Հունիս 13, 2025
exclusive
3731 դիտում

«Չելսին» գնալով ավելի վատ է խաղում, սակայն առաջ է ընթանում


Լուսանկարը` eurosport.com

Լուսանկարը` goal.com

Լուսանկարը` eurosport.com

Լուսանկարը` eurosport.com

Լուսանկարը` mirror.co.uk


Անգլիական Պրեմիեր-լիգայի 32-րդ տուրի կենտրոնական խաղը Մանչեսթերը ներկայացնող երկու թիմերի հանդիպումն էր: ՄՅ-ն վստահ հաղթանակ տարավ ՄՍ-ի նկատմամբ եւ ամրապնդվեց 3-րդ հորիզոնականում:

Թերեւս, Վան Գալի առջեւ պետք է հանել գլխարկը, պարոնայք: Արդեն կես տարի հոլանդացին, ուշադրություն չդարձնելով քննադատություններին, աղյուս առ աղյուս, փորձերի ու սխալների մեթոդով կառուցում է թիմային խաղ ՄՅ-ում: Պետք է խոստովանել, որ Վան Գալին քննադատում էին ոչ այնպես, ինչպես Մոյեսին, եւ դա միայն նրա համար, որ այս ամբողջ ընթացքում Վան Գալն անհասկանալի կերպով թիմին պահում էր ընթացքի մեջ: ՄՅ-ն մրցաշրջանի ամենասկզբից պահպանեց դիրքը ՉԼ-ի գոտում: Հենց այստեղ է դրսեւորվում մարզչի վարպետությունը: Միավորներ վաստակել, երբ խաղը դեռեւս կառուցված չէ: Ինչպիսի սխեմաներ ասես չի կիրառել վան Գալը: Նա խաղացել է երեք կենտրոնական պաշտպաններով, ապա անցել է թե 4-4-2-ի, թե 4-3-3-ի, փոփոխել է խաղացողների դիրքերը, չի վախեցել պահեստայինների նստարանին թողնել, թվում էր, անձեռնմխելի Դի Մարիային եւ Ֆալկաոյին: Արդյունքում հոլանդացու ստեղծագործությունը տվեց իր պտուղները: ՄՅ-ն հաղթում է մի մրցակցին մյուսի հետեւից: Ընդ որում, կարմիր սատանաները հաղթում են ոչ թե միջնակարգ ու հետնապահ թիմերին, այլ իրենց անմիջական մրցակիցներին: Պարտության են մատնվել «Տոտենհեմը», «Լիվերպուլը», իսկ այժմ հերթը ՄՍ-ինն է: Ընդ որում, այդ բոլոր թիմերի նկատմամբ ՄՅ-ն արժանի հաղթանակ է տարել՝ ցուցադրելով հիանալի խաղ:  

Դե, իսկ «Սիթին» բացահայտորեն անկում է ապրում: Թիմը, որը դեռ մեկ ամիս առաջ չեմպիոնության համար մրցակցում էր «Չելսիի» հետ, կրում է մի պարտությունը մյուսի հետեւից: Նախորդ տուրում քաղաքայինները պարտվեցին «Կրիստալ Փելասին» 1:2 հաշվով, իսկ հիմա՝ իրենց ամենասկզբունքային մրցակիցներին: Այն բանի համար, որ թիմը դեռեւս 4-րդ տեղում է, Պելեգրինին պետք է շնորհակալություն հայտնի «Արսենալին» եւ նույն ՄՅ-ին:  Եթե այդ թիմերը չհաղթեին «Լիվերպուլին » , «Սիթին» դուրս կմնար Չեմպիոնների Լիգայի գոտուց: Թեեւ այժմ էլ ՄՍ-ն  «Լիվերպուլից» առաջ է ընդամենը 4 միավորով: Նման խաղով լիվերպուլցիները շուտով կշրջանցեն գործող չեմպիոնին:

Լուսանկարը` goal.com


Ինչ վերաբերում է կենտրոնական խաղին, այն ՄՍ-ի համար բավական լավատեսորեն մեկնարկեց: Արդեն 8-րդ րոպեին Ագուերոն առաջ մղեց քաղաքայիններին: ՄՅ-ն ունքն էլ չշարժեց: Բաց թողեցին, պատահում է: Ավելացնելով ճնշումը՝ սատանաներն արդեն 6 րոպե անց վերականգնեցին հաշվի հավասարակշռությունը: Յանգը գերազանց խաղաց «Սիթի» տուգանայինում: 27-րդ րոպեին եկավ Ֆելլայնիի ժամանակը: Մեկ տարի առաջ ես գրել էի, որ բելգիացուն այն էլ այդպիսի գումարով գնելը ՄՅ-ի մենեջմենթի սխալն էր: Դե ինչ, սխալ էի, խոսքերս հետ եմ վերցնում: Ֆելլայնին Վան Գալի ղեկավարությամբ ֆանտաստիկ է խաղում: Չեմ դադարում զարմանալ, թե ինչն է դրդել հոլանդացուն Ֆելլայնիին դուրս բերել առաջ քաշված հարձակվողի դիրք: Վստահ եմ, ոչ մի մարզիչ այդ քայլին չէր գնա: Իսկ Վան Գալը գնաց եւ չսխալվեց: Հենց բելգիացին Յանգի հստակ փոխանցումից հետո գլխի հարվածով երկրորդն անգամ գրավեց Հարթի դարպասը: Երկրորդ խաղակեսում «Յունայթեդը» չէր էլ մտածում տեմպը թուլացնելու մասին: Նախ Ռունին 67-րդ րոպեին Մատային դուրս բերեց Հարթին դեմ-դիմաց, եւ իսպանացին հստակ իրացնրեց պահը (թեեւ կրկնապատկերները ցույց են տալիս, որ Մատան խաղից դուրս էր): Իսկ ջախջախումը 73-րդ րոպեին եզրափակեց Սմոլինգը, որը գոլի վերածեց հանդիպման հերոս Յանգի փոխանցումը: Վերջինիս հաշվին այս խաղում գրանցվեց մեկ գոլ եւ երկու արդյունավետ գոլային փոխանցում: «Սիթին» 89-րդ րոպեին անխոնջ Ագուերոյի գոլի շնորհիվ կարողացավ խուսափել խոշոր հաշվով պարտությունից, սակայն ոչ ավելին:

Լուսանկարը` eurosport.com


ՄՅ-ի երկրպագուները վերջապես կարող են ուրախանալ: Առաջին անգամ Ֆերգյուսոնի ժամանակներից ի վեր թիմը ցուցադրում է հենց այն խաղը, որը նրանից ակնկալում էին: Դրա համար հարկավոր է շնորհակալություն հայտնել վան Գալին:

Առաջնության առաջատար «Չելսին», խաղալով, չեմ վախենա այդ բառից, սարսափելի որակի ֆուտբոլ, շարունակում է միավորներ վաստակել: Տպավորություն է ստեղծվում, որ թիմը խաղադաշտ է դուրս գալիս ոչ թե մրցակցին իր խաղով հաղթելու համար, այլ՝ կանգնելու եւ սպասելու, թե երբ մրցակիցն ինքը կսխալվի: Այդպես էր նաեւ նախորդ տուրում՝ «Սթոքի» հետ հանդիպմանը, երբ «Չելսին» մեծ դժվարությամբ հաղթանակ տարավ 2:1 հաշվով: Այդպես եղավ նաեւ այս տուրում՝ ՔՊՌ-ի հետ հանդիպմանը: Ստեղծված պահերով ՔՊՌ-ն նույնիսկ գերազանցեց կապույտներին (2՝ «Չելսիի» 1.5-ի դիմաց): Ամեն ինչ վճռեց «Ռեյնջերսի» դարպասապահ Գրինի սխալը: Գնդակը դաշտ ուղարկելով՝ նա վրիպեց. դաշտի կենտրոն գլորվելու փոխարեն գնդակը թռավ ուղիղ Ազարի մոտ: Հետեւեց սրընթաց գրոհ, եւ ՔՊՌ-ի պաշտպանությունը, որը դեռ չէր հասցրել վերադասավորվել, չհասցրեց վնասազերծել Ֆաբրեգասին: Այդ ամենը կատարվեց 88-րդ րոպեին: «Չելսիի» հերթական դյուրին հաղթանակը: Սակայն 3 միավորը «հոտ չունի»: Եվ Մոուրինյոն, մեծ հաշվով, թքած ունի, թե որտեղից են այդ միավորները: Նա միշտ էլ պրագմատիկ մարզիչ է եղել: Նրա նպատակը չեմպիոնությունն է, եւ նա բավականին վստահ է ընթանում դեպի այն՝ երկրորդ հորիզոնականում գտնվող «Արսենալի» նկատմամբ ունենալով 7 միավորի առավելություն առաջնության ավարտից 6 տուր առաջ: 

Լուսանկարը` mirror.co.uk


Նշեմ «Արսենալի» հերթական հաղթանակը: ՉԼ-ից դուրս մնալուց հետո թիմը Պրեմիեր-լիգայում միավորներ չի կորցնում եւ անսպասելի կերպով (նույնիսկ իր համար) դարձել է «Չելսիի» թիվ մեկ հետապնդողը: Այս տուրում 12-րդ րոպեին Ռեմսիի հեղինակած գոլի շնորհիվ արսենալցիները հաղթեցին իրենց հյուրընկալած «Բյորնլիին»:

Մի քանի անհաջողություններից հետո «Նյուքասլի» նկատմամբ հաղթանակ տարավ նաեւ «Լիվերպուլը»: Կարծում եմ՝ թիմը դեռ կպայքարի ՄՍ-ի հետ 4-րդ տեղի համար: 

Լուսանկարը` eurosport.com


32-րդ տուրի արդյունքները.

Սուոնսի - Էվերթոն 1-1
Վեսթ Հեմ - Սթոք 1-1
Վեսթ Բրոմվիչ - Լեսթեր 2-3
Տոտենհեմ - Ասթոն Վիլլա 0-1
Սանդերլենդ - Կրիստալ 1-4
Սաութհեմփթոն - Հալլ 2-0
Բյորնլի - Արսենալ 0-1
ՔՊՌ - Չելսի 0-1
ՄՅ - ՄՍ 4-2
Լիվերպուլ - Նյուքասլ 2-0

Մրցաշարային աղյուսակ.

1. Չելսի – 73 միավոր
2. Արսենալ - 66
3. ՄՅ - 65
4. ՄՍ - 61
5. Լիվերպուլ – 57
.......
18. ՔՊՌ - 26
19. Բյորնլի - 26
20. Լեսթեր - 25

Ռմբարկուներ.

Կոստա - 19
Քեյն - 19
Ագուերո - 19
Օսթին – 17

Տեսությունը պատրաստեց Արսեն Սարգսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին