Նոյեմբեր 09, 2024
exclusive
18137 դիտում

Արթուր Ալեքսանյան. Ըմբիշ ողն ու ծուծով, երբեք չհանձնվող ու միշտ 1-ինը


Լուսանկարը` Կարեն Գիլոյանի ֆեյսբուքյան էջից

Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org


Սեպտեմբերի 8-ի առավոտը Հայաստանի համար ոչ միայն խաղաղ էր, այլ նաեւ հաղթական: Հեռավոր ԱՄՆ-ից՝ լուսավոր ու մշտարթուն Լաս Վեգասից, ստացված լուրերն առավել քան ոգեւորող էին բոլորիս համար: Երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի եռակի ու Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը դարձավ Աշխարհի չեմպիոն:

Նման մեծ ու փայլուն հաղթանակներ շատ երկրների նույնիսկ ամեն տարի չէ որ հաջողվում է գրանցել, իսկ մեզ իր նվաճումներով արդեն որերոդ անգամ «երես է տալիս» նույն մարզիկը:

Շատ հաճախ մեր սերնդի ներկայացուցիչները ափսոսանքի ու տխրության պահեր են ապրում, որ չեն տեսել «Արարատ-73-ի» հաղթանակները, մեր մարզիկների Օլիմպիական նվաճումները, Տիգրան Պետրոսյանի «թագադրվելը», բայց միեւնույն ժամանակ դեռ չենք հասկանում, որ մենք էլ նոր պատմություն կերտող մարզիկների կողքին ենք ու նրանց նվաճումների ականատեսը:

Եվրոպական 3 ու Աշխարհի 2 ոսկի, Օլիմպիական բրոնզ, երիտասարդական մրցաշարերի անհամար մեդալներ, ու որքան նվաճումների ականատես ենք մենք դեռ լինելու, ոչ ոք չգիտի: Բայց որ այս մարզիկի փառահեղ ու գլխապտույտ կարիերան դեռ շարունակվելու է, կասկած չի առաջանում:

Դժվար է հասկանալ, թե որտեղից է նա գտնում այդքան ուժ ու եռանդ, այդքան անմնացորդ նվիրում ու սեր ըմբշամարտի նկատմամբ: Մարզումների ժամանակ նա այնպես է տրվում, կարծես իր ամենակարեւոր ու վերջին մրցաշարին պատրաստվի, նա ըմբիշ է ողն ու ծուծով, իսկական պրոֆեսիոնալ մարզիկ բոլոր առումներով:

Լուսանկարը` unitedworldwrestling.org


Միաժամանակ անչափ համեստ է ու հաղթանակներից գլուխը երբեք չկորցնող, գյումրեցիներին հատուկ հումորով ու խարիզմայով: Նա գիտի հաղթանակի գինն ու երբեք դրանցով գլուխ չի գովում, իր ուժն ու վարպետությունը ցույց է տալիս միայն գորգի վրա, իսկ առօրյայում չի տարբերվում մյուսներից, երբեմն էլ անգամ չափից շատ ամաչկոտ է:

Արթուրն ապացուցում է, որ ամեն ինչ շարունակական է, կարելի է լինել բարձրունքում, նորից այդ բարձունքը նվաճելու փորձ անել ու հաջողության հասնել: Նա իր օրինակով մեզ սովորեցնում է ավելի նպատակասլաց ու համառ լինել, ավելի կամային ու կարեւոր պահերին չնահանջել: Նա օգնում է իրեն հետեւող հարյուրավոր փոքրիկներին հասկանալ, որ եթե ինքը կարողանում է նման նվաճումներ արձանագրել, մյուսների մոտ էլ անպայման կստացվի: Վերջին ժամանակներում պարտություն չճաշակող այս մարզիկը սպորտային ամենալավ որակների հավաքական ուժի հիանալի օրինակ է:

Նա մեր երկրին տվել է ոչ միայն կարեւոր հաղթանակը զգալու բերկրանքը, որի կարիքը մեծ թե փոքր այնքան ունենք: Մի որոշ ժամանակով բոլորս մոռացել ենք սահմանին տիրող իրավիճակը, ԵՎՐՈ-2016-ի ընտրական մրցաշարում հավաքականի անհաջող ելույթը, ի վերջո մեր անձնական խնդիրներն ու հոգսերը: Նա մեզ մի լուսավոր ու բարի օր է պարգեւել, որին արդեն տարիներ անց մյուս սերունդներն են նախանձելու, որ չեն ունեցել:

Արթուրի հաղթանակից հետո գլխումս անընդհատ պտտվում է Գարեգին Նժդեհի ամենահայտնի մտքերից մեկը. «Երբ ցեղն է գործում, գարահիսարցի մի հյուսն դառնում է Անդրանիկ, եւ Սեբաստացի մի շինական` Մուրատ»: Մեզ միշտ էլ պետք են եղել ուժեղ ու կամային անհատներ, անկախ նրանից, թե որ ոլորտն են ներկայացնում:  Գուցե, մեր օրերում էլ այդ տողերն այսպես պետք է հնչեն. «Երբ գյումրեցի մի սովորական տղա դառնում է Աշխարհի կրկնակի չեմպիոն, ողջ ազգն է միավորվում»:

Մերօրյա հերոսներն էլ այսպիսի տղաներն են, որոնց հաղթանակներն, անկասկած, վստահության ու հավատի լրացուցիչ պաշար են տալիս բոլորիս:

P.S. Գուցե, ասված խոսքերում ոմանք չափազանցության ու գովասանքի ավելորդ նշույլներ տեսնեն, բայց եթե ոչ նման պահերին ու այսպիսի առիթների դեպքում, որոնց համար մենք բոլորս ապրում ենք, էլ երբ մեծարենք ու շնորհակալության խոսք ասենք մեր մարզիկներին, որոնք ամբողջ աշխարհում ավելացնում են մեր երկրի հեղինակությունն ու անունը:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին