Իսպանական Լա Լիգայի առաջին մրցաշրջանում առաջնության առաջատար մադրիդյան «Ռեալը» հերթական, արդեն 20-րդ անընդմեջ հաղթանակը տարավ բոլոր մրցումներում: Արքայական ակումբի հիմնական «հետապնդողները»՝ «Բարսելոնան» ու «Ատլետիկոն», միասին ընդամենը մեկ միավոր են ձեռք բերել:
«Ռեալը» հյուրընկալվել էր «Ալմերիային» եւ հաղթել 4-1 խոշոր հաշվով: Բայց սա հենց այն տարբերակն է, երբ կարելի է ասել, որ հաշիվը խաղին համապատասխան չէր: Իմ կարծիքով՝ դա «Ռեալի»՝ վերջին 3 ամիսների վատագույն խաղն էր: Երևի, մադրիդցիները մտովի արդեն աշխարհի ակումբային առաջնությանն էին, որին պետք է շուտով մասնակցեն: Նման անորակ փոխանցումներ, որ մադրիդցի աստղերն էին իրենց թույլ տալիս, ես վաղուց չէի տեսել: Նույնիսկ Ռոնալդուն ամեն երրորդ փոխանցումն ուղարկում էր դեպի անորոշություն: «Ռեալին» հաղթանակ բերեց խաղացողների դրվագային կարգը եւ Կասիլյասը, որը որոշիչ պահին ետ պահեց պենալտին:
Հաշիվը 34-րդ րոպեին բացեց Իսկոն: «Ալմերիայի» տուգանայինի մոտ ստանալով գնդակը՝ նա խաբուսիկ գործողություններով շփոթեցրեց պաշտպանին եւ մոտ 20 մետրից հրաշալի շրջանցող հարվածով գնդակն ուղարկեց ուղիղ դարպասի մեջ: «Ալմերիան» պակաս գեղեցիկ պատասխան չտվեց: 39-րդ րոպեին Վառանի անհաջող հարվածից հետո Վելսան որսաց գնդակը ու տուգանայինից դուրս տարածքից մեկ ընթացիկ հարվածով գրավեց Կասիլյասի դարպասի ստորին անկյունը: Մինչեւ ընդմիջման սկիզբը Կրոսսի դիպուկ փոխանցման շնորհիվ Բեյլը գլխի հարվածով 42-րդ րոպեին «Ռեալին» առաջ մղեց: Երկրորդ խաղակեսում մադրիդցիները որոշեցին տնտեսել ուժերը եւ հեշտ հաղթանակ տանել, ինչի համար քիչ էր մնում պատժվեին: Մարսելոն անզգույշ խաղաց սեփական տուգանայինում, եւ դատավորը 11-մետրանոց նշանակեց: Չի կարելի ասել, թե Վելլան վատ իրականացրեց հարվածը, սակայն Կասիլյասը ստիպված չէր գուշակել. նա արձագանքեց հարվածին եւ օդի մեջ որսաց գնդակը դարպասի անկյունում: Արդեն 62-րդ րոպեն էր ընթանում, եւ եթե Վելլան այդ գոլը խփեր, «Ռեալը» կարող էր եւ չհաղթել: «Ալմերիան» հաստատ կփակվեր, իսկ նման խաղով «Ռեալը» գուցե եւ չկարողանար ճեղքել հակառակորդի պաշտպանությունը: Իսկ այսպես ալմերիացիները ստիպված էին առաջ գնալ, հակագրոհների համար տարածքներ բացել, եւ «Ռոնալդու» մակնիշի գոլային մեքենան վերջում երկու անգամ պատժեց «Ալմերիային»: Պորտուգալացին այս դուբլից հետո իր հաշվին 25 (!!!) գոլ ունի: Նման արդյունավետությունը նկարագրելու համար պարզապես խոսքեր չեմ գտնում:
«Բարսելոնան» նորից նույն սխալը կրկնեց: Թիմը ուղղակի չի կարողանում հաղթահարել հակառակորդի էշելոնացված պաշտպանությունը, եւ գումարած դրան, երեւի կատալոնացիները ինչ-որ բանով նեղացրել են ֆորտունային: «Բարսելոնան» բացահայտ չեմպիոն է դարպասաձողերին հարվածելու տեսանկյունից: Ահա եւ «Հետաֆեի» հետ խաղի ժամանակ դարպասի ձողերը երկու անգամ խաղացին կատալոնացիների դեմ: Հատկապես գեղեցիկ էր Մեսսիի հարվածը տուգանայինից, բայց գնդակը դիպավ դարպասի անկյունային ձողին: «Բարսան» ինչպես միշտ շատ էր տիրում գնդակին (ժամանակի 76%-ը)՝ փորձելով արագ փոխանցումներով ներթափանցել «Հետաֆեի» տուգանային, բայց ապարդյուն: Ամբողջ խաղի ընթացքում «Բարսան» միայն երկու հարված կատարեց դեպի դարպասը, ինչը, իհարկե շատ քիչ է նման կարգի թիմի համար: Հենց «Բարսային» չի հաջողվում արագ գոլ խփել, թիմի համար ամեն րոպեի հետ ավելի դժվար է դառնում հակառակորդին ճնշելը: Բոլոր թիմերն արդեն գտել են բարսելոնացիների «տիկի-տակի» մեթոդին հակազդելու միջոց, հարկավոր է մի նոր բան հորինել, թե չէ արդյունքը լավագույն դեպքում նույնը կլինի, ինչ «Հետաֆեի» հետ՝ 0-0: Ավելի ուժեղ թիմերը կարող են գոլ էլ խփել:
Մայիսի 23-ից սկսած՝ սեփական դաշտում պարտություն չի կրել «Ատլետիկոն»: Թիմը վստահորեն առաջ էր ընթանում մրցաշարային աղյուսակով, հետապնդելով «Ռեալին» ու «Բարսելոնային»: Սիմեոնեի վարժեցրած «Ատլետիկոն» միավորներ էր հավաքում, իրեն առանձնահատուկ նեղություն չտալով, էներգախնայող ռեժիմով: Սակայն «Վիլյառեալի» հետ հանդիպման ժամանակ ատլետիկցիների մեխանիզմում ինչ-որ բան խախտվեց: Նրանց նույնիսկ չփրկեցին ստանդարտ իրավիճակները, որոնք թիմին գոլերի մեծ մասն են ապահովում: «Վիլյառեալը» վստահորեն պաշտպանվում էր, եւ հատկապես զգույշ էր գործում հենց այդ մադրիդցիների սիրած ստանդարտ իրավիճակներում: Գործող չեմպիոնի բոլոր հարձակումները հանգչում էին վիլյառեալցիների տուգանայինի մոտակայքում: Երբ թվում էր, թե անարդյունք ոչ- ոքին անխուսափելի է, «Վիլյառեալը» ցույց տվեց իր ատամները՝ անցկացնելով օրինակելի-ցուցադրական հարձակում: Գնդակը 3-4 հպումներով հակվեց դեպի Վյետտոն, եւ նա էլ, արագորեն ազատվելով պաշտպանից, հզոր հարվածով գրավեց դարպասի մոտակա անկյունը: Ընթանում էր 84-րդ րոպեն, եւ «Ատլետիկոն» հակահարվածի ժամանակ չուներ:
15-րդ մրցաշրջանից հետո «Ռեալը» ամրապնդեց իր առաջատար դիրքը: «Բարսելոնայի» նկատմամբ իր առավելությունը կազմում է 4 միավոր, իսկ «Ատլետիկոյից»՝ ամբողջ 7 միավոր: Հաջորդ մրցաշրջանը «Ռեալը» բաց կթողնի. ինչպես արդեն ասացի, թիմին սպասում է Աշխարհի ակումբային առաջնությունը: Ցանկացած դեպքում արքայական ակումբը հերթական տիտղոսը կշահի: Թիմեր, որ կարող են խանգարել նրան, ես չեմ տեսնում:
15-րդ տուրի արդյունքները՝
Վալենսիա – Ռայո Վալեկյանո 3-0
Կորդովա – Լեւանտե 0-0
Հետաֆե - Բարսելոնա 0-0
Ալմերիա - Ռեալ 1-4
Ռեալ Սոսյեդատ - Ատլետիկ 1-1
Ատլետիկո - Վիլյառեալ 0-1
Սեւիլյա - Էյբար 0-0
Էսպանյոլ - Գրանադա 2-1
Մալագա - Սելտա 1-0
Մրցաշարային աղյուսակ՝
1.Ռեալ - 39 միավոր
2.Բարսելոնա - 35
3.Ատլետիկո - 32
4.Սեւիլյա - 30
.............
18.Ալմերիա - 10
19.Դեպորտիվո - 10
20.Կորդովա - 10
Ռմբարկուներ՝
Ռոնալդու – 25 գնդակ,
Մեսսի - 13,
Նեյմար - 11,
Բակկա - 10.
Տեսությունը պատրաստել է Արսեն Սարգսյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: