատ հեռանկարային են ու նրանցից առաջիկայում մեդալներ ենք ակնկալում միջազգային ասպարեզում: Մեր առաջնահերթ նպատակը 2020 թվականին Արգենտինայում կայանալիք պատանեկան Օլիմպիական խաղերին մասնակցելն է:  Հետագայում կմտածենք նաեւ մեծահասակների Օլիմպիադայի մասին»,- ասում է Աբգարյանը:

Ըմբշամարտով զբաղվող աղջիկների թիվը դեռ այդքան էլ մեծ չէ, բայց նրանք մարզվում են մեծ նվիրումով ու հայ անվանի ըմբիշների հաղթանակները կրկնելու հույսով:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին