2014 թվականն աստիճանաբար ավարտին է մոտենում: Եկել է ժամանակը, որ մարզիկներն ամփոփեն տարին ու խոսեն ամենամեծ ու կարեւոր նվաճումների մասին:
Mediamax Sport-ի «Ամանորին ընդառաջ» շարքի առաջին մասում ձեզ ենք ներկայացնում 2014 թվականի Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի լավագույն մարզիկ, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին:
Հաղթական, ուրախ, անմոռանալի
2014-ն անչափ հաջող էր ինձ համար: Տարվա երկու ամենակարեւոր մրցաշարերից՝ Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններից, կարողացա ոսկե մեդալով վերադառնալ: Եվրոպայում իմ 3-րդ անընդմեջ ոսկե մեդալը նվաճեցի, իսկ Աշխարհի առաջնությունում վերջապես հաջողվեց չեմպիոն դառնալ:
Նաեւ առաջին անգամ մասնակցեցի Գերմանիայի ակումբային առաջնությանը: 4 մենամարտ անցկացրի «Մայց-88» ակումբի կազմում ու բոլորում էլ առավելության հասա: Ինձ շատ դուր եկավ այնտեղ ելույթ ունենալը, հետագայում էլ անպայման կմասնակցեմ:
Աննկարագրելի զգացողություններ եմ ունեցել այս տարի՝ հաղթական, ուրախ, անմոռանալի: Շատ եմ ցանկանում, որ բոլոր հայ մարզիկներն էլ ապրեն հաղթանակի բերկրանքի այդ պահերը:
Տարին ամփոփելիս չեմ կարող սպորտային ձեռքբերումներն առանձնացնել անձնականից: Պրոֆեսիոնալ մարզիկների մոտ դրանք երկուսն էլ միասին են լինում: Ես այս տարի 9 ամիս հավաքներ եմ անցկացրել, անընդհատ մարզվել եմ կամ էլ մրցաշարերի մասնակցել: Այդ պատճառով էլ առաջին պլանում մարզական ձեռքբերումներն են, որոնք շատ մեծ են եղել:
2015-ի մեծ ծրագրերը
2015-ին ամենակարեւորն ինձ համար Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելն է: Ու, եթե Հայաստանը մասնակցի Բաքվում կայանալիք ամառային Եվրոպական Օլիմպիական խաղերին, անպայման կփորձեմ հաղթել: Ինչպես նաեւ շատ եմ ցանկանում պաշտպանել Աշխարհի չեմպիոնի կոչումն ու կրկնակի հաղթող դառնալ:
Առողջ մաղթանքներ
Շնորհավորում եմ մեր բոլոր հայրենակիցներին, ցանկանում եմ, որ ամենակարեւորն առողջ լինեն: Եթե առողջությունը լինի, ամեն ինչի էլ կկարողանան հասնել:
«Իվան Վասիլեւիչից» մինչեւ «Մեր բակը»
Երբ դեռ փոքր էի, միշտ «Տանը միայնակ» ֆիլմն էի դիտում: Հիմա ինձ Նոր տարվա մասին է հիշեցնում նաեւ «Իվան Վասիլեւիչը փոխում է մասնագիտությունը» ու դե, իհարկե, «Մեր բակը» ֆիլմերը, որոնք մեծ հաճույքով դիտում եմ:
Արթուր Ալեքսանյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: