Հունիս 14, 2025
exclusive
9177 դիտում

Հայաստան-Պորտուգալիա. Խմբի առաջատարի ու հետնապահի հանդիպում


Լուսանկարը` dailymail.co.uk

Լուսանկարը` dailymail.co.uk

Լուսանկարը` skysports.com


Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պատրաստվում է հերթական ընտրական հանդիպմանը:

Ի՞նչ կտա Պորտուգալիայի դեմ խաղը, ի՞նչի են ձգտելու հայ ֆուտբոլիստները, ինչպե՞ս կկատարի գլխավոր մարզչի պարտականությունները Սարգիս Հովսեփյանը: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները կիմանանք միայն հունիսի 13-ի խաղից հետո:

Բեռնար Շալանդի հեռանալուց հետո Հովսեփյանը նշանակվեց գլխավոր մարզչի պաշտոնակատար: Նա լավ է ճանաչում մեր ազգային թիմը, որովհետեւ երկար տարիներ պաշտպանել է վերջինիս գույները, իսկ ֆուտբոլիստների մեծ մասը ընդամենը մի քանի տարի առաջ նրա հետ խաղում էր կողք կողքի:

Սակայն դեռ պարզ չէ, թե որքանով կկարողանա երկար տարիների ավագն իր ուժերը փորձել որպես գլխավոր մարզիչ, ինչպիսի տեխնիկական ու տակտիկական որոշումներ կկայացնի:

Մինչ այս, Հայաստանի հավաքականը ԵՎՐՈ-2016-ի ընտրական մրցաշարը, մեղմ ասած, ձախողել է: Անցկացրած 4 խաղերից երեքում պարտվել է ու միայն մեկում գրանցել ոչ ոքի հաշիվ: Հայ ֆուտբոլիստները միայն երկու գոլ են խփել ու սեփական դարպասն ընդունել 6 գնդակ:

Ահա այսպիս տխուր վիճակագրությունից հետո էլ Հայաստանի ընտրանին I խմբի հետնապահն է ու, կարելի է ասել, մրցաշարային աղյուսակում բարձր տեղեր զբաղեցնելու հույսեր այլեւս չի փայփայում:

Լուսանկարը` dailymail.co.uk


Հունիսի 13-ին մերոնց սպասվում է հանդիպում խմբի առաջատարների՝ պորտուգալացիների դեմ: Թիմերի վերջին խաղը կայացավ անցած աշնանը: Այս խաղում հայերը սեփական դարպասի շրջակայքից գրեթե չէին  հեռանում: Պորտուգալիայի ընտրանին պաշարել էր տուգանային հրապարակն ու մեկը մյուսի հետեւից վտանգավոր պահեր էր ստեղծում: Մերոնք դիմացան 71 րոպե, ու այդ ժամանակ իր խոսքն ասաց Ռոնալդուն, որը եւ խփեց միակ, սակայն հաղթական գնդակը:

Հայաստանյան հանդիպման ժամանակ եւս Ֆերնանդու Սանթուշի սաները ֆավորիտներն են: Նրանք խոստովանել են, որ Երեւան են գալիս միայն ու միայն երեք միավորի հետեւից, քանի որ այն իրենց ավելի կմոտեցնի ԵՎՐՈ-2016-ի եզրափակիչ փուլին:

Իր թիմից հաղթանակ է ակնկալում նաեւ Սանթուշը, որը, սակայն, համոզված է, որ հեշտ հանդիպում այստեղ իրենց չի սպասվում:

Հետաքրքիր է, որ Պորտուգալիայի ընտրանին Երեւանում դեռ հաղթանակ չի տարել: Վերջին անգամ թիմերն այստեղ մրցել են ԵՎՐՈ-2008-ի ընտրական մրցաշարում: Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1: Հայերից աչքի է ընկել Ռոբերտ Արզումանյանը, իսկ պորտուգալացիներից՝ Ռոնալդուն:

Ահա այս հաշիվն են հիշում հայ երկրպագուները, որոնց մեծ մասն էլ հույս ունի, որ սեփական հարկի տակ Հայաստանի ընտրանին չի խախտի ավանդույթն ու Պորտուգալիային երեք միավոր չի նվիրի:

Հայաստան-Պորտուգալիա խաղը կայանալու է հունիսի 13-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում ժամը 20:00-ին:

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին